ԺԵ. – Ծիսական ժամանակ – Գրադարան – Mashtoz.org

ԺԵ. – Ծիսական ժամանակ

605. – Ի՞նչ է ծիսական ժամանակը:

– Ծիսական ժամանակներ են կոչվում պաշտամունքի համար սահմանված տարեկան, շաբաթական և օրական ժամերն ու ժամանակները։

 

606. – Ի՞նչ է ծիսական տարին:

– Ծիսական տարի է կոչվում այն բոլոր քրիստոնեական տոների ամբողջությունը, որ կատարվում են տասներկու ամսվա զանազան ժամանակների ընթացքում։

 

607. – Ի՞նչ է ծիսական շաբաթը:

– Ծիսական շաբաթը յոթը օրերն են, որ պարունակում են երկու ապաշխարության օրեր՝ չորեքշաբթի և ուրբաթ (Հիսուսի մատնության և խաչելության հիշատակով), և մեկ ուրախության օր՝ Կիրակին (Հիսուսի հաղթական հարության օրը, որի համար էլ հենց կոչվում է Կիրակի, այսինքն՝ հունարեն «Տիրոջ օր»)։ Մյուս օրերը սրբերի տոներն են։ Ծիսական շաբաթը սկսվում է Կիրակիով, դրա համար գրաբար կոչվում էր նաև Միաշաբաթ, այսինքն՝ մեկշաբթի:

 

608. – Ի՞նչ է ծիսական օրը:

– Ծիսական օրն Աստծո պաշտամունքին նվիրված ժամերն են մեկ օրվա մեջ։ Ծիսական օրը սկսվում է արևի մայր մտնելու պահից (երեկոյան ժամը 6-ից) մինչև հաջորդ օրվա արևամուտը: Օրինակ, քաղաքացիական օրացույցի շաբաթ երեկոն արդեն Կիրակի է ըստ ծիսական օրացույցի:

 

609. – Ինչպե՞ս է կազմված Հայ Եկեղեցու ծիսական օրը:

– Հայ Եկեղեցին (հետևելով Դավիթ Մարգարեին, ով սովորություն էր արել օրվա մեջ յոթն անգամ օրհնել Աստծուն) օրվա մեջ յոթը ժամ է հաստատել հասարակաց աղոթքի համար, ուստի Ժամագրքի աղոթքներն էլ բաժանվում են 7 ժամերի. 1) Գիշերային ժամ. 2) Առավոտյան ժամ. 3) Արևագալի ժամ. 4) Ճաշի ժամ, որն իր հերթին բաժանվում է երեք պահերի՝ Երրորդ, Վեցերորդ և Իններորդ ժամերի. 5) Երեկոյան ժամ. 6) Խաղաղական ժամ. 7) Հանգստյան ժամ։

Արևագալի և Խաղաղական ժամերը շաբաթ, կիրակի և տերունական օրերին չէին կատարվում, իսկ ներկայումս կատարվում են միայն Մեծ Պահքի օրերին։

 

610. – Ինչպե՞ս է կազմված ծիսական տարին:

– Ծիսական տարին բաղկացած է 52 շաբաթներից, որոնց մեջ Զատիկը հաստատուն տեղ է գրավում միշտ իր 24 շաբաթներով։

Զատկից առաջ ունենք 7 շաբաթ տևող Մեծ Պահքը (Քառասնորդաց) և 3 շաբաթ տևող Մեծ Պահքի պատրաստությունը (Առաջավորաց Բարեկենդանից սկսված)։ Զատկից հետո 7 շաբաթ Հիսուսի հարության հիշատակն է (Հինանց) մինչև Հոգեգալուստ, և ապա 7 շաբաթ ևս մինչև Վարդավառ (Այլակերպության տոն)։ Այս կարգն ամեն տարի հաստատուն է մնում։

 

611. – Ո՞րն է ծիսական տարվա կենտրոնը:

– Ծիսական տարվա կենտրոնը Հարության Սուրբ Զատիկն է, որը թեև կապված չէ որևէ օրացույցային ամսաթվի, բայց իր համեմատ են կանոնավորվում տարվա մյուս տոները, բացառությամբ անշարժ տոներից։

 

612. – Զատիկը ե՞րբ է տոնվում:

– Քրիստոնեության ամենահին տոնը Հիսուսի Հարության հիշատակն է, բայց առաջին երեք դարերում մեծ վեճեր են եղել Արևմտյան և Արևելյան Եկեղեցիների միջև՝ Զատկի օրը որոշելու համար։ Ստույգ էին համարվում միայն երկու բան. 1) որ Հիսուսը մահացել է Նիսան ամսի 14-ին. 2) որ Հիսուսը հարություն էր առել Կիրակի օրը։ Արևմտյան Եկեղեցին ցանկանում էր միշտ Կիրակի օր տոնել Զատիկը, Արևելյան Եկեղեցին ցանկանում էր տոնել հարություն առած թվականին, ինչ օր էլ որ լիներ։

 

613. – Ինչպե՞ս ավարտվեց այդ խնդիրը:

– Զատկի տոնի խնդիրներին վերջ տալու համար 325 թվականին Նիկեայի Տիեզերական Ժողովը որոշեց տոնել Զատիկը գարնանամուտի լիալուսնից հետո հանդիպող առաջին Կիրակի օրը։ Լիալուսնի այդ լրումն ընկնում է Մարտի 21-ի գիշերահավասարի օրերին, հետևաբար՝ Զատիկը տոնվում է Մարտի 22-ից մինչև Ապրիլի 25-ը ընկած ժամանակահատվածում, ո՛չ ավելի շուտ և ո՛չ ավելի ուշ։

 

614. – Վարդավառից հետո ծիսական տարին իր հերթին ինչպե՞ս է բաժանվում:

– Վարդավառից հետո մնացած 28 շաբաթները բաժանված են 5 շրջանների, հետևյալ կերպ.
1) Վարդավառից մինչև Վերափոխում (Օգոստոսի 15-ի մոտիկ Կիրակի օրը), 5 կամ 6 շաբաթ.
2) Վերափոխումից մինչև Խաչվերաց (Սեպտեմբերի 14-ի մոտիկ Կիրակի օրը), 5 շաբաթ.
3) Խաչվերացից մինչև Հիսնակաց Բարեկենդան (Նոյեմբերի 18-ի մոտիկ Կիրակի օրը), 9 կամ 10 շաբաթ.
4) Հիսնակաց Բարեկենդանից մինչև Հունվարի 6 (տոն Հայտնության), որը շրջանների այս բաժանման միակ հաստատուն թվականն է, 5 կամ 6 շաբաթ.
5) Հունվարի 6-ից մինչև Առաջավորաց Բարեկենդան։ Շաբաթների թիվը կախում ունի վերևում նշված փոփոխական շաբաթների թվից։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ո՞րն է ծիսական շաբաթվա առաջին օրը։ Ինչո՞ւ:
– Ե՞րբ է սկսվում ծիսական օրը։ Օրինա՞կ:
– Ո՞րն է քրիստոնեական ծիսական տարվա կարևորագույն տոնը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։