ԺԲ. – Աղոթք – Գրադարան – Mashtoz.org

ԺԲ. – Աղոթք

556. – Ի՞նչ է նշանակում աղոթել:

– Աղոթել՝ նշանակում է հոգով կապ հաստատել Աստծո հետ, լսել Նրա խոսքը, խոսել Նրա հետ՝ Իրեն լավ ճանաչելու, առավել սիրելու, պաշտելու, գոհություն հայտնելու կամ ինչ որ մի խնդրանք ներկայացնելու համար։ Աղոթքը հիրավի մարդու սրտաբուխ զրույցն է Աստծո հետ: Աղոթքին հաճախ ընկերանում են նաև արտաքին նշաններ, օրինակ՝ խաչակնքում, ծնրադրում, երկրպագություն, և այլն։

 

557. – Աղոթում ենք Աստծուց միայն ինչ որ մի բան խնդրելո՞ւ համար:

– Ո՛չ միայն: Խնդրանքը աղոթքի միայն մի տեսակն է: Կան նաև գովաբանական աղոթքները, շնորհակալության, փառատրության, զղջման, աղերսանքի աղոթքները, կամ պարզապես մտերմիկ զրույցները Աստծո՝ մեր Հոր հետ, Նրա հետ սրտանց կիսվելով այն ամեն ինչի մասին, որ պատահում է մեր կյանքում կամ հուզում է մեր սիրտը:

 

558. – Ե՞րբ և որտե՞ղ կարող է մարդ աղոթել:

– Ամեն պահի և ամենուր, միայնակ և ուրիշների հետ միասին, բարձրաձայն և լուռ, տանը, աշխատանքի վայրում, ճանապարհին, բնության գրկում, բայց հատկապես՝ եկեղեցում, որն Աստծո պաշտամունքին ընծայված վայրն է, ուր կատարվում է Քրիստոսի Սուրբ Պատարագը և ծիսական մյուս բոլոր արարողությունները, որոնք քրիստոնյաների միասնական աղոթքն են:

 

559. – Քանի՞ կերպով է կարելի աղոթել:

– Երկու. մտովի և բարձրաձայն: Բարձրաձայն կատարված աղոթքի մաս է կազմում նաև երգը։

 

560. – Նախընտրելի է առանձի՞ն աղոթել, թե՞ միասին:

– Երկուսն էլ շատ կարևոր ու օգտակար են: Անձնական աղոթքը խիստ օգտակար է հոգևոր հասունության ձեռքբերման, Աստծո՝ մեր Հոր հետ անձնական հարաբերության հաստատման ու մշակման համար: Բայց մարդը միայնակ գոյություն ունեցող էակ չէ, և մանավանդ քրիստոնյան Հիսուսի կողմից կանչված է մաս կազմելու Իր Ժողովրդին՝ Եկեղեցուն: Ուստի կարևոր, շատ օգտակար և Հիսուսի կամքին համապատասխան է նաև խմբերով կատարվող աղոթքը, և հատկապես՝ Եկեղեցու ծիսական աղոթքներին մասնակցելը: Հիսուսն Ինքն էլ խոստացել է, որ երբ երկու կամ ավելի հոգիներ միանան աղոթելու, Ինքը ներկա պիտի լինի նրանց մեջ, ինչը որ մեծ արժեք և ուժ է տալիս նրանց աղոթքին։ Հիսուսի այս ներկայությունը նշանակում է մեր հետ աղոթել և մեր համար բարեխոսել Հոր առաջ։

 

561. – Պարտավո՞ր ենք աղոթել:

