Թ. – Սուրբ Աստվածածին – Գրադարան – Mashtoz.org

Թ. – Սուրբ Աստվածածին

126. – Ո՞վ է Սուրբ Աստվածածինը:

– Սուրբ Աստվածածինը Հիսուսի և մեր Մայրն է, հրեշտակների, երկնքի սրբերի և ողջ տիեզերքի Թագուհին։

 

127. – Հիսուսի Մայրը լինելով՝ նա ի՞նչ հատուկ շնորհներ ստացավ Աստծուց:

– Մարիամը, քանի որ սահմանված էր լինելու Հիսուսի Մայրը, երեք մեծ շնորհներ ստացավ Աստծուց. 1) Անարատ Հղություն, 2) Անխախտ Կուսություն, և 3) Վերափոխում։

 

128. – Ի՞նչ ենք հասկանում «Անարատ Հղություն» ասելով:

– «Անարատ Հղություն» ենք անվանում այն շնորհը, որի ներգործությամբ Մարիամը, երբ իր մոր արգանդում հղացվեց իր ծնողների՝ Հովակիմի ու Աննայի միությամբ, Աստծո յուրահատուկ միջամտությամբ ազատ պահվեց սկզբնական, ադամական մեղքից, որով վարակված են ծնվում բոլոր մարդիկ։ Նրան այս բացառիկ շնորհը տրվեց, որպեսզի իր անարատ մարմնի մեջ ընդուներ մարդացած Որդի Աստծուն, Ով Սրբություն Սրբոցն է:

Աստվածամոր Անարատ Հղության տոնը կատարում ենք Դեկտեմբերի 9-ին ըստ Հայկական տոնացույցի, մինչ Լատինականի համաձայն այդ տոնը կատարվում է մի օր առաջ՝ Դեկտեմբերի 8-ին։

 

129. – Ի՞նչ ենք հասկանում «Անխախտ Կուսություն» ասելով:

– «Անխախտ Կուսություն» ենք անվանում այն շնորհը, որի ներգործությամբ Մարիամը միշտ կույս մնաց, Հիսուսին հրաշքով հղացավ՝ Սուրբ Հոգու զորությամբ, առանց տղամարդու միջամտության, և Հիսուսի ծնունդով էլ նրա կուսությունը չխախտվեց։

 

130. – Ի՞նչ ենք հասկանում ասելով «հղացավ Սուրբ Հոգու զորությամբ»:

– Բոլոր մարդիկս ծնվում ենք տղամարդու և կնոջ բնական միությունից: Հիսուսի հղացման համար բացառվեց տղամարդու միջամտությունը, այլ՝ ինչպես որ առաջին մարդ Ադամը ստեղծվել էր Աստծո ուղղակի միջամտությամբ ու արարչագործ զորությամբ, այնպես էլ մարդկության Փրկիչը Իր Մոր արգանդում հղացվեց Սուրբ Հոգու անմիջական միջամտությամբ ու արարչագործ զորությամբ, որպեսզի դառնար Նոր Ադամը:

 

131. – Ի՞նչ ենք հասկանում «Վերափոխում» ասելով:

– «Վերափոխում» ենք անվանում այն շնորհը, որի ներգործությամբ Մարիամը, երբ մահացավ ու գերեզմանի մեջ դրվեց, դրանից հետո հարություն առավ և փառավորված մարմնով երկինք փոխադրվեց։

Աստվածածնի Վերափոխման տոնը կատարում ենք Օգոստոսի 15-ի մոտակա Կիրակի օրը՝ ըստ Հայկական տոնացույցի։ Լատինները տոնում են հենց Օգոստոսի 15-ին, շաբաթվա ի՛նչ օր էլ որ պատահի։

 

132. – Մարիամը Հիսուսի իրակա՞ն մայրն է:

– Այո՛, Աստված մարդանալով՝ ուզեց մարդկային որևէ էակի նման ծնվել, իննը ամիս զարգանալով Մարիամի արգանդում, ապա բնական ծնունդով ծնվելով մեր բոլորիս նման, պահպանելով հանդերձ Մարիամի կուսական անարատությունը:

 

133. – Աստծո մարդեղության գործում Մարիամն ի՞նչ արժանիք ունի:

– Անգնահատելի է Մարիամի արժանիքը: Աստված մարդանալով՝ կամեցավ նախ ստանալ Մարիամի համաձայնությունը՝ լինելու Իր Մայրը, քանի որ մարդկության փրկությունը, լինելով սիրո գործ, չէր կարող կատարվել խախտելով մարդու ազատությունը: Մարիամը տվեց իր համաձայնությունը, ավետաբեր Գաբրիել հրեշտակին պատասխանելով իր «Եղիցի՛»ն, այսինքն՝ «Թող քո ասածի համաձայն լինի», թեև հասկանում էր, թե դա որքան տառապանք էր պատճառելու իրեն: Ուստի, Մարիամը ակտիվ մասնակցություն ունեցավ Փրկագործությանը:

 

134. – Ինչո՞ւ ենք ասում, որ Մարիամը նաև մեր Մայրն է:

– Խաչի վրա գամված, երբ արդեն մոտ էր հոգին ավանդելու, Հիսուսն Իր խոսքն ուղղեց այդտեղ ներկա Հովհաննես Առաքյալին, ասելով. «Ահա՛ քո Մայրը», իսկ Մարիամին դիմելով՝ ասաց. «Ահա՛ քո որդին»: Քրիստոնեական ավանդությունն այս խոսքերը միշտ մեկնաբանել է այն իմաստով, որ դրանք ուղղված են Քրիստոսի բոլոր աշակերտներին, այսինքն՝ մեզնից յուրաքանչյուրիս: Քրիստոսն Ինքը մեզ և մեր հոգևոր կյանքը հանձնել է Մարիամի մայրական հոգատարությանը։ Փրկագործությամբ՝ Հիսուսը եղավ Նոր Ադամ, որին պատվաստվելով մենք բոլորս էլ հոգեպես նորոգվում ենք, իսկ Մարիամը ներկայանում է որպես Նոր Եվա, այսինքն՝ հավիտենական Կյանքն ունեցողների Մայրը:

 

135. – Սուրբ Աստվածածինն իբրև Մայր ի՞նչ է անում մեր համար:

– Մինչ Հիսուսը մեր միակ Միջնորդն է Հայր Աստծո առաջ, Սուրբ Աստվածածինը մեր գլխավոր բարեխոսն է Հիսուս Փրկչի առաջ: Մարիամի արժանիքներով մենք բազմաթիվ ու բազմատեսակ շնորհներ ենք ստանում և բազմաթիվ մեղավորներ ու անհավատներ ու այլահավատներ են դարձի գալիս, և չկա մի մարդ, ում հանդեպ նա մայրական անսահման սեր չունենա։

 

136. – Ի՞նչ կարող ենք անել մենք իբրև Մարիամի հոգևոր զավակներ:

– Նախևառաջ՝ նմանվել իր կյանքին ու առաքինություններին, հատկապես՝ խոնարհությանը և Աստծո հանդեպ անվերապահ վստահությանը: Իսկ ապա, կարող ենք միշտ խոսել իր հետ, կիսվել իր հետ մեր մտահոգություններով, խնդրել, որ իր մայրական հովանին միշտ մեր ու մեր սիրելիների վրա լինի, և միշտ վայելենք իր մայրական սերն ու գորովը:

 

137. – Ի՞նչ մասնավոր օգուտ ունի Աստվածամոր հանդեպ ջերմեռանդությունը:

– Աստվածաշունչ Մատյանը վկայում է, որ Եվայի սերնդից ծնված Կինը (իր Որդու հետ միասին և Որդու զորությամբ) կոխոտելու է սատանա-օձի գլուխը։ Աստվածածնից սարսափում են դևերը, և ուր Մարիամը ներկա է, այնտեղ ծաղկում են ուղղադավան Հավատքն ու բոլոր աստվածահաճո Առաքինությունները, և ընդհակառակը՝ որտեղ մերժված է Մարիամի ներկայությունը, այնտեղ գտնվում են բազմաթիվ սխալներ ու շեղումներ և՛ տեսական, և՛ գործնական հարթությունների վրա: Մարիամը ճշմարիտ քրիստոնյայի պատկերն է, Ընդհանրական Եկեղեցու փարոսը, որից անստվերախառն ճառագում է Քրիստոսի լույսը: Այդ փարոսի ուղղությամբ շարժվել՝ նշանակում է անշեղ ընթանալ դեպի Աստծո Արքայություն:

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ինչպիսի՞ հատուկ շնորհներ է ստացել Աստվածածինը Աստծուց:
– Ի՞նչ են դրանք նշանակում։
– Աստծո մարդեղության գործում Մարիամն ի՞նչ արժանիք ունեցավ:
– Ինչո՞ւ ենք ասում, որ Մարիամը նաև մեր Մայրն է: Նա մեր համար ի՞նչ է անում:
– Ի՞նչ կարող ենք անել մենք որպես Աստվածածնի հոգևոր զավակներ։
– Մասնավոր ի՞նչ օգուտ ունի Աստվածամոր հանդեպ ջերմեռանդությունը։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։