ԺԵ. – Խիղճ և քրիստոնեական կատարելություն – Գրադարան – Mashtoz.org

ԺԵ. – Խիղճ և քրիստոնեական կատարելություն

392. – Ի՞նչ է խիղճը:

– Խիղճը մտքի բնական լույսն է կամ մեր ներքին ձայնը, որով ըմբռնում ենք ու համոզվում, որ տվյալ գործը բարի՞ է, թե՞ չար, պե՞տք է այն անենք, թե՞ ո՛չ։ Աստծո դրած առաջին օրենքն է խիղճը, որին պետք է հետևի ամեն մարդ։

 

393. – Խիղճը կրթվելու կարիք ունի՞:

– Եթե մարդը ապրելիս լիներ բնականոն կերպով, Աստծո կողմից իրեն ի ծնե տրված բանական լույսը բավական կլիներ, որպեսզի խիղճը լսելի ձայնով առաջնորդեր իրեն։ Բայց ներկա պայմաններում, երբ մարդկությունն ապրում է մեղանչական համակարգերի կողմից խիստ պայմանավորված և փոքրուց ի վեր թունավորվում է արտաքուստ եկող ոչ-բնական ազդակներով (ընտանեկան սխալ դաստիարակություն, վատթար կրթություն դպրոցում կամ համալսարանում, չարամետ պրոպագանդա անաստված կառավարությունների կողմից, և այլն), խիղճն էլ շատ հաճախ գտնվում է տձևացած վիճակում և կարիքն ունի լուսավորվելու Աստծո շնորհով ու լույսով:

 

394. – Ուրեմն միշտ չէ, որ անհատի խիղճը ճիշտ ուղղու վրա է գտնվում:

– Ո՛չ, միշտ չէ, որ անհատի խիղճը ճիշտ ուղղու վրա է գտնվում, մանավանդ թե՝ երբեմն այն լիովին լռեցված վիճակում է գտնվում ոմանց մոտ, ինչի համար էլ այդպիսի մարդիկ կոչվում են «անխիղճ»: Ո՛չ որովհետև խիղճ չունեն, այլ՝ այնքան են թաղվել մեղքի ու սխալի մեջ, որ լիովին լռեցրել կամ խեղել են իրենց բնական խիղճը: Այդպիսիք կարիքն ունեն իրենց խիղճը համեմատության մեջ դնելու մարդկության համընդհանուր խղճի հետ, որովհետև որքան էլ որ անհատի խիղճը կարողանա խեղվել, անհնարին է, որ համամարդկային հարթության վրա գերակշռի ծուռ խղճի ձայնը: Ուստի, խղճի ձայնի մասին խոսելիս նախևառաջ հարկավոր է ի նկատի ունենալ համամարդկային խղճի ձայնը, որ կոչվում է նաև ողջմտություն (առողջ միտք, առողջ դատողություն):

 

395. – Ինչպե՞ս է հայտնվում խղճի ձայնը:

– Խղճի ձայնը հայտնվում է գործելուց առաջ և գործելու ժամանակ՝ քաջալերելով կամ զգուշացնելով մեզ: Հայտնվում է նաև գործելուց հետո՝ վարձատրելով սրտի գոհունակությամբ կամ պատժելով խղճի խայթով։

 

396. – Ո՞վ փափուկ խիղճ ունի:

– Փափուկ խիղճ ունի նա, ով զգում է ամենաթեթև հանցանքների և զանցառությունների ծանրությունը և զգուշանում է դրանցից։ Յուրահատուկ կերպով փափուկ խիղճ ունեն Սրբերը, որի օգնությամբ էլ հասնում են բարձր կատարելության։

 

397. – Ո՞վ բթացած խիղճ ունի:

– Բթացած խիղճ ունի նա, ով թեթև հանցանքներից չի զգուշանում, պարտավորությունները պատշաճ կերպով չի կատարում ու հազիվ է զգում ծանր մեղքը։ Նույնպես բթացած խիղճ ունեն նրանք, ովքեր անհոգ են մնում մեղքի վիճակի մեջ և շնորհի վիճակի մեջ ապրելու մտահոգություն չեն դրսևորում։

 

398. – Ուրիշ ի՞նչ վտանգավոր երևույթ կա խղճի հարցում, որից հարկավոր է զգուշանալ:

