ԺԶ. – Մարմինների հարություն, ընդհանրական դատաստան – Գրադարան – Mashtoz.org

ԺԶ. – Մարմինների հարություն, ընդհանրական դատաստան

223. – Աշխարհի վերջում մարդկանց մարմիններն ի՞նչ են լինելու:

– Աշխարհի վերջում մարդկանց մարմինները հարություն են առնելու, այսինքն՝ Քրիստոսն Իր աստվածային զորությամբ մարդկանց հոգիները հավիտենական կերպով վերամիավորելու է իրենց մարմինների հետ։

 

224. – Ինչո՞ւ պիտի մարմինները հարություն առնեն:

– Քանի որ մարմինը մարդկային բնության մաս է կազմում և հարկավոր է, որ մասնակցի հոգու երջանկությանը կամ թշվառությանը, ինչպես որ մասնակցեց նրա բարի գործերին կամ մեղքերին։

 

225. – Ինչպիսի՞ն են լինելու հարուցյալ մարմինները:

– Հարուցյալ մարմինները լինելու են ամբողջ և անթերի անդամներով, անմահ, և երջանիկ կամ թշվառ (կախված այն բանից, թե Արքայությունում են լինելու, թե դժոխքում)։

 

226. – Ի՞նչ հատկություններ են ունենալու Սրբերի մարմինները:

– Սրբերի մարմինները են լինելու փառավորյալ, ինչպես որ Հիսուսի մարմինն էր Հարությունից հետո և հետևյալ հատկություններն են ունենալու. 1) Ազատված են լինելու որևէ ցավից. 2) Լուսավոր, արևից է՛լ ավելի, ինչը որ իրենց սրբության ու փառքի լույսն է. 3) Արագաշարժ, ինչպես միտքը. 4) Ներկա թանձրությունից ազատված, այսինքն՝ ոչինչ չի կարողանալու արգելել նրանց ընթացքը, ինչպես որ ապակին չի խոչընդոտում լույսին։

 

227. – Մեր համար ի՞նչ օգուտ ունի հարության հավատքը:

– Հարության հավատքը մեզ մխիթարում է մեր ցավերի ու մեր տրտմությունների մեջ, որ ունենում ենք մասնավորապես մեր սիրելիների մահվան պատճառով, և քաջալերում է մեզ՝ միշտ բարին գործելու։

 

228. – Մարմինների հարությունից հետո ի՞նչ է պատահելու:

– Մարմինների հարությանն անմիջապես հաջորդելու է Ընդհանրական Դատաստանը, այսինքն՝ բոլոր մարդիկ, հրեշտակներն ու սատանաները միասին հավաքվելու են՝ Քրիստոսի կողմից բոլորի առաջ դատվելու համար։

 

229. – Առանձնական Դատաստանից հետո ինչո՞ւ նորից պիտի Ընդհանրական Դատաստան լինի:

– Առանձնական Դատաստանը վերաբերվում է միայն տվյալ հոգուն, մինչ ամբողջ աշխարհը շարունակում է իր ընթացքը այս կամ այն ուղղությամբ։ Ընդհանրական Դատաստանը նախ վերաբերվելու է մարդուն իր ամբողջ էության մեջ՝ մարնով ու հոգով, և լինելու է հրապարակային, իսկ ինչ վերաբերվում է աշխարհին, այն հասնելու է իր վախճանին և ամբողջ արարչությունն էլ է դատվելու՝ արդարների փառավորմամբ ու անիրավների դատապարտությամբ. հին կարգը անցնելու է և սկիզբ է առնելու Աստծո հավիտենական Արքայությունը նորոգված տիեզերքում:

 

230. – Քրիստոսն ինչպե՞ս է դատելու մարդկանց:

– Մարդու ողջ կյանքը, իր բարի և չար գաղտնի գործերն ու խորհուրդներն անգամ Քրիստոսը հայտնելու է բոլորի առաջ և բարիներին չարերից վերջնականապես բաժանելու է։

 

231. – Ուրեմն, ի՞նչ է լինելու մարդկանց վերջնական վիճակը:

– Բարիները հոգով ու մարմնով փառավորվելու են ու հրեշտակների հետ հաղթանակով մտնելու են Արքայություն, իսկ չարերը հոգով ու մարմնով անարգվելու են ու սատանաների հետ դժոխք են գահավիժելու՝ այնտեղ հավիտյան տանջվելու համար։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Օգտակա՞ր է հաճախակի մտածել Ընդհանրական Դատաստանի մասին։
– Ինչպե՞ս պետք է ապրենք, որ այդ օրը ամոթով չմնանք բոլորի առաջ։
– Փառավորյալ մարմնով հարություն առնելու համար արդյոք շա՞տ է աշխարհի նեղությունները քրիստոնեաբար կրելը։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։