ԺԳ. – Եկեղեցու անդամները և սրբերի հաղորդությունը – Գրադարան – Mashtoz.org

ԺԳ. – Եկեղեցու անդամները և սրբերի հաղորդությունը

183. – Ովքե՞ր են Եկեղեցու անդամները:

– Եկեղեցու անդամները նրանք են, ովքեր հավատացել են Հիսուս Քրիստոսի Ավետարանին, մկրտվել են «Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով», և միության մեջ են Եկեղեցու գլխի հետ ու միմյանց միջև:

 

184. – Մարդիկ պարտավո՞ր են անդամակցել Եկեղեցուն:

– Որոշակի իմաստով, արդարության պահանջներից է, որ մարդիկ հավատք (վստահություն) ընծայեն Աստծո կողմից իրենց հայտնված ճշմարտություններին և ապրեն դրանց համաձայն: Բայց քանի որ Աստված հարգում է մարդկանց Իր իսկ կողմից տրված ազատությունը, Եկեղեցու անդամակցությունը մարդկանց առաջարկվում է ո՛չ իբրև պարտականություն, այլ՝ որպես ազատ ընտրություն, սիրուց մղված արարք: Այդուհանդերձ, սակայն, հարկավոր է գիտակից լինել, որ Քրիստոսն Իր Եկեղեցուն է հանձնել փրկվելու կարևոր միջոցները, և ով որ կամովին ու գիտակցաբար դուրս է մնում Եկեղեցուց, ինքն իրեն զրկում է այդ միջոցներից և ուրիշ որևէ միջոց չունի հավիտենական փրկության համար:

 

185. – Ովքե՞ր են Եկեղեցուց դուրս գտնվում:

– Եկեղեցուց դուրս գտնվելու երկու ձև կա, ճիշտ այնպես՝ ինչպես մարդը բաղկացած է երկու տարրերից. մարմնից և հոգուց: Եկեղեցուց ֆիզիկապես, այսինքն՝ իրավական գետնի վրա, դուրս են գտնվում նրանք, ովքեր մկրտված չեն և, հետևաբար, չեն համարվում քրիստոնյաներ: Իսկ հոգևոր հարթության վրա Եկեղեցուց դուրս են գտնվում մկրտվածներից նրանք, ովքեր գիտակցաբար չեն ընդունում Եկեղեցու Վարդապետության կարևոր հոդվածներից մեկը կամ մի քանիսը, և նրանք, ովքեր բարոյական գետնի վրա գտնվում են մահացու ծանր մեղքի մեջ:

 

186. – Կաթողիկե Եկեղեցու անդամները պարտավոր են.

1) ամբողջապես հավատալ նրա Վարդապետությանը.
2) հաճախակի մերձենալ Սուրբ Խորհուրդներին.
3) աղոթել և լրջորեն աշխատել ի նպաստ իրենց հոգիների սրբացման ու փրկության:

 

187. – Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին միայն երկրի վրայի հավատացյալների՞ց է կազմված:

– Ո՛չ, Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու մաս են կազմում արդեն Արքայության մեջ ապրող Սրբերը, Քավարանի հոգիները և երկրի վրա ապրողները. սրանք կոչվում են Հաղթական Եկեղեցի, Վշտակիր Եկեղեցի և Զինվորյալ Եկեղեցի:

 

188. – Մենք Արքայության և Քավարանի հոգիների հետ հարաբերություն ունե՞նք:

– Այո՛, քանի որ այդ բոլոր հոգիներն էլ Եկեղեցու անդամներ լինելով՝ Քրիստոսի հետ մեկ հավաքական Մարմին են կազմում և մասնակցում են միևնույն հոգևոր բարիքներին: Այս միությունը կոչվում է Սրբերի Հաղորդություն: Ինչպես որ մեկ մարմնի մեջ բոլոր անդամները կենագործվում են մեկ հոգիով և սնվում են միևնույն արյունով, Եկեղեցու մարմնում էլ նրա բոլոր անդամները կապված են միմյանց և բոլոր օրհնություններն ու վնասները տարածվում են բոլորի վրա:

