ԺԷ. – Լավ է իմանալ ... – Գրադարան – Mashtoz.org

ԺԷ. – Լավ է իմանալ ...

623. – Ի՞նչ է մատաղը և ինչո՞ւ ենք մատաղ անում։

– Աստվածաշնչում ասվում է, որ Աստծո առաջ ավելի հաճելի ու արժանի գործ չկա, քան սովահարներին կերակրելը, այրիներին ու որբերին ու միայնակ ծերերին օգնության հասնելը, պաշտպանելն ու կերակրելը։ Քրիստոնեական վաղեմի սովորություն էր, որ մարդ, երբ ինչ որ մի հատուկ շնորհ էր խնդրում Աստծուց, պարտավորվում էր ինքն էլ իր հերթին օգնության հասնել կարիքավորներին ըստ իր կարողության։ Պատարագներից հետո կազմակերպվում էին այսպես կոչված «սիրո ճաշեր» (հունարեն՝ ագապե), որից օգտվում էին բոլոր կարիքավորները։ Ժողովրդական լեզվով «մատաղ» (սերում է աստվածաշնչյան եբրայեցերենից), այսինքն՝ «ընծա», «նվիրաբերում» է կոչվում այն, ինչը որ նվիրում ենք հօգուտ աղքատների։ Սրտի խորը ցավով պետք է նշենք, որ նախ մուսուլմանական լծի տակ հայտնված, ապա սովետական անաստվածության հոգևոր ավերածություններին ենթարկված ժողովրդի մոտ գրեթե ամբողջովին խեղաթյուրվել է մատաղի իմաստն ու նշանակությունը, վերածվելով ինքնանպատակ և գրեթե հեթանոսական խրախճանքի։ Բայց դա չէ իր բուն էությունը, և եթե մեկն իրեն համարում է քրիստոնյա, պետք է հեռու մնա նման վարքից և վերադառնա մատաղի քրիստոնեական հարազատ իմաստին ու նշանակությանը։ Աստծո բարեհաճությունը ստանալու կամ ստացած որևէ շնորհի համար շնորհակալություն հայտնելու համար՝ եթե ընտրվում է որևէ կենդանի մորթելու արարքը, ապա այդ կենդանու ողջ միսը պետք է հատկացվի աղքատներին, կամ ինչ որ մի որբանոցի, կամ ծերանոցի, և բացարձակապես չպետք է դառնա խրախճանքի առարկա, ո՛չ էլ պետք է բաժանվի ընտանիքի ծանոթներին, բարեկամներին կամ հարևաններին։ Նման ''մատաղները'' հաճո չեն Աստծուն և ոչ մի կապ չունեն քրիստոնեական հավատքի ու աստվածապաշտության հետ։ Այսօրվա խեղված հասկացողության մեջ անգամ պահպանվել է հին սովորությունը. բաժանել մատաղը առնվազն 7 տեղ։ Բայց այդ 7 տեղերը պետք է լինեն աղքատ ընտանիքները, կամ միայնակ ծերերը, կամ զավակներ մեծացնող միայնակ այրիները, կամ բազմազավակ ընտանիքները, այլ ո՛չ թե ընտանիքի հարևաններն ու ծանոթ-բարեկամները։ Ինչպես նաև, մատաղը միայն կենդանու մսի տեսքով չէ, որ կարող է կատարվել և իսկապես հաճելի լինել Աստծուն. աղքատներին տրված որևէ օգնություն, լինի դրամի տեսքով, լինի սննդի կամ հագուստի տեսքով, լինի աղքատ ընտանիքների երեխաների դպրոցական պիտույքների տեսքով, լինի աղքատների ասենք մեկ ամսվա էլեկտրականության կամ գազի ծախսը փակելու տեսքով, լինի ուրիշ որևիցէ մի ձևով, իրական քրիստոնեական մատաղ է, ընծա, նվիրաբերում, որ իրոք հաճելի է Աստծուն և այն կատարողի վրա է հրավիրում Աստծո ողջ բարեհաճությունն ու շնորհները։ Սիրո այս գաղափարականն է իր մեջ կրում քրիստոնեական ճշմարիտ մատաղը, որը պետք է վերարթնացնենք մեր համայնքներում։

 