– Ինչպես բոլոր հարցերում, խղճի հարցում էլ կան երկու հակադիր ծայրահեղություններ, որոնք երկուսն էլ վնասակար են հոգևոր կյանքի համար: Եթե մի կողմից դա խղճի բթացումն է, մյուս կողմից էլ խղճի չափազանց գրգռված վիճակն է, որ կոչվում է խղճահարություն: Խղճահարությանը զոհ գնացած հոգին կորցնում է հոգու անդորրը՝ ամեն քայլափոխի միայն մեղք ու սխալներ տեսնելով, կորցնելով նաև կյանքի օրինավոր գեղեցկությունների ու հաճույքների համը, կամ օրինավոր իրավունքների կիրառումը՝ հանգստի, սննդի, ընկերային կյանքի, հոգևոր բնագավառի կամ ա՛յլ հարցերում: Խղճահարությունների դեպքում չափազանց կարևոր է հոգևոր հմուտ առաջնորդի առկայությունը և նրա առաջնորդության հանդեպ վստահասիրտ հնազանդությունը:

 

399. – Ի՞նչ պետք է անենք կատարյալ քրիստոնյա լինելու համար:

– Կատարյալ քրիստոնյա լինելու համար պետք է Քրիստոսին նմանվենք. այսինքն՝ Աստծո համար ապրենք, զգանք ու գործենք, և հատկապես՝ գործադրենք Աստծո ու մարդկանց հանդեպ սիրո առաքինությունը (մարդկանց՝ ներառյալ սեփական անձի նկատմամբ ուղիղ սերը)։

 

400. – Որո՞նք են սրբությամբ ապրելու ընդհանուր միջոցները:

– Սրբությամբ ապրելու ընդհանուր միջոցներն են. 1) հավատարիմ լինել խղճի ձայնին նաև փոքր թվացող բաների մեջ, ըստ Աստվածաշնչի վկայության և Եկեղեցու ուսուցման. 2) գերի չլինել քմահաճ փափագների, կրքերի, թեթևամտության, այլ՝ դրանք սանձել և մեր անձին տեր լինել. 3) ամեն բանի մեջ չափավոր լինել, մանավանդ՝ կերուխումի և խոսելու մեջ. 4) կարգ ու կանոն դնել և հետևել դրան մեր բոլոր գործերի մեջ. 5) հաճախակի աղոթել և խոստովանվել ու հաղորդվել. 6) ամեն օր գոնե մի քիչ հոգեշահ գրքեր կարդալ, առաջին հերթին Աստվածաշնչից և ի մասնավորի Ավետարաններից, ապա նաև Սրբերի վարքերից, կամ մտորել Հավատքի ճշմարտությունների շուրջ. 7) սիրել առանձնությունն ու լռությունը և ընդհանրապես հեռու մնալ աղմկալի ընկերություններից, գռեհիկ զվարճություններից ու դատարկ ժամանակ սպանելու սովորությունից։

 

401. – Քրիստոսն ուրիշ ի՞նչ միջոցներ է ուսուցանել կատարելության հասնելու համար:

– Քրիստոսը գլխավոր երեք միջոց սովորեցրեց կատարելության հասնելու համար. 1) կամքն ուրանալ՝ Եկեղեցու հնազանդության տակ ապրելով. 2) ամբողջական ողջախոհությամբ հրաժարվել մարմնի հաճույքներից. 3) կամավոր աղքատությամբ արհամարհել աշխարհի ավելորդ ճոխությունները։

 

402. – Քրիստոսի այս խորհուրդներին հետևողներն ի՞նչ են կոչվում:

– Կրոնավորներ կամ վանականներ են կոչվում, որ ապրում են վանքերի մեջ՝ վանահոր հանդեպ հնազանդության ներքո, կատարելով Հնազանդության, Ողջախոհության և Աղքատության կրոնավորական երեք Ուխտերը (երդումները)։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ի՞նչ է խիղճը և ինչպե՞ս է այն հայտնվում։
– Խիղճը կրթվելու կարիք ունի՞, և որո՞նք երկու ծայրահեղ չափազանցությունները, որոնց այն ենթարկվում է։
– Որո՞նք են սրբությամբ ապրելու ընդհանուր միջոցները:
– Քրիստոսն ուրիշ ի՞նչ միջոցներ է ուսուցանել կատարելության հասնելու համար:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։