ԺԳ. – Պատվիրանազանցություն կամ մեղք – Գրադարան – Mashtoz.org

ԺԳ. – Պատվիրանազանցություն կամ մեղք

368. – Ի՞նչ է մեղքը:

– Մեղքն այն է, երբ մարդը գործում է՝ իր ազատ կամքով հակառակվելով Աստծո կողմից արարչությամբ տրված բնական օրենքին և Հայտնությամբ տրված պատվիրաններին (հատկապես Տասնաբանյային)։

Ակամա և/կամ անգիտությամբ կատարված գործերը կամ պատահած դեպքերը մեղք չեն։

 

369. – Ի՞նչ է բնական օրենքը:

– Բնական օրենքը դա մեր մարդկային բնության ծրագիրն է, առանց որի մենք չենք կարող մարդ լինել և կոչվել: Օրինակ, չսպանելը, գութ և կարեկցանք ունենալը, մեր նմաններին (այսինքն՝ մարդկանց) օգնության հասնելը, ամուսնական սերն ու հավատարմությունը, և այլն, մեր հոգու մեջ դրոշմված բնական օրենքներ են, որոնք մեզ ի ծնե լսելի են խղճի ձայնով:

 

370. – Աստծո կամքին քանի՞ կերպերով կարող ենք անհնազանդ գտնվել:

– Չորս կերպ. մտքով, խոսքով, գործով, և մեր պարտավորությունների մեջ թերանալով, որին զանցառություն ենք ասում։

 

371. – Մեղքը քանի՞ տեսակ է:

– Երկու. սկզբնական կամ ադամական մեղքը, որով վարակված է ծնվում յուրաքանչյուր մարդ, և ներգործական մեղքը, որը մեր ազատ կամքով ենք գործում գիտակցական տարիքին հասնելուն պես։

 

372. – Ներգործական մեղքերը բոլորը նույն ծանրությա՞ն են:

– Ո՛չ, տարբերություն կա Մահացու մեղքերի և Թեթև մեղքերի միջև: Մահացու մեղքը այն է, որն ուղղակիորեն թշնամացնում է մարդուն Աստծո հետ և նրան արժանի է դարձնում դժոխքի (սպանություն, բռնություն, աղքատների ու թույլերի կեղեքում, դաժանություն, և ա՛յլ ոճիրներ): Թեթև մեղքը այն է, որը սառեցնում է հոգու եռանդը և կամաց կամաց առաջնորդում է դեպի ավելի ծանր մեղքերի:

 

373. – Մահացու մեղքով ի՞նչ ենք կորցնում:

– Մահացու մեղքը, զրկելով մեզ Սրբարար Շնորհից (Աստծո որդեգրությունից), կորցնել է տալիս նաև մեր հոգու գեղեցկությունը, Աստծո և մարդկանց ճշմարիտ սերը, մտքի լույսը և կամքի զորությունը, և երկնքի համար շահած մեր բոլոր վարձատրությունները, ինչպես նաև հեշտությամբ ա՛յլ ծանր մեղքերի մեջ է ներքաշում: Իսկ վերջում, չուղղվելու դեպքում, դատապարտում է մեզ դժոխքի հավիտենական տանջանքին՝ հավիտյան կորցնել տալով Աստծո հետ մտերմությունը:

 

374. – Մահացու մեղքն Աստված երկրի վրա՞ էլ է պատժում:

– Այո՛, Աստված երկրի վրա էլ է պատժում ծանր մեղքերը՝ ուղղելու համար մեղավորին: Դա անում է տարբեր եղանակներով։ Այդ պատիժներից են խղճի խայթը (որ վերացնում է սրտի անդորրը), անպատվությունը, տարատեսակ հիվանդությունները, թշվառությունն ու ձախորդությունները, հոգևոր ներքին դժբախտությունը, սիրելու և սիրելի լինելու անընդունակությունն ու անհնարինությունը, իրական անկեղծ ընկերներից զուրկ լինելը, և այլն։

 

375. – Ներելի մեղքով ի՞նչ ենք կորցնում:

– Ներելի մեղքով բազմաթիվ հոգևոր բարիքներ ենք կորցնում և, մասնավորապես, հեշտությամբ ենք ընկնում ծանր մեղքերի մեջ, զրկվում ենք այն բազմաթիվ շնորհներից, որոնք կարևոր են փորձություններին հաղթելու համար, և սառչում է մեր բարի գործերի եռանդը։

 

376. – Ներելի մեղքով ի՞նչ պատիժների ենք արժանանում:

– Ներելի մեղքերը պատիժների պարտքեր են կուտակում Աստծո Արդարության առաջ, որոնք պետք է հատուցենք կա՛մ այս աշխարհում, կա՛մ քավարանում։

 

377. – Ի՞նչ է ախտը (կամ մոլությունը):

