ԺԱ. – Շնորհ – Գրադարան – Mashtoz.org

ԺԱ. – Շնորհ

152. – Ի՞նչ է շնորհը:

– Շնորհ ենք անվանում բոլոր այն բարիքները, որոնք Աստված ձրիաբար պարգևում է մեր ժամանակավոր և հավիտենական երջանկության համար, առանց մեր կողմից դրանց արժանացած լինելու: Իսկ առավել յուրահատուկ կերպով, Քրիստոնեական Վարդապետության մեջ «Շնորհ» ասելով հասկանում ենք միայն այն գերբնական պարգևները, որոնք Հիսուսն Իր չարչարանքներով շահեց մեր համար, որպեսզի դրանցով կարողանանք սրբանալ և Արքայության արժանանալ:

 

153. – Աստված ի՞նչ կերպերով է տալիս շնորհը:

– Աստված շնորհը տալիս է նախևառաջ Խաչված ու Հարություն առած Քրիստոսի հանդեպ հավատքին ի պատասխան, որն ապա ավելացնում է գլախավորապես աղոթքով ու բարի գործերով: Երբեմն արտաքին պարագաներն էլ մեր համար առիթ են լինում շնորհներ ընդունելու, ինչպես ընթերցումները և լավ դաստիարակությունը, հիվանդությունների և թշվառության մեջ համբերությունը, և այլն:

Եկեղեցու Յոթ Սուրբ Խորհուրդների մեջ ընդունում ենք Սրբարար Շնորհը, իսկ արտաքին պարագաների մեջ՝ Ներգործական Շնորհը:

 

154. – Ի՞նչ է Սրբարար Շնորհը:

– Սրբարար Շնորհը գերբնական կյանքի պարգևն է, որ Ամենասուրբ Երրորդությունը մեզ տալիս է՝ գալով ու մեր մեջ բնակվելով: Սրբարար Շնորհը մնայուն և գերբնական պարգև է, որ ո՛չ միայն մաքրում է հոգին, այլ՝ դարձնում է Աստծո որդեգիր և սիրելի զավակ, իրավունք է տալիս վայելելու Աստծո բոլոր բարիքները և ժառանգելու Արքայությունը: Մնայուն լինելով՝ ասվում է նաև Շնորհի Վիճակ:

 

155. – Ի՞նչ արդյունքներ ունի Սրբարար Շնորհը:

Սրբարար շնորհը 1) արդարացնում է մեղավորին, այսինքն՝ սրբում է ծանր մեղքերը և Աստծո բարեկամ է դարձնում. 2) գեղեցկացնում և ազնվացնում է հոգին՝ զանազան առաքինությունների սերմերը դնելով և Աստծո տաճարն է դարձնում. Աստծո, որ հատուկ ներկայությամբ բնակվում է այդ հոգու մեջ. 3) ավելացնում է արդար հոգու գեղեցկությունը, արժանիքները և հավիտենական փառքը. 4) մեզ ունակ է դարձում վարձատրության արժանի գործեր կատարելու:

 

156. – Ինչպե՞ս ենք ստանում և պահում Սրբարար Շնորհը:

– Սրբարար Շնորհն առաջին անգամ ստանում ենք Մկրտությամբ, հետո նաև Խոստովանությամբ, կատարյալ Զղջումով կամ Սիրո ներգործությամբ՝ յուրաքանչյուր անգամ, երբ այն մեղքով կորցնում ենք, իսկ Շնորհի Վիճակի մեջ ենք մնում Աստծո պատվիրանները պահելով և մահացու մեղքերից զգուշանալով:

 

157. – Ինչպե՞ս կարող ենք ավեացնել Սրբարար Շնորհը:

– Սրբարար Շնորհը կարող ենք ավելացնել աղոթքով, բարի գործերով և, մասնավորապես, կենդանարար Սուրբ Խորհուրդներն ընդունելով:

 

158. – Ինչպե՞ս ենք կորցնում Սրբարար Շնորհը:

– Սրբարար Շնորհը կորցնում ենք ծանր մեղք գործելով:

 

159. – Ի՞նչ է Ներգործական Շնորհը:

– Գերբնական, բայց անցողիկ պարգև է, որ մասնավոր պարագաների մեջ միտքը լուսավորելով ու կամքը զորացնելով՝ մեզ օգնում է չարից խորշելու և բարին գործելու: Այս շնորհը, անցողիկ լինելով, նաև կոչվում է ներշնչում:

 

160. – Ներգործական Շնորհը միշտ իր նպատակին հասնո՞ւմ է:

– Ո՛չ, որպեսզի Ներգործական Շնորհն իր նպատակին հասնի, պետք է, որ մենք նրան մեր ազատ կամքով գործակցենք:

 

161. – Շնորհն ի՞նչ պարտականություն է դնում մեր վրա:

– Շնորհը մեզ պարտավորեցնում է հետևել Աստծո ներշնչումներին և ուղղել մեր թերությունները: Ով նախապես ընդունած շնորհները երկար ժամանակ անպտուղ է թողնում, ուրիշ շնորհներ չի ընդունում, վտանգում է իր փրկությունը և խիստ հաշվետվություն պիտի տա իր կորցրած շնորհների համար:

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ի՞նչ է շնորհը և ի՞նչ կերպերով է Աստված այն տալիս:
– Ի՞նչ է Սրբարար Շնորհը, ինչպե՞ս ենք այն պահպանում կամ կորցնում:
– Ի՞նչ է Ներգործական Շնորհը և ինչո՞ւ այն միշտ չէ, որ հասնում է իր նպատակին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։