Թ. – Բարի գործեր և ողորմության գործեր – Գրադարան – Mashtoz.org

Թ. – Բարի գործեր և ողորմության գործեր

319. – Որո՞նք են կոչվում բարի գործեր:

– Բարի գործեր են կոչվում այն գործերը, որոնք Աստծուց հատուցվում են, քանի որ Աստծո կամքի համաձայն և Աստծուն հաճույք պատճառելու համար մարդն իր ազատ կամքով անում է դրանք, կամ կրում է ինչ որ մի բան։ Գործն անարժեք է հոգևոր հարթության վրա, եթե որևէ կերպով Աստծո կամքին համաձայն չէ, կամ էլ, եթե համաձայն է, մենք այն սիրով և Աստծո համար չենք արել։

 

320. – Աստված որևէ բարի գործ փոխհատուցո՞ւմ է:

– Ո՛չ, Աստված հատուցում է միայն այն բարի գործերի փոխարեն, որոնք շնորհի վիճակի մեջ և Իր համար ենք անում։ Սեփական շահի, փառամոլության և Աստծուց դուրս ուրիշ նպատակներով եղած բարի գործերն ընդհանրապես անվարձ են մնում, կամ միայն երկրի վրա են վարձատրվում։

 

321. – Աստծո առջև ի՞նչ տեսակ գործերն ավելի արժեք ունեն:

– Աստծո առջև ավելի արժեք ունեն այն գործերը, որոնք առավել անշահախնդրություն և զոհողություն են պահանջում։ Սակայն Աստված գործի մեծությանը չէ, որ հիմնական ուշադրություն է դարձնում, այլ՝ նայում է մեր բարի դիտավորությանը և մեր սիրո մեծությանը, որով գործում ենք։

 

322. – Մեր սովորական և առօրյա մանր գործերն էլ արժանիք կարո՞ղ են ունենալ Աստծո առջև:

– Այո՛, մեր ամեն սովորական և մանր գործերն էլ մեծ հատուցման կարող են արժանանալ, եթե դրանք անում ենք մաքուր դիտավորությամբ։ – Մաքուր կամ ուղիղ դիտավորություն ասելով հասկանում ենք այն, որ մեր գործերի համար որպես գլխավոր նպատակ դնում ենք Աստծո փառքը, սերը, Նրան որպես որդիներ հաճույք պատճառելը, կամ մեր մեղքերը քավելու համար նեղություն կրելը։

 

323. – Բարի գործերը կարևո՞ր են:

– Գիտակից տարիքի հասած մարդու համար բարի գործերն ուղղակի անհրաժեշտություն են: Առանց բարի գործերի հնարավոր չէ Աստծուն սիրելի լինել և Արքայություն մտնել, քանի որ հենց Ինքը պատվիրել է սիրել թե՛ Իրեն, և թե՛ մեր մերձավորներին: Իսկ այդ սերը բարի գործերով է միայն, որ հնարավոր է արտահայտել։

 

324. – Բարի գործերն ի՞նչ օգուտ ունեն:

– Նրանց, ովքեր շնորհի վիճակի մեջ չեն, շնորհ են տալիս, իսկ արդարների համար ավելացնում են շնորհներն ու հատուցումը, քավում են մեղքի ժամանակավոր պատիժները, հատուկ ուժ են հաղորդում մեր աղոթքին և Աստծո օրհնությունն են իջեցնում մեր երկրային գործերի վրա։

 

325. – Բարի գործերը պետք է ծածո՞ւկ անենք:

– Ո՛չ, բարի գործերը պետք է բացահայտ անենք, բայց առանց ցուցամոլության, ինչպես նաև առանց ակնածության, ի հարկին բարի օրինակ տալու նպատակով: Ծածուկ պետք է անենք միայն արտասովոր գործերը (օրինակ՝ դժվարին ինքնազրկումներ, երկար ծոմապահություններ, և այլն), և այն գործերը, որոնք չբացահայտելու մասնավոր պատճառ ունենք (օրինակ, երբ հպարտության մեջ կարող ենք ընկնել, կամ երբ ողորմություն պիտի տանք և այն ընդունողը կարող է անհարմար վիճակի մեջ հայտնվել, և այլն):

