Զ. – Մարդեղության խորհուրդը – Գրադարան – Mashtoz.org

Զ. – Մարդեղության խորհուրդը

78. – Առաջին մեղքից հետո մարդն ընդմիշտ թշնամացա՞ծ մնաց Աստծո հետ:

– Ո՛չ, երբ մարդիկ զրկվեցին դրախտից, Աստված նրանց խոստացավ, որ ուղարկելու է Իր Որդուն, որպեսզի Նա հատուցում անի Աստծո արդարությանը, քավի մեր մեղքերը, մարդկությունը հաշտեցնի Աստծո հետ և ազատի դժոխքից։

 

79. – Մարդկության փրկությունն ինչո՞ւ պետք է Աստծո Որդին իրականացներ, մարդիկ իրենք չէի՞ն կարող սեփական ուժերով փրկվել:

– Ո՛չ, ոչ մի մարդ կարողությունը չունի ազատելու իրեն և մյուս մարդկանց մարդկության համընդհանուր անկյալ վիճակից, այնպես՝ ինչպես ճահճի մեջ թաղվածը չի կարող օգնության ձեռք մեկնել այդ նույն ճահճի մեջ իր հետ միասին թաղվածներին, այլ՝ հարկավոր է, որ դրսից օգնության ձեռք մեկնվի նրանց բոլորին միաժամանակ: Այդ «դրսից» օգնությունը մեզ միայն Աստծուց կարող էր տրվել:

 

80. – Որդի Աստված ինչպե՞ս աշխարհ եկավ։

– Որդի Աստված մարդացավ, այսինքն՝ մեր նման հոգի ու մարմին առավ Սուրբ Հոգու զորությամբ՝ Սուրբ Կույս Մարիամի արգանդում։

Այդ իրադարձության հիշատակը կատարում ենք Ավետման տոնի օրը (ըստ Հայկական տոնացույցի՝ Ապրիլի 7-ին, իսկ ըստ Լատինականի՝ Մարտի 25-ին)։

 

81. – Որդի Աստված որտե՞ղ ծնվեց:

– Հրեաստանի (կամ Հուդայի երկրի, Հռոմեական Կայսրության Սիրիա նահանգի Հուդեա մարզի) Բեթղեհեմ ավանում, և կոչվեց Հիսուս Քրիստոս։

 

82. – Այդ անունը ինչ որ մի բան նշանակո՞ւմ է:

– Այո՛, Հիսուս անունը եբրայեցերեն նշանակում է «Աստված փրկում է», իսկ Քրիստոս անունը հունարեն նշանակում է «Օծյալ», այսինքն՝ Աստծուց օծված առաջնորդ, թագավոր, մարգարե ու քահանա միասին (եբրայեցերեն՝ Մեսսիա):

 

83. – Հիսուսը ումի՞ց ծնվեց:

– Հիսուսը ծնվեց Սուրբ Կույս Մարիամից, այս պատճառով էլ Մարիամը կոչվում է Աստվածածին, Աստվածամայր կամ Տիրամայր։

Հիսուսի Սուրբ Ծնունդը տոնակատարվում է Հունվարի 6-ին ըստ Հայկական տոնացույցի, իսկ Լատինական տոնացույցի համաձայն՝ Դեկտեմբերի 25-ին։

 

84. – Այսինքն Նա Աստված է պարզապես մարդկային կերպարանքո՞վ:

– Ո՛չ, Նա ո՛չ միայն մարդկային կերպարանք վերցրեց, սոսկ երևութապես, այլ՝ Իր Անձի մեջ միմյանց միավորեց աստվածային և մարդկային բնությունները, առանց դրանք միմյանց խառնելու կամ շփոթելու, բայց և միմյանցից անբաժանելի ու անանջատելի կերպով։

 

85. – Այսինքն Հիսուս Քրիստոսը միաժամանակ մարդ է և Աստված:

– Այո՛, Հիսուս Քրիստոսը կատարյալ Աստված է և կատարյալ մարդ: Որպես Աստված՝ մեր Տերն է ու Արարիչը, որպես մարդ՝ մեր Եղբայրն է ու մեր Ընկերը։

 

86. – Հիսուսի հայրը ո՞վ է:

– Հիսուսի հայրը Հայր Աստված է միայն, իսկ մարդկության կողմից Նա հայր չունի։ Նրա մարմինը Մարիամի արգանդում արարվել է մի նոր արարչությամբ, այնպես՝ ինչպես սկզբում Աստված ստեղծել էր առաջին մարդուն՝ Ադամին: Դրա համար Հիսուսին կոչում ենք նաև Նոր Ադամ:

 

87. – Սուրբ Հովսեփն այդ դեպքում ո՞վ էր:

– Սուրբ Հովսեփը Հիսուսի մանկության պաշտպանն էր: Նա կոչվում է Հիսուսի հայրագիրը (հայրը ո՛չ թե կենսաբանական, այլ՝ միայն իրավական գետնի վրա)։

