Ը. – Հիվանդների Օծում – Գրադարան – Mashtoz.org

Ը. – Հիվանդների Օծում

526. – Ի՞նչ է Հիվանդների Օծումը:

– Եկեղեցու խորհուրդներից մեկն է, որ մահամերձ հիվանդներին տրվում է նրանց հոգին զորացնելու համար սատանայի վերջին փորձությունների դեմ, բայց հոգու հետ երբեմն մարմինն էլ է զորանում ու առողջանում, եթե դա օգտակար է հոգու փրկությանը։

 

527. – Որո՞նք են Հիվանդների Օծման խորհրդի նյութն ու ձևը:

– Հիվանդների Օծման խորհրդի նյութը եպիսկոպոսի կողմից օրհնված ձեթն է, որով օծում են հիվանդի ճակատն ու զգայարանները, իսկ ձևը՝ օծելու ժամանակ քահանայի կողմից արտասանված խոսքերն են։

 

528. – Ո՞վ է Հիվանդների Օծման խորհրդի պաշտոնյան:

– Հիվանդների Օծման պաշտոնյան տեղի ծխական ավագ քահանան է, կամ նրա հրամանով՝ ուրիշ որևէ մի քահանա։

 

529. – Ի՞նչ արդյունք ունի Հիվանդների Օծումը:

– Հիվանդների օծումը. 1) քավում է ներելի մեղքերը ու նաև մահացուները, երբ հիվանդը ֆիզիկապես ի վիճակի չի լինում խոստովանվելու. 2) հիվանդին զորացնում է իր ցավերի ու փորձությունների մեջ, մանավանդ՝ հոգեվարքի ժամանակ. 3) երբեմն մեղմացնում է նաև հիվանդությունը կամ ամբողջովին առողջացնում է, երբ դա օգտակար է հոգու համար և համապատասխանում է Աստծո կամքին։

 

530. – Ո՞վ կարող է ընդունել Հիվանդների Օծման խորհուրդը:

– Հիվանդների Օծման խորհուրդը, Ապաշխարության խորհրդի նման, չի մատակարարվում նրանց, որոնց միտքը դեռ չի բացվել (օրինակ՝ մանուկները), և կամ հիվանդության պատճառով անկարող են մեղանչել (օրինակ՝ մշտատև խենթերը): Նման դեպքերում անիմաստ ու ավելորդ է Հիվանդների Օծման խորհրդի մատակարարումը: Հիվանդների Օծման խորհուրդը չի մատակարարվում նաև նրանց, ովքեր ծանր հիվանդ չեն։ Հետևաբար, Հիվանդների Օծման խորհուրդը կարող են ընդունել միայն մկրտված և խելահաս քրիստոնյաները, որոնք ծանր կերպով հիվանդ են (երբ մահվան վտանգ կա)։

 

531. – Հիվանդների Օծման խորհուրդը քանի՞ անգամ կարելի է ընդունել:

– Միայն մեկ անգամ է կարելի ընդունել միևնույն հիվանդության ժամանակ, սակայն կրկին և շատ անգամներ է կարելի ընդունել, երբ նույն անձը անսպասելի առողջանալուց հետո կրկին ծանրորեն հիվանդանում է։

 

532. – Ինչպե՞ս է հարկավոր ընդունել Հիվանդների Օծման խորհուրդը:

– Հիվանդների Օծման Սուրբ Խորհուրդն ընդունելուց առաջ հիվանդը պետք է խոստովանվի և հաղորդվի, եթե կարող է, կամ գոնե կատարյալ զղջում անի, և հետո ամբողջովին համակամվի Աստծո կամքին և եռանդով աղոթի։

 

533. – Փրկվելու համար այս խորհուրդն անհրաժե՞շտ է:

– Ո՛չ, փրկվելու համար անհրաժեշտ չէ Հիվանդների Օծման խորհուրդը, սակայն մեծապես օգտակար է և կարևոր, այնպես՝ որ անհոգությամբ զանց անողը կամ արհամարհողը մեղանչում է և կարող է վտանգել հոգու փրկությունն էլ։ Ուստի ծանր հիվանդները պետք է ամեն գնով ուզեն և փնտրեն Հիվանդների Օծման խորհուրդը։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ովքե՞ր չեն կարող ընդունել Հիվանդների Օծման խորհուրդը։
– Ամեն հիվանդ կարո՞ղ է ընդունել Հիվանդների Օծման խորհուրդը։
– Երբ մի մարդ առողջանում է Հիվանդների Օծման խորհրդի զորությամբ, դրանից հետո ինչպե՞ս պետք է ապրի։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։