Ե. – Վեցերորդ և իններորդ պատվիրանները – Գրադարան – Mashtoz.org

Ե. – Վեցերորդ և իններորդ պատվիրանները

272. – Ի՞նչ են մեզ հանձնարարում Վեցերորդ և Իններորդ Պատվիրանները:

– Վեցերորդ և Իններորդ պատվիրանները հանձնարարում են մարմնի և հոգու կատարյալ սրբություն պահպանել, և արգելում են բոլոր այն գործերը, արարքները, խոսքերն ու մտածումները, որոնք կարող են վնասել մարմնի կամ հոգու սրբությանը։

 

273. – Մարդն ինչո՞ւ պիտի հարգի և սուրբ պահի իր մարմինը:

– Մարդը պիտի հարգի և սուրբ պահի իր մարմինը. 1) որովհետև մարմինը Արարիչ Աստծո գլխավոր գործերից մեկն է և անմահ հոգու բնակարանը, հանձնված՝ մի Պահապան Հրեշտակի հոգևոր խնամքին. 2) Մկրտությունից հետո քրիստոնյայի մարմինը դառնում է Աստծո տաճարը, քանի որ Աստված բնակվում է մեր մեջ, մեզ ճոխացնում է Իր շնորհներով, Ամենասուրբ Հաղորդությամբ և Իր հատուկ ներկայությամբ, երբ ծանր մեղքից զերծ ենք լինում։

 

274. – Ինչո՞ւ պետք է հոգին սուրբ պահենք:

– Հոգին պետք է սուրբ պահենք, քանի որ Աստծո պատկերն է և միայն Աստծուն ծառայելու համար է ստեղծված: Սրա համար է, որ մեր մտածումներն ու փափագները պետք է միշտ մաքուր լինեն, որպեսզի հոգին չապականեն։

 

275. – Ո՞վ է մեղանչում Աստծո Վեցերորդ Պատվիրանի դեմ:

– Աստծո Վեցերորդ Պատվիրանի դեմ մեղանչում է այն չամուսնացած անձը, ով իր ազատ կամքի բարեհաճությամբ սեռական բնույթի ապօրինի հարաբերության մեջ է մտնում ուրիշ չամուսնացած անձի հետ, կամ նման ապօրինի հարաբերությունների մասին խոսում է դրական տրամադրվածությամբ, կամ էլ համակամությամբ լսում, դիտում, երգում կամ կարդում է դրանց վերաբերյալ որևիցէ մի նյութ։

 

276. – Ո՞վ է մեղանչում Աստծո Իններորդ Պատվիրանի դեմ:

– Աստծո Իններորդ Պատվիրանի դեմ մեղանչում է այն ամուսնացած կամ չամուսնացած անձը, ով ցանկանում է սեռական բնույթի ապօրինի հարաբերություն ունենալ մի անձի հետ, ով արդեն ամուսնացած է և իր հավատարմությունը խոստացել է մի ուրիշի: Սա ավելի ծանր է, քան առաջինը, որովհետև ապօրինի հարաբերության վրա ավելացնում է նաև կայացած ընտանիքի խարխլման ու քանդման ծանր մեղքը։

 

277. – Բոլոր անմաքուր մտածումներն ինքնըստինքյան մե՞ղք են:

– Ո՛չ, անմաքուր մտածումներն ինքնըստինքյան մեղք չեն: Երբ մտքում ծնվում են ակամա կերպով և տվյալ անձը հավանություն չի տալիս ու ջանում է վռնդել դրանք, ո՛չ միայն չի մեղանչում, այլ՝ նաև արժանիք ու շնորհներ է ստանում, քանի որ փորձություններին դիմակայելը նշանակում է Աստծո համար նեղություն կրել, գործով ցույց տալ, որ ճշմարտապես սիրում ենք Աստծուն և չենք ուզում մեղանչել։ Այդ մտքերին հաղթելու առաջնային ձևը աղոթելն է, իսկ աղոթքից հետո՝ բնավ կարևորություն չտալը, և ուսմամբ կամ մի ա՛յլ նյութական գործով զբաղվելը, որպեսզի միտքը ցրվի և մոռանա դրանք։ Ուշադրությունը դրանց վրա կենտրոնացնելը և դրանց ուղղակի դիմադրելը սխալ ճանապարհ է։

 

278. – Մասնավորապես ո՞ր բաներն են մեղանչել տալիս մաքրության դեմ:

– Մաքրության դեմ մեղանչել են տալիս մասնավորապես վատաբարո անձանց ընկերակցությունը, անբարո գրքերը, պատկերներն ու տեսաերիզները, դատարկապորտությունը, որկրամոլությունը, բղջախոհ նայվածքները, և որևիցէ մի բան, որ ազդում է մարդու երևակայության վրա։

 

