ԺԵ. – Դժոխք, Քավարան, Արքայություն – Գրադարան – Mashtoz.org

ԺԵ. – Դժոխք, Քավարան, Արքայություն

200. – Ի՞նչ է դժոխքը և ի՞նչ է պատահում դժոխքի դատապարտվածներին:

– Դժոխքը Աստծուց վերջնական կերպով բաժանվածության վիճակն է: Աստված սեր է, բարություն, լույս, երանություն, խաղաղություն և այն ամենալավը, որ կարող ենք մտածել ու ցանկանալ: Աստծուց բաժանվածները զրկվում են այս ամեն ինչից և իրենք իրենց, իրենց իսկ գործերի հետևանքով, իրենց ազատությամբ՝ ենթարկում են հավիտենական խավարին ու հուսահատությանը: Դա գերագույն տառապանքն է մարդու համար:

 

201. – Ո՞վ է դժոխք գնում:

– Բոլոր նրանք, ովքեր արհամարհում են Աստծո սերն ու պատվիրանները և մահացու մեղքեր են գործում (օրինակ, սպանում են, բռնություններ ու դաժանություններ են գործում, հարստահարում են աղքատներին, թույլերին զրկում են իրենց իրավունքներից, կողոպտում են անպաշտպան այրիներին ու որբերին, հասարակությունն ապականում են անարդարություններով ու կաշառակերությամբ, արդար դատաստան չեն անում, տարածում են կեղծիք ու կռապաշտություն, բարոյազրկում են պատանիներին, և նման ա՛յլ մեղքեր ու ոճիրներ):

 

202. – Մենք կարո՞ղ ենք ըմբռնել դժոխքի տանջանքների ծանրությունը:

– Ո՛չ, դժոխքի տանջանքների ծանրությունը մենք այժմ չենք կարող ըմբռնել, քանի որ այդ վիճակի միայն մեկ պահը շա՜տ ավելի ծանր է, քան աշխարհի բոլոր տանջանքները կրելը մեր երկրային ողջ կյանքի ընթացքում:

 

203. – Դժոխքի մասին հաճախ ասվում է, որ դատապարտվածներն այրվում են բոցավառ կրակով: Դա մեր իմացած կրակի պե՞ս է:

– Ո՛չ, դա ընդամենը այլաբանական պատկեր է՝ արտահայտելու համար դժոխքի տանջանքների սոսկալիությունը: Դա նման է նրան, երբ ասում ենք «տենչանքից այրվել», «կարոտից տոչորվել», և նման արտահայտություններ: Դժոխքում հոգին ամենայն հստակությամբ տեսնելու է, թե հավիտենական ինչպիսի բարիքներից է զրկել ինքն իրեն, և ահա՛ այդ հուսահատ գիտակցությունն է, որ նրան սարսափելի այրելու է հավետ:

 

204. – Դժոխք են գնում միայն ոչ-քրիստոնյանե՞րը:

– Ո՛չ, նաև անհավատարիմ քրիստոնյաներն են դատապարտվում դժոխքի: Մանավանդ թե, Ավետարանում Քրիստոսն ասում է, որ Ճշմարտությունը ճանաչած մարդուց ավելի խիստ հաշիվ է պահանջվելու, որովհետև «ում շատ է տրված, նրանից շատ էլ պահանջվում է»:

 

205. – Հնարավո՞ր է դժոխքից ազատվել:

– Մահից հետո հնարավոր չէ: Դժոխքի դատապարտությունը վերջնական է ու անհետսկոչելի, որովհետև մահից հետո վերջանում է նաև մարդուն տրված ժամանակը: Դժոխքից հնարավոր է ազատվել միայն այս կյանքի ընթացքում, քանի դեռ ժամանակ կա, ապրելով Աստծո կողմից ուսուցանված առաքինի կյանքով, կամ, նվազագույն դեպքում, գոնե զղջալով և Աստծո ներումն ու ողորմությունը հայցելով:

 

206. – Հե՞շտ է դժոխքի դատապարտվելը:

