Դ. – Աստված՝ պահապան և նախախնամող Իր արարածներին – Գրադարան – Mashtoz.org

Դ. – Աստված՝ պահապան և նախախնամող Իր արարածներին

54. – Ի՞նչ է նշանակում, որ Աստված ամեն բանի Տերն է:

– Նշանակում է, որ ամբողջ տիեզերքն Աստծո իշխանության տակ է, և ամեն բան Իր հրամանով է կառավարվում կամ Իր թույլտվությամբ է տեղի ունենում։

 

55. – Աստված ինչպե՞ս է կառավարում տիեզերքը:

– Աստված տիեզերքը կառավարում է երկու իմաստով. 1) պահպանելով այն, և 2) նախախնամությամբ։

 

56. – Պահպանել ի՞նչ է նշանակում:

– Պահպանել նշանակում է, որ արարածներին ոչնչից ստեղծելուց հետո նրանց գոյություն է տալիս և չի թողնում, որ կրկին ոչինչ դառնան: Պահպանելը ստեղծելու անդադար շարունակությունն է։

 

57. – Եթե Աստված չպահպանի մեզ, ոչի՞նչ կդառնանք։

– Այո՛, ինչպես չենք կարող մենք մեզնից գոյություն ունենալ, այնպես էլ չենք կարող մենք մեզանով գոյության մեջ մնալ: Ուստի, եթե Աստված մի վայրկյան անգամ դադարի մեզ պահպանել, նորից ոչինչ կդառնանք: Հարկավոր է, որ ամեն վայրկյան Աստծո խնամքն ու պահպանությունը մեր վրա լինեն։

 

58. – Ի՞նչ է նշանակում նախախնամել:

– Նախախնամել նշանակում է, որ Աստված ամեն բանի համար սկզբից ևեթ մի նպատակ է հաստատել (աստվածային Իմաստության գործերն ինքնանպատակ ու իմաստազուրկ չեն), և Ինքը երաշխավորում է, որ ամեն բան հասնելու է արարչությամբ հաստատված իր նպատակին։

 

59. – Առանց Աստծո օգնության արարածները չեն կարո՞ղ գործել։

– Ո՛չ, առանց Աստծո հիմնական օգնության արարածները չեն կարող գործել՝ ո՛չ կարող են աճել, ո՛չ շարժվել, ո՛չ մտածել, և ո՛չ էլ որևէ մի նպատակի հասնել։ Ազատ գործելու հնարավորությունն անգամ առանց Աստծո չի կարող լինել:

 

60. – Աստված ի՞նչ միջոցներով է նախախնամում Իր արարածներին։

– Աստված Իր արարածներին նախախնամում է բնական օրենքներով և տալով բոլորին տեսակ տեսակ կարողություններ՝ հասնելու համար իրենց նպատակին. նյութական մարմիններին՝ ֆիզիկական անփոփոխ օրենքները, կենդանիներին՝ բնազդը, մարդկանց՝ միտքն ու բանականությունը, ազատ կամքը, խղճի ձայնը, շնորհի ներշնչումները և այլն։

 

61. – Ուրեմն Աստված արարածներին կառավարում է նրանց փոխադարձ գործակցությա՞մբ:

– Այո՛, Աստված արարածներին կառավարում է նրանց փոխադարձ գործակցությամբ, այդ պատճառով մեծերը պարտականությունն ունեն փոքրերին խնամելու, փոքրերն էլ պարտականությունն ունեն մեծերին հնազանդվելու, եթե նրանք Աստծո կամքին հակառակ բան չեն հրամայում։

 

62. – Եթե ամեն բան Աստված է կառավարում, մարդիկ ինչպե՞ս կարող են չարը գործել:

– Աստված մարդուն ստեղծել է Իր պատկերով ու նմանությամբ, օժտելով նրան ամենաթանկարժեք պարգևով՝ ազատ կամքով, որպեսզի ազատությունն ունենալով՝ մարդն ի վիճակի լինի սիրելու: Բայց երբ մարդն այս ազատությունը Աստծո կամքին հակառակ է գործածում, չարիք է գործում և մեղանչում է։

 

63. – Աստված ինչո՞ւ է թողնում, որ ցավ և վիշտ կրենք:

– Նախ հարկավոր է ասել, որ ամեն ցավ ու վիշտ չարիք չէ: Կան մաքառումներ, որոնք բարի իրականություններ են սեփական ինքնությունը ազատորեն կերտող մարդու համար, բխում են սիրո կարիքներից և երջանկացնում են մարդուն՝ տալով նրան արժանապատվություն:

Ինչ վերաբերվում է բարոյական չարիքին (անարդարություններ, ատելության դրսևորումներ, և այլն), դրանք մարդկանց պարգևված ազատության սխալ գործածման արդյունքներն են, որոնց պատասխանատվությունը ծանրանում է հենց մեր՝ մարդկանցս վրա:

Նյութական չարիքների մի ծանրակշիռ մաս ևս բխում է մեր ազատության սխալ գործածումից (օրինակ՝ հիվանդություններ, որ առաջ են գալիս սխալ սննդակարգից, սխալ վարքագծից, կամ բնական աղետներ, որ հետևանքն են ընդերքի ու բնության անհեռանկար չարաշահման, և այլն):

Աստված թողնում է, որ ենթարկվենք վշտին ու ցավակրությանը՝ կա՛մ արդարության պահանջի համաձայն քավելու համար մեր մեղքերը, կա՛մ սիրուց դրդված ուղղելու համար մեր թերությունները, ավելի մեծ չարիքներից վերապահելու նպատակով, կա՛մ էլ սրբացնելու համար տվյալ մարդկանց կամ նրանց հարազատներին։ Առանց վշտի ու ցավի՝ մարդիկ որևէ արժանիք չէին ունենա, և առաքինություններն ու սիրո գործերը գոյություն չէին ունենա։

 

64. – Աստծո այս հարատև խնամքը ի՞նչ պարտականություն է դնում մեր վրա:

– 1) Միշտ երախտագետ լինել Իր հանդեպ, 2) սիրով համբերել նեղություններին՝ գիտակցելով, որ Նա ամեն բանի մեջ մեր առավել բարիքն է կամենում, 3) վեհանձն հոգիով ու որդիական սիրով կատարել մեր թե՛ կրոնական և թե՛ մյուս բոլոր պարտականությունները։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ի՞նչ է նշանակում, որ Աստված ամեն բանի Տերն է:
– Ի՞նչ է նշանակում պահպանել արարչությունը։
– Ի՞նչ է նշանակում Աստվածային Նախախնամությունը։
– Մարդիկ ինչպե՞ս կարող են չարիք գործել:
– Ինչո՞ւ է Աստված թույլատրում, որ վիշտ ու ցավ կրենք:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։