624. – Ինչո՞ւ ենք մոմ վառում։ Ի՞նչ իմաստ ունի դա։

– Ավետարանում Քրիստոսն ասում է. «Ես եմ աշխարհի լույսը»։ Քրիստոսի այս խոսքը վերակապակցվում է Աստվածաշնչի առաջին տողերի հետ, երբ Աստված, ստեղծելով աշխարհը, առաջին հրամանը, որ տալիս է, սա է. «Թող լինի լույս»։ Աստծո բոլոր գործերը և կարող ենք ասել Իր ողջ Էությունն իսկ Լույս է և Ճշմարտություն։ Մինչդեռ մի խոսքով կարող ենք ասել, որ չարության գործերը բոլորը կեղծիք են ու խավար։ Մարդն իր էությամբ, բայց հատկապես քրիստոնյան, կանչված է լինելու լույս՝ իր մտքերով, իր խոսքերով, իր զգացումներով, իր գործերով, իր ողջ էությամբ։ Քրիստոսն Իր աշակերտներին ասում է. «Թող որ ձեր լույսը պայծառորեն շողա մարդկանց առաջ, և նրանք փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»։

Ամեն անգամ, որ քրիստոնյան եկեղեցում՝ խորանների առաջ, կամ տանը՝ Խաչի կամ սրբապատկերների առաջ մոմ է վառում, իր այդ պարզունակ ժեստով դավանում է, որ Աստված, Քրիստոսը և Իր Ավետարանը, և այդ Ավետարանն իրենց կյանքում հերոսաբար ապրած Սրբերն են իր կյանքի փարոսը, ուղեցույցը, լույսը, իր վարքը կանոնակարգող արժեքների հիմքը, և որ ինքն էլ իր հերթին կանչված է հրկիզվելու այդ լույսով, ինքն էլ իր հերթին դառնալու մի մոմ, մի կանթեղ, մի ջահ, որն իր մեջ պիտի կրի Քրիստոսի լույսը և այդ միակ ճշմարիտ լույսը պիտի տարածի իր շրջապատում, աշխարհում շատ հաճախ տիրող ստվար խավարի մեջ։

Մոմավառության ա՛յլ նպատակներ քրիստոնեական հասկացողության մեջ չկան, հեթանոսական են և մերժելի են ճշմարիտ քրիստոնյայի համար։

Մոմավառությունը լավ կլինի ընկերակցել տարբեր գեղեցիկ աղոթքներով, նաև կարճառոտ, ինչպես օրինակ. «Աստված իմ, միշտ վառ, ջերմ ու լուսավոր պահիր ինձնում Հավատքը, Հույսը և Սերը։ Ամեն»։ Կամ տակավին. «Քրիստոս Աստված իմ, թող որ Քո Ավետարանը լինի այս փոթորկահույզ կյանքում իմ նավարկման հուսալի միակ փարոսը և անշեղ հասցնի ինձ հավիտենական Արքայությանդ նավահանգիստը։ Ամեն»։ Կամ դարձյալ. «Սուրբ Հոգով ներշնչված խոսքերդ լուսավորում և մխիթարում են ինձ։ Աստված իմ, թող որ Քրիստոսի Լույսը տարածվի ողջ աշխարհում և թող որ բոլորը փրկվեն։ Ամեն»։

 

625. – Ի՞նչ է ուխտագնացությունը։

– Նոր Կտակարանում, հատկապես Առաքելական Նամակներում, բազմաթիվ են այսօրինակ հորդորները. «Մնայուն բնակարան չունենք այս աշխարհում», «Քրիստոնյաները Երկնքի Արքայության քաղաքացիներն են», «Այս աշխարհում պետք է որպես պանդուխտներ ապրենք»։ Հին Ուխտի ժամանակներից արդեն, Աստծո ժողովուրդը սովորություն ուներ մեծ տոների կապակցությամբ թողնել իր տունը, իր գյուղը, իր քաղաքը, և ուխտագնացության մեկներ դեպի Երուսաղեմի Տաճարը, դեպի Աստծո Տունը։ Այդ ուխտագնացությունը այլաբանական պատկերն է մեր երկրային կյանքի, որն իր ողջ էությամբ իսկ մի պանդխտություն է, մի ուխտագնացություն՝ դեպի հավիտենական հանգրվանները։ Ամեն անգամ ուխտագնացության մեկնելով և ճանապարհին համապատասխան աղոթքները կատարելով՝ Աստծո հավատավոր զավակները վերարթնացնում էին իրենց մեջ գիտակցությունը, որ այժմ ապրում են ժամանակավոր կացարաններում երկրի վրա, բայց միաժամանակ նաև խինդն ու բերկրանքը, որ այս ժամանակավորի ավարտին իրենց սպասում է ո՛չ թե անհայտն ու ոչինչը, այլ՝ Հայրական Տունը, երկնային հոգևոր հավիտենական օթևանները, ուր տիրում են կատարյալ խաղաղությունն ու սերը։

