Ա. – Աստված և Իր հատկությունները – Գրադարան – Mashtoz.org

Ա. – Աստված և Իր հատկությունները

6. – Աստված գոյություն ունի՞:

– Այո՛, Աստված գոյություն ունի։

 

7. – Ինչի՞ց գիտես, որ Աստված գոյություն ունի:

– Գիտեմ, որ Աստված գոյություն ունի, քանի որ արարածները և ամբողջ բնությունն ու տիեզերքը ցույց են տալիս, որ իրենց մի ստեղծող կա, մի արարիչ, ինչպես որ համակարգիչը ցույց է տալիս, որ այն մի մտահղացող ու ծրագրավորող ունի։ Եթե Աստված չլիներ, մենք էլ և մյուս արարածներն էլ գոյություն չէինք ունենա, քանի որ տիեզերքը և կյանքը տեսնում ենք որպես բանականությամբ կանոնակարգված մի ամբողջություն։

 

8. – Ուրեմն, ո՞վ է Աստված:

– Աստված հավիտենական ու աննյութական Էակ է, Ով տիեզերքը, երկիրն ու մարդկությունը ստեղծել է Իր անսահման զորությամբ, իմաստությամբ ու բարությամբ։

 

9. – Աստված ի՞նչ էություն ունի:

– Աստված նյութական էակ չէ և ենթակա չէ այս նյութական տիեզերքի ֆիզիկական օրենքներին (օրինակ, տարածության ու ժամանակի սահմանափակումներին): Նա Ստեղծողն ու Տերն է ամեն ինչի, ուստի բոլորից զատ ու տարբեր է։

 

10. – Որտեղի՞ց գիտենք Աստծո մասին:

– Աստծո մասին ընդհանուր գիտելիքների հասնում ենք մեր բնական մտքով, դիտելով մեզ շրջապատող բնությունը, դրանում տիրող գեղեցկությունն ու կարգուկանոնը, ամեն բան կանոնակարգող հարատև ու անփոփոխ օրենքները, ինչպես նաև՝ դիտելով ինքներս մեր մեջ, մեր հոգևոր էությանը: Իսկ Աստծո մասին ավելի հստակ ու ճշգրիտ գիտելիքներ ստանում ենք Աստծո Հայտնությունից, որն ամփոփված է Սուրբ Գրքի՝ Աստվածաշնչի մեջ։

 

11. – Աստված ե՞րբ է առաջացել:

– Աստված չի առաջացել, Նա հավիտենական Էակն է: Չի եղել մի ժամանակ, որ Նա եղած չլինի, այլ մանավանդ թե՝ ինքնին ժամանակն էլ Աստված է ստեղծել: Աստված միշտ եղել է և միշտ լինելու է, քանի որ հավիտենական է, այսինքն՝ ժամանակի սահմաններից դուրս է։

 

12. – Աստված որտե՞ղ է:

– Աստված աննյութական ու հավիտենական լինելով՝ դուրս է նաև տարածության սահմաններից, ուստի՝ Իր աստվածային արարչագործ զորությամբ Նա ներկա է ամենուր տիեզերքում և երկրի վրա, բայց ոչ մի տեղ ներկա չէ այն ձևով, որով ներկա են նյութական մարմինները. Նա ներկա է գերնյութական ու հոգևոր կերպով, և այդ պատճառով է, որ մենք Իրեն չենք տեսնում մեր մարմնի աչքերով, չենք ընկալում մարմնի զգայարաններով, այլ միայն հոգու կարողություններով։

 

13. – Աստված մե՞ծ է:

– Աստծո մեծությանը չափ ու սահման չկա, և այն անհասանելի է մեր մարդկային մտքին։ Աստված անսահմանորեն մեծ է ո՛չ միայն նյութական, այլ նաև հոգևոր որևէ իրողության համեմատ:

 

14. – Աստված կատարյա՞լ է:

– Այո՛, Աստված ամենակատարյալ Էակն է Իր մտքով, Իր կամքով, Իր գործով, Իր ողջ Էությամբ: Նա ոչ մի բանի կարիքը չունի (գոյություն ունենալու և անսահմանորեն երջանիկ լինելու համար), Նրան ոչինչ չի պակասում և Նրա մեջ ոչինչ ավելորդ չէ: Նաև ասում ենք, որ անփոփոխ է (Իր այդ կատարելությունը ոչ ոք չի կարող խլել Իրենից)։

 

15. – Աստված ամեն բան գիտի՞:

– Աստված ամեն բան գիտի։ Նախևառաջ այն իմաստով, որ Աստված է ստեղծել այս տիեզերքը, ուստի միայն Նա իսկապես ու ամբողջապես գիտի, թե տիեզերքն ի՛նչ և ինչպիսի՛ օրենքներով է կառավարվում: Ապա նաև այն իմաստով, որ Նա է ստեղծել մարդուն, ուստի միայն Նա իսկապես ու ամբողջապես գիտի, թե մարդու համար ի՛նչ է հարկավոր՝ լիովին երջանիկ լինելու համար: Վերջում, Նա ամեն բան գիտի նաև այն իմաստով, որ Նա տեսնում է ամեն բան, ո՛չ միայն մարմիններն արտաքուստ, այլ նաև մեր հոգիները, մեր սրտերը, մեր մտքերն ու զգացումները:

 

16. – Սա ի՞նչ է նշանակում մեր կոնկրետ կյանքի համար:

– Սա նախևառաջ նշանակում է, որ մենք երբեք միայնակ չենք: Աստված միշտ մեր հետ է իբրև Հայր՝ մեզ օգնելու, մեզ թիկունք կանգնելու, սիրել սովորեցնելու, սխալվելու դեպքում մեզ կրկին ոտքի կանգնեցնելու, ներելու, հույսով քաջալերելու ու մեր ճանապարհը կրկին շարունակելու ուժը տալու համար: Ինչպես նաև նշանակում է, որ մենք կարող ենք ամեն պահի խոսել Իր հետ մեր հոգում, աղոթել, Իր լույսը խնդրել՝ սխալ մտքերին դիմադրել կարողանալու համար։

 

17. – Աստված բարի՞ է: Նա սիրո՞ւմ է մեզ:

– Աստված մեր Հայրն է, և Իր էությամբ կատարյալ Բարությունն ու Սերն է: Մենք Իր զավակներն ենք և Նա մեզ յուրաքանչյուրիս սիրում է այնպիսի անսահման սիրով, ինչպես ոչ մի մարդ չի կարող սիրել մեզ, և ո՛չ իսկ մեր ծնողները: «Աստված Սեր է», ասում է Աստվածաշունչը։

 

18. – Աստված արդա՞ր է:

– Աստված արդար է, բարի գործերի փոխարեն վարձատրում է, իսկ չար գործերի համար՝ պատժում, բայց ամեն բան անում է հավասարակշռելով բարության ու ողորմության հետ, ըստ Իր անսահման Իմաստության։

 

19. – Աստված, ուրեմն, նաև ողորմա՞ծ է:

– Այո՛, Աստված նաև ողորմած է, հայրական սիրով ներում է սխալվողին, եթե նա զղջում է (ուղղվում): Իսկույն պատժելու փոխարեն Նա համբերությամբ սպասում է սխալվողի զղջմանը և հարկավոր շնորհները առատորեն տալիս է բոլորին։ Միմիայն նա, ով մինչև վերջ համառում է սխալի մեջ, ինքն իրեն զրկում է Նրա բարությունից:

 

20. – Աստված ճշմարի՞տ է:

– Աստված ճշմարիտ է, ո՛չ խաբում է, ո՛չ խաբվում է, և հավատարմորեն կատարում է մեզ տված խոստումները: Եվ մեզնից էլ ակնկալում է, որ մենք էլ Իրեն հավատարիմ լինենք որպես սիրող զավակներ։

 

21. – Աստված ամեն բան կարո՞ղ է անել:

– Աստված ամեն բարի, իմաստուն, արդար, գեղեցիկ, սիրով լի բան կարող է անել, քանի որ ամենակարող է: Ի մասնավորի, միայն Աստված Իր ամենակարողությամբ կարող է ստեղծել ոչնչից, և հակառակը՝ իսկապես ոչնչացնել ինչ որ մի բան (մեղքերը)։ Աստծո ամենակարողությունը արտահայտվում է նաև նրանում, որ Նա երբեք ոչ մի չարիք չի գործում, և ոչ մի բան, որը նվազագույն չափով անգամ կարող է սխալ պարունակել իր մեջ: Աստված ամենակարող է, որովհետև գերագույն լիակատար Ազատությունն է, և Նրան ոչ ոք և ոչինչ չի կարող պարտադրել (կամ համոզել) չարիք կամ սխալ գործել:

 

22. – Աստված երջանի՞կ է:

– Աստված Ինքնին երանությունն է և բոլորի՝ մարդկանց ու հրեշտակների միակ իրական երջանկության աղբյուրը։ Աստծուն ոչինչ չի պակասում, որ լիակատար երջանիկ լինի։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ինչի՞ց գիտենք, որ Աստված գոյություն ունի: Որո՞նք են Նրա հիմնական հատկությունները:
– Աստված ո՞վ է, ի՞նչ իրավունքներ ունի մեր նկատմամբ: Մենք ո՞վ ենք, ի՞նչ պարտականություններ ունենք Իր հանդեպ։
– Ինչո՞ւ ենք ասում, որ Աստված ամենակատարյալ ու անփոփոխ Էակն է։
– Ի՞նչ օգուտ ունի մտածելը, որ Աստված ամեն տեղ ներկա է, և որ մեր գաղտնի մտածումներն անգամ տեսնում է։
– Ի՞նչ ենք հասկանում ասելով, որ Աստված ամենակարող է:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։