Բ. – Ամենասուրբ Երրորդություն – Գրադարան – Mashtoz.org

Բ. – Ամենասուրբ Երրորդություն

23. – «Աստված» եզրը ի՞նչ իմաստ ունի. մատնանշում է բնությո՞ւնը, թե՞ անձը:

– Աստված եզրը մատնանշում է բնությունը, ինչպես մեր դեպքում մարդ եզրը: Հետևաբար, միայն մեկ Աստված կա, այսինքն՝ միայն մեկ աստվածային բնություն: Չեն կարող տարբեր տեսակի և միմյանց հակասող բնություններ միաժամանակ աստվածային լինել, քանի որ միմյանց հակասողները թերի են (նրանցից յուրաքանչյուրը ունի մի բան, որ պակասում է մյուսին), իսկ Աստված, ինչպես ասացինք, Կատարելությունն է:

 

24. – Աստվածային միակ բնությունն ունեցող քանի՞ անձ կա:

– Երե՛ք. Հայրը, Որդին և Սուրբ Հոգին: Երեքը միասին կոչվում են Ամենասուրբ Երրորդություն։

 

25. – Ինչպե՞ս գիտենք, որ Աստվածային Անձերը երեքն են:

– Աստված Ինքն է Ավետարանում հայտնել, որ երեք Անձ ունի։ Մենք դա ուսանել ենք Հիսուս Քրիստոսից՝ մարդացած Որդուց:

 

26. – Կարո՞ղ ենք ասել, թե երեք Աստվածներ են:

– Ո՛չ, Աստված (աստվածային բնությունը, աստվածությունը) մեկ է: Առանձին վերցված, ասում ենք, որ Հայրը Աստված է, Որդին Աստված է, Սուրբ Հոգին Աստված է, բայց ո՛չ որպես տարբեր բնություն ունեցող աստվածներ: Երեք Անձերի մեջ աստվածային բնությունը նույնն է:

 

27. – Աստվածային Անձերն ինչո՞ւ են հենց երեքը:

– Մարդկային միտքը չի կարող փորփրել Աստծո էության խորությունները և հասկանալ ամեն բան: Բայց ունենք մի համանմանություն, որը կարող է օգնել մեզ. Աստվածաշունչը հաստատում է, որ «Աստված Սեր է»: Արդ, սիրո կատարելությունը պահանջում է ներկայությունը երեքի (ո՛չ ավելիի, ո՛չ էլ պակասի, այլ՝ հենց երեքի). Սիրողը (Հայրը), Սիրվածը (Որդին), և Նրանց մեջ ու միջև շրջանառվող Սերն Ինքնին (Սուրբ Հոգին):

 

28. – Երեք Անձերը միմյանց հավասա՞ր են որպես Աստված:

– Այո՛, Նրանք կատարելապես հավասար են այն ամեն ինչում, որ վերաբերվում է Աստվածային մեկ և միակ բնությանը (կատարելություն, զորություն, բարություն, իմաստություն, գեղեցկություն, արդարություն, ողորմություն, երկայնամտություն, և այլն): Նրանք միմյանցից տարբերվում են միայն այն հարցերում, որոնք վերաբերվում են Անձերին, իսկ բնությամբ՝ հավասար են:

 

29. – Հայր Աստված ի՞նչ դիրք է զբաղեցնում Ամենասուրբ Երրորդության մեջ:

– Հայր Աստված Սկիզբն է, Ումից ծնվում է Որդին և, Որդու միջոցով, բխում է Սուրբ Հոգին: Ուստի ասվում է, որ Հայրը Ամենասուրբ Երրորդության առաջին Անձն է։

 

30. – Որդի Աստված ի՞նչ դիրք է զբաղեցնում Ամենասուրբ Երրորդության մեջ:

– Որդի Աստված ի հավիտենից ծնվում է Հայր Աստծուց: Նա Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձն է։

 

31. – Ի՞նչ ենք հասկանում, ասելով. «ծնվում է»:

– Որդու աստվածային ծնունդը բնավ չպետք է հասկացվի ստեղծված արարածների կենսաբանական ծնունդի իմաստով։ Համանմանության կարգով կարող ենք ասել, որ նման է մտքից գաղափարի, կամ մտքից խոսքի, կամ սրտից սիրո ծննդին: Խոսքն ամբողջովին աննյութական ծննդի մասին է:

 

32. – Սուրբ Հոգի Աստված ի՞նչ դիրք է զբաղեցնում Ամենասուրբ Երրորդության մեջ:

– Սուրբ Հոգի Աստված ի հավիտենից բխում է Հորից և Որդուց: Նա Ամենասուրբ Երրորդության երրորդ Անձն է։

 

33. – Ի՞նչ ենք հասկանում, ասելով. «բխում է»:

– Հոգու աստվածային բխումը նույնպես ամբողջովին աննյութական իրականություն է։ Համանմանության կարգով կարող ենք ասել, որ նման է աղբյուրից վտակի, կամ հոգուց զգացմունքների, կամ կամքից զորության բխմանը:

 

34. – Այս երեք Անձերն էլ ճշմարտապես Աստվա՞ծ են:

– Այո՛, երեք Անձերն էլ ճշմարտապես Աստված են, և միևնույն աստվածային բնությունն ու միևնույն կատարելություններն ունենալով՝ երեքը միասին մեկ Աստված են։

 

35. – Երեք Անձերն էլ հավիտենականությունից ի վեր միասի՞ն են եղել:

– Այո՛, երեք Անձերն էլ հավիտենականությունից ի վեր միասին են եղել և նրանց միջև ժամանակի տարբերություն չկա, քանի որ ժամանակը մեր նյութական տիեզերքին վերաբերվող հասկացողություն է և բնավ չի տարածվում Աստծո վրա, Ով նաև ժամանակի Արարիչն է։

 

36. – Երեք Անձերն էլ իրար հավասա՞ր են:

– Այո՛, երեք Անձերն էլ իրար հավասար են, քանի որ նույն բնությունը, նույն կատարելությունները, նույն գործերը և միևնույն միտքն ու կամքն ունեն: Մեծ ու փոքր չկա Նրանց միջև և Նրանք միայն ծագումով են տարբերվում։

 

37. – Ի՞նչ է նշանակում ծագումով տարբերվել:

– Ծագումով տարբերվել նշանակում է, որ Հայրը Որդին չէ, Որդին Հայրը կամ Հոգին չէ, Սուրբ Հոգին էլ Հայրը կամ Որդին չէ, այլ՝ երեք Անձերն են անշփոթ կերպով Իրարից զանազանվում։

 

38. – Մենք ի՞նչ նշանով ենք դավանում Ամենասուրբ Երրորդության Խորհուրդը:

– Ամենասուրբ Երրորդության Խորհուրդը մենք դավանում ենք, երբ ինքներս մեզ խաչակնքելով ասում ենք. Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու. Ամեն (գրաբար. Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն)։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ի՞նչ հասկացաք բնություն և անձ հասկացողությունների միջև տարբերության մասին։
– Ի՞նչ օրինակով կարող ենք բացատրել երեք Անձ և մեկ Աստված լինելը։ Ինչո՞ւ են աստվածային Անձերը հենց երեքը:
– Ի՞նչ համանմանությամբ կարող ենք հասկանալ Որդու ծնունդը։
– Ի՞նչ համանմանությամբ կարող ենք հասկանալ Սուրբ Հոգու բխումը։
– Ի՞նչ նշանով ենք դավանում Ամենասուրբ Երրորդության խորհուրդը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։