Է. – Փրկագործության խորհուրդը – Գրադարան – Mashtoz.org

Է. – Փրկագործության խորհուրդը

94. – Հիսուսն ինչի՞ց մեզ փրկեց:

– Հիսուսը մեզ փրկեց սատանայի գերությունից ու դժոխքի հավիտենական տանջանքներից՝ հաշտեցնելով Աստծո արդարության հետ։

 

95. – Հիսուսն ինչպե՞ս մեզ հաշտեցրեց Աստծո արդարության հետ:

– Հիսուսը մեզ Աստծո արդարության հետ հաշտեցրեց՝ Իր վրա վերցնելով մեր մեղքերի պատիժները, և մեր համար չարչարվեց ու մահացավ Խաչի վրա։

 

96. – Հիսուսը չէ՞ր կարող մարդկանց փրկել՝ առանց չարչարվելու և մահանալու:

– Փրկիչը պետք է որ անցներ մարդկային գոյության բոլոր հանգրվանների միջով, որպեսզի Իր փրկարար ներկայությունը ամենուր ապահովված լիներ։ Եթե Նա մարդկանց կրածից ինչ որ մի բան չվերցներ Իր վրա, մեր փրկությունը կիսատ, այսինքն՝ չիրականացած կմնար:

 

97. – Աստծո արդարությունը ի՞նչ է պահանջում մարդկանցից:

– Աստծո արդարությունը պահանջում է, որ մեղքերով գործված չարիքը քավվի ու սրբվի, բոլոր անօրենությունները շտկվեն և վերահաստատվի արարչական օրենքն ու ներդաշնակությունը։

 

98. – Մարդիկ չե՞ն կարող Աստծո արդարությանը գոհացում տալ:

– Ո՛չ, մարդկանց ապաշխարության գործերը, որքան էլ բազմաթիվ ու խստակրոն լինեն, խիստ թերի են: Մինչդեռ Հիսուսի բոլոր գործերն էլ անսահման արժեք ունեն, քանի որ Աստծո գործեր են՝ կատարյալ, սուրբ ու արդար: Ուստի միայն Հիսուսը կարող է մեզ փրկել։

 

99. – Հիսուսն ինչո՞ւ անհուն սեր ցուցաբերեց մարդկանց հանդեպ:

– Քանի որ մարդիկ Աստծո պատկերն ու նմանությունն են, և Նրա մեծագույն փառքի համար են ստեղծվել: Աստված հայրական անսահման սիրով սիրում է մարդկանցից յուրաքանչյուրին, որպես Իր զավակի, ուստի մարդկանցից յուրաքանչյուրը (նաև ես և դու) ավելի մեծ արժեք ունի Աստծո համար, քան ողջ նյութական տիեզերքը։

 

100. – Հիսուսն Իր չարչարանքներով ուրիշ ի՞նչ շահեց մեր համար:

– Հիսուսն Իր չարչարանքներով մեր համար շահեց նաև անթիվ շնորհներ, որոնցով մեր բոլոր գործերն ու նեղությունները կարող ենք սրբացնել: Դրանք Իր չարչարանքներին միացնելով՝ դադարում են պատիժ լինելուց, այլ՝ կարող են հավիտենական արժանիքների աղբյուր լինել մեր համար։

 

101. – Հիսուսի արժանիքներով ամեն մարդ կարո՞ղ է փրկվել:

– Այո՛, Հիսուսի արժանիքներով յուրաքանչյուր մարդ կարող է փրկվել, անկախ այն բանից, թե այդ պահին որքան մեծ մեղքի մեջ է: Բավական է, որ սրտանց ընդունի Աստծո կողմից պարգևված փրկությունը, և այդուհետև Աստծո պատվիրանների համաձայն ապրի։

 

102. – Ե՞րբ ենք կատարում Հիսուսի չարչարանքների հիշատակը:

– Հիսուսի չարչարանքների հիշատակը արժանի կերպով կատարում ենք այն ամեն անգամ, երբ մարդասիրական ինչ որ մի գործ ենք կատարում ի նպաստ մարդկանց, կամ համբերությամբ կրում ենք մեզ ակամա պատահած նեղությունները: Ծիսական հիշատակ է կատարվում նաև յուրաքանչյուր ուրբաթ օրը՝ կամովին պահք պահելով, նաև Մեծ Պահքի քառասուն օրերին և ուրիշ պահքի օրերի, բայց, մասնավորապես, Ավագ Ուրբաթ՝ Հիսուսի մահվան հիշատակի օրը։ Սրանցից բացի, Հիսուսի չարչարանքները հիշատակվում են յուրաքանչյուր Սուրբ Պատարագի ժամանակ, և ամեն անգամ, երբ խաչակնքվում ենք։

 

103. – Կարո՞ղ ենք ասել, ուրեմն, որ Խաչը քրիստոնյաներիս զինանշանը և բնորոշող նշանն է:

– Այո՛, քրիստոնյաներիս զինանշանը և բնորոշող նշանն է Սուրբ Խաչը: Սուրբ Խաչով Քրիստոսը մեզ փրկեց մեղքի ու մահվան իշխանությունից, ուստի Սուրբ Խաչը մեր փրկության նշանն է:

 

104. – Դրա՞ համար է, որ կոչվում է նաև Սուրբ Նշան:

– Այո՛, հայերեն լեզվում Սուրբ Խաչ և Սուրբ Նշան անունները հոմանիշներ են, որովհետև մեր համար Սուրբ Խաչը Քրիստոսի կողմից մեզ պարգևված փրկության նշանն է (այն աստիճան, որ հայերիս մոտ ընդունված է տղաներին իբրև անձնանուն դնել Խաչատուր, Խաչիկ, Նշան անունները):

 

105. – Միայն պարզ նշա՞ն է, թե՞ խորհրդավոր զորություն էլ ունի:

– Պարզ նշան չէ, այլ՝ իր մեջ պարունակում է Խաչված Քրիստոսի զորությունը: Նրանից սարսափում են մեր հոգևոր թշնամիները՝ դևերն ու սատանաները:

 

106. – Դրա՞ համար ենք խաչակնքվում:

– Այո՛, Սուրբ Խաչի նշանով կնքում ենք մեր անձը՝ հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու:

 

107. – Ինչպե՞ս ենք ճիշտ խաչակնքվում:

– Հայկական ավանդության մեջ խաչակնքվում ենք այսպես. միմյանց ենք միացնում աջ ձեռքի բութ մատը, ցուցամատն ու միջնամատը, իսկ մատնեմատն ու ճկույթը ծալում ենք ափի մեջ (առաջին երեք մատները միասին խորհրդանշում են Ամենասուրբ Երրորդությունը, իսկ վերջին երկու մատները՝ Քրիստոսի աստվածային ու մարդկային երկու բնությունները). ապա մեր ձեռքը տանում ենք դեպի մեր ճակատը՝ գրաբար հայերենով ասելով «Յանուն Հօր», իջեցնում ենք դեպի որովայնը՝ ասելով «եւ Որդւոյ», տանում ենք նախ դեպի ձախ, ապա դեպի աջ ուսը՝ ասելով «եւ Հոգւոյն Սրբոյ», իսկ վերջում աջ ափը բաց դիրքով հանգչեցնում ենք մեր սրտի վրա՝ ասելով «Ամէն»[1]:

 

108. – Ոմանք ծամածռված ձևերով են խաչակնքվում ու հապճեպ: Սա ընդունելի՞ է:

– Ո՛չ, բնավ ընդունելի չէ: Ինչպես ասացինք, Սուրբ Խաչի նշանի մեջ խորհրդավոր կերպով ներկա է Քրիստոսն Ինքը և Իր կողմից պարգևված փրկությունը: Ամեն անգամ խաչակնքվելուց պետք է Աստծո առաջ գտնվելու գիտակցությունն ունենանք: Մեր հավիտենական փրկությունը մեր կյանքի ամենալուրջ ու կարևոր հարցն է: Չպետք է թեթևամտությամբ մոտենանք դրան:

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Հիսուսը կարո՞ղ էր փրկել մեզ առանց չարչարվելու։ Ինչո՞ւ:
– Աստված ինչո՞ւ կարևոր համարեց փրկել մարդկանց։ Մարդիկ կարևո՞ր են Իր համար:
– Ի՞նչ կասես Խաչի և խաչակնքվելու մասին։

[1] Գրաբարը կարդա այսպե՛ս. « Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո. ամեն »:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։