– Աղոթքը միաժամանակ արդարությունից բխող պարտականություն և սիրուց մղված սրտաբուխ արարք է: Մարդն Աստծո արարածն է, այսինքն՝ ստեղծվել է Նրա կողմից և իր կյանքում ներկա ամեն բան, ողջ աշխարհը դա Աստծո պարգևն է: Ուստի արդարությունից բխող պարտականություն է աղոթել և Արարչին փառաբանելը՝ շնորհակալություն հայտնելը: Բայց մանավանդ քրիստոնյան, որ Աստծո անսահման սերը ճանաչել է Քրիստոս Փրկչի շնորհիվ, այդ սիրույն համապատասխանում է իր իսկ սիրով, սիրահոժար սրտով երկխոսելով Աստծո՝ իր Հոր հետ: Աղոթքի հանդեպ մեր դիրքորոշումը հստակ ցույց է տալիս, թե որքան ամուր ու անկեղծ են մեր Հավատքը, Հույսը և Սերը։

 

562. – Մեր աղոթքները ե՞րբ են ավելի ազդու:

– Մեր աղոթքն ավելի ազդու է, երբ շնորհի վիճակի մեջ ենք, երբ ինքնասանձումներ, աղքատների ու կարիքավորների հանդեպ ողորմության գործեր ու ծոմապահություններ ենք միացնում մեր աղոթքին, երբ ուխտ ենք անում կամ Սրբերի բարեխոսությունն ենք հայցում, և երբ միասին ենք աղոթում։

 

563. – Աստված միշտ լսո՞ւմ է մեր աղոթքները:

– Աստված միշտ լսում է մեր աղոթքները, բայց միշտ չէ, որ կատարում է մեր խնդրանքներն այնպես, ինչպես մենք ենք ուզում, և այն ժամին, երբ մենք ենք պահանջում կամ ակնկալում: Աստված պարտավոր չէ կատարել մեր բոլոր քմահաճությունները. դա անգամ օգտակար չէ մեզ և արդար էլ չէ: Աստված միանշանակ կատարում է միայն այն խնդրանքները, որոնք համապատասխանում են Իր տված խոստումներին, այսինքն՝ վերաբերվում են մեր հոգևոր կյանքին ու հավիտենական փրկությանը: Մյուս խնդրանքները կատարում է, եթե իսկապես օգտակար են մեզ, արդարացի են, չեն վնասում ուրիշներին, և այլն: Եվ երբ կատարում էլ է, երբեմն կատարում է այն ժամանակ, երբ ավելի պատեհ ու օգտակար է համարում մեր համար: Եվ որ ամենակարևորն է, Աստված կատարում է խնդրանքները նրանց, ովքեր իրենց հերթին կատարում են Իր պատվիրանները, ուստի՝ առաքինի ու սրբակյաց են: Աղոթքը չպետք է քմահաճ ու շփացած դիրքորոշման արտահայտություն լինի, այլ՝ որդիական վստահության:

 

564. – Աղոթում ենք միայն մեր սրտից բխած խոսքերո՞վ:

– Աղոթում ենք նաեւ մեր սրտից բխած խոսքերով, բայց ո՛չ միայն: Քրիստոնյան կարող է գործածել նաև իրենից առաջ ապրած սրբակյաց մարդկանց կողմից հեղինակված աղոթքները, որոնք հավաքված են ծիսական գրքերում և քրիստոնեական Աղոթագրքերում: Դրանք շատ օգտակար են հոգուն, մանավանդ փորձության ժամին, երբ միտքը ցամաք ու անկարող վիճակում է, կամ երբ տակավին սկսնակ ենք աղոթքի կյանքում և առաջնորդության կարիք ունենք:

 

565. – Լավ կատարված աղոթքն ի՞նչ արդյունքներ ունի:

– Լավ կատարված աղոթքն արդարացնում է մեղավորին, իսկ արդարին պահում է շնորհի վիճակի մեջ, օգնության է հասնում հոգևոր կարիքի ժամանակ, ուժ է տալիս բարին գործելու, փորձությունները հաղթահարելու, նեղություններին համբերելու և մինչև մահ սրբությամբ ապրելու համար։

 

566. – Աղոթքի մեջ ի՞նչ թերություններից պետք է զգուշանանք:

