ԺԱ. – Խորհրդանմաններ և օրհնություններ – Գրադարան – Mashtoz.org

ԺԱ. – Խորհրդանմաններ և օրհնություններ

547. – Որո՞նք են կոչվում Խորհրդանմաններ:

– Խորհրդանման են կոչվում այն ծեսերը և Եկեղեցու կողմից օրհնված այն առարկաները, որոնք գործածում ենք Աստծո օրհնությունները մեր վրա իջեցնելու և հոգևոր օգուտներ ստանալու համար։

 

548. – Ինչո՞ւ են Խորհրդանման կոչվում և ի՞նչ տարբերություն կա Խորհրդանմանների և Յոթ Խորհուրդների միջև:

– Խորհրդանման են կոչվում, որովհետև Հիսուսի կողմից հաստատված խորհուրդներին նման, բայց և տարբեր են։ Նման են նրանով, որ նյութական արարքը կատարելով՝ խորհրդավոր կերպով ծառայում են հոգևոր օգուտ ստանալու նպատակին: Տարբեր են նրանով, որ. 1) չեն հաստատվել Հիսուսի կողմից, այլ՝ Եկեղեցու Առաջնորդների (տեղական կամ ընդհանրական). և 2) չեն ներգործում Յոթ Խորհուրդների ունեցած ուղղակի ուժով, այլ՝ դրանց արդյունավետությունը մեծապես կախված է կատարողի (ընդունողի) հոգևոր վիճակից ու դիրքորոշումներից:

 

549. – Խորհրդանմաններն ի՞նչ արդյունք կարող են առաջ բերել:

– Խորհրդանմանները կարող են օգնել՝ ստանալու ներգործական շնորհներ, թողություն թեթև մեղքերին ու ժամանակավոր պատիժներին, ինչպես նաև՝ մեր վրա իջեցնել Աստծո օրհնությունները։

 

550. – Աստծո օրհնություններն ի՞նչ տարբերություն ունեն Աստծո շնորհներից:

– Շնորհը մաքրում ու գեղեցկացնում է հոգին և միայն հոգևոր արդյունքներ է առաջացնում, իսկ Աստծո օրհնությունները մեզանից հեռացնում են երկրավոր չարիքները, օրինակ՝ հիվանդություն, փորձություններ, վտանգներ և այլն, ու երկրավոր բարիքներ են բերում, ինչպես օրինակ՝ առողջություն, պատիվ, գործերի հաջողություն և այլն։ Ամեն ինչ, անշուշտ, ըստ Աստծո կամքի ու նախախնամության, և մարդու Հավատքի ու անկեղծության:

 

551. – Որո՞նք են Եկեղեցու կողմից օրհնված առարկաները:

– Եկեղեցին քահանայի ձեռքով օրհնում է դաշտեր, պտուղներ, ուտելիքներ, զգեստներ և կիրառվող սովորական իրեր, ինչպես օրինակ՝ տներ, պատկերներ, խաչեր, դրոշակներ, երկաթուղիներ, դպրոցներ, կենդանիներ և այլն, որպեսզի օգտակար լինեն գործածողներին և նրանցից հեռանան դիվային բացասական ազդեցությունները։

 

552. – Եկեղեցին օրհնում է նաև անձա՞նց:

– Այո՛, Եկեղեցին օրհնում է նաև անձերին Սուրբ Հաղորդությամբ, Խաչով, Ավետարանով, Սրբերի մասունքներով, քահանայի աջով, ինչպես Պատարագի և թափորների ժամանակ. օրհնում է նաև հիվանդներին, ապաշխարողներին, հաղորդվողներին, ուխտավորներին, երեխաներին և բոլոր փափագողներին։ Եկեղեցին օրհնելով խնդրում է, որ Աստծո օրհնություններն իջնեն մարդկանց վրա, և Աստված անպտուղ չի թողնում Եկեղեցու աղոթքը, եթե մենք հավատք, առաքինություն և վստահություն ենք ունենում։

 

553. – Ի՞նչ է Երդմնեցուցչությունը:

– Երդմնեցուցչությունն էլ մի տեսակ օրհնություն է, որով Եկեղեցու պաշտոնյան Աստծո Անունով հրամայում է դևերին հեռանալ այն անձերից, վայրերից կամ առարկաներից, որոնց մեջ այն մտել ու բնակություն է հաստատել։

 

554. – Ի՞նչ է օծումը:

– Օծումը եկեղեցական մի արարողություն է, որով քահանան կամ եպիսկոպոսը օրհնում է և նախապես օրհնված յուղով (կամ մեռոնով) օծում է այն անձանց ու առարկաները, որոնք Աստծո ծառայությանն են նվիրվում. այսպես օծվում են Պապերը, Կաթողիկոսները, Եպիսկոպոսները, Քահանաները, և այլն. օծվում են նաև նորակառույց եկեղեցիներն ու մատուռները, խորաններն ու սրբապատկերները, զանգակատները, և այլն։ Նման օրհնությամբ ու օծմամբ նվիրագործված առարկաները հարկավոր է գործածել յուրօրինակ հարգանքով:

 

555. – Խորհրդանմաններից ինչպե՞ս կարող ենք առավել արդյունավետությամբ օգտվել:

– Խորհրդանմաններից և օրհնություններից կարող ենք հոգևոր օգուտ քաղել՝ դրանց մերձենալով և դրանք գործածելով շնորհի վիճակի մեջ, Հավատքով, առաքինությամբ և լիակատար անկեղծ վստահությամբ։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ի՞նչ տարբերություն կա Խորհրդանմանների և Յոթ Խորհուրդների միջև ։
– Ինչո՞ւ են օրհնել տալիս ջուրը, պտուղները, մանուկներին, հիվանդներին։
– Քրիստոնյան ի՞նչ պետք է անի՝ Խորհրդանմաններից լավագույնս օգտվելու համար։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։