Է. – Ապաշխարություն – Գրադարան – Mashtoz.org

Է. – Ապաշխարություն

484. – Ի՞նչ է ապաշխարությունը:

– Ապաշխարությունը բարոյական առաքինություն է, որ ատել է տալիս մեղքը՝ որպես Աստծո դեմ գործված անարգանք, և մեզ առաջադրել է տալիս այլևս չմեղանչելու և ուղղվելու։ Ընդհանրապես միացած է լինում կամավոր զոհողությունների հետ։ Բայց որպես Եկեղեցու խորհուրդ հաստատվել է Քրիստոսի կողմից՝ սրբելու համար մեր ծանր ու թեթև բոլոր մեղքերը։

 

485. – Ապաշխարությունը միշտ ծանո՞թ է եղել մարդկանց:

– Ապաշխարությունը որպես առաքինություն միշտ և ամենուր ծանոթ է եղել մարդկանց, որոնք բազմաթիվ զոհեր են մատուցել իրենց մեղքերի քավության համար, բայց Քրիստոսից առաջ մարդիկ ոչ մի վստահություն չունեին, թե արդյոք թողություն գտա՞ն կամ իրենց զոհերն Աստծուն հաճելի եղա՞ն: Բայց երբ Քրիստոսն ապաշխարությունը Սուրբ Խորհուրդների կարգին դասեց, թողություն և շնորհ ստանալու վստահությունն էլ տվեց։

 

486. – Քրիստոսը ե՞րբ հաստատեց Ապաշխարության Խորհուրդը:

– Քրիստոսն Ապաշխարության Խորհուրդը հաստատեց, երբ Առաքյալներին ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին. ում մեղքերին որ թողություն տաք, պիտի ներվի, իսկ ում մեղքերին թողություն չտաք, չպիտի ներվի»։ – Մեղքերին թողություն տալու կամ չտալու այս իշխանությունը Առաքյալներից անցավ նրանց հաջորդներին՝ Եպիսկոպոսներին, որոնք իրենց այդ իշխանությանը սովորաբար մասնակից են դարձնում նաև քահանաներին։

 

487. – Ապաշխարության խորհուրդը կարևո՞ր է:

– Ապաշխարության խորհուրդն անհրաժեշտ է նրանց համար, ովքեր Մկրտությունից հետո ծանր մեղքի մեջ են ընկել։ Սակայն երբ մարդու կամքից անկախ հանգամանքների բերումով անհնարին է խոստովանվելը, կատարյալ զղջումը բավարար է փրկվելու համար։

 

488. – Ե՞րբ ենք պարտավոր Ապաշխարության Խորհուրդն ընդունել:

– Ապաշխարության Խորհուրդն ընդունել պարտավոր ենք այն առաջին անգամվանից սկսած, երբ մեր միտքը բացվելով՝ հասկանում ենք մեր մեղքերը (սովորաբար՝ 7 տարեկանից սկսած), և դրանից հետո գոնե տարին մեկ անգամ, մահվան վտանգի մեջ և հաղորդվելուց առաջ։ Սակայն լավագույնն է խոստովանվել ամեն անգամ, որ ծանր մեղքի մեջ ենք ընկնում՝ միշտ շնորհի վիճակի մեջ ապրելու համար։

 

489. – Որո՞նք են Ապաշխարության Խորհրդի նյութը և ձևը:

– Ապաշխարության Խորհրդի նյութը Մկրտությունից հետո գործված մեղքերն են և ապաշխարողի երեք պարտականությունները (զղջում, խոստովանություն և հատուցում)։ Իսկ ձևը մեղքերն արձակելու խոսքերն են, որոնք քահանան արտասանում է («Ես արձակեմ զքեզ յամենայն մասնակցութենէ մեղաց քոց ... » – «Ես արձակում եմ քեզ քո մեղքերի ամեն տեսակ մասնակցությունից ... »)։

 

490. – Ապաշխարության Խորհուրդը հոգևոր ի՞նչ արդյունքներ ունի:

