Դ. – Հինգերորդ պատվիրանը – Գրադարան – Mashtoz.org

Դ. – Հինգերորդ պատվիրանը

263. – Ի՞նչ է հանձնարարում Հինգերորդ Պատվիրանը:

– Հինգերորդ Պատվիրանը վերաբերվում է բոլոր այն պարտականություններին, որոնցով Աստված կամենում է պաշտպանել մեր և ուրիշների կյանքը թե՛ ֆիզիկական և թե՛ բարոյական վնասների դեմ։ – Անուղղակի կերպով վերաբերվում է նաև կենդանիների հետ գթությամբ վարվելու պարտականությանը։

 

264. – Ֆիզիկապես ի՞նչ կերպով ենք վնասում մեր կամ ուրիշի կյանքին:

– Մեր կամ ուրիշի կյանքին ֆիզիկապես վնասում ենք ինքնասպանությամբ կամ մարդասպանությամբ, ինչպես նաև անդամահատելով, վիրավորելով, թունավորելով կամ որևէ ա՛յլ կերպ մահվան վտանգի ենթարկելով մեր կամ ուրիշի անձը։

 

265. – Կյանքի ֆիզիկական վնասներից բացի, ուրիշ ի՞նչ է արգելում Հինգերորդ Պատվիրանը:

– Կյանքի ֆիզիկական վնասներից բացի, արգելում է նաև դրանց առիթ տվող և վատ արարքի մղող փափագներն ու մտածումները, ինչպիսիք են՝ ատելությունը, մոլի զայրույթը, նախանձը, անեծքը, նախատինքը, և այլն։

 

266. – Ի՞նչ պարտականություն է դնում մեր և ուրիշի կյանքի հանդեպ:

– Հինգերորդ Պատվիրանով յուրաքանչյուր մարդ պարտավորվում է պահել իր և ուրիշի կյանքը, քանի որ կյանքի ու մահվան միակ Տերն Աստված է: Ապա նաև պարտավորեցնում է խնամք տանել մեր և ուրիշների մարմնական ու հոգևոր առողջության նկատմամբ։

 

267. – Բարոյական առումով ինչպե՞ս ենք վնասում մեր կյանքին:

– Մեր կյանքին բարոյական վնաս ենք հասցնում, երբ չենք կրթում մեր միտքը, կամքը ու հոգին։ Ուստի, Հինգերորդ Պատվիրանը հանձնարարում է. 1) լուսավորել մեր միտքը՝ ճշմարտությունը ուսանելով. 2) զորացնել մեր կամքը՝ մեր պարտականությունները կատարելով. և 3) առաքինություններով և Սուրբ Խորհուրդներով սրբացնել մեր հոգին։

 

268. – Հինգերորդ Պատվիրանը հիմնականում ի՞նչ է արգելում մեր բարոյական կյանքը պաշտպանելու նպատակով:

– Հինգերորդ Պատվիրանը հիմնականում արգելում է ծանր մեղք գործելը և դրա մեջ համառելը, ինչը հոգու մահն է։ Եթե ծանր մեղք գործելուց հետո մարդը չի զղջում և շուտով չի խոստովանվում, այդ ծանր մեղքերը շատ հեշտությամբ կրկնվում են ու բազմանում, խիղճը կամաց կամաց բթանում է և հոգին ստրկանում է վնասակար սովորություններին։

 

269. – Բարոյական առումով ինչպե՞ս ենք վնասում ուրիշի կյանքին:

– Ուրիշի կյանքին բարոյական վնաս ենք հասցնում բոլոր այն բաներով, որոնցով վտանգում ենք նրա հոգին, բարի վարքը, ուղղամտությունը կամ բարի համբավը։ Սա կարող է կատարվել վատ օրինակով, չարամիտ խորհրդատվությամբ, զրպարտությամբ, մեղքի առիթների մեջ ներքաշելով կամ վատ առիթներից չհեռացնելով, երբ որ կարող ենք, և այլն։

 

270. – Ով որ ֆիզիկապես կամ բարոյապես վնաս է հասցնում ուրիշի կյանքին, ի՞նչ է պարտավոր անել:

– Ուրիշի կյանքին վնաս հասցնողը պարտավոր է նախ սրտանց զղջալ արածի համար, խնդրել Աստծո ներումը, ապա նաև հատուցել հասցրած նյութական կամ բարոյական վնասի փոխարեն, որքան որ դա հնարավոր է և որքանով որ ինքն ի վիճակի է։

 

271. – Մարդը կենդանիների հանդեպ ի՞նչ պարտականություններ ունի:

– Մարդը պարտավոր է կենդանիների նկատմամբ գթությամբ վարվել, հնարավորինս խնամել նրանց և առանց պատճառի չսպանել։ Սա Աստծո հրամանն է, քանի որ մարդն աշխարհին տիրակալ է կարգվել հոգատարության նպատակով: Բայց հարկավոր է զգուշանալ բոլոր տեսակի ծայրահեղություններից. և՛ կենդանիների ու բնության նկատմամբ անգութ վարմունքից, որով անհարգալից վերաբերմունք է դրսևորվում Արարչի հանդեպ, և՛ չափազանց կապվածությունից, մոռանալով մարդկանց՝ մեր նմաններին, որով շատ հաճախ կռապաշտական դրսևորումներ են առաջ քաշվում: Այս երկու ծայրահեղություններին դիմողները գրեթե միշտ անգութ վարմունք են ցուցաբերում մարդկանց ու երեխաների հանդեպ, խախտելով աստվածային կարգը, որովհետև միմիայն մարդու մեջ է դրոշմված Աստծո պատկերը։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ի՞նչ է հանձնարարում մեզ Հինգերորդ Պատվիրանը:
– Ֆիզիկապես ի՞նչ կերպով ենք վնասում մեր կամ ուրիշի կյանքին:
– Բարոյական առումով ինչպե՞ս ենք վնասում մեր կամ ուրիշի կյանքին:
– Ի՞նչ պարտականություններ ունենք կենդանիների հանդեպ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։