ԺԴ. – Փորձություն – Գրադարան – Mashtoz.org

ԺԴ. – Փորձություն

385. – Ի՞նչ է փորձությունը:

– Փորձությունը վատ կամ չար գործերի մղող միտք, փափագ կամ ներքին գրգիռ է, որ առաջ է գալիս մեր հոգու թշնամիներից (դևերից, վատ կրքերից և աշխարհի հրապույրներից)։

 

386. – Փորձությունը մե՞ղք է:

– Փորձությունը շատ անգամներ առաջ է գալիս առանց մեր ցանկության: Նման դեպքերում այն մեղք չէ, քանի դեռ մեր ազատ կամքով հավանություն չենք տվել դրա առարկային։ Մեղք է դառնում, երբ մտքով ախորժում ենք և/կամ կամքով ցանկանում ենք գործի վերածել այն։

 

387. – Աստված ինչո՞ւ է թույլ տալիս, որ փորձության ենթարկվենք:

– Աստված թույլ է տալիս, որ ամեն մարդ իր կարողության չափով փորձության ենթարկվի, քանի որ փորձության դեմ պայքարելով՝ հոգին մաքրվում է իր վատ հակումներից, խոնարհ և արթուն է դառնում Աստծո ծառայության մեջ, մեծ արժանիքներ է ձեռքբերում և ուրիշ շատ ա՛յլ օգուտներ է ունենում։

 

388. – Ինչպե՞ս պետք է պայքարենք փորձությունների դեմ:

– Փորձություների դեմ պետք է պայքարենք գլխավորապես երեք եղանակով. 1) աղոթելով և մեղքի առիթներից խուսափելով. 2) անմիջապես վռնդելով և արհամարհելով վատ մտքերը, կամ ինչ որ մի աշխատանք կատարելով, որպեսզի միտքը օգտակար բաներով զբաղվի. 3) փորձությունը հաղթահարելուց հետո դրա մասին այլևս չմտածելով (որպեսզի չվերադառնա), իսկ եթե հաղթվել ենք ու մեղքի մեջ ընկել, ուրեմն անմիջապես զղջալով և ավելի եռանդով ու վստահությամբ Աստծուն ծառայելով։

 

389. – Որո՞նք են մեղքի առիթները:

– Մեղքի առիթ են կոչվում այն բոլոր անձինք, վայրերը և արտաքին պարագաները, որ մեզ մեղքի մեջ են ներքաշում, երբ փնտրում ենք կամ հետևում դրանց. օրինակ, վատ ընկերներ, վատ զվարճանքներ կամ վատ ընթերցումներ, կինոնկարներ կամ թատրոններ, և այլն։

 

390. – Մեղքի առիթները ե՞րբ են վնասակար:

– Մեղքի առիթները միշտ վնասակար են, երբ կամովին փնտրում ենք դրանք, կամ էլ՝ երբ դրանց մեջն ենք գտնվում, բայց անմիջապես չենք հեռանում, քանի որ ով կարող է, սակայն չի ցանկանում մեղքի առիթներից փախչել, նշանակում է, որ սիրում է մեղքը, հետևաբար՝ թողություն չի գտնում, և միշտ նորանոր մեղքերի մեջ է ընկնում։

 

391. – Մեղքի սովորական առիթները որո՞նք են:

– Մեղքի ամենից սովորական առիթներն են չար օրինակները, վատ մարդկանց կամ վատ ընկերների հետ շփումը, վատ գրվածքների ընթերցումը, վատ ֆիլմերը, կրոնի թշնամիների կողմից կատաղի կերպով առաջ տարվող չարամիտ ու կեղծ քարոզչությունը (պրոպագանդան, ներկա ժամանակներում հատկապես ֆիլմերի, զանգվածային լրատվության և սոցիալական ցանցերի միջոցով), սեփական առողջության նկատմամբ անհոգությունը, կյանքն աննպատակ (ուղեղն անջատած) ապրելը, և նման բաներ։

Ներկա ժամանակներում հատուկ նշանակություն է ստացել մարդկանց կողմից նախընտրվող անբնական կյանքը, կտրվածությունը բնությունից և բնական կյանքից (ըստ Արարչի կողմից հաստատված կարգի), սխալ իդեոլոգիաների պատճառով սխալ ապրվող ամուսնական կյանքը, չափահաս երիտասարդների անզուսպ էգոիզմը, որի պատճառով վախենում են ընտանիք կազմելուց և բնականոն կյանք վարելուց, պետական ու հասարակական համակարգերի սխալ ձևակերպումը, որոնց պատճառով մարդն ու ընտանիքը, փոխանակ հասարակական կյանքի կենտրոնն ու առանցքը լինելու, հայտնվում են սոսկ շուկայական հարաբերությունների լուսանցքում, հոգևոր ներքին կյանքից հեռացածությունը, եկեղեցական կյանքի վերածվածությունը սոսկ արտաքին, անբովանդակ ծիսակատարությունների, և այլն, և այլն:

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ի՞նչ է փորձությունը: Այն մեզ օգտակա՞ր է, թե՞ վնասակար: Ինչո՞ւ։
– Ինչպե՞ս կարելի է մեղքի առիթներն ու փորձությունները առաքինությունների վերածել։
– Ովքե՞ր են ավելի հաղթվում փորձություններից. ինքնավստահ պայքարի նետվողնե՞րը, թե՞ առիթներից խոնարհաբար խուսափողները։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։