– 1) Ապաշխարության Խորհուրդն արձակում է մեղքերը և դրանց հավիտենական պատիժները վերածում է ժամանակավորի, և կամ ջնջում է մասամբ կամ ամբողջովին՝ զղջման սաստկության համեմատ. 2) տալիս է սրբարար շնորհը կամ աճեցնում է այն, եթե արդեն ունենք. 3) վերադարձնում է մեզ մեր բարի գործերի արդյունքները, եթե ծանր մեղքով կորցրել էինք. 4) տալիս է խորհրդական շնորհ՝ քրիստոնեաբար ապրելու և մեզ ուղղելու համար։

Այս արդյունքները վայելում են նրանք, ովքեր անկեղծորեն են խոստովանվում, իսկ առատորեն վայելում են նրանք, ովքեր հաճախակի են խոստովանվում։

 

491. – Ի՞նչ է հարկավոր լավ խոստովանանք անելու համար:

– Լավ խոստովանանք անելու համար հինգ բան է հարկավոր. 1) Խղճի քննություն. 2) Զղջում. 3) Առաջադրություն. 4) Խոստովանություն. 5) Հատուցում կամ ապաշխարության կատարում։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Քրիստոսը ե՞րբ հաստատեց Ապաշխարության Խորհուրդը:
– Ո՞րն է Ապաշխարության և Մկրտության տարբերությունը։
– Ի՞նչ է նշանակում՝ հնարավոր է փրկվել առանց Ապաշխարության Խորհրդի, բայց առանց ապաշխարելու անհնարին է փրկվել։
– Ապաշխարության Խորհուրդը հոգևոր ի՞նչ արդյունքներ ունի:
– Ապաշխարության Խորհուրդը պատի՞ժ է, թե՞ բարիք: Եվ եթե բարիք է, այդ դեպքում խելամի՞տ է դրանից հեռու մնալը։

 

***

1. – ԽՂՃԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

 

492. – Ի՞նչ է նշանակում՝ քննել սեփական խիղճը:

– Խիղճը քննել՝ նշանակում է լրջորեն մտածել ու փնտրել, թե ի՛նչ մեղքեր ենք գործել կամ ի՛նչ թերացումներ ենք թույլ տվել մեզ, որոնք դեռ չենք խոստովանել։

 

493. – Խղճի քննությունն ինչպե՞ս է պետք կատարել:

– Հարկավոր է. 1) մտքով ամփոփվել Աստծո առաջ և խնդրել, որ լուսավորի մեր գիտակցությունը. 2) մերժել եսասիրական կամ ինքնահավան զգացումները և մեր թերությունները ճանաչելու լուրջ փափագ ունենալ. 3) նկատել, թե ինչո՛ւմ ենք թերանում՝ Աստծո, մեր անձի և ընկերոջ հանդեպ, կամ էլ՝ հեշտության համար աչքի անցկացնել Աստծո և Եկեղեցու պատվիրանները, մեր վիճակի պարտականությունները և յոթը գլխավոր մեղքերը՝ քննելով, թե քանի՞ անգամ ենք դրանք գործել։

 

494. – Ներելի մեղքերն է՞լ է հարկավոր քննել:

– Օգտակար է քննել նաև ներելի մեղքերը, բայց ո՛չ անհրաժեշտ։ Հարկավոր է զգուշանալ միայն պակասությունից, մակերեսայնությունից, այսինքն՝ թեթև մեղքերը քննելու բծախնդրությամբ մեզ չխաբենք ու ծանր մեղքերը չանտեսենք, և կամ ծանրերը թեթև համարելով, մանավանդ նրանք, որ ամոթ են առաջացնում, լռենք ու չխոստովանենք. այս պատճառով շատերը չեն ուղղվում և ցավալի վախճան են ունենում։

 

495. – Մեղքի պարագաները հարկավո՞ր է քննել:

– Պետք է քննել միայն այն պարագաները (որտե՞ղ, ե՞րբ, ինչպե՞ս, ո՞ւմ հետ, և այլն), որոնք ծանրացնում են մեղքը, կամ փոխում են մեղքի տեսակը. օրինակ, տարբեր պարագաներ են, երբ քաղցած ու անօգնական մնացած աղքատը գողանում է հարուստից, կամ երբ մեկը դա անում է մոլի սովորությունից դրդված, կամ երբ սրբապիղծ մոլությամբ հափշտակվում է եկեղեցու սրբազան սպասքը կամ սրբապատկերները. ինչպես նաև՝ տարբեր բան է անպատվել հարբեցողին, կամ զայրույթի մոլությունից դրդված խոցել ընկերոջը, կամ թերանալ ծնողների հանդեպ հարգանքի մեջ։

