Հեղինակի Խոսք – Գրադարան – Mashtoz.org

Հեղինակի Խոսք

Ազնիվ պատանի,

երբ կյանքիդ արշալույսին անհագ տենչով մտքիդ մեջ ամբարում ես կարևոր գիտությունները, հիշի՛ր, որ Գիտությունների Գիտություն էլ կա, որ քեզ սովորեցնում է Գերագույն Պատճառը, որից ես դու առաջացել, և Վերջին Վախճանը, որին մի օր հանդիպելու ես։

Այդ գիտությունը Սուրբ Կրոնի գիտությունն է՝ Քրիստոնեական Վարդապետությունը, որ մարդկային խելքով կամ աշխատանքով չէ շինված, այլ Ինքը՝ Աստված է, որ հայտնել է այն. ուրեմն որքա՜ն գեղեցիկ ու ախորժելի պիտի լինի այն քո համար, քանի որ ճշմարիտ ու անսխալ է։ Իսկ երբ մտածես, որ քո իսկ անձնական բարիքի ու երջանկության համար է, որքա՜ն առավել սիրով ու երախտագիտությամբ պիտի ընդունես այն հոգուդ մեջ՝ նրա մեկ ճշմարտությունն անգամ չփոխանակելով այս անցողիկ աշխարհի պատրանքների հետ։

Հարստությունն ու աշխարհային փառքերը չեն, որ երջանկացնում են մարդուն, այլ՝ ուղիղ հավատքը և նրա կողմից թելադրված ու սիրով կատարված գործերը։ Ահա՛ Քրիստոնեական Կրոնի Վարդապետությունը, որ քեզ պիտի սովորեցնի, թե ի՛նչ բանի պետք է հավատաս և թե ինչպե՛ս պետք է գործես, որ հավիտենական երջանկությանդ հասնես։

Եթե մեկը հանդգնի խախտել քեզ այն հավատքից, որ քեզ այս գրքույկը պիտի սովորեցնի, ասա՛ նրան, որ ճշմարիտ և բարի Աստծո խոսքն է, որի մասին վկայում են Քրիստոսի Սուրբ Առաքյալները, Սուրբ Եկեղեցին, բյուրավոր Մարտիրոսները, մեր Սուրբ Հայրերը, որոնք անմար փարոսներ են համամարդկային մտքի պատմության մեջ, և որ պատրաստ ես անգամ արյունդ ու կյանքդ էլ տալ նրա համար, քանի որ նա է մարդու պատվի բարոյական հիմքը։

Սովորի՛ր հավատքով, քանի որ Աստծո խոսքն է՝ մարդկային խելքից ու մտքից վեր: Սովորի՛ր սիրով, քանի որ մարդկային երջանկության միակ գիտությունն է: Սովորի՛ր հարգանքով ու ջերմեռանդությամբ, քանի որ սուրբ և պաշտելի է։

Եվ երբ լավ սովորես ու երջանիկ լինես, ջանա՛ մերձավորներիդ էլ ավանդել այն, որպեսզի հարազատ որդի լինես այն Բարի Հոր համար, Ով Ինքը երջանիկ լինելով՝ կամենում է, որ քո հետ բոլորն էլ երջանկանան։

 

Հ. Ավետիք Վրդ. Թալաթինյան

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։