Ժ. – Սուրբ Հոգին – Գրադարան – Mashtoz.org

Ժ. – Սուրբ Հոգին

138. – Ո՞վ է Սուրբ Հոգին:

– Սուրբ Հոգին Ամենասուրբ Երրորդության երրորդ Անձն է, աստվածային միևնույն բնությունն ու կատարելություններն ունի, ինչ մյուս երկու Անձերը, որոնցից Ինքը բխում է։

 

139. – Ո՞րն է արարչության մեջ Սուրբ Հոգու գլխավոր գործը:

– Արարչության մեջ Սուրբ Հոգու գլխավոր գործը ստեղծված ամեն ինչ գոյության մեջ պահելն է և առաջնորդելը դեպի յուրաքանչյուրի նպատակը, որի համար ստեղծվել է: Առանց Սուրբ Հոգու զորության, նյութական ողջ տիեզերքը կվերադառնա ոչնչության գիրկը, որտեղից այդ նույն զորությամբ կանչվել է գոյության:

 

140. – Ո՞րն է Եկեղեցու մեջ Սուրբ Հոգու գլխավոր գործը։

– Եկեղեցու մեջ, որ Քրիստոսի խորհրդական Մարմինն է, Սուրբ Հոգու գլխավոր գործը այդ Մարմնի անդամներին կենագործելն է և որպես մեկ Մարմին միության մեջ պահպանելը, ինչպես մարդու հոգին դա անում է իր մարմնի դեպքում: Սուրբ Հոգին Հիսուսի շնորհները բաշխում է մարդկանց, փրկագործության ճանապարհին թիկունք է կանգնում նրանց և պահում ու կառավարում է Եկեղեցին։

 

141. – Մեր համար շա՞տ կարևոր է Սուրբ Հոգու օգնությունը:

– Սուրբ Հոգու օգնությունը մեր համար ո՛չ միայն շա՜տ կարևոր է, այլ՝ ուղղակի անհրաժեշտ է: Առանց Նրա մենք չենք կարող ո՛չ Աստծո առաջ արժանավոր գործ անել և ո՛չ էլ փրկվել։ Աստվածաշունչը վկայում է, որ առանց Սուրբ Հոգու զորակցության անգամ «Տեր Հիսուս» չենք կարող ասել, ո՜ւր մնաց թե դավանենք ամբողջ Ճշմարտությունը:

 

142. – Սուրբ Հոգու օգնությամբ ի՞նչ գործեր կարող ենք անել:

– Սուրբ Հոգու օգնությամբ՝ ամենադժվարին գործերն անգամ կարող ենք կատարել և ամենաբարձրակարգ կատարելությանը հասնել։ Բայց Սուրբ Հոգին մեզ չի բռնադատում և, ազատ լինելով, մենք պետք է համագործակցենք Նրա ներշնչումներին ու շնորհներին։

 

143. – Սուրբ Հոգին ինչպե՞ս է գործում մարդկանց մեջ:

– Սուրբ Հոգին մարդկանց մեջ գործում է զանազան պարագաներով, օրինակ՝ բարի մտածությունները, օրինակները, խոսքերը, պատկերները, հիվանդությունը, սուգը, հանդիմանությունը, ուրախությունները և այլն, կարող են մեկական գործիք լինել Սուրբ Հոգու ներգործության համար: Իսկ սրբակյաց անձանց մեջ Նա գործում է մասնավորապես Իր յոթ պարգևներով: Դրանք են.

