Ե. – Զոհ և Պատարագ – Գրադարան – Mashtoz.org

Ե. – Զոհ և Պատարագ

453. – Ի՞նչ է զոհը:

– Զոհ է կոչվում այն ամեն ինչը (իր կամ կենդանի, կամ մարդկանց հետ կապված նյութական կամ ոչ-նյութական վայելքներ), որից ինքներս մեզ զրկում ենք հոժարությամբ և այն Աստծուն ենք ընծայաբերում՝ ճանաչելու համար Նրա գերիշխանությունը կյանքի ու մահվան վրա։

 

454. – Զոհն ինչպե՞ս է կատարվում:

– Զոհը, հասարակական պաշտամունքի գործ լինելով, միշտ կատարվում է կրոնական արարողությամբ և հասարակությունից ընտրված պաշտոնյայի ձեռքով։

 

455. – Մարդիկ բոլոր ժամանակներում զոհ մատուցե՞լ են:

– Մարդիկ բոլոր ժամանակներում զոհ մատուցել են Աստծուն, և մարդկության պատմության ամենավաղնջական վկայություններն իսկ փաստում են դա: Մարդկության պատմության սկզբից ի վեր մարդիկ զգացել են զոհ մատուցելու կարիքը՝ իրենց մեղքերը քավելու և Աստծո բարյացակամությունը հայցելու նպատակով։ Եվ որպեսզի զոհաբերված կենդանուն կրկին տեր չդառնային, սովորություն էին դարձրել զոհն այրել կամ տալ ուրիշների։

 

456. – Զոհն ի՞նչ նպատակներ կարող է հետապնդել:

– Զոհը ո՛չ միայն հարգանքի և երկրպագության ցուցադրում է, այլ նաև՝ կարելի է մատուցել մեղքերի քավության, շնորհակալության կամ խնդրանքի համար։

 

457. – Քրիստոսից առաջ հրեաների զոհերն ի՞նչ էին:

– Բոլոր ժողովրդների մեջ միայն հրեաների զոհերն էին, որ Աստծո կողմից էին հրամայված ու կանոնակարգված, բայց մեղքերը լիովին ջնջելու և մարդկանց սրբացնելու զորություն չունեին, քանի որ Քրիստոսի ճշմարիտ զոհի պատրաստությունն ու պատկերն էին միայն։

 

458. – Հիմա ինչո՞ւ են հին զոհերը դադարել:

– Քանի որ Աստծո արժանավոր միակ զոհը Քրիստոսն է, Իր գալստյամբ դադարել են մյուս բոլոր զոհերը, որոնք Իր գերագույն Զոհի նախապատրաստությունն էին, ինչպես երբ մի գործ կատարվում է, դրա պատրաստություններն այլևս դադարում են և որևէ արժեք չունեն։ Քրիստոնեական աշխարհում մյուս զոհերը փոխարինվել են մարդասիրական նվիրաբերումներով՝ օգնելու համար աղքատներին ու կարիքավորներին և այդպիսով կատարելու համար Սիրո քրիստոնեական պատվիրանը:

 

459. – Քրիստոսն ո՞ւմ կողմից զոհաբերվեց:

– Քրիստոսն, իբրև մարդկության Գլուխ և Քահանա, Ինքն Իրեն զոհաբերեց ամբողջ մարդկության անունից, բոլորիս մեղքերը քավելու և փրկության կարևոր շնորհները ստանալու նպատակով։

 

460. – Քրիստոսի զոհը մյուս զոհերից ինչո՞վ է տարբերվում:

– Մյուս զոհերից տարբերվում է նրանով, որ. 1) Իր զոհն անսահման արժեք ունի, քանի որ Ինքը միաժամանակ կատարյալ մարդ և կատարյալ Աստված լինելով, Իր չարչարանքների մեկ հառաչանքն անգամ և արյան նվազագույն մեկ մասնիկն անգամ ավելի արժեքավոր է, քան ամբողջ տիեզերքը միասին վերցված, այն մարդկային և միաժամանակ Աստվածային Զոհ է, և Ադամից սկսած մինչև աշխարհի վերջին մարդը միայն Իրենով կարող են փրկվել. 2) Խաչի վրա զոհաբերվողը և զոհագործող քահանան նույն Ինքն էր. Նա ուրիշի արյունը չէ, որ թափել է։

 

461. – Ի՞նչ է Սուրբ Պատարագը:

– Սուրբ Պատարագը Քրիստոսի խաչի վրա կատարած Զոհի իրական նորոգումն է հացի և գինու երևույթի տակ։

 

462. – Սուրբ Պատարագը Խաչի զոհից ի՞նչ տարբերություն ունի:

1) Խաչի զոհն արյան հեղմամբ էր, մինչդեռ Սուրբ Պատարագն անարյուն է (տեսանելի հարթության վրա): – 2) Խաչի վրա Քրիստոսն անձամբ Ինքն Իրեն զոհաբերեց, մինչդեռ Պատարագի ժամանակ Իր պաշտոնյայի անձով է գործում, թեև գլխավոր զոհընծայողը դարձյալ Ինքն է աներևույթ կերպով: – 3) Խաչի վրա անսպառ ու անհուն արժանիքներ շահեց, մինչդեռ Սուրբ Պատարագի ժամանակ նոր արժանիքներ չի շահում (անհնարին է Իր արդեն շահածից ավելին շահել, քանի որ աստվածային բոլոր շնորհները չէ միայն, որ շահել է, այլ՝ այդ շնորհների Ակունքն Ինքնին, որ է Սուրբ Հոգին), այլ՝ Պատարագի միջոցով դրանք բաշխում է դրանց կարոտ և արժանի հոգիներին (արժանի են նրանք, ովքեր սրտանց խոստովանում, դավանում և ընդունում են, որ կարոտ են Իր շնորհին)։ – 4) Սուրբ Պատարագը նաև Եկեղեցու ծիսական պաշտամունքը լինելով, ունի աղոթքների մի բաժին, որոնք ծառայում են նախ որպես պատրաստություն Քրիստոսի Զոհին, ապա որպես երախտագիտություն ու փառաբանություն՝ արդեն կատարված և ընդունված Զոհի համար: Այդ աղոթքների բաժինը փոփոխական է ըստ ծիսական սովորույթների, բայց բոլորն էլ ծառայում են միևնույն Խորհրդի կատարմանը:

 

463. – Պատարագն ո՞ւմ է մատուցվում:

– Պատարագը մատուցվում է Աստծուն՝ Ամենասուրբ Երրորդությանը, և միմիայն Աստծուն, որովհետև երկրպագության պաշտամունք է։

 

464. – Իսկ կարո՞ղ է նաև ինչ որ մեկի պատվին կամ ինչ որ ստույգ նպատակով մատուցել Պատարագը:

– Անշուշտ, Սուրբ Պատարագը կարող ենք մատուցել ի պատիվ և ի հիշատակ Սուրբ Աստվածածնի, Հրեշտակների կամ Սրբերի, ինչպես նաև՝ նրանց բարեխոսությունը կամ մասնավոր շնորհներ հայցելու համար, կամ արդեն ստացված շնորհների համար արժանի երախտագիտություն հայտնելու նպատակով։

 

465. – Պատարագի հոգևոր արդյունքները ո՞ւմ կարող ենք հատկացնել:

– Պատարագի հոգևոր արդյունքները կարող ենք հատկացնել ինքներս մեզ կամ մեր հարազատներին՝ մեր ծնողներին, զավակներին, ընտանիքի անդամներին, ընկերներին ու բարեկամներին, մեր ննջեցյալների հոգու հանգստյանը և ընդհանրապես քավարանի հոգիներին: Քրիստոնեական կատարյալ սիրո դրսևորում է՝ հատկացնել մեր աղոթքների և Սուրբ Պատարագի հոգևոր արդյունքները նաև ուրիշ անձանց, օրինակ՝ հոգեպես կամ մարմնապես կարիքավոր անծանոթներին, որոնց մասին լսել ենք, հոգեվարքի մեջ գտնվողներին, ծանր ու ակնհայտ կերպով մեղավորներին, անհավատներին ու այլահավատներին, և այլն։ Միակ դասակարգը, որի համար չենք կարող աղոթել և Սուրբ Պատարագ մատուցել, դա դժոխքի հոգիներն են, այսինքն՝ սատանան ու իր դևերը, և բոլոր այն մարդիկ, ովքեր մահացել են որպես Քրիստոսի ու կյանքի բացահայտ թշնամիներ:

 

466. – Որո՞նք են Պատարագի գլխավոր մասերը:

– Հիմնականում Սուրբ Պատարագի արարողությունը բաժանվում է երկու մասի. Խոսքի Պաշտամունքը, որի ժամանակ կատարվում են ընթերցումներ Աստվածաշնչից և քրիստոնյաները սնվում են Աստծո խոսքով. և Բուն Պատարագը, որի ժամանակ կատարվում է Ամենասուրբ Հաղորդության խորհուրդը և քրիստոնյաները սնվում են Աստծո մարմնով ու արյամբ:

Բուն Պատարագի գլխավոր մասերը երեքն են. 1) Վերաբերում (քահանան հացն ու գինին օրհնելով՝ դրանք ընծայում է Աստծուն). 2) Սրբագործում (Քրիստոսի խոսքերի արտասանությամբ հացը և գինին փոխակերպվում են Հիսուսի մարմնին ու արյանը). 3) Ճաշակում (քահանան հաղորդվում է և հաղորդում է մյուսներին)։ – Պատարագին մասնակցած լինելու համար հարկավոր է ներկա գտնվել այս երեք մասերին կամ, հարգելի լուրջ պատճառի դեպքում, գոնե սրբագործմանն ու ճաշակմանը, մինչ սուրբգրային այդ օրվա ընթերցումները կարելի է կատարել նաև անձամբ (բայց միշտ՝ հարգելի լուրջ պատճառի դեպքում)։

