Ե. – Մարդու արարումը շնորհի վիճակի մեջ և առաջին մեղքը – Գրադարան – Mashtoz.org

Ե. – Մարդու արարումը շնորհի վիճակի մեջ և առաջին մեղքը

65. – Մարդիկ ինչպե՞ս են առաջացել:

– Մարդը, ինչպես և ամբողջ տիեզերքը, ստեղծվել է Աստծո կողմից, և միակն է, որի վերաբերյալ Հայտնությունն ասում է, որ ստեղծվել է Աստծո պատկերով ու նմանությամբ։

 

66. – Արդի գիտնականների մի մասը համոզված է, թե մարդը և տիեզերքը առաջացել են պատահաբար ու ինքնաբերաբար, ու որ Աստված չկա: Հնարավո՞ր է դա:

– Տիեզերքի ու մանավանդ մարդու առաջացումը առանց գերազանց բանականությամբ ու զորությամբ օժտված Արարչի՝ ուղղակի անհնարին է: Ոչինչ չի առաջանում ոչնչից առանց որևէ արտաքին միջամտության: Դա անտրամաբանական է ու բնավ չի կարող գիտական միտք համարվել: Այդ ''գիտնականները'' մինչև օրս չեն կարողացել գիտական մեթոդով հիմնավորել իրենց տեսությունները: Գիտությունն ուսումնասիրում է արդեն գոյություն ունեցող տիեզերքն ու արդեն գործող օրենքները, բայց ոչինչ չի կարող ասել դրանց առաջացման վերաբերյալ (քանի որ ինքն էլ գործում է այդ ամենի ներսում և դրանցից դուրս գտնվող իրականություններն իրեն հասանելի չեն): Գիտնականների ճնշող մեծամասնությունը, մինչդեռ, անցյալում եղել և ներկայումս էլ քրիստոնյա կամ ընդհանուր առմամբ հավատացյալներ են (օրինակ՝ Նյուտոն, Պասկալ, Ամպեր, Վոլտա, Մարկոնի, Լըմեթրը, Մաքսվելլ, Մենդել, Պաստյոր, Նովակ, Բերսանելլի, Ջանոտտի, Քոլլինս, Ամբրոզետտի, Սենդիջ, Հյուիշ, Դոբժանսկի, Էդդինգտոն, Տեսլա, Մերկալլի, Ֆարադեյ, Լավուազիե, Գալվանի, Ստենոնե, Բոյլե, Գալիլեյ, Կոպերնիկ, Դա Վինչի, Բիգհիդ, և հարյուրավոր ուրիշներ), մինչ ուրիշ շատերն էլ նախընտրել են ձեռնպահ մնալ և բառիս բուն իմաստով աթեիստ չեն կարող համարվել (օրինակ՝ Դարվին, Այընշթայն, և ուրիշներ):

 

67. – Աստված ինչպե՞ս է ստեղծել մարդուն:

– Աստված մարդու մարմինը ստեղծել է նյութական տարրերից (Աստվածաշունչը փոխաբերաբար ասում է «հողից»), իսկ հոգին ստեղծել է Իր արարչական զորությամբ և անբաժանելի կերպով միավորել է մարմնին։

 

68. – Ինչո՞ւ ենք ասում, որ մարդը Աստծո պատկերն է:

– Որովհետև Աստծո նման միտք և ազատ կամք ունի, և սահմանված է Աստծո նման սուրբ և երջանիկ լինելու։

 

69. – Աստված որտե՞ղ բնակեցրեց մեր նախածնողներին՝ նրանց ստեղծելուց հետո:

– Աստված նրանց ստեղծելուց հետո բնակեցրեց երկրի վրա, որն այդ ժամանակ մի գեղեցիկ պարտեզ էր ամբողջությամբ, որն Աստվածաշնչում անվանվում է Եդեմ կամ Երկրային Դրախտ։

 

70. – Դրախտի մեջ մեր նախածնողներն ի՞նչ վիճակ ունեին։

– Ամեն ազատություն, հարկ եղած ամեն գիտություն և կենդանիների վրա ամեն իշխանություն ունեին, վիշտ և ցավ չէին կրում, և անմահ էին։ Այդ սկզբնական վիճակն անվանում ենք Շնորհի վիճակ (այսինքն, դա բնական վիճակ չէր ստեղծված արարածի համար, այլ՝ Աստծո կողմից շնորհված, ձրիաբար նվիրված վիճակ էր):

 