 

189. – Որո՞նք են հոգևոր բարիքները, որոնց բոլորը մասնակցում են:

– Այդ հոգևոր բարիքներն են Քրիստոսի շահած շնորհները, արժանիքները և փառքը, Սրբերի մեծամեծ արժանիքները և մեր միմյանց արած հոգևոր օգնություններն ու ամեն օր մատուցված բազմաթիվ Սուրբ Պատարագների արժեքները:

 

190. – Զինվորյալ Եկեղեցու անդամները միմյանց հետ ի՞նչ հաղորդակցություն ունեն:

– Զինվորյալ Եկեղեցու անդամներն իրար հետ հաղորդակցվում են նույն Հավատքով, նույն Խորհուրդներով, նույն Պատարագով, մասնակցում են միևնույն հոգևոր բարիքներին և միմյանց օգնում են աղոթքով և բարի գործերով: Նրանցից յուրաքանչյուրի մեղքը վնասում է Եկեղեցու ողջ մարմնին, այնպես՝ ինչպես նրանցից յուրանքանչյուրի առաքինությունը բարենպաստ ազդեցություն է գործում ամբողջ Եկեղեցու մարմնում և տարածվում է նրա անդամներից յուրաքանչյուրի վրա:

 

191. – Ովքե՞ր են Արքայության Սրբերը և մենք ի՞նչ հարաբերություն ունենք նրանց հետ:

– Լայն իմաստով, Արքայության Սրբերը բոլոր այն հոգիներն են, որոնք մեզնից առաջ աստվածահաճո կյանք ապրած և արդեն մահացած լինելով, այժմ բնակվում են Աստծո Արքայության մեջ: Նեղ իմաստով, Սրբեր ասելով հասկանում ենք այն քրիստոնյաներին, որոնք իրենց երկրային կյանքի ընթացքում հերոսական առաքինությունների գործադրմամբ են ապրել Ավետարանի հանդեպ իրենց հավատարմությունը և Արքայության մեջ արժանացել են յուրահատուկ փառքի: Մենք կարող ենք մասնակցել ինչպես Հիսուսի, այդպես էլ Սրբերի արժանիքներին, և իրենք էլ մեզ օգնում են՝ բարեխոսելով ու մեր համար Աստծուց զանազան շնորհներ ընդունելով:

 

192. – Ի՞նչ հաղորդություն ունենք Քավարանի հոգիների հետ:

– Քավարանի հոգիներին մենք կարող ենք օգնել մեր աղոթքներով, նրանց դիտավորությամբ բարի գործեր կատարելով, օրինակ՝ աղքատներին օգնության հասնելով, և մասնավորապես՝ Սուրբ Պատարագի Զոհը մատուցելով: Իրենք էլ մեր համար են բարեխոսում իրենց կարողության չափով:

 

193. – Ովքե՞ր մաս չունեն Սրբերի Հաղորդության մեջ:

– Սրբերի Հաղորդությունից բացառված են դժոխքի դատապարտվածները, և ամեն ոք, որ Եկեղեցուց դուրս է, ինչպես նաև մահացու մեղքի մեջ գտնվողները, մինչև որ ապաշխարեն: Այս մարդիկ, իրենց իսկ կամքով Քրիստոսից բաժանված լինելով, չեն կարող մասնակցություն ունենալ Սրբերի Հաղորդությանը, քանի որ այն չի կարող իրենց պարտադրվել իրենց ազատ կամքին հակառակ:

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ովքե՞ր են Եկեղեցու անդամները և ովքե՞ր են Եկեղեցուց դուրս գտնվում:
– Ի՞նչ Սրբերի Հաղորդությունը:
– Ովքե՞ր են Արքայության Սրբերը:
– Ովքե՞ր են բացառված Սրբերի Հաղորդությունից:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։