ԺԴ. – Մահ և առանձնական դատաստան – Գրադարան – Mashtoz.org

ԺԴ. – Մահ և առանձնական դատաստան

194. – Ի՞նչ է մահը:

– Մահը հոգու բաժանումն է իր մարմնից: Հոգին է, որ կենդանի ու գործուն է պահում մարմինը: Հոգու և մարմնի բաժանմամբ՝ մարմինն անշնչանում է և իսկույն սկսում է քայքայվել:

 

195. – Ինչո՞ւ պետք է ամեն մարդ մահանա:

– Ամեն մարդ ծնվում է սկզբնական մեղքով վարակված և ինքն էլ իր կյանքի ընթացքում անխուսափելիորեն մեղանչում է: Արդ, ինչպես ասում է Աստվածաշունչը, «մեղքի վարձը մահն է», այսինքն՝ մեղքի հետևանքը, քանի որ մարդուն Աստծուց բաժանելով՝ անխուսափելիորեն դատապարտում է մահվան:

 

196. – Ե՞րբ պիտի մահանանք:

– Կյանքում միակ հաստատ բանն այն է, որ ամեն մարդ պիտի մահանա: Բայց մահվան ժամը մարդը չի կարող իմանալ, դա կարող է տեղի ունենալ ամեն պահի, և՛ արտաքին պատճառների բերումով (դժբախտ պատահարներ կամ բնական աղետներ), և՛ ներքին պատճառների բերումով (կաթված, կամ ա՛յլ հանկարծահաս հիվանդություն): Դրա համար պետք է միշտ պատրաստ գտնվենք և հաճախ խնդրենք Աստծուց բարի մահ ունենալու շնորհը:

 

197. – Ո՞վ է բարի մահ ունենում:

– Բարի մահ ունենում է նա, ով որ Շնորհի Վիճակում է մահանում, իսկ չար մահ է ունենում նա, ով որ ծանր մեղքի մեջ է մեռնում, առանց հասցնելու ներում ստանալ:

 

198. – Մահից հետո հոգին ո՞ւր է գնում:

– Մահից հետո հոգին ներկայանում է Աստծո դատարանին, ուր Աստծո արդարության ու ողորմության համաձայն՝ ստանում է իր վարձն ըստ իր արժանիքների. Աստծո Արքայությունում, քավարանում, կամ դժոխքում: Այս է, որ կոչվում է Առանձնական Դատաստան:

 

199. – Առանձնական Դատաստանի մեջ Քրիստոսն ինչպե՞ս է վարվելու մարդկանց հետ:

– Քրիստոսն Ինքը Ավետարանում ասել է, որ մարդկանցից յուրաքանչյուրի հետ վարվելու է այնպես, ինչպես որ նա վարվել է ուրիշների հետ, և նրա գործերի համեմատ՝ վարձի կամ պատժի հատուցում է սահմանելու: Նրանք, ովքեր իրենց կյանքի ընթացքում գործադրած կլինեն ներումն ու ողորմությունը ուրիշ մարդկանց հանդեպ, իրենք էլ Աստծուց կստանան ներում ու ողորմություն. մինչդեռ նրանք, ովքեր իրենց կյանքի ընթացքում անտարբերություն ու անգթություն գործադրած կլինեն ուրիշ մարդկանց նկատմամբ, իրենք էլ Աստծուց նույն անտարբերությանը կարժանանան (Մտթ 6, 14-15; 25, 31-46; Հվհ 13, 34-35):

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ի՞նչ է մահը և ինչո՞ւ ամեն մարդ պետք է մահանա:
– Ի՞նչ ենք հասկանում «բարի մահ» և «չար մահ» ասելով:
– Մահից հետո հոգին ո՞ւր է գնում:
– Առանձնական Դատաստանի ժամանակ Քրիստոսն ինչպե՞ս է վարվելու մարդկանցից յուրաքանչյուրի հետ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։