 

496. – Ի՞նչ օգուտ ունի ամենօրյա խղճի քննությունը:

– Ամենօրյա խղճի քննությունը շատ մեծ օգուտներ ունի. եթե լավ կատարենք այն, կարող է պաշտպանել մեզ ծանր մեղքերից, մեզ մեր հոգու վիճակի հետ ծանոթացնել, թե ի՛նչ լավություններ և ի՛նչ թերություններ ունենք, փափուկ ու մաքուր պահել խիղճը, և բարոյապես զարգացնել մեզ։ Կարող է նաև հեշտացնել խոստովանանքի համար հարկավոր խղճի քննության գործը։

 

497. – Ինչպե՞ս պետք է անել ամենօրյա խղճի քննությունը:

– Երեկոյան, պառկելուց առաջ, պետք է նայենք, թե օրվա մեջ ի՛նչ ենք գործել, խոսել կամ մտածել, որ կարող էր Աստծուն անհաճո լինել, ի՛նչ զանց արեցինք մեր պարտականություններից, ի՛նչ բան կարող էինք լավագույն կերպով անել և վատ արեցինք, և այլն. հետո քննել այս թերությունների պարագաները կամ պատճառները և դրանք ուղղելու հարմար միջոցները։ Քննությունն ավարտել զղջմամբ և առաջադրությամբ։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Խղճի քննությունը միայն խոստովանանքի համա՞ր է կարևոր։
– Ի՞նչ զգացումներով պետք է կատարենք խղճի քննությունը։
– Ովքե՞ր ավելի կարիք ունեն խղճները քննելու. բարինե՞րը, թե՞ չարերը։
– Ի՞նչ տարբեր հետևանքներ ունեն ամեն օր խիղճը քննելը և միայն խոստովանանքի համար քննելը։

 

***

2. – ՑԱՎ ԿԱՄ ԶՂՋՈՒՄ

 

498. – Խոստովանանքի համար սրտի ցավը կարևո՞ր է:

– Խոստովանանքի համար սրտի ցավն ամենակարևորն է, քանի որ առանց սրտանց ցավ զգալու, այսինքն՝ առանց սրտանց զղջալու, չկա մի մեղք, որ կարող է թողություն ստանալ: Ուստի խոստովանելուց առաջ պետք է սրտանց ցավենք Աստծուն վշտացրած լինելու համար և ատենք մեր բոլոր մեղքերը, կամ առնվազն՝ անկեղծ փափագենք ունենալ այդ զղջումը (այսինքն՝ երբ մտքի հարթության վրա ունենք, բայց չենք զգում զգացական հարթության վրա)։

 

499. – Սրտի այս ցավն ի՞նչ հատկություններ պետք է ունենա:

– Սրտի այս ցավը պետք է լինի. 1) անկեղծ. բավական չէ սոսկ շրթունքներով ասելը, քանի որ Աստված բերանին չի նայում, այլ՝ սրտին. 2) ընդհանուր, այսինքն՝ ցավել մեր բոլոր մեղքերի համար, և ո՛չ թե ըստ մեր ընտրողության ու քմահաճույքի. 3) գերբնական, այսինքն՝ ցավել Աստծո հանդեպ սիրուց մղված և Իրեն վշտացրած լինելու պատճառով, առանց մեր շահի մասին մտածելու. 4) գերագույն, այսինքն՝ ավելի մեծ պետք է լինի այս ցավը, քան ուրիշ որևէ ցավ, որ կարող ենք ունենալ աշխարհի վրա, գիտակցելով, որ խոսքը Աստծո հետ հավիտենական կյանքի մասին է, ո՛չ թե՝ ժամանակավոր ինչ որ մի բանի։

 

500. – Ցավի կամ զղջման մեջ ի՞նչ բանից պետք է զգուշանալ:

– Հարկավոր է զգուշանալ հուսահատությունից, որքան էլ որ մեծ ու բազմաթիվ լինեն մեր մեղքերը, և որդիական վստահությամբ հուսալ Աստծո ողորմության վրա, որն անհուն է։ – Աստծուց հույսը կտրելը ամենամեծ մեղքն է, որ մարդը կարող է գործել։

