Բ. – Մկրտություն – Գրադարան – Mashtoz.org

Բ. – Մկրտություն

423. – Քրիստոսն ինչպե՞ս հաստատեց Մկրտությունը:

– Քրիստոսը Մկրտության խորհուրդը հաստատեց՝ առաքյալներին հրամայելով. «Գնացե՛ք, քարոզեցե՛ք բոլոր ազգերին և մկրտեցե՛ք նրանց հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու»։

 

424. – Մկրտությունը կարևո՞ր է:

– Նրան, ում հասնում է Ավետարանի քարոզը իրեն հասկանալի կերպով և ինքը տեսնում է դրա ճշմարտացի լինելը, Մկրտությունն անհրաժեշտ է փրկվելու համար, քանի որ Հիսուսն ասաց. «Ով որ չի հավատում և չի մկրտվում, դատապարտվում է»։

 

425. – Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով անհնարին է մկրտվելը:

– Երբ ջրով մկրտվելն ինչ-ինչ պատճառներով անհնարին է, փրկվելու համար բավական են նաև Փափագի մկրտությունը և Արյան մկրտությունը։

 

426. – Փափագի և Արյան մկրտություններն ի՞նչ են:

– Փափագի մկրտությունն այն է, երբ տվյալ անձը անկեղծ սրտով հավատացել է Քրիստոսի Ավետարանին, կատարյալ զղջմամբ զղջացել է իր մեղքերի համար և ունի մկրտվելու անկեղծ փափագը, բայց իր կամքից լիովին անկախ հանգամանքների բերումով չի կարողանում մկրտվել մինչև իր բնական մահվան պահը: Իսկ Արյան մկրտությունն այն է, երբ տվյալ անձը դարձի է գալիս Քրիստոսի Հավատքին, բայց դեռ չմկրտված՝ Հավատքի կամ Առաքինության պատճառով մարտիրոսանում է՝ Քրիստոսի թշնամիների կողմից չարչարվելով ու սպանվելով։

 

427. – Ո՞րն է մկրտության նյութն ու ձևը:

– Մկրտության նյութն է բնական ջուրը, իսկ ձևը այս խոսքերն են. «Ծառայս Աստուծոյ ... մկրտի ի ձեռն իմ յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, ամէն »։ Աշխարհաբար. «Աստծո այս ծառան՝ (մկրտվողի անունը), իմ ձեռամբ մկրտվում է Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով»:

 

428. – Ո՞վ է Մկրտության պաշտոնյան:

– Սովորական իրավիճակներում Մկրտության պաշտոնյան քահանան է:

 

429. – Իսկ սովորականից դուրս իրավիճակներո՞ւմ:

– Արտասովոր դեպքերում որևէ անձ կարող է մկրտել՝ առանց հարակից ծիսական արարողությունները կատարելու։ Օրինակ, երբ մի նորածին մանուկ կամ ա՛յլ չմկրտված անձ մահանալու վտանգի մեջ է գտնվում և քահանան չի կարող ժամանակին հասնել, արդեն մկրտված և քրիստոնյա որևէ մեկը կարող է մկրտել՝ մի քիչ ջուր գլխին հեղելով և միաժամանակ մկրտության բանաձևն արտասանելով։ Եթե խիստ արտասովոր իրավիճակն այնպիսին է, որ ա՛յլ մկրտված անձ չկա, նաև չմկրտված և քրիստոնյա չհանդիսացող մեկը կարող է մկրտել, պայմանով, որ մկրտության բանաձևն արտասանելուց առաջ ասի, որ իր նպատակն է կատարել դա «ըստ Եկեղեցու հավատքի ու դիտավորության», այսինքն՝ որ կամենում է անել այն, ինչը որ Եկեղեցին է անում, և այն հավատքի համաձայն, որը Եկեղեցին է դավանում: Անապատում գտնվելու և ջրի իսպառ բացակայության դեպքում, եթե անձը մահվան ծայրաստիճան վտանգի մեջ է, Մկրտությունը կարող է կատարվել ավազով:

 

430. – Մկրտությունն ի՞նչ շնորհ է տալիս:

– Մկրտությունը, Մեռյալների խորհուրդ լինելով. 1) ջնջում է Սկզբնական կամ Ադամական կոչվող մեղքը և տվյալ անձի մինչ այդ գործած ներգործական մեղքերն էլ, եթե կան, և դրանց պատիժները, այնպես՝ որ Մկրտությունից անմիջապես հետո մահացողն ուղղակի Արքայություն է գնում. 2) տալիս է սրբարար շնորհ և Սուրբ Հոգու պարգևները, որոնց նպատակն է զորացնել մեզ Աստծո պատվիրանների պահպանման գործում. 3) անջնջելի կնիք է դրոշմում հոգու վրա որպես նշան, որ հավիտենապես Քրիստոսին ենք պատկանում, քրիստոնյա ենք, Աստծո որդեգիրը։

 

431. – Մկրտությամբ ի՞նչ իրավունքներ ենք ստանում:

– Մկրտությամբ Աստծո որդի և Եկեղեցու անդամ ենք դառնում, և իրավունք ենք ստանում Աստծո որդիներին հատուկ բոլոր շնորհներն ընդունելու և Եկեղեցու մեջ գտնված բոլոր հոգևոր բարիքները վայելելու։ – Ով որ մկրտված չէ, զրկվում է այս կարևոր շնորհներից ու հոգևոր բարիքներից, և չի կարող ուրիշ որևէ մի խորհուրդ ընդունել, քանի որ Մկրտությունը Եկեղեցու և մյուս Սուրբ Խորհուրդների դուռն է։

 

432. – Մկրտվողն Աստծուն ի՞նչ է խոստանում:

– Մկրտվողն Աստծուն խոստանում է Եկեղեցու և Հավատքի մեջ ապրել ու մահանալ, հրաժարվել սատանայից և նրա չար գործերից ու կամավոր մեղքերից։ – Օգտակար է, հետևաբար, ժամանակ առ ժամանակ նորոգել Մկրտության այս խոստումները, մանավանդ հանդիսավոր տոների կամ Առաջին Հաղորդության առիթով, և կամ կյանքի վտանգների մեջ հայտնվելիս։

 

433. – Մկրտվողին ինչո՞ւ է կնքահայր նշանակվում:

– Եկեղեցին կամենում է, որ մկրտվողին կնքահայր նշանակվի, որպեսզի կնքահայրը նրան օգնի քրիստոնեական վայել կրթություն ստանալ և Հավատքի ճշմարտությունները սովորել, մանավանդ երբ ծնողները չեն կարող դա անել: Եվ եթե մկրտվողը փոքրիկ է, նրա անունից կնքահայրն է ասում Աստծուն ուղղված մկրտության խոստումները։ Այս ամենից հետևում է, որ կնքահայրը չպետք է պատահական մեկը լինի, որին այդ պաշտոնը տրվում է սոսկ իբրև հարգանքի նշան, այլ՝ քրիստոնեական կյանքում հասուն ու գիտակից մեկը պետք է լինի: Իր պարտականությունները չկատարող կնքահայրը ծանրորեն մեղանչում է Աստծո առաջ:

 

434. – Աստված մկրտվողին ի՞նչ է խոստանում:

– Աստված մկրտվողին, որպես Իր ժառանգի, խոստանում է ամեն օգնություն և կարևոր շնորհներ՝ երկրի վրա սրբությամբ ապրելու համար, ինչպես նաև Երկնքի Արքայությունը, եթե մկրտվողն իր խոստումները պահի և շնորհաց վիճակի մեջ մահանա։ Մկրտությամբ Աստծո որդեգիրը դառնալով և Աստծո Սուրբ Հոգին ստանալով, մկրտվածը ստանում է Աստծուն իր Հայրն անվանելու անճառելիորեն մեծ շնորհն ու պատիվը:

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Քրիստոսն ինչպե՞ս հաստատեց Մկրտությունը: Այն կարևո՞ր է փրկվելու համար:
– Մկրտությունն ի՞նչ շնորհ է տալիս:
– Մկրտվողն ի՞նչ է խոստանում և Աստծո հանդեպ ի՞նչ պարտականություններ ունի։
– Ո՞վ կարող է կնքահայր լինել:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։