Զ. – Ամենասուրբ Հաղորդությունը որպես Եկեղեցու խորհուրդ – Գրադարան – Mashtoz.org

Զ. – Ամենասուրբ Հաղորդությունը որպես Եկեղեցու խորհուրդ

470. – Ի՞նչ ենք հասկանում ասելով, որ Ամենասուրբ Հաղորդությունը Եկեղեցու խորհուրդն է:

– Ասելով, որ Ամենասուրբ Հաղորդությունը Եկեղեցու խորհուրդն է, հասկանում ենք, որ Հիսուսն այն հաստատել է մեր՝ քրիստոնյաներիս հոգուն սնունդ լինելու և մեզ սրբացնելու համար։

 

471. – Որո՞նք են Ամենասուրբ Հաղորդության խորհրդի նյութը և ձևը:

– Ամենասուրբ Հաղորդության խորհրդի նյութը ցորենի ալյուրից թխված հացն է և խաղողի հյութից ստացված գինին, իսկ ձևը Պատարագի ժամանակ արտասանված սրբագործման խոսքերն են, որոնցով հացն ու գինին փոխակերպվում և դառնում են Հիսուսի մարմինն ու արյունը։

 

472. – Ո՞վ է Ամենասուրբ Հաղորդության խորհրդի պաշտոնյան:

– Գլխավոր պաշտոնյան հենց Ինքը՝ Քրիստոսն է: Մարդկային պաշտոնյան Եպիսկոպոսն է, որպես Առաքյալների հաջորդ: Բայց քանի որ Եպիսկոպոսն ամենուր չի կարող ապահովել իր ամենօրյա ներկայությունը, որպեսզի քրիստոնյա ժողովուրդը զրկված չմնա Ամենասուրբ Հաղորդությունից, Եպիսկոպոսը ձեռնադրում է քահանաներ և նրանց փոխանցում է պատարագելու իր իշխանությունը: Բայց ընդհանուր առմամբ՝ հավատացյալներն էլ են մասնակցում Պատարագի նվիրմանը, քանի որ Քրիստոսի և Նրա Եկեղեցու մկրտված անդամներն են, և քահանան Եկեղեցու, այսինքն՝ բոլոր հավատացյաների կողմից է ընծայում Պատարագը։

 

473. – Կարևո՞ր է ընդունել Ամենասուրբ Հաղորդության խորհուրդը:

– Ամենասուրբ Հաղորդության խորհուրդն ընդունելն ամենակարևոր բանն է քրիստոնյայի կյանքում, գոնե փափագով, երբ ֆիզիկապես ուղղակի անհնարին է, քանի որ Հիսուսն Ինքը ասել է. «Ես կենդանի հացն եմ, երկնքից իջած: Եթե մեկն ուտի այս հացից, կապրի հավիտյան: Եվ հացը, որ ես տալու եմ, Իմ մարմինն է՝ աշխարհի կյանքի համար: [...] Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Եթե չուտեք Մարդու Որդու մարմինը և չխմեք Նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա: Ով ուտում է Իմ մարմինը և խմում է Իմ արյունը, հավիտենական կյանքն ունի, և վերջին օրը ես հարություն կտամ նրան: Որովհետև Իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և Իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելի: Ով ուտում է Իմ մարմինը և խմում է Իմ արյունը, մնում է Իմ մեջ, և Ես՝ իր մեջ: [...] Ով ուտի այս հացից, կապրի հավիտյան» (Հվհ 6, 51.53-56.58)։

 

474. – Ե՞րբ ենք պարտավոր Ամենասուրբ Հաղորդությունն ընդունել:

– Եթե մեկն իրոք քրիստոնյա է, լրջագույն պարտավորություն ունի ընդունելու Ամենասուրբ Հաղորդությունը, երբ հասկանում է դրա ի՛նչ լինելը, իսկ դրանից հետո՝ առնվազն յուրաքանչյուր Կիրակի և տոն օրերին, իսկ երբ կարող ենք, նաև ամեն օր, հատկապես՝ երբ մեր կյանքը վտանգի մեջ է: Տարվա մեջ գոնե մեկ անգամ (Սուրբ Զատկի Հարության տոնին) Պատարագի չմասնակցողը և չհաղորդվողը չի կարող իրեն քրիստոնյա համարել։