 

501. – Ցավը քանի՞ տեսակ է լինում:

– Ցավը կամ զղջումը երկու տեսակ է լինում. կատարյալ և անկատար։ Կատարյալ է, երբ ցավում ենք Աստծուն սիրելու և Իրեն անարգած լինելու պատճառով։ Անկատար է, երբ ցավում ենք դժոխքի վախից, մեղքի ամոթից կամ ուրիշ վատ հետևանքներից, որով մեր անձի շահն ենք փնտրում։

 

502. – Կատարյալ զղջումն ի՞նչ արդյունքներ ունի:

– Կատարյալ զղջումն առանց խոստովանանքի էլ սրբում է բոլոր ծանր մեղքերը, բայց թողնում է դրանք խոստովանելու պարտականությունը, հազիվ կներկայանա քահանայի մոտ խոստովանվելու հնարավորությունը: Ջնջում է մեղքի հավիտենական պատիժները, ամբողջովին ջնջում է նաև ժամանակավորները, կամ դրանց մի մասը՝ մեր ցավի կամ սիրո սաստկության համեմատ: Վերադարձնում է մեզ մեր բարի գործերի կորցրած արժանիքները, նույնպես՝ զղջման աստիճանի համեմատ, դրանց մի մասը կամ ամբողջը։

Համենայն դեպս, յուրաքանչյուր ծանր մեղք, նույնիսկ նրանք, որոնց համար սրտանց զղջացել ենք, հարկավոր է, որ քահանայի արձակումով սրբվի, ուստի կատարյալ զղջումից հետո էլ մնում է ծանր մեղքերը խոստովանելու պարտականությունը, երբ որ կարողանում ենք կամ երբ որ քահանա է գտնվում։ Միայն կատարյալ զղջմամբ այն ժամանակ կարող ենք փրկվել, երբ, հակառակ մեր կամքին, չկարողանանք խոստովանվել, լինի թե՛ հիվանդության, թե՛ քահանա չգտնելու պատճառով։

 

503. – Ի՞նչ արդյունքներ ունի անկատար զղջումը:

– Անկատար զղջումը մեղքերին թողություն է տալիս միայն այն դեպքում, երբ խոստովանում ենք և արձակում ենք ստանում։ Խոստովանանքից դուրս՝ ծանր մեղքերին թողություն չի տալիս, բայց մեղավորին պատրաստում և տրամադրում է թողություն գտնելու։

 

504. – Ե՞րբ ենք պարտավոր կատարյալ զղջում կատարելու:

– Կատարյալ զղջում դրսևորելու պարտավորությունն ունենք ամեն անգամ, երբ ծանր մեղքի մեջ ենք ընկնում, մահվան ժամանակ և երբ կյանքներս վտանգի մեջ է։ – Օգտակար է անել նաև ամեն երեկո՝ խղճի քննությունից հետո, և յուրաքանչյուր խոստովանանքի ժամանակ։

 

505. – Թեթև մեղքերի համա՞ր էլ կարևոր է զղջալ խոստովանանքի ժամանակ:

– Այո՛, թեթև մեղքերն էլ առանց զղջման թողություն չեն ստանում, ուստի հաճախ խոստովանվողները (որ ընդհանրապես թեթև մեղքեր են ունենում) պետք է ուշադիր լինեն, որ սովորության հետևանքով մեքենայաբար և առանց ցավի չխոստովանվեն։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Հնարավո՞ր է զղջում արտահայտել սոսկ շրթունքներով, առանց սրտանց ցավ ապրելու։
– Զղջման ժամանակ ինչի՞ց է հարկավոր զգուշանալ։
– Զղջումը կարևո՞ր է սեփական վարքի բարելավման համար։

 

***

3. – ԱՌԱՋԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

506. – Ի՞նչ է առաջադրությունը:

– Առաջադրությունը (հոգևոր ինքնակամ առաջադրանքը) հաստատուն կամք ունենալն է՝ այլևս չմեղանչելու, մեղքի առիթներից փախչելու և Աստծո շնորհով մեր թերություններն ուղղելու։

 

507. – Առաջադրությունը կարևո՞ր է:

– Առաջադրությունը զղջման մի մասն է և նրա չափ կարևոր է, ուստի նաև զղջման ստույգ նշանն է՝ ամեն միջոց գործածելը չմեղանչելու և ինքն իրեն ուղղելու համար։

