ԺԴ. – Ծես և Ծիսական գրքեր – Գրադարան – Mashtoz.org

ԺԴ. – Ծես և Ծիսական գրքեր

588. – Ի՞նչ է աստվածային պաշտամունքը:

– Ինչպես անհատը, այնպես էլ հասարակությունը և ողջ մարդկությունն Աստծո գործն է և Նրան ծառայելու համար է ստեղծվել, ուստի հասարակությունն էլ պարտականությունն ունի հավաքական ու հրապարակային աղոթքներով պաշտելու Աստծուն և իր հպատակությունն այդպես արտահայտելու։ Երբ այդ աղոթքները պաշտոնապես կատարվում են եկեղեցական մասնակցությամբ, դա կոչվում է Աստվածային Պաշտամունք։

 

589. – Ի՞նչ է ծեսը:

– Ծես են կոչվում հասարակական պաշտամունքի համար կանոն դարձած և Եկեղեցու կողմից հաստատված ու վավերացված աղոթքներն ու արարողությունները, դրանց կարգը։

 

590. – Ծեսն ինչո՞ւ է կարևոր:

– Ծեսը կարևոր է կարգ ու միաձևություն ապահովելու և վայելչություն հաղորդելու համար աստվածային պաշտամունքներին, ինչպես նաև շարժելու համար մարդու ներքին ջերմեռանդությունը և միմյանց բարի օրինակ լինելու համար։

 

591. – Ծեսերի մեջ ո՞րն է էական մասը:

– Ծեսերի մեջ էական մասը Եկեղեցու Սուրբ Խորհուրդների նյութը և ձևն է, որոնք Քրիստոսի կողմից հաստատված լինելով՝ չեն կարող փոփոխվել։ Օրինակ, էական է Մկրտության խոսքերն ասելը, երբ ջուրը հեղվում է գլխի վրա կամ մկրտվողն ընկղմվում է ջրի մեջ։

 

592. – Ծեսերի մեջ երկրորդական մասերը որո՞նք են:

– Ծեսերի մեջ երկրորդական մասերն են հետզհետե Եկեղեցու կողմից հաստատված աղոթքներն ու շարժուձևերը՝ տեղի ու ժամանակի պահանջների համաձայն, որոնք կարող են նաև փոփոխվել. օրինակ՝ մկրտության ջուրը մկրտվողի գլխի՞ն հեղել, դեմքի՞ն ցողել, թե՞ ողջ մարմնով ջրի մեջ ընկղմել։

Եկեղեցու սկզբնական շրջանում, մանավանդ՝ հալածանքների ժամանակ, Մկրտության, Պատարագի, թաղման և ա՛յլ ծեսերը շատ պարզ են եղել: Հետագա դարերի ընթացքում է, որ հետզհետե ճոխացվել են նոր աղոթքներով ու արարողություններով։

 

593. – Որո՞նք են Արևելյան Եկեղեցու ծեսերը:

– Արևելյան Եկեղեցու գլխավոր ծեսերն են՝ Բյուզանդականը, Հայկականը, Ասորական կամ Քաղդեականը, Ղպտին, և այլն, որոնք գործածում են իրենց հին՝ դասական լեզուները։

 

594. – Հայկական ծեսը կազմողներն ովքե՞ր են եղել:

– Հայկական Ժամերգությունները կազմել են Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, Գյուտ Եպիսկոպոսը և Հովհան Մանդակունին, իսկ շարականների հարցում մեծ ներդրում ունի Ներսես Շնորհալին: Ա՛յլ թարգմանիչ վարդապետներ ու վանականներ ևս մասնակցել են այդ գործին, որ դարեր ու սերունդներ է տևել։ Սուրբ Պատարագի աղոթքների մեծամասնությունը Կոստանդնուպոլսո Հայրապետ Սբ. Հովհան Ոսկեբերանինն են, որոնց կցվել են նաև փոքր հավելումներ՝ մեր Սբ. Գրիգոր Լուսավորչի և ա՛յլ Հայրապետների կողմից հեղինակված աղոթքներից։

 

595. – Արևմտյան Եկեղեցու գլխավոր ծեսերը որո՞նք են:

– Արևմտյան Եկեղեցու գլխավոր ծեսերն են. 1) Հռոմեականը, որին հետևում են գրեթե բոլոր լատինները. 2) Ամբրոզյանը, որ կանոնակարգվել է Սբ. Ամբրոսիոսի կողմից (4րդ դար) և որին մինչև օրս հետևում է Միլանի եկեղեցին. 3) Մոզարաբական ծեսը, որ ծնունդ է առել Իսպանիայում 6րդ դարում, և տակավին գործածվում է Թոլեդոյի մի քանի համայնքներում. 4) Գաղղիական ծեսը, որ շատ նման էր արևելյան ծեսերին և գործածվում էր ներկայիս Ֆրանսիայի տարածքում, բայց այլևս չի գործածվում՝ իր տեղը զիջած լինելով Հռոմեականին։

 

596. – Որո՞նք են կոչվում Ծիսական գրքեր:

– Ծիսական են կոչվում այն գրքերը, որոնք պարունակում են աստվածային պաշտամունքների վերաբերյալ աղոթքներն ու արարողությունները: Դրանք են Պատարագամատույցը, Ժամագիրքը, Ժամակարգությունը, Մաշտոցը, Հայրապետական Մաշտոցը, Դպրության Կարգը, և այլն։

 

597. – Պատարագամատույցն ի՞նչ է պարունակում:

– Պատարագամատույցը, որը նաև Խորհրդատետր է կոչվում, բաղկացած է երկու մասից.
1) Թիվ և ձայնավոր Պատարագների աղոթքներն ու արարողությունները, որոնք գրեթե անփոփոխ կերպով գործածվում են ամեն օր.
2) Աստվածաշնչյան Ընթերցվածների մասը, որը տարվա ամեն օրվա համար տարբեր կտորներ ունի կարդալու համար, թե՛ Հին Կտակարանից և թե՛ Նոր Կտակարանից։

 

598. – Ժամագիրքն ի՞նչ է պարունակում:

– Ժամագիրքը պարունակում է այն բոլոր աղոթքները, որոնք սարկավագներն ու քահանաները պարտավոր են ամեն օր ասել՝ միասին կամ առանձին, օրվա զանազան ժամերին։ Այդ ժամերը բաժանված են հետևյալ կերպ. Գիշերային ժամ, Առավոտյան ժամ, Արևագալի ժամ, Ճաշի ժամ, որ երեք բաժանում ունի (Երրորդ, Վեցերորդ և Իններոդ ժամերի), Երեկոյան ժամ, Խաղաղական ժամ, Հանգստյան ժամ։

 

599. – Ժամակարգությունն ի՞նչ է պարունակում:

– Ժամակարգությունը, որ ասվում է նաև Շարակնոց, պարունակում է.
1) այն բոլոր շարական կոչված երգերը, որ երգվում են Գիշերային, Առավոտյան և Երեկոյան ժամերին՝ հասարակաց ժամերգության ժամանակ:
2) տոների հատուկ արարողությունները, ընթերցվածներն ու սաղմոսները և Ավետարանները։
3) Ծիսական տարվա բաժանումներն ու ցուցմունքները՝ ժամանակի համեմատ կատարվելիք արարողությունների վերաբերյալ։

 

600. – Մաշտոցն ի՞նչ է պարունակում:

– Մաշտոցը պարունակում է Սուրբ Խորհուրդները (Մկրտություն, Սուրբ Պատարագ և այլն) և Խորհրդանմանները (հուղարկավորություն, զանազան օրհնություններ և այլն) մատակարարելու ծեսերը։

 

601. – Ի՞նչ է պարունակում Հայրապետական Մաշտոցը:

– Հայրապետական Մաշտոցը հատուկ է Եպիսկոպոսներին և պարունակում է Սարկավագ, Քահանա և Եպիսկոպոս ձեռնադրելու և օծելու արարողությունները, ինչպես նաև եկեղեցի, խորան օծելու, մեռոն և սրբազան սպասք օրհնելու աղոթքները։

 

602. – Ի՞նչ է Դպրության գիրքը:

– Դպրության գիրքը ծիսական գրքերի մեջ ամենից փոքրն է և պարունակում է. 1) ձայնավոր Պատարագի երգերը, որ երգում են դպիրները. 2) շարականները, որ երգվում են Ավետարանից առաջ և մեծ տոների նախատոնակներին (Ծնունդ, Զատիկ և այլն). 3) ննջեցյալների համար երգված հանգստյան շարականները։

 

603. – Ծեսերի մեջ ի՞նչ լեզու է գործածվում:

– Հին ժամանակներից սկսած, ծեսի մեջ սկսեց գործածվել այն ժողովրդի լեզուն, ուր առաջին անգամ Քրիստոնեությունը մուտք գործեց. այսպես, հայերի մեջ՝ գրաբար հին հայերենը, Անտիոքի և Ալեքսանդրայի մեջ և ուրիշ տեղեր էլ՝ հունարենը, Եվրոպայում՝ լատիներենը, և այլն։ Այս լեզուները դարերի ընթացքում Եկեղեցու կողմից հաստատվեցին որպես ծիսական պաշտոնական լեզուներ։ Այսօր, սակայն, Եկեղեցիներից ոմանք փոխել են ծիսական լեզուն և հարմարեցրել են տվյալ երկրի աշխարհաբար լեզվին. օրինակ, Եվրոպայում այլևս չի գործածվում լատիներենը, այլ՝ իտալերենը, գերմաներենը, ֆրանսերենը, իսպաներենը և այլն, ըստ համապատասխան երկրների կամ համայնքների: Ա՛յլ Եկեղեցիներ, մինչդեռ, ինչպես օրինակ Հայկականը, տակավին պահպանում են դասական լեզվի գործածումը:

 

604. – Ծեսի մեջ երգն ի՞նչ տեղ ունի:

– Երգը հոգևոր կամ աստվածաբանական իմաստով էական չէ, այլ՝ ծեսի մեջ ներառվել է ուշադրությունն արթուն պահելու համար և արարողություններին առավել վայելչություն հաղորդելու նպատակով։ Հին Կտակարանից գիտենք, որ Դավիթ մարգարեն իր սաղմոսները երգում էր տավղի կամ ա՛յլ գործիքների նվագակցությամբ, և դա սովորություն էր դարձել նաև քրիստոնեական առաջին համայնքների մոտ: Դարերի ընթացքում, ապա, ամեն ազգի մեջ հորինվեցին նաև նոր սրբազան երգեր ու մեղեդիներ, և թոյլատրվեց ընկերակցել աղոթքը նաև նվագարաններով, ըստ յուրաքանչյուր Եկեղեցու սովորույթի ու տվյալ դարաշրջանի ընկալումների: Եկեղեցական ծեսերի ժամանակ ամենագործածված երաժշտական գործիքը երգեհոնն է:

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ծեսերի մեջ որո՞նք են էական և երկրորդական մասերը։
– Որո՞նք են ծիսական գրքերը և ի՞նչ են դրանք պարունակում։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։