Նախագիտելիք – Գրադարան – Mashtoz.org

Նախագիտելիք

1. – Մենք ի՞նչ նպատակով ենք ապրում երկրի վրա:

– Մենք երկրի վրա ապրում ենք Աստծուն սիրելու, Նրա մտքի ու նպատակի համաձայն կատարելագործվելու և հավիտենական կյանքում Իր երանությունը վայելելու համար։

 

2. – Ինչո՞ւ ենք պարտավոր Աստծուն ծառայել:

– Պարտավոր ենք Աստծուն ծառայել, որովհետև Նա Ինքն է մեր Արարիչն ու Տերը, և մենք Իր հանդեպ սիրո պարտք ունենք: Աստծուն ծառայել՝ նշանակում է կատարելագործել, վեհացնել մեր իսկ էությունը՝ մեր մեջ մարմնավորելով այն բոլոր բարձրակարգ արժեքները, որ մաս են կազմում Նրա Էությանը (օրինակ արդարությունը, բարությունը, սերը, գեղեցկությունը, և այլն): Աստծուն չծառայողը, Նրա դեմ (Նրա արժեքների դեմ) ապստամբողը ինքն իրեն զրկում է Նրա հետ նմանությունից և, հետևաբար, հավիտենական Արքայությունից։

 

3. – Ի՞նչ պետք է անենք, որպեսզի կարողանանք Աստծուն ծառայել:

– Որպեսզի կարողանանք Աստծուն ծառայել, պետք է նախ սովորենք Կրոնի գիտությունը՝ ավելի լավ ճանաչելու համար թե՛ Աստծուն, թե՛ Իր պատվիրանները և թե՛ մեր պարտականությունները։

 

4. – Որտե՞ղ ենք սովորում Կրոնի այս կարևոր գիտությունը:

– Կրոնի այս կարևոր գիտությունը սովորում ենք Քրիստոնեական Վարդապետության մեջ։

 

5. – Քանի՞ մասի է բաժանվում Քրիստոնեական Վարդապետությունը:

– Քրիստոնեական Վարդապետությունը բաժանվում է երեք մասի, որոնք են.

               Առաջին մաս. – Թե ի՛նչ բաների պետք է հավատանք.

               Երկրորդ մաս. – Թե կատարելիք ի՛նչ պարտականություններ ունենք.

               Երրորդ մաս. – Թե շնորհ ընդունելու համար Աստված ի՛նչ միջոցներ է տվել մեզ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։