Նոր Ուխտի ժամանակներում էլ քրիստոնյաները շարունակել են այս սովորությունը ամենավաղ ժամանակներից սկսած։ Առաքելական ժամանակներում արդեն սովոր էին ուխտագնացություններ կազմակերպել դեպի Երուսաղեմ, դեպի Փրկչական Վայրերը, ուր պատմականորեն տեղի էր ունեցել Փրկագործությունը։ Ժամանակի ընթացքում, երբ Քրիստոնեությունը աշխարհագրական իմաստով ահռելի տարածում ունեցավ, տարածվելով ողջ աշխարհով մեկ, քրիստոնյաները, չկարողանալով նման ուխտագնացություններ կատարել դեպի Երուսաղեմ, սկսեցին ուխտագնացություններ կատարել դեպի այնպիսի վայրեր, որոնք միջնորդավորված կերպով կապակցվում էին Քրիստոսի կողմից մարդկությանը պարգևված Փրկությանը. այդպիսիք էին Առաքյալների կամ Վկաների մարտիրոսության վայրերը կամ գերեզմանները, կամ այնպիսի վանքերն ու սրբավայրերը, որոնք աչքի էին ընկնում հոգևոր ապրումով և նկատվում էին որպես Սուրբ Հոգու ազդեցության առանձնաշնորհյալ վայրեր։ Աստված Ինքն էլ հայտնում էր և շարունակում է հայտնել Իր բարեհաճությունը նման ուխտագնացությունների հանդեպ՝ հազարավոր մարմնավոր և հոգևոր բժշկումներ կատարելով այդ վայրերում։

Ուստի, համառոտ կերպով ամփոփելով ուխտագնացության իմաստը մեր կյանքում, կարող ենք ասել, որ այն ունի երկու տեսանկյուն. բացասականը և դրականը։ Բացասականն այն է, որ հիշեցնում է մարդուն, որ նա մնայուն բնակավայր չունի այս աշխարհում և ինչպիսին էլ որ լինի իր կյանքի որակը այս երկրի վրա, գալու է ամեն ինչին հրաժեշտ տալու և այս աշխարհից մեկնելու պահը։ Իսկ դրականն այն է, որ դեպի սրբավայրեր կատարված ուխտագնացությունը մարդու միաժամանակ հիշեցնում է, որ այս պանդխտության ընթացքում ինքը միայնակ չէ, ունի մի Հայր, հոգևոր մի Ընտանիք և բազմահազար Քույրեր ու Եղբայրներ, որոնք սիրալիր կերպով ընկերակցում են իրեն այս աշխարհում և իրեն գրկաբաց ընդունելու են Հավիտենական Տանը, ուր իրեն սպասում են։

 

626. – Կա՞ն արդյոք գործնական փոքրիկ բաներ, որ հաճելի են Աստծուն, և որ լավ կլինի, եթե հիշենք ու հաճախ գործադրենք:

– Այո՛, ահա մի քանիսը.
1) Ժպտա՛ քո ամենօրյա փոքրիկ նեղությունների մեջ.
2) Լռի՛ր, երբ նկատում ես, որ ինչ որ մեկը սխալվել է.
3) Գովի՛ր նրան, ով ինչ որ մի բարիք կամ ինչ որ մի լավ գործ է արել.
4) Մասնակցի՛ր երեխաների խաղերին, հիշելով, որ Աստված նրանց շա՜տ է սիրում.
5) Մխիթարի՛ր վշտացածին.
6) Անհամբեր ու անհանդարտ մարդկանց հետ խոսելիս մի՛ կորցրու հոգուդ խաղաղությունն ու խոսքիդ քաղցրությունը.
7) Կիսի՛ր տառապողի ցավը.
8) Հարգանքո՛վ բարևիր խեղճերին ու նվաստներին, և նրանց հետ միշտ ազնվությամբ վարվիր, հիշելով նաև Քրիստոսի խոսքը. «Ինչ որ այս փոքրերից մեկին անեք, ինձ արած կլինեք».
9) Խոնարհությա՛մբ ընդունիր քո անձնական խեղճություններդ և դրանց պատճառով երբեք մի՛ հուսահատվիր Աստծո սիրուց.
10) Անկեղծորեն ցավի՛ր գործածդ սխալների համար և ջանք գործադրիր ուղղվելու:

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ի՞նչ է մատաղը և ինչո՞ւ ենք մատաղ անում։
– Ինչո՞ւ ենք մոմ վառում։ Ի՞նչ իմաստ ունի դա։
– Ի՞նչ է ուխտագնացությունը։
– Որո՞նք են այն գործնական փոքրիկ բաները, որ հաճելի են Աստծուն, և որոնք լավ կլինի, եթե հիշենք ու հաճախ գործադրենք:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։