 

88. – Հիսուսն ինչպե՞ս ապրեց:

– Հիսուսը մինչև մոտ 30 տարեկանը արհեստավորի կյանք անցկացրեց Իր Մոր և Հովսեփի խնամքի ներքո: Իր երկրային կյանքի վերջին մոտ 3 տարիներն էլ Պաղեստինի մեջ շրջելով՝ Աստծո արքայությունը քարոզեց, և հրաշքներով հաստատեց, որ Ինքն Աստծուց ուղարկված այն Փրկիչը կամ Մեսսիան էր, ում մասին կանխավ ավետել էին մարգարեները։

 

89. – Հիսուսն ինչո՞ւ ցանկացավ աղքատ ապրել:

– Հիսուսն ընտրեց աղքատ (ավելորդություններից ազատ) ապրել՝ սովորեցնելու համար, որ մարդու ճշմարիտ հարստությունը հոգու կատարելությունների և առաքինության մեջ է, այլ ո՛չ թե սոսկ նյութական հարստության, աշխարհային իշխանության կամ սանձարձակ ցոփության մեջ, որոնք ոչինչ չեն տալիս մարդուն, այլ ընդհակառակը՝ զրկում են կյանքի իրական արժեքներից։

 

90. – Հիսուս Քրիստոսը մեզ ինչպե՞ս փրկեց:

– Իր անմեղ ու անարատ կյանքը Նա որպես կատարյալ զոհ մատուցեց Խաչի վրա, այդպիսով վճարելով մեր փրկագինը: Իր Արյան հեղմամբ Նա փրկեց մեզ մեղքից և շնորհեց մեզ ներումը: Ապա հարություն առավ մահից և տվեց մեզ մեր մարմինների փրկության հույսը: Նա այժմ էլ ողջ է և մեզ օգնում է դեպի Երկնքի Արքայությունն ուղղված մեր ճանապարհի մեջ:

 

91. – Ի՞նչ ենք հասկանում ասելով Սուրբ Ընտանիք:

– Սուրբ Ընտանիք ասելով հասկանում ենք Հիսուսին, Մարիամին և Հովսեփին:

 

92. – Ինչպե՞ս էր ապրում Սուրբ Ընտանիքը:

– Շատ պարզ և ոչ մի արտասովոր բանով աչքի չընկնող կյանքով: Հովսեփը ատաղձագործ էր և մեծ եռանդով ու աշխատասիրությամբ փայտե առարկաներ պատրաստելով վաստակում էր իրենց ապրուստի համար հարկավոր գումարը: Մարիամը անասելի սիրով ու խոնարհությամբ հոգում էր ընտանիքի կարիքները իրենց գյուղի որևէ կնոջ ու մոր նման, ճաշ էր պատրաստում, տուն մաքրում, լվացք անում: Մանուկ Հիսուսը նրանց հնազանդ էր և տարեցտարի մեծանալով՝ ամեն ինչում օգնում էր նրանց, հատկապես Հովսեփին իր աշխատանոցում:

 

93. – Ի՞նչ կարող ենք ուսանել Սուրբ Ընտանիքի կյանքի օրինակից:

– Երբ Աստված մարդացավ, քարոզչություն և հրաշագործություններ սկսելուց առաջ մոտ 30 տարի ուզեց ապրել մարդկային ամենազուսպ ու խոնարհ կյանքով, մեզ ցույց տալու համար մարդկային առողջ արժեքների ու աշխատանքի անգնահատելի արժեքը Աստծո առաջ: Ուստի այն, ինչ կարող ենք Սուրբ Ընտանիքից սովորել մենք բոլորս, դա սիրո եռանդով բորբոքված ու խանդավառված ապրելակերպն ու աշխատասիրությունն է, յուրաքանչյուրս մեր կյանքի տվյալ հանգրվանի համաձայն. երեխաները՝ ուսման և ծնողների նկատմամբ հնազանդություն ու հարգանք ցուցաբերելու մեջ. հասուն տղամարդիկ՝ աշխատանքի մեջ լրջության և իրենց ընտանիքի հանդեպ պատասխանատվության զգացումի, խնամքի ու հոգատարության մեջ. իսկ կանայք՝ իրենց ընտանիքի անդամների նկատմամբ անմնացորդ նվիրման, խնամքի, հոգատարության, սիրո ու գորովի ջերմությունը ընտանիքի ներսում ապահովելու մեջ:

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ինչո՞ւ մարդիկ չեն կարող փրկվել իրենց սեփական ուժերով։
– Ո՞վ է Հիսուս Քրիստոսը։
– Ի՞նչ է նշանակում Նրա Անունը:
– Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս ապրեց։ Ինչո՞ւ:
– Նա մեր փրկությունն ինչպե՞ս իրագործեց:
– Ինչպե՞ս էր ապրում Սուրբ Ընտանիքը և մենք ի՞նչ կարող ենք սովորել նրանից:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։