ԺԶ. – Կոչում – Գրադարան – Mashtoz.org

ԺԶ. – Կոչում

392. – Ի՞նչ է Կոչումը և ինչո՞ւ է այդպես կոչվում:

– Կոչումը ներքին մի ձայն է և համոզված մի որոշում, որը տղամարդուն կամ կնոջը մղում է ամբողջությամբ և անվերապահ կերպով նվիրվելու Աստծո ծառայությանը և հոգիների հավիտենական փրկության գործին, իսկ անուղղակի կերպով՝ նաև Ազգի ու հասարակության բարիքին: Այդպես է կոչվում, որովհետև սկիզբ է առնում Աստծո կողմից տվյալ հոգուն ուղղված ներքին մի խորհրդավոր «կանչ»ից, «կոչ»ից, «հրավեր»ից:

 

393. – Աստծո այդ կոչին հետևողն ի՞նչ է դառնում:

– Տղամարդկանց դեպքում, տվյալ անձը կարող է դառնալ վանական, ամուսնացյալ քահանա կամ կուսակրոն քահանա: Կանանց պարագային, կոչում ունեցող անձը դառնում է վանական միանձնուհի կամ տարբեր առաքելություններ կատարող մայրապետ:

 

394. – Ի՞նչ է անում վանականը, կամ վանական միանձնուհին:

– Վանականը (արական սեռի լինի, թե իգական) նվիրվում է առավելաբար մենակեցական կյանքի, աղոթքի ու ճգնության, ջանալով արմատապես իրականացնել սրբության քրիստոնեական գաղափարականը իր կյանքում: Նվիրվում է նաև աստվածաբանական և ա՛յլ գիտությունների զարգացմանը, պատանիների ու երիտասարդների կրթությանն ու դաստիարակությանը, զբաղվում է հոգեշահ գրքերի հրատարակմամբ, սրբազան արվեստով ու երաժշտությամբ, և ա՛յլ գեղեցիկ ու օգտակար գործերով, բարեգործութեամբ և ողորմության գործերով:

 

395. – Ի՞նչ է անում քահանան:

– Ամուսնացյալ լինի, թե կուսակրոն, քահանան հիմնականում զբաղվում է ժողովրդի հոգևոր կարիքները հոգալով, մատակարարում է Եկեղեցու Խորհուրդները, (այսինքն՝ մկրտում է, պատարագում, պսակում, հուղարկավորում, և այլն), առաջնորդում է ժողովրդին (անհատական խոստովանանքի, հոգևոր առաջնորդության և քարոզչության միջոցով), ուսուցանում է Ավետարանի և Եկեղեցու վարդապետությունը, հոգիներին առաջնորդում է դեպի հավիտենական փրկություն: Մի խոսքով, քահանան «մի ա՛յլ Քրիստոս» է, Քրիստոսի պարգևած փրկությունը մարդկանց հասցնող: Սա շատ բարձր արժանապատվություն է և շատ լուրջ պատասխանատվություն:

 

396. – Ի՞նչ է անում մայրապետը:

– Մայրապետները զբաղվում են տարբեր առաքելություններով, հիմնականում աղջիկների դաստիարակությամբ, որբանոցներում, ծերանոցներում, հիվանդանոցներում կատարվող անձնվեր ծառայությամբ և իրենց աստվածասեր կյանքի ապրումով: Հասարակության մեջ նրանց բերած ավանդը անգնահատելի է: Իրենց կոչման էությամբ իսկ, մայրապետները պետք է հոգևոր մայրեր լինեն ամբողջ հասարակության, մանավանդ՝ աղջիկների ու կանանց համար։

 

397. – Ի՞նչ պետք է անի նա, ով իր հոգում զգում է Աստծո այս կոչումը կամ կանչը:

– Նախ պետք է աղոթի, որպեսզի Աստված լուսավորի իր միտքը՝ հասկանալու համար, որ այդ փափաքը հիմնավոր է և իրոք Աստծուց է: Ապա պետք է իր այդ փափաքը հայտնի հոգևոր կյանքում փորձառու և հարգված մի քահանայի, որպեսզի նրա կողմից առաջնորդվի և, միասին դրական եզրակացության հասնելու դեպքում, տղաների դեպքում՝ ընդունվի կրոնական ուսումների և սկսի քահանայության թեկնածուների համար նախատեսված կրթական ողջ ընթացքը, իսկ աղջիկների դեպքում՝ ընդունվի կրոնական իգական միաբանություններից մեկը, ըստ իր փափաքի ու նախասիրության:

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ի՞նչ է Կոչումը և ինչո՞ւ է այդպես կոչվում։
– Ի՞նչ է անում վանականը, կամ վանական միանձնուհին։
– Ի՞նչ է անում քահանան:
– Ի՞նչ է անում մայրապետը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։