– Ո՛չ, հեշտ չէ, որովհետև Աստված սիրում է մեզ և ամեն բան անում է մեզ դժոխքից ազատելու համար: Մեր խղճի ձայնով խոսում է մեր հոգուն և Իր շնորհի ներշնչումներով հորդորում է ապրել արդար կյանքով, իսկ եթե դժբախտությունն ենք ունեցել ինչ որ մի հարցում սխալվելու, ապա միշտ կանչում է զղջման, ուղղման ու ապաշխարանքի (հատուցման), քանի դեռ դրա ժամանակն ունենք: Միայն նրանք են դատապարտվում դժոխքի, ովքեր մինչև վերջ համառորեն արհամարհում են Աստծո ճշմարտություններն ու հայրական կանչը:

 

* * *

 

207. – Քավարանն ի՞նչ է:

– Մահից հետո ժամանակավոր տանջանքների վիճակ է, որի մեջ հոգիները քավում են իրենց մեղքերի ու դրանց պատիժների մնացորդները, որ չեն հասցրել քավել աշխարհի վրա։

 

208. – Ո՞վ է քավարան գնում:

– Բոլոր նրանք, ովքեր մահից առաջ զղջացել են իրենց մեղքերի համար, բայց չեն հասցրել հատուցել դրանց փոխարեն, այսինքն՝ արժանի են Արքայության, բայց դեռ բավականաչափ սուրբ չեն՝ այնտեղ մտնել կարողանալու համար:

 

209. – Ի՞նչ են անում քավարանում:

– Սիրո կարոտով տոչորվում են, գիտակցում են Արքայության երանությունը և անհամբեր բաղձանքով ձգտում են դրան, և սիրո ու միության այդ բաղձանքի հուրը այրում է նրանց թերությունները, ինչպես կրակն է մաքրում ոսկին, որպեսզի հոգու ամեն տեսակ ժանգից ազատվելով՝ կարողանան շուտով մտնել Արքայություն և լիուլի վայելել Աստծո հետ միությունը:

 

210. – Ինչքա՞ն ժամանակ են մնում քավարանում:

– Քավարանում կարող են մնալ ժամերով կամ մինչև իսկ հարյուրավոր տարիներով, չքաված մեղքերի ծանրության համեմատ։

 

211. – Այժմվանից կարո՞ղ ենք նվազեցնել քավարանի մեր տանջանքները:

– Այո՛, այս պահից իսկ սկսած կարող ենք նվազեցնել քավարանի մեր տանջանքները՝ զգուշանալով անգամ թեթև մեղքերից ու կամավոր թերություններից, ապաշխարելով մեր անցած մեղքերի փոխարեն, սիրով համբերելով կյանքի անխուսափելի նեղություններին, և մանավանդ՝ գործադրելով սիրո առաքինություններ, օգնության հասնելով մարմնավոր կամ հոգևոր կարիքավորներին։ Կարող ենք նույնիսկ Արքայություն գնալ առանց քավարանից անցնելու, եթե սրբությամբ ապրենք։

 

212. – Մենք կարո՞ղ ենք օգնել քավարանում գտնվող հոգիներին, մանավանդ մեր հարազատներին:

– Այո՛, Աստված Իր անսահման բարությամբ կամեցել է, որ մենք մասնակցենք մեր եղբայրների ու քույրերի փրկության գործին: Ամենաառաջին բանը, որ կարող ենք անել քավարանի հոգիների համար, դա նրանց համար աղոթելն է, մանավանդ նրանց համար Սուրբ Պատարագ և Հոգեհանգիստ մատուցել տալով քահանային (Հոգեհանգիստը հենց ա՛յս նպատակով էլ կատարվում է), բայց մենք ինքներս էլ աղոթելով նրանց համար՝ եկեղեցում, որևէ վայրում կամ մանավանդ իրենց գերեզմանի վրա: Եվ կա Աստծուն շատ հաճելի ևս մի բան, որը կարող ենք անել հանգուցյալների համար. որևէ կերպ օգնության հասնել աղքատներին (լինեն դրանք ըստ մարմնի, թե ըստ հոգու աղքատներ) և տարբեր տեսակի բարի գործեր կատարել և այդ բարեգործությունների արժանիքները նվիրել Աստծուն ննջեցյալների հոգիների հանգստի ու խաղաղության համար։

