ԺԱ. – Աստվածաբանական առաքինություններ – Գրադարան – Mashtoz.org

ԺԱ. – Աստվածաբանական առաքինություններ

338. – Ինչո՞ւ են Հավատքը, Հույսը և Սերը կոչվում աստվածաբանական առաքինություններ:

– Աստվածաբանական առաքինություններ են կոչվում, որովհետև իրենց առարկան Աստված է. Աստծուն ենք հավատում (այսինքն՝ վստահում), Աստծո հանդեպ ենք հույս տածում, Աստծուն ենք սիրում և մարդկանց սիրելով էլ մեզ Աստծուն ենք միացնում։

 

339. – Հավատքն ի՞նչ է անում:

– Հավատքն առանց կասկածի հաստատապես հավատալ է տալիս Աստծո գոյությանը և Իր կողմից հայտնված ճշմարտություններին, նույնիսկ երբ որոշ կետերում մարդկային միտքը չի կարողանում ըմբռնել ամբողջը, և այդ հավատքի համաձայն ապրել ու գործել է տալիս (ինչպես մանուկն է հավատում, վստահում և հնազանդվում ծնողներին, նաև առանց լրիվ հասկանալու)։

 

340. – Փրկվելու համար ո՞ր ճշմարտությանը պետք է հավատանք առաջնային կերպով:

– Փրկվելու համար ամեն մարդ պետք է հավատա, որ Աստված կա, ով վարձատրում է բարիներին և պատժում է չարերին։ Իսկ քրիստոնյան պետք է նաև հավատա, որ Աստված Երրորդություն է, որ Աստծո Որդին մարդացավ ու Իր ինքնազոհաբերմամբ մեզ փրկեց, և պետք է ընդհանուր կերպով հավատա այն ամենին, ինչ որ Եկեղեցին ուսուցանում է։

 

341. – Քրիստոնյան ուրիշ ի՞նչ պետք է իմանա՝ իր հավատքի համաձայն ապրելու համար:

– Քրիստոնյան, եթե կարող է կամ հնարավորությունն ունի, պետք է իմանա նաև. 1) Հավատամքը, գոնե դրա գլխավոր ճշմարտությունները. 2) Տասնաբանյա պատվիրանները. 3) «Հայր մեր» աղոթքը. 4) Մկրտությունը, Խոստովանանքը և Ամենասուրբ Հաղորդությունը։

 

342. – Հավատքի դեմ ինչպե՞ս ենք մեղանչում:

– Հավատքի դեմ մեղանչում ենք, երբ փրկվելու համար կարևոր ճշմարտությունները չենք սովորում. երբ ամաչում ենք մեր կրոնական պարտավորություններն ու աղոթքները կատարելուց, երբ դա անհրաժեշտ է. երբ չենք հավատում կամ տարակուսում ենք Եկեղեցու սովորեցրած ճշմարտություններին. երբ մասնակցում ենք քրիստոնեական տեսանկյունից դիտված սրբապիղծ ծիսակարգերի (հեթանոսական պաշտամունքներ, ոգեհարցական արարողություններ, բացահայտ կերպով հակաեկեղեցական միջոցառումներ, ... ). և այլն։

 

343. – Հույսն ի՞նչ է անում:

– Հույսը փափաքել և Աստծուց ակնկալել է տալիս Երկնքի փառքը և դրան արժանանալու շնորհները։

 

344. – Ինչո՞ւ ենք հույս փայփայում Աստծուց Երկինքը և դրան արժանի լինելու միջոցները ստանալ:

– Քանի որ Աստված Ինքը խոստացավ մեզ տալ Արքայությունը և դրան արժանանալու կարևոր միջոցները, միակ պայմանով, որ գործակցենք և հավատարիմ լինենք Իր շնորհներին։

 

345. – Հույսի դեմ ինչպե՞ս ենք մեղանչում:

– Հույսի դեմ մեղանչում ենք, երբ հավակնում ենք փրկվել առանց ապաշխարելու և բարի գործեր կատարելու. երբ առանց մեղքի առիթներից խուսափելու՝ Աստծուց օգնություն և շնորհ ենք ակնկալում, կամ չափազանց վստահում ենք մեր մարդկային ուժերին ու առաքինությանը. երբ վհատվում ու հուսահատվում ենք, այսինքն՝ որևէ մի պատճառով փրկվելու հույսը կտրում ենք Աստծուց, կարծելով, թե մեր մեղքերը կարող են ավելի մեծ լինել, քան Իր ողորմությունն ու սերը. և այլն։

 

346. – Հուսահատությունը մե՞ծ մեղք է:

– Հուսահատությունն ամենամեծ մեղքն է, քանի որ նշանակում է կասկածել Աստծո բարությանն ու Նրա խոստումների հավատարմությանը, իսկ դա մեծ նախատինք է Աստծո հանդեպ։

 

347. – Ի՞նչ է անում սերը:

– Սերը զվարթությամբ է լցնում մեր սիրտը, մտածել տալով, որ Աստված մեր Հայրն է, որ ամեն կատարելություն և երջանկություն ունի Իր մեջ, ամեն բանից ու ամենքից առավել Իրեն ենք սիրում, Իր փառքն ենք փնտրում և ցանկանում ենք Իրեն հաճո լինել՝ պատվիրանները պահելով։

 

348. – Ինչո՞ւ ենք պարտավոր Աստծուն ամեն բանից ու ամենքից առավել սիրելու:

– Պարտավոր ենք Աստծուն ամեն բանից ու ամենքից առավել սիրելու, քանի որ. 1) Իր համար ենք մենք ստեղծվել և Իրենից ավելի սիրո արժանի ոչինչ և ոչ ոք չկա. 2) Նա մեր ամենամեծ բարերարն է, մենք ինչ որ ունենք և ինչ որ ենք, Աստծուց ենք ստացել, ուստի Նրա հանդեպ կատարյալ սերը արդարության գլխավոր պահանջն է. 3) քանի որ Աստված Ինքը Սեր է, Աստծուն սիրել՝ նշանակում է սիրել Սերը, և միայն այդպես վարվելով է, որ նաև մարդկանց և կյանքի հանդեպ ունեցած մեր սերն էլ կարող է անդադար սնվել, մաքրվել ու ամրապնդվել։

 

349. – Ինչո՞ւ ենք պարտավոր սիրել մեր մերձավորին:

– Պարտավոր ենք սիրել մեր մերձավորին, այսինքն՝ մեր ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր մարդու, քանի որ. 1) յուրաքանչյուր մարդ ստեղծված է Աստծո պատկերով և իր հոգու խորքում միշտ պահպանում է աստվածային այդ կնիքը, նույնիսկ եթե այն ծածկված է բազմաթիվ մեղքերի ու ոճիրների ցեխի տակ. 2) մարդկանցից յուրաքանչյուրի համար Հիսուսը հեղել է Իր աստվածային Արյունը, ուստի յուրաքանչյուր մարդ արժի այնքան, որքան Քրիստոսի աստվածային անգին Արյունը. 3) յուրաքանչյուր մարդ գտնվում է այն նույն վիճակում, որում գտնվում ենք մենք ինքներս, ենթակա է նույն խեղճություններին, բաղձում է միևնույն երջանկությանը, հետևաբար՝ արմատական համերաշխություն կա բոլոր մարդկանց միջև՝ աշխարհագրական կամ մշակութային որևէ տեսակի պայմաններից ու հանգամանքներից անկախ. 4) Աստծուն սիրելն անհնարին է առանց սիրելու նաև այն, ինչը որ Աստծուն սիրելի է, և առանց խորշելու այն բաներից, որոնք Աստծո համար խորշելի են. արդ, Աստծո համար ավելի սիրելի ոչինչ չկա, քան մարդն ու նրա հավիտենական երանությունը, և ավելի խորշելի բան չկա, քան մարդու սխալվելը և այդ սխալների հետևանքով դժբախտանալը։ Ուստի քրիստոնյան միշտ սիրում է մարդկանց, չսիրելով հանդերձ նրանց (և իր սեփական) սխալները:

 

350. – Պետք է սիրենք նաև մեր թշնամիների՞ն:

– Այո՛, պետք է սիրենք նաև մեր անձնական թշնամիներին և ընդհանուր առմամբ մեղավորներին, բայց ո՛չ նրանց մեղքերը, քանի որ մեղքն ու մեղավորը նույն բանը չեն։ Յուրաքանչյուր մեղավոր կարող է դարձի գալ և անգամ մեծ սուրբ դառնալ, ինչպես անթիվ անգամներ փաստվել է Եկեղեցու երկհազարամյա պատմության ընթացքում:

 

351. – Սիրո դեմ ինչպե՞ս ենք մեղանչում:

– Սիրո դեմ մեղանչում ենք. 1) որևէ մահացու մեղքով. 2) մոռանալով Աստծուն և մեր հոգևոր պարտականությունները. 3) միայն սեփական եսի համար ապրելով. 4) անխնամ թողնելով մեր առողջությունը և անխոհեմ արարքներով մեր կյանքը կարճացնելով. 5) Աստծո պատվիրանների նկատմամբ թշնամական կեցվածք դրսևորելով, ինչ է որ ազատորեն մեղանչել չեն թույլատրում. և այլն։

 

352. – Ի՞նչ են Հավատքի, Հույսի և Սիրո ներգործությունները:

– Դրանք փոքրիկ աղոթք-բանաձևեր են, որոնց նպատակն է մարդու մտքում ու սրտում վերարծարծել ու ամրապնդել Հավատքը, Հույսն ու Սերը:

Օրինակ. «Ողջ սրտով հավատում ու վստահում եմ Քեզ, ո՜վ Ամենասուրբ Երրորդություն՝ Հայր, Որդի և Հոգի Սուրբ»: «Հավատում եմ, Տեր Հիսուս Քրիստոս, որ իմ համար հեղեցիր Քո աստվածային անգին Արյունը»: «Անսասան հույսն ունեմ, Տեր Աստված իմ, որ անսպառ ողորմությամբդ փրկելու ես ինձ»: «Սիրում եմ Քեզ, Աստված իմ, և հաստատապես հավատում եմ, որ Դու սիրում ես ինձ»: Եվ այլն ... :

 

353. – Ե՞րբ պետք է Հավատքի, Հույսի և Սիրո ներգործություններ անենք:

– Հավատքի, հույսի և սիրո ներգործություներ կարող ենք անել օրվա մեջ բազմաթիվ անգամներ, երբ դրա կարիքը զգացվում է ըստ առօրյա հանգամանքների. երբ այդ երեք Առաքինություններին հակառակ փորձության մեջ ենք հայտնվում. երբ Սուրբ Պատարագի ենք մասնակցում և մոտենում ենք Ամենասուրբ Հաղորդությունը ստանալու. և մանավանդ՝ երբ մահվան վտանգի մեջ ենք։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Փրկվելու համար ո՞ր ճշմարտությանը պետք է հավատանք առաջնային կերպով:
– Հավատքի դեմ ինչպե՞ս ենք մեղանչում:
– Հույսի դեմ ինչպե՞ս ենք մեղանչում:
– Հուսահատությունը մե՞ծ մեղք է:
– Ինչո՞ւ ենք պարտավոր Աստծուն ամեն բանից ու ամենքից առավել սիրելու:
– Ինչո՞ւ ենք պարտավոր սիրել մեր մերձավորին:
– Սիրո դեմ ինչպե՞ս ենք մեղանչում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։