– Մոլությունը մեղք կամ չարիք գործելու տրամադրվածությունն է, հակումը, որ մարդը ձեռք է բերում պարբերաբար վատ գործեր կատարելով և չար կամքը չսանձելով։ Հեշտ է մոլության ձեռքբերումը, բայց չափազանց դժվար է նրանից ձերբազատվելը, քանի որ հոգին ուժասպառ է լինում մեղքի բացասական ազդեցության ներքո, դառնում է բանտարկյալ ստրուկի նման։

 

378. – Ինչպե՞ս կարելի է ազատվել մոլություններից:

– Մոլության կամ մոլությունների ախտն իր մեջ կրողը սոսկ իր ուժերով չի կարող ախտերից ազատվել, քանի որ խավարած մտքով ու տկարացած կամքով անզգա է դառնում Շնորհի ներշնչումների նկատմամբ, և հետևաբար՝ կարիքն ունի հոգևոր հմուտ առաջնորդի, Աստծո մեծամեծ շնորհների, և երկար ժամանակ լրջորեն կռվելու իր ախտերի դեմ, սկսելով այն գլխավոր ախտից, որով տառապում է։

 

379. – Գլխավոր մոլությունները որո՞նք են:

– Գլխավոր մոլությունները յոթ գլխավոր մեղքերն են. 1) հպարտությունը, 2) նախանձը, 3) բարկությունը, 4) ագահությունը, 5) ծուլությունը, 6) որկրամոլությունը, 7) բղջախոհությունը։

Ոմանք սրանց վրա ավելացնում են նաև մտքի խորը տրտմությունը կամ մաղձոտությունը։

 

380. – Սրանց հակառակ յոթ գլխավոր առաքինությունները որո՞նք են:

– Մոլությունների հակառակ յոթ գլխավոր առաքինություններն են. 1) խոնարհությունը, 2) եղբայրսիրությունը, 3) համբերությունն ու հեզությունը, 4) առատաձեռնությունը, 5) եռանդն ու աշխատասիրությունը, 6) չափավորությունը կամ ժուժկալությունը, 7) ողջախոհությունը։

 

381. –Ի՞նչ է կիրքը:

– Կիրք են կոչվում այն բոլոր մնայուն փափագները, զգացումները և ներքին մղումները, որոնք մեզ առաջնորդում են բարի կամ չար գործեր կատարելու։ Եթե կիրքը լավ է կառավարվում, այն բարի գործելու և բարձր առաքինություններ ստանալու համար մեծ ուժ է հանդիսանում։ Իսկ եթե վատ է կառավարվում, վտանգավոր ուժ է դառնում (սրընթաց սլացող գնացքի նման, որի մեքենավարը ներսում քնած է) և մեզ կործանման է տանում։ Օրինակ, բարկությունը կարող է լավ կիրք լինել, եթե ուղղվում է անարդարության դեմ և պաշտպանում է տկարներին ու աղքատներին, բայց վերածվում է չարագույն կրքի, անսանձ թողնվելով՝ մտածում է միայն սեփական եսը պարտադրելու մասին։

 

382. – Ինչո՞ւ պետք է խուսափենք մեղքերից: Աստծուն հնազանդվելու համա՞ր:

– Այո՛, Աստծո կամքին հնազանդվելու և Իր փառքի համար:

 

383. – Բայց ո՞րն է Աստծո կամքը և ինչի՞ մեջ է կայանում Աստծո փառքը:

– Աստծո կամքն այն է, որ բոլոր մարդիկ արդար լինեն և հասնեն Իր աստվածային փառքին ու երանությանը: Իսկ Աստծո փառքը դա մարդու երջանկությունն է: Երբ մարդն իրոք և իսկապես երջանիկ է, դրանով է Աստված փառավորվում: Ուստի, մեղքերից հարկավոր է խուսափել, որպեսզի Աստծո կամքի համաձայն փրկվենք, լինենք երջանիկ այս կյանքում և հավիտենականության մեջ, և մեր լիակատար երջանկությամբ փառավորվի Աստված՝ մեր Հայրը:

 

384. – Մեղքը երջանկություն չի՞ տալիս:

– Ո՛չ, մեղքը երջանկություն չի տալիս: Տալիս է միայն երջանկության խաբեական տեսք ու կերպարանք, բայց կամաց կամաց մատնում է և՛ մարմնական, և՛ հոգեկան տարատեսակ տառապանքների, իսկ վերջնական ուղղում չգտնելու դեպքում՝ մարդուն դատապարտում է հավիտենական տառապանքների:

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Աստծո կամքին քանի՞ կերպերով կարող ենք անհնազանդ գտնվել:
– Մեղքը քանի՞ տեսակ է լինում, և բոլորը նույն ծանրությո՞ւնն ունեն:
– Որո՞նք են մահացու և թեթև մեղքերի հետևանքները:
– Ի՞նչ է մոլությունը: Այն ավելի ծա՞նր է, քան պարզ մեղքը:
– Որո՞նք են գլխավոր մոլությունները և դրանց հակառակ գլխավոր առաքինությունները:
– Ի՞նչ է կիրքը: Կրքերն հնարավո՞ր է բարի նպատակով գործածել:
– Մեղքը կարո՞ղ է երջանկացնել մարդուն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։