 

213. – Պարտականություն ունե՞նք քավարանի հոգիներին օգնելու:

– Իրավական առումով ո՛չ, բայց բարոյական առումով եղբայրսիրության պարտք է քավարանի հոգիներին օգնելը, մանավանդ հարազատներին՝ իրենց համար Սուրբ Պատարագ մատուցել տալով, աղոթելով, ողորմության և ապաշխարության գործեր անելով։

 

214. – Այդ բարի գործերը ննջեցյալների համար կատարելը միայն իրե՞նց է օգտակար, թե՞ նաև մեզ:

– Եկեղեցու Սուրբ Հայրերը մի գեղեցիկ պատկերով են պատասխանում այս հարցին. ով իր ձեռքերի մեջ անուշաբույր օծանելիք է վերցնում՝ ուրիշի գլուխը դրանով օծելու համար, իր ձեռքերն էլ են օծվում և ինքն էլ է մասնակից դառնում այդ անուշաբույր օծմանը: Ննջեցյալների համար աղոթքը և բարեգործությունները օգնում են նրանց, բայց Աստծո անսահման ողորմությամբ ու բարեգթությամբ՝ օգտակար են լինում նաև մեզ և ամբողջ Եկեղեցուն:

 

* * *

 

215. – Արքայությունն ի՞նչ է:

– Արքայությունը դա լիակատար միությունն է Աստծո հետ, ով գերագույն Կյանքն է ու Երանությունը: Աստծո հետ լիակատար միությունը նշանակում է ապրել Աստծո հետ, տեսնել Նրան դեմ առ դեմ և վայելել Նրա հավիտենական անսպառ ու անսահման երանությունը:

 

216. – Ովքե՞ր են այնտեղ գնում:

– Արքայությանը արժանանում են նրանք, ովքեր իրենց կյանքի ընթացքում հետևում են Աստծո պատվիրաններին, ապրում են արդար ու ճշմարտասեր կյանքով, իսկ եթե դժբախտությունն են ունենում ինչ որ մի հարցում սխալվելու, ապա շտապում են ուղղվել, զղջալ և Աստծո ներումը հայցել ու հատուցել սխալի փոխարեն:

 

217. – Ի՞նչ են անում Արքայության մեջ:

– Չենք կարող հստակ կերպով ասել, թե հոգիներն ի՛նչ են անում Աստծո Արքայության մեջ: Կարող ենք միայն ասել, որ Աստծո հետ միության մեջ վայելում են կատարյալ հանգիստն ու երանությունը, որին մարդկային սիրտը ձգտում է ծնված օրվանից ի վեր: Աստվածաշունչը գեղեցիկ կերպով համառոտում է այս գաղափարը. «Այն, ինչը որ երբեք չենք տեսել. այն, ինչը որ երբեք չենք լսել. այն, ինչը որ երբեք չի անցել մարդու մտքով. ա՛յն է պատրաստել Աստված Իր ընտրյալների համար»: Արքայության մեջ մարդու բոլոր բարի ու սուրբ փափաքները գտնելու են իրենց կատարյալ գոհացումը:

 

218. – Արքայության վայելքը բոլորի համար հավասա՞ր է:

– Ո՛չ, Արքայության վայելքը համեմատական է յուրքանչյուր հոգու՝ աշխարհի վրա գործած բարիքներին և ստացած արժանիքներին, բայց բոլորն էլ հավասարապես գոհ են լինելու իրենց վիճակից: Սրբերը այս պատկերավոր բացատրությունն էին տալիս. պատկերացնենք մի քանի ապակե անոթներ, որոնք տարբեր տարողություն ունեն, բայց բոլորն էլ բերնեբերան լցվել են ջրով: Եթե հարց ուղղենք նրանց տարողության վերաբերյալ, կարող ենք տարբեր պատասխաններ տալ, ասելով, որ նրանցից մեկը 10 լիտր ջուր ունի իր մեջ, մյուսը՝ 5, մեկ ուրիշը՝ 1, կամ մինչև իսկ՝ 0,5 լիտր: Բայց եթե հարցնենք, թե նրանցից ո՞ր մեկն է ավելի լիքը, պատասխանը նույնը կլինի. բոլորն էլ բերնեբերան լիքն են: Նույնն է նաև մարդկային հոգիների պարագան. աշխարհի վրա անցկացված կյանքի ընթացքում բարեգործությունները ծառայում են մարդու սիրտն ու հոգին ընդարձակելու, այն ավելի տարողունակ դարձնելու, որպեսզի Աստծո հետ հանդիպման պահին հնարավորինս առավելագույն չափով իրենց մեջ կարողանան ընդունել Աստծո երանությունը: Բայց Արքայություն մտած ամեն ոք երանելի է լինելու, այն առավելագույն չափով, որին ինքն ընդունակ է դարձել իր իսկ կամքով, իր երկրային կյանքի ժամանակ կատարած իր ազատ ընտրությունների հետևանքով:

 

219. – Սրբերի փառքը կարո՞ղ է ավելանալ Արքայության մեջ:

– Փառքի ու երանության էական մասը՝ ո՛չ: Բայց կարող են հավելյալ՝ պատահական, դիպվածական ուրախություններ ունենալ, օրինակ՝ երբ մի մեղավոր դարձի է գալիս ու փրկության ճանապարհը բռնում, մանավանդ՝ եթե խոսքը իրենց հարազատներից մեկի մասին է, կամ երբ Եկեղեցին նրանց պատվում է ու հիշատակում, կամ նրանց բարեխոսությունը, գործերը, օրինակները, գրությունները աշխարհի վրա պատճառ են դառնում բարի գործերի, մեղավորների դարձի և հոգիների փրկության համար:

 

220. – Հոգին Արքայություն մտնելով վերջանո՞ւմ է մարդու փրկության գործը:

– Ո՛չ, Աստված փրկիչն է ո՛չ միայն հոգու, այլ՝ ամբողջ մարդու, ուստի նաև մարմնի: Աստված փրկություն և կատարյալ փառք ու երանություն է խոստացել նաև մեր մարմնին:

 

221. – Ինչպե՞ս:

– Քրիստոսի հարությամբ, համբարձմամբ և Հայր Աստծո աջ կողմում բազմելով՝ Աստված մեզ տվել է խոստումը և հաստատուն հույսը, որ մեր մարմիններին նույնպես հարություն է տալու Վերջին Դատաստանի օրը, որպեսզի մենք որպես կատարյալ մարդ՝ մարմնի և հոգու միությամբ, վայելենք Արքայության փառքն ու երանությունը հավիտյանս հավիտենից:

 

222. – Հնարավո՞ր է դա:

– Աստծո համար անհնարին բան չկա: Նա, Ով ամեն բան ստեղծեց ոչնչից, կարող է նաև վերստեղծել և վերակենդանացնել այն, ինչն արդեն գոյություն ուներ:

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ի՞նչ է դժոխքը, ո՞վ է այնտեղ գնում և ի՞նչ է նրան պատահում դժոխքում:
– Հե՞շտ է դժոխքի դատապարտվելը:
– Քավարանն ի՞նչ է, ո՞վ է այնտեղ գնում և ի՞նչ է այնտեղ անում:
– Այժմվանից կարո՞ղ ենք նվազեցնել քավարանի մեր տանջանքները:
– Մենք կարո՞ղ ենք օգնել քավարանում գտնվող հոգիներին, մանավանդ մեր հարազատներին:
– Այդ բարի գործերը ննջեցյալների համար կատարելը միայն իրե՞նց է օգտակար, թե՞ նաև մեզ:
– Արքայությունն ի՞նչ է, ո՞վ է այնտեղ գնում և ի՞նչ են այնտեղ անում:
– Արքայության փառքն ու վայելքը բոլորի համար հավասա՞ր են:
– Հոգին Արքայություն մտնելով վերջանո՞ւմ է մարդու փրկության գործը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։