 

467. – Ինչպե՞ս է հարկավոր մասնակցել Պատարագին:

– Պատարագին մասնակցելու համար հարկավոր է հարգանքով ներկա գտնվել Պատարագին և ուշադրությամբ աղոթել՝ առանց կամավոր ցրվածությունների։ Պատարագի ժամանակ չեն շրջում եկեղեցու մի ծայրից մյուսը, ներս ու դուրս չեն անում, չեն խոսում ուրիշների հետ, և ընդհանրապես՝ ուրիշ ոչ մի բանով չեն զբաղվում: Դրանք բոլորը հարգանքի լուրջ թերացումներ են Աստվածային Զոհի նկատմամբ և շատ հաճախ վերածվում են իսկական սրբապղծությունների:

 

468. – Պատարագի մասնակցելն ի՞նչ օգուտ ունի: Ավելի օգտակար չէ՞ տանը առանձին կամ ուրիշ հարմար վայրում լուռ աղոթելը կամ Աստվածաշունչ կարդալը:

– Հարգանքով և եռանդով Պատարագին մասնակցելը շա՜տ մեծ օգուտներ ունի. 1) մեր աղոթքները Քրիստոսի Զոհին միանալով՝ Աստծո առաջ ամենամեծ արժեքն ու զորությունն են ստանում. 2) առատորեն վայելում ենք Պատարագի հոգևոր արդյունքները մեր տրամադրվածության և բարի կամքի համեմատ. 3) հաղորդվում ենք Քրիստոսի մարմնին ու արյանը, որոնք մեզ տրվում են որպես աստվածային կյանքի թթխմոր, և որպես Հարության երաշխիք ու առհավատչյա. 4) միանում ենք Քրիստոսին և ստանում ենք մեղքերի կատարյալ թողությունը. 5) վերականգնում ենք մեր միությունը Եկեղեցու հետ, որի՛ն (և ո՛չ թե անհատներին) են տրվել Քրիստոսի բոլոր խոստումները։

Կարդալ Աստվածաշունչը և չհաղորդվել Քրիստոսի մարմնին ու արյանը, նման է այն բանին, որ մեկը մահացու հիվանդ լինի, կարդա այդ հիվանդությունը բուժող դեղի մասին հանրագիտարանում գրված բոլոր տեղեկությունները, հիանա այդ դեղի կարողությամբ, բայց վերջում չխմի այդ դեղը: Ինչպես որ ազդու չէ դեղը, եթե հիվանդն այն չի խմում, նմանապես մեղավորն իր մեղքերին թողություն չի գտնում առանց Քրիստոսի մարմնի ու արյան:

 

469. – Ամենասուրբ Հաղորդությանը արժանի լինել ի՞նչ է նշանակում, և Սուրբ Պատարագի մասնակցում ենք, երբ դրան արժանի՞ ենք:

– Մարդկային մեղավոր էակներից ոչ ոք արժանի չէ, որ Աստված զոհաբերվի իր համար: Դա Աստծո լիովին ձրիատուր շնորհն է: Այո՛, հարկավոր է արժանի լինել այդ շնորհին, բայց հարկավոր է ճիշտ հասկանալ, թե դա ի՛նչ է նշանակում: Արժանի է նա, ով հավատում և դավանում է, որ Քրիստոսն իսկապես ներկա է Ամենասուրբ Հաղորդության մեջ, ով խոստովանում է իրեն որպես փրկության կարոտ մեղավոր, և դավանում է, որ Աստված այսքա՜ն մեծ զոհողություն է կատարել իր համար: Պատարագը մատուցում և Քրիստոսի մարմնին ու արյանը հաղորդվում ենք ո՛չ թե այն պատճառով, որ մենք արժանի ենք այդ շնորհին, այլ՝ որովհետև Քրիստոսն Ինքը արժանի է ամեն փառաբանություն ու երախտագիտություն ստանալու բոլորի, նաև մեր նման անարժան մեղավորների կողմից:

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ի՞նչ է զոհը և ի՞նչ նպատակներ կարող է հետապնդել։
– Քրիստոսի զոհը մյուս զոհերից ինչո՞վ է տարբերվում:
– Սուրբ Պատարագը Խաչի զոհից ի՞նչ տարբերություն ունի:
– Պատարագն ո՞ւմ է մատուցվում, ո՞ւմ ի պատիվ կամ ի՞նչ նպատակներով կարող է մատուցվել, և նրա հոգևոր արդյունքներն ո՞ւմ կարող ենք հատկացնել:
– Որո՞նք են Պատարագի գլխավոր մասերը:
– Ինչպե՞ս է հարկավոր մասնակցել Պատարագին, և ի՞նչ օգուտ ունի այդ մասնակցությունը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։