Ժ. – Առաքինություն – Գրադարան – Mashtoz.org

Ժ. – Առաքինություն

332. – Ի՞նչ է առաքինությունը:

– Առաքինությունը բարի գործեր կատարելու ունակությունն է, որ ստանում ենք բարի գործերի հարատև կիրառմամբ և անխախտ կամքով։

 

333. – Առաքինությունը բարի գործերից ավելի՞ արժեք ունի:

– Այո՛, առաքինությունը մնայուն լինելով՝ Աստծո առջև շատ ավելի արժեք ունի, քան որևէ բարի գործ, որ անցողիկ է, ինչպես որ ծառն ավելի արժեք ունի, քան իր պտուղը։

 

334. – Առաքինությունն ինչպե՞ս է ձեռքբերվում:

– Առաքինությունը ձեռք է բերվում հետզհետե վերացնելով կամ նվազեցնելով Աստծուն եռանդով ծառայելու արգելքները և, մասնավորապես, պայքարելով փորձությունների ու վատ կրքերի դեմ։

 

335. – Առաքինությունն ի՞նչ օգուտներ ունի:

– Առաքինությունը կատարելագործում ու գեղեցկացնում է հոգին, զարգացնում է միտքն ու կամքը, մեզ հնարավորինս երջանիկ է դարձնում երկրի վրա, և երանելի՝ երկնքում։

 

336. – Առաքինությունները քանի՞ տեսակ են:

– Երկու տեսակ են. աստվածաբանական և բարոյական։

Աստվածաբանական առաքինություններն են Հավատքը, Հույսը և Սերը, որոնք մեր ճիգերով չենք կարող ստանալ կամ աճեցնել, այլ՝ Աստված է դրանք սերմանում հոգու մեջ և տվյալ մարդու արժանիքի համաձայն աճեցնում։

Բարոյական առաքինությունները բազմաթիվ են, սակայն դրանց աղբյուրները, որոնցից դրանք բխում են, չորսն են. Խոհեմությունը, Արդարությունը, Արիությունը և Ժուժկալությունը: Սրանք շնորհի օգնությամբ և մեր ջանքերով կարող ենք ձեռքբերել ու աճեցնել։

 

337. – Առաքինություններն իրար հետ կապ ունե՞ն:

– Առաքինություններն իրար հետ փոխկապակցված են ամենասերտ կերպով, որովհետև դրանք բոլորն էլ Սիրո գործնական տարբեր կիրառումներն են. սեր՝ Աստծո հանդեպ, սեր՝ սեփական անձի իրական բարիքի հանդեպ, սեր՝ մերձավորների իրական բարիքի հանդեպ։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

– Փրկվելու համար առաքինությունն անհրաժե՞շտ է։
– Առաքինությունն ի՞նչ օգուտներ ունի։
– Առաքինությունները քանի՞ տեսակ են:
– Ո՞ր առաքինությունն է որպես փոխկապակցող զոդ հանդիսանում բոլոր առաքինությունների համար:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։