Բ. – Առաջին, երկրորդ և երրորդ պատվիրանները – Գրադարան – Mashtoz.org

Բ. – Առաջին, երկրորդ և երրորդ պատվիրանները

242. – Առաջին երեք պատվիրաններն ինչի՞ մասին են:

– Առաջին երեք պատվիրանները խոսում են Աստծո հանդեպ ունեցած մեր պարտականությունների մասին։

 

243. – Ի՞նչ է հանձնարարում Առաջին Պատվիրանը:

– Առաջին Պատվիրանը հանձնարարում է պաշտել միայն Աստծուն և արգելում է կռապաշտությունն ու սնահավատությունները։

 

244. – Ի՞նչ է նշանակում «միայն Աստծուն պաշտել»:

– Միայն Աստծուն պաշտել՝ նշանակում է. 1) Դավանել, որ Աստված բոլորի բացարձակ Տերն է, իսկ մենք Իր արարածներն ու հպատակներն ենք. և 2) Մեր հպատակությունն արտահայտել ներքին և արտաքին գործերով։

 

245. – Մեր հպատակությունը ներքին գործերով ինչպե՞ս ենք արտահայտում:

– Մեր հպատակությունը ներքին գործերով արտահայտում ենք՝ հավատալով Աստծո կողմից հայտնված ճշմարտություններին, հուսալով Իր նախախնամությանն ու շնորհներին, սիրելով Իրեն ամեն բանից առավել, և ապրելով՝ միշտ Աստծո ներկայությունը հիշելով։

 

246. – Մեր հպատակությունը արտաքին գործերով ինչպե՞ս ենք արտահայտում:

– Մեր հպատակությունը արտաքին գործերով արտահայտում ենք՝ կատարելով մեր կրոնական պարտականություններն ու աղոթքները, և Աստծո երկյուղն ունենալով մեր բոլոր գործերի մեջ։

 

247. – Ինչո՞ւ պիտի հարգենք նաև Երկնքի Սրբերին ու Հրեշտակներին:

– Երկնքի Սրբերին ու Հրեշտակներին, և մանավանդ՝ Աստվածամորը, մենք հարգում ենք, որովհետև Աստծո սերտ բարեկամներն ու հավատարմագույն գործակիցներն են, մեր ավագ եղբայրներն ու քույրերը, որ մեզնից առաջ արդեն հասել են Արքայություն, որտեղ բարեխոսում են Աստծո առաջ մեր համար և մեզ օգնում են դեպի Արքայությունն ուղղված մեր ընթացքի մեջ, որպեսզի մի օր միասին կազմենք Աստծո մեծ Ընտանիքը։

 

248. – Ի՞նչ է հանձնարարում Երկրորդ Պատվիրանը:

– Երկրորդ Պատվիրանը հրահանգում է հարգել Աստծուն մեր մտածումներում և խոսքերի մեջ, և արգելում է այն ամենը, ինչը որ Աստծո և սրբազան իրերի կամ անձերի դեմ հարգանքի պակաս է դրսևորում։

 

249. – Ինչպե՞ս կարող ենք հարգել Աստծուն մեր մտածումներում:

– Աստծուն մեր մտածումներում հարգում ենք, երբ անդրդվելի վստահություն ենք սնուցում Իր արդարության և բարության հանդեպ, նույնիսկ մեզ հակառակվող պարագաների մեջ։

 

250. – Ինչպե՞ս կարող ենք հարգել Աստծուն մեր խոսքերի մեջ:

– Աստծուն մեր խոսքերի մեջ հարգում ենք, երբ. 1) թե՛ Իր և թե՛ Իրեն նվիրված անձանց և սրբազան իրերի անունները թեթևամտությամբ ու առանց հարգանքի չենք հիշատակում. 2) սուտ, անօգուտ կամ վատ բաների համար վկա չենք կանչում, Աստծո կամ սրբազան իրականությունների անունով սուտ երդում չենք տալիս. 3) Աստծո և սրբությունների դեմ չենք պղծախոսում, խոսքով չենք անարգում կամ նախատում. 4) Աստծո պատկերով ստեղծված մարդու դեմ էլ չենք հայհոյում։

 

251. – Երրորդ Պատվիրանը մեզ ի՞նչ է հանձնարարում:

– Երրորդ Պատվիրանը հանձնարարում է շաբաթվա վեց օրերն աշխատել, իսկ յոթերորդ օրը՝ Կիրակին, սուրբ պահել, և արգելում է այն բոլոր ծառայական աշխատանքները, որոնք այդ օրն անհրաժեշտ չեն։

 

252. – Ի՞նչ է նշանակում Կիրակի օրը սուրբ պահել:

– Նշանակում է, որ այդ օրը ո՛չ միայն մեր հոգնած մարմնին պետք է հանգստանալու հնարավորություն տանք, այլև մասնավորապես՝ նվիրվենք հոգևոր իրականություններին ու մարդկային հարաբերություններին։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Առաջին երեք պատվիրաններն ինչի՞ մասին են։
– Ի՞նչ է հանձնարարում Առաջին Պատվիրանը։
– Աստծո հանդեպ հպատակությունն ինչպե՞ս ենք արտահայտում:
– Ինչո՞ւ պիտի հարգենք նաև Երկնքի Սրբերին ու Հրեշտակներին:
– Ի՞նչ է հանձնարարում Երկրորդ Պատվիրանը։
– Ինչպե՞ս կարող ենք հարգել Աստծուն մեր մտածումներում և մեր խոսքերի մեջ:
– Ի՞նչ է հանձնարարում Երրորդ Պատվիրանը:
– Ի՞նչ է նշանակում Կիրակի օրը սուրբ պահել:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։