– Աղոթքի մեջ առաջին հերթին պետք է զգուշանանք այն ամեն ինչից, որն իր մեջ հարգանքի պակասության տարրեր է պարունակում: Ուստի, աղոթելուց առաջ հարկավոր է պատրաստվել, մտամփոփ դիրք ընդունել և մի կողմ թողնել ուրիշ ամեն միտք, և եթե մեղքի մեջ ենք, նախ կատարյալ զղջմամբ հաշտվել Աստծո հետ։ Հարկավոր է մասնավորապես զգուշանալ մեքենայականությունից, այսինքն՝ խոսքերի անսիրտ ու անհոգի արտաբերումից, ինչը որ մինչև իսկ սրբապղծություն կարող է դառնալ, և կամավոր անուշադրությունից ու մտքի ցրումներից: Աստված ինչպե՞ս և ինչո՞ւ պետք է լսի մեր աղոթքը, եթե մենք ինքներս ուշադրություն չենք դարձնում մեր ասածներին։

 

567. – Ի՞նչ հատկություններ պետք է ունենա աղոթքը, որպեսզի օգտակար լինի։

– Աղոթքը, որպեսզի օգտակար լինի հոգուն, պետք է լինի խոնարհ, վստահությամբ լի, հարատև և համակամ։ Ինչպես նաև՝ պետք է կատարվի Հիսուսի Անունով, քանի որ Նա ասաց. «Ինչ որ Իմ Անունով խնդրեք, պիտի ստանաք»: Այս պատճառով է, որ յուրաքանչյուր աղոթք մենք սկսում ենք՝ ասելով. «Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու. ամեն»։

 

568. – Աղոթքը ե՞րբ է խոնարհ լինում:

– Երբ խոստովանում ենք մեր տկարությունը, մեր անարժանությունն Աստծո շնորհներին և ամեն բանի մեջ մեր կողմից Աստծո կարիքն ունենալը։

 

569. – Ինչպիսի՞ վստահություն պետք է ունենանք աղոթքի մեջ:

– Աղոթքի մեջ պետք է վստահությունն ունենանք, որ Աստված մեր գորովալիր Հայրն է և մեզ անսահմանորեն սիրում է, որ անպատճառ լսում է մեզ և կատարում է մեր խնդրանքները, եթե մեր խնդրածը մեր փրկության համար անօգուտ կամ վնասակար չէ։

 

570. – Ե՞րբ է աղոթքը հարատև կոչվում:

– Աղոթքը հարատև է կոչվում, երբ երկար ժամանակ (մինչև իսկ տարիներով) չենք հոգնում ու վհատվում միևնույն բանը խնդրելուց, մինչև որ ստանանք։ Խոսքն անշուշտ հոգևոր շնորհների մասին է. օրինակ, Սրբուհի Մոնիկան 22 տարի աղոթեց իր հեթանոս որդու դարձի համար, և Աստված վարձատրեց նրա հարատևությունը՝ այդ որդուն Սուրբ Օգոստինոսը դարձնելով, Եկեղեցու մեծագոյն Հայրապետներից մեկը։

 

571. – Աղոթքը ե՞րբ է համակամ կոչվում:

– Երբ Աստծուն ենք թողնում մեր խնդրանքները կատարելու կամ չկատարելու հոգը՝ վստահաբար իմանալով, որ Աստված մեզնից ավելի է մեր բարիքը կամենում և մեզնից ավելի լավ գիտի, թե ինչն է մեզ օգտակար։

 

572. – Ե՞րբ պետք է աղոթենք:

– Քրիստոնյայի ամբողջ կյանքն ու գործերը անընդհատ աղոթք պիտի լինեն՝ ամեն բան Աստծո փառքի համար անելով, սակայն, մասնավորապես, պետք է աղոթենք առավոտյան, երեկոյան, ճաշելուց առաջ և հետո, եկեղեցում գտնվելու ժամանակ, նյութական և հոգեկան նեղությունների մեջ, որևէ կարևոր գործ ձեռնարկելուց առաջ, ծանր փորձությունների մեջ և, մանավանդ, մահվան պահին և ամեն անգամ, երբ աղոթելու ներքին մղում ենք զգում։

