ԺԲ. – Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին – Գրադարան – Mashtoz.org

ԺԲ. – Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին

162. – Ի՞նչ է Եկեղեցին:

– Եկեղեցին քրիստոնյաների հասարակությունն է, որ Հիսուսը հիմնեց աշխարհի վրա՝ մեզ սրբացնելու և երկնքում փառավորելու համար: Հիսուս Քրիստոսի հետևորդների՝ քրիստոնյաների պարտականությունն է.

1) Հավատալ միևնույն ճշմարտություններին, որոնք Եկեղեցին ուսուցանում է՝ դրանք Հիսուսից ստացած լինելով, և չհետևել տարաբնույթ ուսմունքների.
2) Ընդունել Հիսուսի կողմից հաստատված Յոթը Խորհուրդները.
3) Հետևել միևնույն գլխին, ում Հիսուսը հանձնեց Իր Եկեղեցու կառավարումը, այսինքն՝ Պետրոս Առաքյալին և նրա հաջորդներին, որոնք են Հռոմի Սրբազան Քահանայապետները (Պապ):

 

163. – Հիսուսը քանի՞ եկեղեցի հիմնեց:

– Հիսուսը, որ Աստծո միակ Իմաստությունն ու միակ Ճշմարտությունն է, միայն մեկ Եկեղեցի հիմնեց ողջ մարդկության համար, և Իր Առաքյալներին պատվիրեց, որ Իր մեկ և միակ Ավետարանը քարոզեն բոլոր ազգերին՝ առանց որևիցէ մի կերպ, նույնիսկ նվազագույն չափով փոփոխելու: Եվ չկա մարդկային մի իշխանություն, որն իրավունք ունենա փոփոխելու Հիսուսի քարոզած և Իր միակ Եկեղեցուն հանձնած (ավանդած) վարդապետությունը: Մարդիկ դրանով է, որ կարող են փրկվել, ո՛չ թե՝ մարդկային տարաբնույթ փիլիսոփայություներով, ուսմունքներով, գաղափարախոսություններով (իդեոլոգիա), որոնք բոլորը հակասում են մեկը մյուսին, և իրենք իրենց էլ՝ իրենց տարբեր մասերով:

 

164. – «Եկեղեցի» բառը ուրիշ իմաստներ էլ ունի՞:

– Եկեղեցի բառը գործածվում է նաև հետևյալ երկու իմաստներով.

1) կարող է մատնանշել այն շենքը կամ տեղը, ուր քրիստոնյաները հավաքվում են աղոթելու և ծիսակատարելու համար. այս իմաստով ասում ենք Սբ. Զվարթնոց եկեղեցի, Սբ. Խաչ եկեղեցի, Սբ. Հռիփսիմե եկեղեցի, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, և այլն.
2) կարող է մատնանշել նաև մի ազգի, երկրի կամ բնակավայրի քրիստոնյաներին. այս իմաստով ասում ենք Արևմտյան կամ Արևելյան եկեղեցի, Անտիոքի եկեղեցի, Երուսաղեմի եկեղեցի, Հայաստանյայց եկեղեցի, Ղպտի, Հույն կամ Մարոնիթ եկեղեցի, և այլն:

Այս իմաստով է միայն ներելի գործածել «ազգային եկեղեցի» բացատրությունը, բայց ո՛չ երբեք այն իմաստով, թե տարբեր մի եկեղեցի է՝ Հիսուսի կամ առաքյալների կողմից հիմնված, միայն մի ազգի կամ խմբավորման համար:

 

165. – Քրիստոսի Եկեղեցին ի՞նչ հատկություններ ունի:

– Քրիստոսի Եկեղեցին հետևյալ չորս հատկություններն ունի.