 

326. – Որո՞նք են գլխավոր բարի գործերը:

– Աստծո կողմից հանձնարարված գլխավոր բարի գործերն են աղոթքը, ծոմապահությունը և ողորմությունը։

 

327. – Ո՞րն է Քրիստոսի կողմից ավանդված Ոսկե Պատվիրանը:

– Սա է. «Ի՛նչ որ կուզենայիք, որ ուրիշներն անեին ձեզ, նույնը դուք արեք ուրիշներին»: Ինչպես նաև. «Երանի՜ [մարդկանց հանդեպ] ողորմածներին, որովհետև նրանք [Աստծուց] ողորմություն պիտի գտնեն»:

 

328. – Որո՞նք են ողորմության գործեր կոչվում:

– Ողորմության գործեր են կոչվում այն բարեգործությունները, որ անում ենք կարիքի մեջ գտնվողների համար։

 

329. – Ողորմության գործերը քանի՞ տեսակ են լինում:

– Երկու տեսակ. հոգևոր և մարմնավոր:

Հոգևոր ողորմության գործերն են. 1) անուսներին ուսուցանել. 2) տարակուսողներին բարի խորհուրդներ տալ. 3) մեղավորներին խրատել. 4) վշտացյալներին մխիթարել. 5) մեզ հասցված նախատինքներն ու չարիքները ներել. 6) ուրիշների պակասություններին համբերել. 7) բոլոր ողջ և մահացած մարդկանց համար աղոթել։

Մարմնավոր ողորմության գործերն են. 1) քաղցածներին կերակրել. 2) ծարավածներին ջուր տալ. 3) մերկերին հագուստ տալ. 4) անտուն մնացածներին պատսպարել և պանդուխտներին հյուրընկալել. 5) հիվանդներին այցելել. 6) բանտարկյալներին այցելել. 7) մահացածներին թաղել (կամ մասնակցել նրանց հուղարկավորությանը)։

 

330. – Ողորմության գործերն ինչպե՞ս պետք է անենք:

– Որպեսզի ողորմության գործերը մեզ օգտակար լինեն հոգևոր հարթության վրա, դրանք պետք է անենք. 1) Աստծո համար, այլ ո՛չ թե մարդկանց երևալու, գովասանքի արժանանալու կամ փոխարենը լոկ մարդկային վարձ ստանալու նկատառումով. 2) սիրով ու զվարթությամբ և այնպիսի փափկանկատ կերպերով, որ ընդունողին մեր արարքը չխոցի։ – Երբեմն տալու կերպն ավելի արժե, քան տրված իրը։

 

331. – Ողորմության գործերն ի՞նչ օգուտ ունեն:

– Շնորհի վիճակի մեջ գտնվող մարդու կողմից կատարված ողորմության գործերը քավում են նրա անցյալ մեղքերը և հավիտենական հատուցման են արժանացնում, հատուկ ուժ են հաղորդում նրա աղոթքին, արժանի են դարձնում աղքատների օրհնությանն ու աղոթքներին, որոնք հատուկ արժեք ունեն Աստծո առաջ, ինչպես նաև հաջողություն են տալիս մեր երկրային գործերին, ըստ Աստծո կամքի, քանի որ աղքատին տվողը Աստծուն է փոխ տալիս և փոխարենը հարյուրապատիկն է ընդունում այստեղ և հավիտենական կյանքի մեջ, անշուշտ՝ նախևառաջ հոգևոր հարթության վրա։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Բարի գործերը կարևո՞ր են հավիտենական փրկության համար:
– Ի՞նչն է, որ Աստծո առջև ավելի արժեք է տալիս մեր բարի գործերին։
– Ո՞րն է Քրիստոսի կողմից ավանդված Ոսկե Պատվիրանը:
– Ողորմության գործերը քանի՞ տեսակ են լինում և որո՞նք են դրանք:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։