 

573. – Ի՞նչ է Սլաքական աղոթքը:

– Սլաքական են կոչվում այն համառոտ աղոթքները (փառաբանական կամ խնդրանքի), որոնք սրտի խորքից ուղղում ենք Աստծուն՝ լարված աղեղից արձակված նետերի (սլաքների) նման։ Սլաքական աղոթքներ են, օրինակ, «Փա՜ռք Քեզ, Աստված», «Տեր, ողորմի՜ր», «Հիսուս, օգնի՜ր ինձ», «Քրիստոս, փրկի՜ր ինձ», «Աստված իմ, օրհնի՜ր մեզ», «Շնորհակա՜լ եմ, Աստված» և նման բացականչությունները: Սլաքական աղոթքը հատուկ ժամանակի հատկացման կարիք չունի, մեր աշխատանքներին ու զբաղմունքներին արգելք չի հանդիսանում, այլ ընդհակառակը՝ մխիթարում և զորացնում է մեզ աշխատությունների մեջ և Աստծո օրհնություններն իջեցնում է մեր վրա։

 

574. – Աղոթքի մեջ ի՞նչ կարող ենք խնդրել:

– Աղոթքի մեջ կարող ենք խնդրել – և Աստված կամենում է, որ խնդրենք – մեծամեծ ու բազմաթիվ շնորհներ՝ երկրի վրա սրբությամբ ապրելու և Արքայությունը ժառանգելու համար։ Կարող ենք նաև խնդրել Իր օրհնությունն ու աջակցությունը մեր մտավոր ու ֆիզիկական աշխատանքների համար։ Կարող ենք և պարտավոր ենք վստահությամբ խնդրել Աստծո սերը, ողորմությունն ու ներումը մեր մեղքերի ու թերացումների համար: Չենք կարող խնդրել այն, ինչը որ բացահայտ հակասում է Աստծո կամքին ու պատվիրաններին, առաքինություններին, ինչը որ սոսկ երկրային քմահաճություն է մեր կողմից, և ինչը որ վնասակար է մեզ կամ ուրիշներին։

 

575. – Քրիստոսն ի՞նչ աղոթք սովորեցրեց Իր հետևորդներին:

– Քրիստոսը սովորեցրեց «Հայր մեր»ը, որը դրա համար էլ հենց Տերունական աղոթք է կոչվում, այսինքն՝ Տիրոջ կողմից սովորեցված։

 

576. – «Հայր մեր»ից հետո սովորաբար ի՞նչ աղոթք է ասվում:

– Կաթողիկե Եկեղեցում «Հայր մեր»ից հետո սովորաբար ասվում է «Ողջո՜ւյն քեզ, Մարիամ ... » աղոթքը, որի առաջին հատվածը Սուրբ Աստվածածնի գովեստն է Ղուկասի Ավետարանից վերցված խոսքերով, իսկ երկրորդ մասով իր բարեխոսությունն ենք հայցում, մասնավորապես՝ մեր մահվան ժամի համար։ Համաքրիստոնեական սովորությամբ, ապա, բոլոր աղոթքները վերջացնում ենք Ամենասուրբ Երրորդությանն ուղղված փառատրությամբ. «Փա՜ռք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»:

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Լավ աղոթելու համար ո՞րն է լավագույն պատրաստությունը։
– Աստված ի՞նչ է կամենում, որ Իրենից խնդրենք, մեր ո՞ր աղոթքներն է ավելի սիրով լսում։
– Ինչպե՞ս պետք է հասկանանք Քրիստոսի խոսքը, թե՝ «Միշտ աղոթք արեք և մի՛ ձանձրացեք»։
– Մեր օրվա գործերն ինչպե՞ս կարող ենք աղոթքի վերածել և մեր ժամանակը ապարդյուն չկորցնել։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։