 

508. – Առաջադրությունն ի՞նչ հատկություններ պիտի ունենա:

– Առաջադրությունը, զղջման նման, պետք է լինի ներքին, ընդհանուր, գերբնական (Աստծուն հաճո լինելու դիտավորությամբ) և գերագույն (նախընտրել մեռնել, քան մեղանչել)։ Պետք է լինի նաև ազդու, այսինքն՝ մոտ ժամանակի համար և անմիջապես գործնական միջոցները ձեռնարկելով։

 

509. – Առաջադրություն կատարելու գործնական միջոցները որո՞նք են:

– Առաջադրություն կատարելու գործնական միջոցներն են. 1) Աստծո օգնությունը հայցել. 2) հսկել մեր մտքերի ու վարքի վրա, որով բազմաթիվ փորձություններ ու մեղքի առիթներ կարող ենք նախատեսել և հեռու մնալ. 3) ուղղել մեր թերությունները կամավոր ինքնասանձումներով և դրանց հակառակ բարի սովորություններով։

 

510. – Առաջադրությունների մեջ ինչի՞ց պիտի զգուշանանք:

– Պետք է զգուշանանք մեր կարողությունից վեր և միաժամանակ բազմաթիվ գործեր առաջադրելուց և, մասնավորապես, պետք է ջանանք ուղղել մեր գլխավոր և սիրո դեմ ունեցած թերությունները։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Զղջումն ինչո՞ւ չի կարող լինել առանց առաջադրության: Դրանք իրար հետ ի՞նչ կապ ունեն։ Կարո՞ղ ես օրինակներ բերել:
– Առաջադրություն կատարելու գործնական միջոցները որո՞նք են։
– Հնարավո՞ր է անկեղծ զղջում ունենալ, բայց չունենալ հատուկ ճիգ և ուշադրություն՝ ուղղելու սեփական թերությունները։

 

***

4. – ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

 

511. – Ի՞նչ է խոստովանանքը:

– Խոստովանանքը պարզապես պատմել չէ մեր մեղքերը, այլ՝ խոնարհությամբ և ցավով հայտնել դրանք Աստծո պաշտոնյային՝ արձակում ստանալու նպատակով։

 

512. – Ո՞ր մեղքերն ենք պարտավոր խոստովանել:

– Պարտավոր ենք խոստովանել այն բոլոր մահացու մեղքերը, որ մեր վերջին խոստովանանքից հետո գործել և հիշում ենք։ Իսկ առաջին խոստովանանքին պիտի ասենք մկրտվելուց հետո գործած բոլոր ծանր մեղքերը։

 

513. – Խոստովանանքը ի՞նչ հատկություններ պիտի ունենա:

– Խոստովանանքը պիտի լինի անկեղծ, առանց ծանրացնելու կամ մեղմացնելու մեղքերը, խոնարհ և ցաված սրտով, պարզ, ավելորդ պատմություններ չանել և ուրիշի պակասությունները չհայտնել, և ամբողջական՝ ասելով յուրաքանյուր մեղքի տեսակը, թիվը և պարագաները։

 

514. – Ի՞նչ ենք հասկանում «մեղքի տեսակ» ասելով:

– Հասկանում ենք հետևյալը. որ մի մեղք կարող ենք գործել՝ մտքով, խոսքով, գործով, կամ էլ՝ զանցառությամբ. ուստի պետք է ասենք, թե ի՛նչ կերպով և ո՛ր առաքինության կամ պատվիրանի դեմ ենք մեղանչել։

 

515. – Ի՞նչ ենք հասկանում «մեղքի թիվ» ասելով:

– Հասկանում ենք հետևյալը. որ պետք է ասենք, թե յուրաքանչյուր ծանր մեղք քանի՛ անգամ ենք գործել, գոնե մոտավոր կերպով, եթե իսկապես չենք հիշում։ Սա հարկավոր է, քանի որ ամեն ծանր մեղք, որ հիշում ենք, պետք է ուղղակի արձակում ստանա քահանայի կողմից։

 

516. – Որո՞նք են մեղքի կարևոր «պարագաները»:

– Մեղքի կարևոր պարագաներ են կոչվում վայրը, ժամանակը, կերպը, պատճառը, անձը, և այլն, որոնք կարող են մեղքը ծանրացնել կամ տեսակը փոխել։ Օրինակ, տարբեր է ծառից պտուղ գողանալը և տարբեր է Եկեղեցու սրբազան սպասքը գողանալը. տարբեր է չգողանալու երդում տալուց հետո գողանալը, և տարբեր է բռնությամբ ու սպանելով գողանալը. տարբեր է աղքատից իր վերջին կտոր հացը գողանալը և տարբեր է անսիրտ ու ագահ հարուստից գողանալը, և այլն. ուստի բավական չէ սոսկ «Գողություն արեցի» ասելը։

 

517. – Ներելի մեղքե՞րն էլ պետք է խոստովանել:

– Ներելի մեղքերը խոստովանելու պարտականություն չկա, բայց օգտակար է և ներում ստանալու ապահով միջոց է, քանի որ շատ անգամներ ներելին և մահացուն մենք ինքնուրույն չենք կարող զանազանել, և ինչը որ մենք ներելի ենք կարծում (քանի որ խոսքը մեր իսկ վարքի մասին է և նման դեպքում մենք չափազանց կողմնակալ ենք), անաչառ հայացքով դիտված՝ կարող է մահացու լինել։

 

518. – Արձակման շնորհը միայն կոնկրետ մեղք խոստովանողնե՞րը կարող են ստանալ:

– Քահանան արձակում չի տալիս, երբ արձակելու մեղք չկա, սակայն շնորհների վիճակի մեջ էլ արձակում կարող ենք ստանալ՝ թեթև մեղքերը խոստովանելով, կամ ընդհանուր առմամբ խոստովանելով մեր մեղավոր էությունն ու Աստծո փրկության կարոտ լինելը։

 

519. – Արձակումից ովքե՞ր են զրկվում:

– Արձակումից նրանք են զրկվում, ովքեր զղջման որևէ նշան չեն դրսևորում, չեն ուզում հեռանալ ծանր մեղքի առիթներից, կամ չեն ցանկանում կատարել խոստովանահոր կողմից որոշված ապաշխարանքը։ – Նրանք, ովքեր որ զղջումը կեղծում են, մինչ իրականում չունեն, քահանային կարող են խաբել, բայց Աստծուց թողություն չեն գտնում։

 

520. – Ի՞նչ է սրբապիղծ խոստովանանքը:

– Սրբապիղծ խոստովանանքը ամենածանր մեղքն է, որ գործում է նա, ով որ ամաչելով կամ ա՛յլ պատճառով ինչ որ մի ծանր մեղք թաքցնում է խոստովանելու ժամանակ։ Դրանով խոստովանանքն անվավեր է լինում, մանավանդ թե՝ որոշ դեպքերում վիճակն ավելի է ծանրանում, և խոստովանած մեղքերն էլ թողություն չեն ստանում, մինչև որ չխոստովանի այդ թաքցրած մեղքը, կատարած սրբապղծությունը և դրանից հետո գործած ծանր մեղքերը։

 

521. – Ինչո՞ւ չպետք է ամաչենք խոստովանելուց:

– Խոստովանելուց պետք չէ ամաչել. 1) քանի որ բոլոր մարդիկ էլ մեղավոր են, և առաջին հերթին խոստովանանքը օգնում է մարդուն գիտակցել և հաշվի նստել իր ճշմարիտ վիճակի հետ, առանց ինքնախաբեությունների. 2) որովհետև Աստծուց հրամայված ապաշխարության գործ է, որը ո՛չ միայն օգտակար, այլ՝ մինչև իսկ պատվաբեր է, քանի որ ուղղվելու նշան է. 3) քահանային չէ, որ խոստովանում ենք մեր մեղքերը (նա էլ մեր նման մարդ է), այլ՝ Աստծուն, որի կողմից է քահանան արձակման պաշտոնյա կարգվել՝ մեր հոգու փրկությանը ծառայելու համար. 4) քահանան իրավասու չէ ուրիշ ոչ ոքի հայտնել խոստովանանքի ժամանակ լսածը, ո՛չ ծանոթների, ո՛չ անծանոթների, ո՛չ քաղաքական իշխանության ներկայացուցիչների, ո՛չ էլ ուրիշ քահանաների, կամ անգամ Եպիսկոպոսին կամ Հայրապետին, նույնիսկ եթե ամենադառը տանջանքներով մահ սպառնան իրեն: Խոստովանանքի գաղտնիքը (որ կոչվում է «խորհրդական գաղտնիք») բացահայտելը ծանրագույն սրբապղծություն է քահանայի համար. 5) տրամաբանական չէ խոստովանանքից ամաչելը (որը լավ արարք է), մինչ չամաչեցինք Աստծո առաջ և շատ դեպքերում նաև մարդկանց մեղսակցությամբ մեղք գործելուց (որը վատ արարք է)։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ո՞ր մեղքերն ենք պարտավոր խոստովանել:
– Արձակումից ովքե՞ր են զրկվում:
– Ինչո՞ւ չպետք է ամաչենք խոստովանելուց:

 

***

5. – ՀԱՏՈՒՑՈՒՄ

 

522. – Ի՞նչ է հատուցումը:

– Հատուցում կամ ապաշխարանք են կոչվում ապաշխարության այն գործերը, որոնք մեր մեղքերը խոստովանելուց հետո քահանան մեր վրա դնում է որպես արձակման պայման։ Սովորաբար, ապաշխարության այդ գործերն են պահքը, աղոթքը և ողորմությունը։

 

523. – Խոստովանահայրն ինչո՞ւ է ապաշխարանք դնում:

– Քանի որ մեղքով ո՛չ միայն նախատում ենք Աստծուն, այլ՝ երբեմն նաև վնաս ենք հասցնում ինչ որ մի մարդու անձին, պատվին կամ ունեցվածքին, դրա փոխարեն պետք է ապաշխարանքով հատուցում անենք Աստծուն, իսկ պահանջված դեպքում՝ նաև տվյալ մարդուն։ – Երկրորդ, քանի որ խոստովանանքով ազատվում ենք հավիտենական պատիժներից, բայց ժամանակավոր պատիժները շատ անգամ մնում են՝ մեր զղջումի թերի լինելու պատճառով, ուստի պետք է ապաշխարանքով դրանք քավենք։

 

524. – Ի՞նչ տարբերություն ունի խոստովանահոր դրած ապաշխարանքը մեր ազատ կամքով արած ապաշխարանքից:

– Խոստովանահոր դրած ապաշխարանքը առարկայական (օբյեկտիվ) կերպով գործում է Ապաշխարության Սուրբ Խորհրդի զորությամբ, քավում է և զորացնում է մեր կամքը ապագա մեղքերի դեմ, ինչպես նաև՝ որոշ դեպքերում պաշտպանում է վնասակար ու վտանգավոր չափազանցություններից: Ազատ կամքով կատարված ապաշխարանքները նույնպես, անկասկած, խիստ օգտակար են ու գնահատելի, բայց չունեն Խորհրդի նույն զորությունը, անձնական եռանդից կախված լինելով՝ խիստ ենթակայական (սուբյեկտիվ) են, իսկ որոշ դեպքերում էլ կարող են ենթարկել հոգին վնասակար ու վտանգավոր չափազանցությունների։

 

525. – Ե՞րբ պետք է կատարենք խորհրդական ապաշխարանքը:

– Լավ է կատարել դա շնորհի վիճակի մեջ, խոստովանանքից անմիջապես հետո կամ հաղորդվելուց առաջ: Եթե մոռանանք, ուրիշ որևէ ժամանակ էլ կարող ենք կատարել, բայց եթե անհոգությամբ զանց առնենք, պետք է խոստովանենք դա հաջորդ խոստովանանքի ժամանակ։ – Երբեմն ապաշխարանքը կատարելու ժամանակը և օրը խոստովանահայրն էլ կարող է որոշել (օրինակ, ծիսական ինչ որ մի տոնի հետ կապված)։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ինչո՞ւ է կարևոր հատուցումը, երբ արդեն մեղքերը թողություն են ստացել։
– Մեր ազատ կամքով կատարված ծանր ապաշխարանքներն ավելի նախընտրելի չե՞ն, քան թե խոստովանահոր կողմից որոշված փոքր ապաշխարանքը։
– Հոգևոր ինչպիսի՞ օգտակարություն կարող է ունենալ ծիսական տոների կապակցությամբ կատարված ապաշխարանքը։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։