 

475. – Ի՞նչ օգուտ ունի հաճախակի հաղորդվելը:

– Հաճախակի հաղորդվելը հոգու համար նույն օգուտն ունի, ինչ որ ունի ամենօրյա սնունդը մարմնի համար։ Այս պատճառով է, որ Եկեղեցու դարավոր ավանդությունն է եղել ամենօրյա հաղորդությունը, որպեսզի թե՛ ավելի համապատասխանենք Հիսուսի սիրույն, որ Ամենասուրբ Հաղորդությունը հաստատեց՝ մեր մեջ բնակվելու համար, և թե՛ հետզհետե ավելի սրբանանք, քանի որ Ամենասուրբ Հաղորդությամբ. 1) Հիսուսը բնակվում է հոգու մեջ. 2) ներգործական շնորհներով լուսավորում է միտքը, զորացնում է կամքը. 3) աճեցնում է սրբարար շնորհը և նախապահում է ծանր մեղքերից. 4) տկարացնում է վատ կրքերը և սրբում է ներելի մեղքերը, ջնջում է նաև մեղքի ժամանակավոր պատիժները՝ ընդունողի եռանդի համեմատ. 5) սրբացնում և Աստծո տաճար է դարձնում մարմինը և փառավոր հարություն է խոստանում։

Այս օգուտներն, անշուշտ, վայելում են նրանք, ովքեր լավ են հաղորդվում և ո՛չ թե ձևական։

 

476. – Ինչպե՞ս պետք է պատրաստվենք լավ հաղորդվելու համար:

– Հաղորդվելուց առաջ հարկավոր է սրբվել մեր բոլոր ծանր մեղքերից՝ լավ խոստովանանք կատարելով. և, որքան որ կարող ենք, նաև ներելի մեղքերից. ճշմարիտ ջերմեռանդություն արծարծենք մեր սրտի մեջ և Պատարագից գոնե մեկ ժամ առաջ ծոմ պահենք։

 

477. – Ով որ շնորհի վիճակի մեջ չի գտնվում ու հաղորդվում է, նա մեղանչո՞ւմ է:

– Ով որ շնորհի վիճակի մեջ չի գտնվում և հաղորդվում է՝ իմանալով, որ մահացու մեղքի մեջ է, և ամենակարևորը՝ ոչ մի ափսոսանք ու զղջում չի ապրում դրա համար ու ներում չի հայցում, սրբապղծություն է գործում, ծանրորեն անարգում է Ամենասուրբ Հաղորդությունը և ինչը որ պիտի փրկություն լիներ իրեն, դատապարտություն է լինում։ Նույն կերպ սրբապղծություն է գործում նա, ով Ամենասուրբ Հաղորդությանը մերձենում է առանց սրտանց հավատալու դրա էությանը, սոսկ ձևական շարժառիթներից մղված:

 

478. – Ուրիշ ի՞նչ հետևանքներ ունի սրբապիղծ հաղորդությունը:

– Սրբապիղծ հաղորդությամբ մոլությունները զորանալով՝ միտքը խավարով են պատում ու սիրտը քարացնում են, և այդպես փրկությունը շատ դժվարացնում են, մանավանդ՝ եթե սրբապիղծ հաղորդությունները հաճախ են կատարվում։

 

479. – Հաղորդվելուց առաջ ի՞նչ տեսակ ծոմ է պահանջվում:

– Հաղորդվելուց առաջ պահանջվում է գոնե մեկժամյա ծոմ պահել, այսինքն՝ կերակուր չընդունել, որպեսզի միտքը չծանրանա Պատարագի ժամանակ և կարողանա սևեռվել խորհրդի վրա: Այս ծոմը չի խախտվում ջուր խմելով կամ տվյալ անձի առողջության համար խիստ կարևոր դեղորայք ընդունելով: Անշուշտ յուրաքանչյուր ոք ըստ իր անձնական ջերմեռանդության կարող է ավելի երկարատև ծոմ պահել, բայց այնպես՝ որ ծոմապահությունը խղճահարության նյութի չվերածվի հետո և խոչընդոտ չդառնա հաղորդվելուն:

 

480. – Ամուսնական կյանքը պատճա՞ռ է Ամենասուրբ Հաղորդությունից հեռու մնալու համար:

– Բացարձակապես ո՛չ, այլ՝ ընդհակառակը, Ամենասուրբ Հաղորդությունը սրբացնում ու վեհացնում է նաև ամուսնական կյանքը: Եթե զույգն իր ամուսնական կյանքը բնականոն կերպով ապրում է ամուսնության ներսում, ոչ մի պատճառ չունի Ամենասուրբ Հաղորդության օրհնություններից հեռու մնալու:

 

481. – Ի՞նչ է հարկավոր անել հաղորդվելուց հետո:

– Հաղորդվելուց հետո իսկույն դատարկ խոսակցությունների տրվելը, մտքով այս ու այն կողմ թափառելը, Աստծուն ընդունած լինելը անմիջապես մոռանալը շատ վնասակար ու անվայել ապերախտություն է: Հաղորդվելուց հետո գոնե 10-15 րոպե կարող ենք տակավին աղոթքի մթնոլորտում մնալ և Աստծով զբաղվել, պատվենք Նրան մեր սրտի մեջ՝ երկրպագելով, շնորհակալ լինելով մեզ արած բարիքների համար, Իր առջև դնելով մեր փափագները, տկարությունները, վշտերը և աղոթելով մասնավորապես Եկեղեցու, քավարանի հոգիների, ծնողների ու զավակների, մեր համար աշխատողների, մեղավորների և բոլոր նրանց համար, ում ցանկանում ենք, կամ պարտականություն ունենք աղոթելու։

 

482. – Ի՞նչ է հոգևոր հաղորդությունը:

– Հոգևոր հաղորդություն է կոչվում Ամենասուրբ Հաղորդությունն ընդունելու եռանդուն փափագը, որն աղոթքի ձևով հայտնում ենք Աստծուն, երբ ֆիզիկապես չենք կարող ընդունել այն։ Չկա մի վայրկյան, որ աշխարհի ինչ որ մի կետում Սուրբ Պատարագ չմատուցվի: Ուստի քրիստոնյան, որ ֆիզիկապես չի կարող Պատարագի մասնակցել ու հաղորդվել, բայց սրտանց փափաքում է դա, կարող է հոգով միանալ այդ պահին մատուցվող Պատարագին և հոգով հաղորդվել Քրիստոսի մարմնին ու արյանը: Դա կարելի է անել օրվա մեջ նաև շատ անգամներ։

 

483. – Հոգևոր հաղորդությունն ի՞նչ օգուտ ունի:

– Հոգևոր հաղորդությունը կարող է ունենալ միևնույն օգուտները, որ ունի ֆիզիկական իրական հաղորդությունը, քանի որ Աստված լսում ու վարձատրում է նաև սուրբ փափագները, երբ դրանց իրագործումն ինչ որ խոչընդոտների է հանդիպում անձի կամքից անկախ հանգամանքների բերմամբ։ Ինչպես նաև, հոգևոր հաղորդությունը կարող է ֆիզիկական իրական հաղորդության լավ նախապատրաստություն լինել։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Որո՞նք են Ամենասուրբ Հաղորդության խորհրդի նյութը և ձևը:
– Ո՞վ է Ամենասուրբ Հաղորդության խորհրդի պաշտոնյան:
– Կարևո՞ր է ընդունել Ամենասուրբ Հաղորդության խորհուրդը:
– Ինչպե՞ս պետք է պատրաստվենք լավ հաղորդվելու համար:
– Ի՞նչ է հարկավոր անել հաղորդվելուց հետո:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։