1) Տեսանելի լինել, քանի որ միայն անմարմին հոգիներից կազմված չէ, այլ՝ տեսանելի մարդկանցից, և բացահայտ կառույց է, որ արևի լույսի տակ անվախ քարոզում է Ճշմարտությունը, և նրան օտար ու խորշելի է որևէ տեսակի գաղտնիությունը.
2) Տևական լինել, մինչև աշխարհի վերջը՝ բոլոր սերունդների բոլոր մարդկանց փրկելու համար.
3) Անփոփոխ պահել և հավատարմորեն քարոզել Աստծուց ընդունած Հավատքը.
4) Շնորհներով միացած լինել Քրիստոսի հետ, որ Եկեղեցու աներևույթ Գլուխն է և կյանք է տալիս Իրեն միացած հոգիներին:

 

166. – Եկեղեցու ներսում կազմակերպչական ու կարգապահական իմաստով հիմնական քանի՞ պաշտոն կամ պարտականություն կա:

– Երկու. Ուսուցանողի և Սովորողի: Ուսուցանելու պաշտոնը պատկանում է առաջին հերթին Սրբազան Պապին, ապա նրա հետ հաղորդության մեջ գտնվող Եպիսկոպոսներին, և հետո միայն՝ նրանց ենթակայությամբ գործող քահանաներին: Սովորելու պարտականությունը վերաբերվում է մյուս բոլոր քրիստոնյաներին:

 

167. – Քրիստոսն ի՞նչ իշխանություն տվեց Ուսուցանելու պաշտոնը ստացողներին:

– Քրիստոսը Ուսուցանելու պաշտոնը ստացողներին տվեց.

1) հոգիներն առաջնորդելու իշխանություն՝ քարոզելով Ավետարանն ու Հավատքի բոլոր ճշմարտությունները.
2) հոգիները սրբացնելու իշխանություն՝ մատակարարելով Սուրբ Խորհուրդները, ի մասնավորի՝ ներելով մեղքերը և ծիսակատարելով Ամենասուրբ Հաղորդությունը (Սուրբ Պատարագ).
3) հոգիները կառավարելու իշխանություն՝ կարգապահական պարտավորեցնող օրենքներ ընդունելով:

 

168. – Քրիստոսը ո՞ւմ կարգեց Իր Եկեղեցու գլուխ:

– Քրիստոսն Իր Եկեղեցու գլուխ՝ Իր Փոխանորդ կարգեց Պետրոս Առաքյալին և նրա հաջորդներին, ովքեր Հռոմի Եպիսկոպոսները եղան և կոչվում են Պապ կամ Քահանայապետ:

 

169. – Եպիսկոպոսներն ովքե՞ր են:

– Եպիսկոպոսները Առաքյալների հաջորդներն են, որ Սրբազան Պապի հետ կառավարում են ընդհանուր Եկեղեցին և, նրա իշխանության տակ, ինքնուրույն կառավարում են Եկեղեցու առանձին մասերը, որ կոչվում են Թեմեր:

 

170. – Քահանաներն ովքե՞ր են:

– Քահանաները Եպիսկոպոսների գործակիցներն են և նրանց հրամանով միայն կարող են գործադրել իրենց քահանայական իշխանությունը:

 

171. – Որո՞նք են Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու նշանները:

– Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու նշաններն են.

1) միությունը.
2) սրբությունը.
3) ընդհանրականությունը.
4) առաքելականությունը:

 

172. – Ինչո՞ւմն է կայանում Եկեղեցու միությունը:

– Եկեղեցու միությունը կայանում է նրանում, որ աշխարհի որևէ ծայրում բնակվող քրիստոնյաները դավանում են միևնույն Հավատքը, և միևնույն գլխին հնազանդվելով՝ գտնվում են միմյանց միջև հոգևոր հաղորդության մեջ, ինչպես մեկ գլխի միացած մի կենսունակ մարմին:

 

173. – Ի՞նչն է հակառակվում Եկեղեցու միությանը:

– Եկեղեցու միությանը հակառակվում են բաժանումները, որոնք սատանան սերմանում է քրիստոնյաների միջև: Եկեղեցին Քրիստոսի խորհրդական Մարմինն է: Արդ, եթե մարմնից անդամներ են կտրվում, դրանք չեն կարող համարվել ինքնին մարմինը, կենսունակ չեն և շուտով փտում են: Նույն կերպ, մեկ մարմինը չի կարող բազմաթիվ գլուխներ ունենալ, ապա թե ոչ՝ հրեշային էակի կվերածվի: Եկեղեցու միությունը պահպանելու համար հարկավոր է մշտապես գործադրել Սուրբ Հոգու ամենասիրելի երկու գլխավոր առաքինությունները. Խոնարհությունն ու Սերը, առանց որոնց հոգու կյանք չկա:

 

174. – Ինչո՞ւմն է կայանում Եկեղեցու սրբությունը:

– Եկեղեցու սրբությունը կայանում է նրանում, որ նրա Հիմնադիրը՝ Հիսուսը, Սրբություն Սրբոցն է, Միակ Սուրբը, և Նրա հիմնած Եկեղեցու նպատակը, վարդապետությունը, գործածած միջոցները ամենակատարյալ սրբության գործիքներն են մարդկանց համար: Եկեղեցուն անդամակցում են նաև բազմաթիվ թերի ու մեղավոր մարդիկ, բայց ո՛չ որպեսզի շարունակեն այդպիսին մնալ, այլ՝ որպեսզի Միակ Սրբին պատվաստվելով, իրենք էլ մաքրվեն իրենց մեղքերից ու սրբանան:

 

175. – Ի՞նչն է հակառակվում Եկեղեցու սրբությանը:

– Եկեղեցու սրբությանը հակառակվում են մեր մարդկային մեղքերը, հատկապես այն դեպքում, երբ համառությամբ ու գոռոզությամբ հրաժարվում ենք խոստովանել դրանք, այսինքն՝ ընդունել դրանց սխալ լինելը, հրաժարվում ենք զղջալ և ուղղվել: Բայց ամենասոսկալին այն ժամանակ է, երբ չբավարարվելով մեր սխալներով, սկսում ենք քարոզել դրանք և ուրիշների էլ դրդել միևնույն սխալներին: Դա ուղղակի կերպով նշանակում է դառնալ սատանայի գործակիցները երկրի վրա:

 

176. – Ինչո՞ւմն է կայանում Եկեղեցու ընդհանրականությունը:

– Եկեղեցու ընդհանրականությունը կայանում է նրանում, որ Քրիստոսի միակ Եկեղեցին հիմնվել է բոլոր ժամանակների և մարդկանցից յուրաքանչյուրի համար, և Աստծուց պատվեր է ստացել քարոզելու Ավետարանը ամեն տեղ և ամեն ազգի: Ինչպես նաև այն, որ Եկեղեցին աշխարհի չորս կողմերում է տարածված:

 

177. – Ի՞նչն է հակառակվում Եկեղեցու ընդհանրականությանը:

– Եկեղեցու ընդհանրականությանը հակառակվում է աղանդավորությունը, այսինքն՝ խմբավորումների բաժանվելը և դրանց ներսում կղզիանալը: Այդ խմբավորումները կարող են տարբեր հիմքի վրա լինել. ազգային, լեզվական, մշակութային, սեռային, դասակարգային, գաղափարային, և այլն: Եկեղեցու ընդհանրականության դեմ մեղանչում ենք, եթե Քրիստոսի Ավետարանը մերժում ենք քարոզել մեր ազգին, լեզվաընտանիքին, մշակույթին, սեռին, դասակարգին կամ գաղափարական ուղղվածությանը չպատկանող անձանց, կամ նրանց արգելում կամ խոչընդոտում ենք մասնակցելու տեղական համայնքի աղոթքին կամ ծիսակատարությանը:

 

178. – Ինչո՞ւմն է կայանում Եկեղեցու առաքելականությունը:

– Եկեղեցու առաքելականությունը կայանում է նրանում, որ Քրիստոնեական ողջ Հավատքը հիմնված է Առաքյալների անձնական վկայության վրա, որովհետև նրանք են ականատես եղել Հիսուս Քրիստոսի կյանքին, ուսուցումներին և, որն ամենակարևորն ու հիմնականն է, Նրա Հարությանը: Դրա համար է կոչվում Հավատք, այսինքն՝ վստահություն ականատեսների կողմից տրված Վկայությանը: Եկեղեցու հիմքը այդ Վկայության հանդեպ անսասան վստահությունն է, որը ստացել ենք որպես Սրբազան Ավանդ և մեր հերթին էլ անփոփոխ ավանդում ենք գալիք սերունդներին: Եկեղեցու առաքելականությունը նշանակում է, որ այն հիմնված չէ տարբեր ժամանակներում ի հայտ եկած մարդկանց գաղափարների կամ, ոմանց դեպքում, կեղծիքների վրա:

 

179. – Ի՞նչն է հակառակվում Եկեղեցու առաքելականությանը:

– Եկեղեցու առաքելականությանը հակառակվում է մի կողմից որոշ մարդկանց մտային գոռոզությունը, որոնք կարծում են, թե իրենց սեփական մտքերն առավել իմաստուն են, քան Քրիստոսինը, և հետևաբար՝ հիմնում են իրենց սեփական կրոններն ու համայնքները, երբեմն նենգաբար անվանելով իրենց իբրև ճշմարիտ եկեղեցի ու քրիստոնյաներ, մյուս կողմից էլ՝ ուրիշ մարդկանց մտային կուրությունը, որոնք թողնելով Առաքյալների Սրբազան Ավանդության ապահով ճանապարհը՝ հետևում են այլևայլ ուսուցիչների: Սրանց մասին է Քրիստոսը Ավետարանում ասել. «Կույրեր են, կույրերի առաջնորդներ: Երբ կույրն է կույրին առաջնորդում, երկուսն էլ սխալվում են ու միասին խորխորատն ընկնում»:

 

180. – Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու այս չորս նշաններն ո՞վ ունի:

– Միայն Կաթողիկե (Կաթոլիկ) Եկեղեցին ունի այս բոլոր չորս նշանները միասին, մինչ ուրիշ եկեղեցիներ կա՛մ չունեն դրանցից ոչ մեկը, կա՛մ ունեն մեկը կամ մի քանիսը, բայց ո՛չ բոլորը միասին:

«Կաթողիկե» բառը փոխառված է հունարենից («καθολικός» - «կաթոլիկոս») և նշանակում է Ընդհանրական (ընդհանուր, համայն):

 

181. – Եկեղեցու այս չորս նշանները ի մասնավորի որտե՞ղ ենք մենք դավանում:

– Եկեղեցու այս չորս նշաններն ի մասնավորի դավանում ենք Քրիստոնեական Հավատքի պաշտոնական համառոտության՝ Հավատո Հանգանակի (Հավատամքի) մեջ, ուր միանշանակ կերպով ասվում է. «Հաւատամք եւ 'ի Մի միայն, Ընդհանրական եւ Առաքելական, Սուրբ Եկեղեցի»: Հավատամքից բացի, այս չորս նշանները հաճախակի հիշատակվում են Հայաստանյայց Եկեղեցու ծիսական բոլոր գրքերում. թե՛ Ժամագրքում, թե՛ Շարականներում և թե՛ Պատարագամատույցում:

 

182. – Ի՞նչ է նշանակում «Հայաստանյայց Եկեղեցի»:

– Ամենասկզբնական իմաստով, նշանակում է «Հայաստանի Եկեղեցի», «Հայոց աշխարհում գտնվող Եկեղեցի», «Ընդհանրական Եկեղեցու այն մասնիկը, որ Հայաստանում է»: Դարերի ընթացքում, սակայն, մանավանդ Հայաստանի աշխարհագրական սահմաններից դուրս բնակվող հայերի համար և երբ Հայաստանը կորցրել էր ինքնիշխան պետականությունը, առավել գործածական դարձավ Հայ Եկեղեցի անվանումը, որը շեշտը դնում է ծիսական պատկանելության վրա, այսինքն՝ Ընդհանրական Եկեղեցու այն մասնիկը, որը Եկեղեցու Յոթ Խորհուրդները և եկեղեցական ողջ կյանքը կազմակերպում ու կատարում է ըստ Հայկական Ծիսակարգի, Հայոց Լեզվով և մշակութային ա՛յլ դրսևորումներով (տաղեր, մեղեդիներ, ծիսական հանդերձանք, սրբանկարչություն, և այլն): Հայաստանյայց կամ Հայ Եկեղեցի ասելը բնավ չի նշանակում, թե այն հարկավոր է հասկանալ Ընդհանրական Եկեղեցուց զատված, առանձնացված իմաստով:

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ի՞նչ է Եկեղեցին և ո՞վ է այն հիմնել:
– Ի՞նչ հատկություններ ունի Քրիստոսի Եկեղեցին և ո՞վ է Եկեղեցու առաջնորդը՝ Քրիստոսի Փոխանորդը Եկեղեցում:
– Ի՞նչ նշաններով է ճանաչվում Քրիստոսի միակ Եկեղեցին: Որո՞նք են դրանք ի ի՞նչն է հակառակվում դրանց:
– Ո՞ր Եկեղեցին ունի այդ նշանները բոլորը միասին:
– Ի՞նչ են նշանակում «Հայաստանյայց Եկեղեցի» և «Հայ Եկեղեցի» անունները:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։