71. – Մարդն ինչո՞ւ կորցրեց իր այդ երջանիկ վիճակը:

– Առաջին մարդիկ անհնազանդության ծանր մեղք են գործել Աստծո դեմ (Աստվածաշունչը դա այլաբանորեն ներկայացնում է արգելված ծառի պտուղն ուտելու բանաստեղծական պատկերով): Դա առաջին (կամ սկզբնական, կամ ադամական) մեղքն է եղել, որի պատճառով մարդիկ զրկվել են շնորհի վիճակից։

 

72. – Աստված ինչպե՞ս պատժեց այդ առաջին մեղքը:

– Աստված չպատժեց մարդուն, այլ՝ դեղ ու դարման սահմանեց: Որպեսզի մարդը չանմահանար այդ անկյալ վիճակի մեջ և հավիտյան ենթակա չմնար հիվանդություններին ու տառապանքին, Աստված սահմանեց մարմնի մահվան դարմանը, որով վերջ է դրվում տառապանքի կյանքին, Քրիստոսով մնայուն բժշկության և հավիտենական կյանքի սպասման մեջ:

Բայց քանի որ յուրաքանչյուր արարք ունի իր հետևանքները, սկզբնական մեղքի պատճառով մարդիկ զրկվեցին շնորհի վիճակից, նրանց միտքը խավարեց, կամքը տկարացավ և ենթակա դարձան կրքերին, հիվանդություններին ու մահվանը։

 

73. – Սկզբնական մեղքը միայն իրե՞նց վնասեց:

– Ո՛չ, սկզբնական մեղքը վնասեց նաև մարդկանց հետագա սերունդներին, այսինքն՝ բոլոր մարդկանց: Այս պատճառով է, որ ասում ենք, որ յուրաքանչյուր մարդ ծնվում է ադամական մեղքով վարակված և կրում է դրա հետևանքները։ Նյութական տիեզերքն էլ ենթարկվեց մարդու մեղքի հետևանքներին, քանի որ մարդու տիրապետության տակ էր դրվել Արարչի կամքով, և ինչ պատահում է մարդուն, արտացոլվում է նաև տիեզերքի վրա:

 

74. – Ուրեմն, աշխարհի վրա եղած չարիքները սկզբնական մեղքի հետևանքնե՞րն են:

– Այո՛, աշխարհի վրա եղած չարիքները՝ սով, ցավ, թշվառություն, պատերազմ, հիվանդություն, մահ, և այլն, բոլորն էլ այդ առաջին մեղքի ուղղակի կամ ածանցյալ հետևանքներն են: Բայց դրանից հետո գործված մեղքերն էլ ուրիշ շատ չարիքներ են ծնում, աներևակայելի պարտք կուտակելով աստվածային Արդարության առաջ։

 

75. – Մարդկանցից որևէ մեկը ազատ մնա՞ց սկզբնական մեղքից:

– Աստծո յուրահատուկ միջամտության շնորհիվ սկզբնական մեղքից ազատ մնաց միայն Սուրբ Կույս Մարիամը, քանի որ Փրկիչ Աստծո մայրը պիտի դառնար։

 

76. – Մահով ամեն ինչ վերջանո՞ւմ է:

– Ո՛չ, մարդու հոգին շարունակում է ապրել: Մարդու հոգին անմահ է: Մարմիններն էլ հարություն են առնելու ժամանակների վերջում։

 

77. – Անկյալ ու տառապող մարդկությանը Աստված լքեց սեփական բախտի քմահաճույքի՞ն, թե՞ ինչ որ մի փրկության խոստում տվեց:

– Հենց առաջին իսկ մարդկանց Աստված իսկույն խոստացավ, որ երբ ժամանակը կհասունանա (աստվածաշնչյան եզրաբանությամբ ասած՝ կհասնի իր լրմանը), Նա կուղարկի մի Փրկիչ, Ով կազատի մարդկությունը մեղքի ու մահվան իշխանությունից:

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Մարդիկ ինչպե՞ս են առաջացել։
– Ի՞նչ ենք հասկանում ասելով, որ մարդը ստեղծվել է Աստծո պատկերով:
– Աստված ի՞նչ վիճակում էր ստեղծել մարդկանց և ինչո՞ւ նրանք կորցրեցին այն:
– Սկզբնական մեղքը միայն մարդկա՞նց վնասեց։
– Աստված ինչ որ մի խոստում տվե՞ց անկյալ մարդկանց։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։