Դ. – Ամենասուրբ Հաղորդություն – Գրադարան – Mashtoz.org

Դ. – Ամենասուրբ Հաղորդություն

442. – Ի՞նչ է Ամենասուրբ Հաղորդությունը:

– Ամենասուրբ Հաղորդությունը Հիսուսի մարմինն ու արյունն է հացի և գինու երևույթի տակ, Իր աստվածության հետ միացած։

 

443. – Հիսուսն Ամենասուրբ Հաղորդությունը ե՞րբ հաստատեց:

– Հիսուսն Ամենասուրբ Հաղորդությունը հաստատեց Իր խաչվելու նախորդ երեկոյան, Վերջին Ընթրիքի ժամանակ. հացն Իր աշակերտներին տալով, ասաց. «Սա իմ մարմինն է», և գինին նույնպես տալով, ասաց. «Սա իմ արյունն է»։ Ապա պատվիրեց. «Սա իմ հիշատակի համար արե՛ք»:

 

444. – Ամենասուրբ Հաղորդության վերաբերյալ մասնավորապես ի՞նչ բանի պիտի հավատանք:

– Երկու բանի. 1) որ Հիսուսն իրապես ներկա է Ամենասուրբ Հաղորդության մեջ. 2) որ հացն ու գինին իսկապես փոխակերպվում են և դառնում են Հիսուսի մարմինն ու արյունը։

 

445. – Հիսուսն ինչպե՞ս է ներկա Ամենասուրբ Հաղորդության մեջ:

– 1) Հիսուսն Ամենասուրբ Հաղորդության մեջ ներկա է Իր ողջ էությամբ, այսինքն՝ Իր աստվածությամբ և Իր մարդկությամբ՝ հոգով, մարմնով ու արյամբ։ Խոսքը իրական ներկայության մասին է, այլ ո՛չ թե՝ սոսկ խորհրդանշական:
2) Հիսուսն Ամենասուրբ Հաղորդության մեջ ներկա է փառավորյալ կերպով. հացը կամ գինին բաժանելով՝ Հիսուսը չի բաժանվում, այլ՝ բազամպատկում է Իր ներկայությունը, քանի որ հացի և գինու ամենափոքր մասերի մեջ անգամ ամբողջապես ներկա է (ինչպես հոգին մարմնի մեջ)։
3) Հիսուսն Իր աստվածությամբ ու մարդկությամբ հավասարապես ներկա է թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա, ամենուրեք՝ որտեղ Ամենասուրբ Հաղորդություն կա։

 

446. – Հիսուսի այս իրական ներկայությունը մինչև ե՞րբ է մնում Ամենասուրբ Հաղորդության մեջ:

– Հիսուսի ներկայությունն Ամենասուրբ Հաղորդության մեջ մնում է այնքան ժամանակ, քանի դեռ հացն ու գինին գոյատևում են իբրև հաց ու գինի։ Իր ներկայութիւնը դադարում է, երբ հացն ու գինին մարսողությամբ, խոնավությամբ, ժամանակի կամ ուրիշ պատճառների բերումով կորցնում են հացի և գինու ֆիզիկական հատկությունները։

 

447. – Ամենասուրբ Հաղորդության մեջ հացն ու գինին ինչպե՞ս են փոխակերպվում:

– Հիսուսի աստվածային խոսքի զորությամբ, երբ քահանան սրբագործման խոսքերն արտասանում է, հացը դադարում է հաց լինել, իսկ գինին՝ գինի. հացն այլևս Հիսուսի մարմինն է, իսկ գինին՝ Հիսուսի արյունը։ Բայց Աստված հրաշքով թողնում է, որ մնան հացի և գինու արտաքին երևույթները (համը, հոտը, գույնը, ձևը և այլն), որպեսզի շարունակեն խորհրդանշել այն իմաստները, որոնք դրանցով արտահայտվում են։

 

448. – Դրան նմանվող ինչ որ մի բան գոյություն ունի՞ նաև մեր մարդկային կյանքում:

– Այո՛, մենք նույնպես ամեն օր հացը (և ա՛յլ կերակուրներ ևս) փոխակերպում ենք մեր մարմնին, շնորհիվ մարսողական համակարգի, որն Աստծո ստեղծած ամենահրաշալի մեխանիզմներից մեկն է։ Բայց քանի որ արարածներ ենք, դա անում ենք թերի կերպով և նյութը խոտանելով: Աստված, Ով Արարիչն է և ամեն բան կարող է սոսկ Իր խոսքի զորությամբ, հացն ու գինին փոխակերպում է Իր մարմնին ու արյանը, և դա անում է կատարյալ եղանակով, ո՛չ թե խոտանելով նյութը, ինչպես մենք, այլ՝ ընդհակառակը, պահպանելով ու վսեմացնելով այն: Դա նշան է նաև Իր հետ մեր միության. Աստծուն միանալով, Աստծո հետ ապրելով՝ մարդն իր էությունից ոչինչ չի կորցնում, այլ ընդհակառակը՝ միայն վեհանում ու վսեմանում է:

 

449. – Ամենասուրբ Հաղորդությունն ինչպե՞ս պետք է պատվենք:

– Ամենասուրբ Հաղորդությունը պետք է պատվենք աստվածավայել հարգանքով, երկրպագության պաշտամունքով, քանի որ Հիսուսի մարդկությունն աստվածությունից անբաժան է նաև Ամենասուրբ Հաղորդության մեջ։ Մեծագույն սրբապղծություն է Ամենասուրբ Հաղորդության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելը:

 

450. – Որտե՞ղ է պահվում Ամենասուրբ Հաղորդությունը:

– Ամենասուրբ Հաղորդությունը պահվում է եկեղեցիների մեջ՝ հատուկ Տապանակներում դրված սրբատուփերում, որպեսզի քրիստոնյաներն այցելեն, աղոթեն, փառաբանեն, երկրպագեն, հաղորդվեն և տեսնեն, որ Քրիստոսը մշտնջենավորապես ներկա է Իր Եկեղեցում, և կամենում է մեր հետ ապրել, ինչպես և խոստացել էր Առաքյալներին։

 

451. – Որքա՞ն հաճախակի կարելի է հաղորդվել Քրիստոսի մարմնին ու արյանը:

– Քրիստոնեական բոլոր Եկեղեցիներում Ամենասուրբ Հաղորդության խորհուրդը մատակարարվում է բոլոր Կիրակի և տոն օրերին մատուցվող Սուրբ Պատարագի ժամանակ, իսկ Ընդհանրական (Կաթոլիկ) Եկեղեցին Սուրբ Պատարագը մատուցում է ամեն օր, նույնիսկ օրը մի քանի անգամ: Ամեն անգամ, երբ քրիստոնյան ֆիզիկապես կարող է և սրտանց փափագում է, կարող է մասնակցել Սուրբ Պատարագի և հաղորդվել Քրիստոսի մարմնին ու արյանը: Ոչ մի սահմանափակություն գոյություն չունի քրիստոնյայի համար՝ միանալու Իր Աստծուն (բացառությամբ այն դեպքերի, երբ մահացու մեղքի մեջ է և կարիքն ունի նախ ներում ստանալու, ինչը, համենայն դեպս, սովորաբար կարող է անել հենց Պատարագից առաջ կամ Պատարագի ընթացքում, դիմելով ներկա քահանաներից որևէ մեկին): Եկեղեցին հորդորում է քրիստոնյաներին հնարավորինս հաճախ (նաև ամեն օր, եթե հնարավոր է) հաղորդվել Քրիստոսի մարմնին ու արյանը և հեռու չմնալ փրկության այս գլխավոր միջոցից:

 

452. – Ամենասուրբ Հաղորդությունը քանի՞ տեսանկյունից կարող ենք դիտարկել:

– Ամենասուրբ Հաղորդությունը կարող ենք դիտարկել երկու տեսանկյունից. իբրև զոհ կամ պատարագ, և իբրև Եկեղեցու խորհուրդ։ Զոհ՝ ամբողջ մարդկության կողմից, խորհուրդ՝ միայն մկրտվածների համար։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ի՞նչ է Ամենասուրբ Հաղորդությունը և ե՞րբ է Քրիստոսը հաստատել այն:
– Ամենասուրբ Հաղորդության մեջ հացն ու գինին ինչպե՞ս են փոխակերպվում:
– Ամենասուրբ Հաղորդությունն ինչպե՞ս պետք է պատվենք. Սրբերի ու Աստվածածնի նմա՞ն, թե՞ շա՜տ ավելի ու եզակի կերպով: Ինչո՞ւ:
– Որքա՞ն հաճախակի կարելի է հաղորդվել Քրիստոսի մարմնին ու արյանը:
– Ամենասուրբ Հաղորդության մասին այս գիտելիքները քեզ ի՞նչ կարող են մտածել տալ քահանայական պատվի ու պատասխանատվության մասին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։