1) Աստծո հանդեպ երկյուղը, որ ծնվում է Նրա հանդեպ սիրուց, այսինքն՝ երբ Աստծուն մեծապես սիրելով «երկնչում ենք» մեղանչելուց և Նրա Սրբությունը խոցելուց.
2) Աստվածպաշտությունը, որով ամեն բանի մեջ Աստծո կամքն ենք փնտրում և ընկերոջ հետ վարվում ենք հեզությամբ ու կարեկցանքով.
3) Գիտության հոգին, որով աշխարհի բաները սխալ չենք դատում, սիրում կամ արհամարհում ենք այն ամենը, ինչը որ Աստված Ինքն է սիրում կամ արհամարհում.
4) Զորության հոգին, որով քաջ և հարատևող ենք լինում մեր բարի առաջադրությունների կատարման, փորձությունների դեմ պայքարելու, հակառակությունները վեհանձնորեն կրելու գործում.
5) Խորհրդի հոգին, որով զանազանում ենք շնորհների և բնության ներքին մղումները, զսպում ենք վերջինները, մեր հոգու մեջ ճանաչում ենք Սուրբ Հոգու ներշնչումները և հետևում ենք Նրա առաջնորդությանը.
6) Հանճարի հոգին, որով ավելի պայծառորեն ենք տեսնում Հավատքի ճշմարտությունները, անդրդվելի հավատք ենք ունենում և մեր սրտի զգացումներն ամբողջովին փոխվում են.
7) Իմաստության հոգին, որը մեծ լույս է տալիս մտքին և որով այնքան լավ ենք ճանաչում Աստծուն, որքան հնարավոր է երկրի վրա, զգում և վկայում ենք Աստծո քաղցրությունը, և Նրան սիրում ենք ամենագողտր սիրով, և ամբողջովին փոխակերպվում ենք:

Այս պարգևները Սուրբ Հոգին բաշխում է, որպեսզի գործածվեն ի նպաստ ամբողջ Եկեղեցու բարիքի, ի շահ առաքելության և քարոզչական վկայության, և երբե՛ք՝ իբրև սոսկ անհատական ձիրք:

 

144. – Սուրբ Հոգին տեսանելի կերպով ե՞րբ է հայտնվել:

– Սուրբ Հոգին տեսանելի կերպով հայտնվել է Հիսուսի Մկրտության ժամանակ և Պենտեկոստեի օրը, որն իսկ անվանում ենք Հոգեգալուստ։

 

145. – Ի՞նչ կերպարանքով է հայտնվել և արդյո՞ք դա ինչ որ մի բան նշանակում է:

– Սուրբ Հոգին աստվածային անքննելի բնություն ունենալով՝ հայտնվել է խորհրդավոր կերպարանքներով, որոնք այլաբանական իմաստներ են պարունակում: Հիսուսի Մկրտության ժամանակ Նա հայտնվեց աղավնակերպ և Ավետարանն ասում է, որ Հիսուսի վրա իջավ աղավնու նման: Դրա իմաստն այն է, որ Սուրբ Հոգին Հիսուսի – և Նրանից հետո՝ Նրա աշակերտների – վրա իջնում է այն նույն հեզությամբ, խաղաղությամբ ու ընկերային սիրով, որով իջնում են աղավնիները, որոնց թռիչքը և էջքը բնավ նման չէ գիշատիչ թռչունների էջքին: Սուրբ Հոգին մեր վրա իջնում է ո՛չ թե գիշատչի նման մեզ հոշոտելու, այլ՝ աղավնու նման մեզ խաղաղեցնելու նպատակով:

 

146. – Իսկ Հոգեգալստյան ժամանա՞կ:

– Իսկ Հոգեգալստյան ժամանակ Նա հայտնվեց հրեղեն լեզուների կերպարանքով, որոնք իջան Տասներկու Առաքյալների վրա: Դրա իմաստը կրկնակի է. նախ այն, որ Քրիստոսի Առաքյալներին տվեց քարոզչության շնորհը, ո՛չ միայն տարբեր ազգերի լեզուներով խոսելու, այլ նաև՝ տարբեր դասակարգի, սեռի, տարիքի, մշակույթի, միջավայրի մարդկանց խոսելու և Քրիստոսի պատգամը նրանց հասկանալի լեզվով ավանդելու շնորհը. և ապա, որ այդ պատգամը հրեղեն պատգամ է, կրակի նման այրում է ամեն անմաքրություն ու նեխածություն, և հալեցնելով ամեն տեսակ սառույց՝ սրտերն ու մտքերը ջերմացնում է Աստծո սիրով:

 

147. – Այլաբանական ուրիշ պատկերներ էլ կա՞ն Սուրբ Հոգու անձն ու գործը մատնանշելու համար:

– Այո՛, Եկեղեցու հոգևոր ավանդությունը դարերի ընթացքում բազմաթիվ ու տարատեսակ պատկերներ է գործածել՝ Սուրբ Հոգու անձն ու գործը մատնանշելու համար: Օրինակ՝ Մկրտության ջուրը, որ լվանում ու մաքրում է, խորհրդանշում է հոգու լվացումն ու սրբվելը մեղքից. Կնունքի անուշահոտ ձեթը (մյուռոնը), որ օծում ու փափկացնում է, խորհրդանշում է առաքինությունների բուրումնավետությունը և մեղքով կարծրացած սրտերը փափկացնելը, վերադարձնելը մարմնեղեն մարդկային սիրտ լինելու. աստվածաշունչ Զեփյուռը, որ խորհրդանշում է մարդկային անապատացած կյանքում աստվածային զովություն ու սփոփանք բերելը, որի համար կոչվում է նաև Մխիթարիչ, ինչպես նաև այն, որ առանց Սուրբ Հոգու մենք չենք կարող հասնել հավիտենական կյանքի նավահանգստին, ճիշտ այնպես՝ ինչպես առանց բարեբեր քամու անշարժ են մնում նավի առագաստները. և այլն:

 

148. – Սուրբ Հոգին մեղավորների մե՞ջ էլ է գործում:

– Սուրբ Հոգին ո՛չ միայն արդարների, այլ՝ նաև մեղավորների մեջ է գործում, երկու ուղղությամբ. նախ ասացինք, որ առանց Սուրբ Հոգու բոլորն էլ կվերադառնան ոչնչության, ուստի Սուրբ Հոգին գոյության մեջ է պահպանում ամեն բան և ամենքին. և երկրորդ, Սուրբ Հոգին գործում է նաև մեղավորների ու մինչև իսկ Քրիստոսի բացահայտ թշնամիների կյանքում, ներշնչելով նրանց խղճի խայթ և մտքի լույսեր, որպեսզի կարողանան դարձի գալ և փրկվեն:

 

149. – Սուրբ Հոգին հավասա՞ր չափով է գործում յուրաքանչյուր մարդու մեջ:

– Ո՛չ, Սուրբ Հոգին Իր շնորհներն ավելի առատ կերպով տալիս է նրանց, ովքեր իրենց ազատ կամքով գործակցում են Իր ներշնչումներին ու նախապես տրված շնորհներին:

 

150. – Սուրբ Հոգին ինչի՞ց է պահպանում Եկեղեցին:

– Սուրբ Հոգին Եկեղեցին պահպանում է մահացու կործանումից (ինչպես հոգին կենդանի է պահում մարմինը): Նույնիսկ եթե առանձին անդամներ նախընտրում են սխալ ճանապարհներ բռնել և ինքնակամ անդամահատվում են Եկեղեցու միությունից (Սրբերի Հաղորդությունից), Սուրբ Հոգին շարունակում է կենսալի պահել Եկեղեցու ամբողջությունը և շարունակ լրացնում է այն:

 

151. – Սուրբ Հոգին ինչպե՞ս է կառավարում Եկեղեցին:

– Սուրբ Հոգին Եկեղեցին կառավարում է՝ առաջնորդելով նրա պետերին (Առաքյալների հաջորդները հանդիսացող Եպիսկոպոսներին) և, մասնավորապես, Առաքյալներից գլխավորի՝ Պետրոսի հաջորդին՝ Հռոմի Սրբազան Պապին (Քահանայապետին), յուրաքանչյուրին իր պաշտոնի մեջ:

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ո՞վ է Սուրբ Հոգին և ո՞րն է Նրա գլխավոր գործը արարչության մեջ և Եկեղեցու մեջ:
– Որո՞նք են Սուրբ Հոգու յոթ պարգևները:
– Այլաբանական ի՞նչ պատկերներով են մատնանշվում Սուրբ Հոգու անձն ու գործը:
– Բոլորի մեջ նույն չափո՞վ է գործում Սուրբ Հոգին:
– Սուրբ Հոգին ինչի՞ց է պահպանում Եկեղեցին և ինչպե՞ս է այն կառավարում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։