279. – Ինչո՞ւ պետք է զգուշանանք հատկապես մաքրության դեմ մեղանչելուց:

– Հատկապես պետք է զգուշանանք մաքրության դեմ մեղանչելուց, քանի որ մարդկային կյանքի այդ ոլորտում գիտակցաբար ու կամովին մեղանչելը ո՛չ միայն միշտ ծանր մեղք է, այլ՝ նաև գայթակղություն է ուրիշների համար (ինչը որ չափազանց ծանր պատասխանատվության է ենթարկում Աստծո առաջ), շատ վատ հետևանքներ է ունենում թե՛ հոգու և թե՛ մարմնի վրա, խլում է մարդու կենսական էներգիաները և հոգեկան ու մարմնական շատ ծանր հիվանդությունների պատճառ է հանդիսանում։ Եվ որ ամենաողբերգականն է, մարդուն զրկում է իսկական ու հասուն սեր ապրելու հնարավորությունից, որը հնարավոր է միմիայն ամուսնության ու ամուսնական հավատարմության դեպքում, կամ հոգևոր առումով՝ կատարյալ կուսակրոնության վիճակում: Միայն հավատարիմ ամուսնությունն ու կատարյալ կուսակրոնությունն են մարդուն վեհացնում, մինչ սեռային անմաքրությունները ստորացնում են նրա էությունը, իջեցնում անասուններից էլ ավելի ցածր մակարդակի վրա:

 

280. – Որո՞նք են անպարկեշտ մեղքերից զգուշանալու գլխավոր միջոցները:

– Անպարկեշտ մեղքերից զգուշանալու գլխավոր միջոցներն են. 1) զգուշանալ ամեն ներելի մեղքերից, մասնավորապես՝ աչքերին չափազանց ազատություն տալուց և այդ մեղքին տանող ուրիշ առիթներից. 2) աղոթել, հաճախ մերձենալ Ամենասուրբ Հաղորդության խորհրդին, և Սուրբ Աստվածածնի հանդեպ հատուկ ջերմեռանդություն ունենալ. 3) անմիջապես խոստովանվել, երբ նման մեղքերի մեջ ընկնելու դժբախտությունն ենք ունենում։

 

281. – Քրիստոսը մաքուր սիրտ ունեցողներին ի՞նչ հատուցում է խոստացել:

– Քրիստոսը հատուկ կերպով երանելի հռչակեց մաքուր սիրտ ունեցողներին, ասելով, որ «նրանք Աստծուն պիտի տեսնեն», այսինքն՝ Աստծո վերաբերյալ գաղտնածածուկ խորհուրդները յուրահատուկ կերպով հասանելի են դառնում նրանց, ովքեր իսկապես մաքուր են պահում իրենց մարմինն ու միաժամանակ հոգին, քանի որ մաքրությունը մարդուն նմանեցնում է հրեշտակներին և իմաստնացնում է Աստծո Արքայությանը վերաբերվող հարցերի մեջ: Ինչպես նաև, մաքրությունը Աստծուն շատ հաճելի լինելով, նրանք Արքայության մեջ հատուկ հատուցում պիտի ստանան։

 

282. – Աստված խստությա՞մբ է դատում այս մեղքերը:

– Աստված ամենայն խստությամբ է դատում այլասերվածներին, այսինքն՝ նրանց, ովքեր ո՛չ թե միայն մարմնով, ակամա կամ մարդկային տկարությամբ, այլ՝ նաև հոգով, մտքով, սրտով ու կամքով լիովին անձնատուր են եղել մեղքին, սիրում, գովաբանում, քարոզում ու քաջալերում են այն, պատճառ հանդիսանալով նաև այլոց այլասերմանը, մանավանդ՝ երեխաների ու պատանիների դեպքում: Աստված անարդար չէ և զանազանություն է դնում պարագաների ու հանգամանքների միջև, և եթե խոսքը վերաբերվում է սոսկ մարդկային տկարությանը, Աստված երբեք անսիրտ դատավոր չէ, այլ՝ բարեգութ Հայր: Բայց մարդն էլ իր հերթին պետք է ազնիվ լինի և անկեղծորեն գնահատի իր արարքները, թե մարդկային տկարությա՞մբ են գործվել, թե՞ մեղքի սին պատրանքից հաղթված:

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Մարդն ինչո՞ւ պիտի հարգի և սուրբ պահի իր մարմինն ու հոգին:
– Ո՞վ է մեղանչում Աստծո Վեցերորդ և Իններորդ Պատվիրանների դեմ:
– Բոլոր անմաքուր մտածումներն ինքնըստինքյան մե՞ղք են:
– Ինչո՞ւ պետք է զգուշանանք հատկապես մաքրության դեմ մեղանչելուց:
– Քրիստոսը մաքուր սիրտ ունեցողներին ի՞նչ հատուցում է խոստացել:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։