Գ. – Աստված՝ տիեզերքի արարիչ – Գրադարան – Mashtoz.org

Գ. – Աստված՝ տիեզերքի արարիչ

39. – Ի՞նչ է նշանակում, որ Աստված ամեն բանի ստեղծողն է, Արարիչը:

– Նշանակում է, որ գոյություն ունեցող նյութական և հոգևոր ամեն բան Աստված ոչնչից ստեղծել է Իր ամենակարող զորությամբ։

 

40. – Այսինքն այնպես, ինչպես քանդակագործը արձան կամ կավագործը ինչ որ մի անոթ է պատրաստո՞ւմ:

– Ո՛չ, քանի որ արվեստագործ կամ արհեստավոր մարդը արդեն գոյություն ունեցող նյութն է մշակում, ձևավորում: Մինչդեռ Աստված ոչնչից է գոյության կանչում Իր արարածներին, որոնց կամենում է ստեղծել: Սա միայն Աստված կարող է անել Իր արարիչ զորությամբ։

 

41. – Աստված ինչո՞ւ է ստեղծել աշխարհը:

– Աստված կարիք չուներ որևէ բան ստեղծելու, բայց Իր ազատ կամքով և սիրով ստեղծեց աշխարհը, որպեսզի Իր փառքն ու Իր երանությունը հաղորդի նաև Իր արարածներին և նրանք էլ մասնակցեն Իր կյանքին։

 

42. – Աստված քանի՞ տեսակ արարածներ է ստեղծել:

– Աստված երեք տեսակ արարածներ է ստեղծել. 1) զուտ հոգեղեն, 2) զուտ նյութական, 3) նյութականի հետ միացած հոգիներ։ Սրանց ամբողջությունը կոչում ենք Տիեզերք։

 

43. – Զուտ հոգեղենները որո՞նք են:

– Զուտ հոգեղեն արարածները մտքով ու կամքով օժտված անմարմին էակներն են, որոնց անվանում ենք հրեշտակներ։

 

44. – Հրեշտակները շա՞տ են:

– Հրեշտակները խիստ բազմաթիվ են՝ երեք խմբերի բաժանված, և ամեն խումբն էլ երեք կարգերի է բաժանվում, որոնք կոչվում են հրեշտակային իննը դասեր։

 

45. – Ի՞նչ են անում հրեշտակները:

– Հրեշտակներն Աստծո հետ ապրում են փառքի մեջ, և ծառայում են Նրան երկնքում և երկրի վրա։

 

46. – Հրեշտակները մեր հետ ի՞նչ կապ ունեն:

– Հրեշտակները մեր ավագ եղբայրներն են. սիրում են մեզ, պաշտպանում են և աղոթում են մեր համար։ Աստված ամեն մարդու տվել է նաև մեկ պահապան հրեշտակ, որոնք մեր հանդեպ մասնավոր խնամք են դրսևորում, պահպանում են վտանգներից (առանց սակայն մեր ազատությունը խաթարելու) և հորդորում են բարի գործեր կատարել։

 

47. – Մենք բարոյական ի՞նչ պարտք ունենք մեր պահապան հրեշտակների հանդեպ:

– Պահապան հրեշտակների հանդեպ մեր պարտքերն են՝ երախտագետ լինել, սիրել և հարգել իր ներկայությունը, խնդրել իր օգնությունը և ուշադրություն դարձնել մեր մտքի վրա ազդած բարի ներշնչումների վրա։

 

48. – Բոլոր հրեշտակները բարի՞ են:

– Ո՛չ, կան նաև Աստծո դեմ ապստամբած, ըմբոստացած, մեղանչած ու չարացած հրեշտակներ, որոնց կոչում ենք դևեր կամ սատանաներ: Նրանք էլ մյուսների նման բարի ու երջանիկ էին ստեղծվել, բայց հպարտանալով ու Աստծուն չհնազանդվելով՝ չարացան և իրենք իրենց դժոխքի դատապարտեցին։

 

49. – Սատանաները մեզ կարո՞ղ են վնասել:

– Սատանաները Աստծո և մեր թշնամիներն են և ամեն կերպ ցանկանում են մեզ վնասել ու մեղքի մեջ գցել: Եթե նրանց անսալով մեղանչում ենք, նրանք ուրախանում են, որ կարողանում են մեր միջոցով Աստծուն նախատել և մեզ էլ վնասել: Բայց եթե մարդն Աստծուն է ապավինում, սատանաները մարդուն ոչ մի վնաս չեն կարող անել, որովհետև մարդն ունի իր ազատ կամքը, որի վրա ոչ ոք չի կարող բռնանալ։

 

50. – Զուտ նյութական արարածները որո՞նք են:

– Աստծո ստեղծած զուտ նյութական մարմիններն են աստղերն ու մոլորակները՝ արևը, երկիրը, լուսինը, և դրանց մեջ գոյություն ունցող ամեն ինչ՝ ապարները, բույսերը, կենդանիները, և դրանց բաղկացուցիչ բոլոր մասնիկները՝ իրենց համակարգող ֆիզիկական ու քիմիական բոլոր օրենքների հետ միասին։

 

51. – Միաժամանակ նյութական ու հոգևոր արարածները որո՞նք են:

– Նյութական ու հոգևոր տարրերի միությամբ ստեղծված միակ արարածը դա Մարդն է։ Նմանատիպ բնություն ունեցող ուրիշ ոչ մի արարած չկա:

 

52. – Աստված ինչո՞ւ է ստեղծել մարդուն:

– Որպեսզի մարդը մասնակցի Իր՝ Աստծո անսահման ու անվախճան կյանքին, սիրույն ու երանությանը:

 

53. – Ինչպե՞ս կարող եմ մասնակցել Աստծո կյանքին, սիրույն ու երանությանը:

– Ճանաչելով Իրեն, սիրելով Իրեն, ազատորեն պահելով Իր պատվիրանները, որոնք իմ բարիքի համար են տրվել, որպեսզի նախ ճիշտ ու երջանիկ ապրելով երկրի վրա՝ կերտեմ ինքս իմ դիմագիծը, իսկ մահից հետո ապրեմ անմահության ու երանության Իր հավիտենական Արքայության մեջ:

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ի՞նչ է նշանակում արարել:
– Աստված քանի՞ տեսակ արարածներ է ստեղծել։
– Հրեշտակները բոլորը բարի՞ են։
– Ո՞րն է մարդկային բնության եզակի առանձնահատկությունը:
– Չարացած հրեշտակները՝ դևերը, կարո՞ղ են վնասել մարդուն։ Ինչո՞ւ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։