Ը. – Քրիստոսի հարությունը և համբարձումը – Գրադարան – Mashtoz.org

Ը. – Քրիստոսի հարությունը և համբարձումը

109. – Մահվանից հետո Հիսուսի մարմինն ի՞նչ եղավ:

– Հիսուսի մարմինը մահվանից հետո խաչից իջեցրեցին և, անուշահոտ յուղերով ու խունկերով օծած, մի նոր դամբարանի մեջ դրեցին։

 

110. – Հիսուսի հոգին մահվանից հետո ի՞նչ եղավ:

– Հիսուսի հոգին մահվանից հետո իջավ սանդարամետ (մեռյալների աշխարհ), Իրենից առաջ մահացած և այնտեղ արգելափակված հոգիներին ևս ավետարանելու համար, և փրկելու նրանց, ովքեր ընդունեցին Իր պարգևը։

 

111. – Հիսուսի մարմինը քանի՞ օր մնաց գերեզմանի մեջ:

– Հիսուսի մարմինը գերեզմանի մեջ մնաց ուրբաթ երեկոյից մինչև կիրակի առավոտ, ուստի ասում ենք 3 օր (առանց, սակայն, 24-ժամյա լրիվ օրվա իմաստով)։

 

112. – Կիրակի առավոտյան ի՞նչ պատահեց:

– Կիրակի առավոտյան Հիսուսը փառավորյալ մարմնով հարություն առավ և գերեզմանից դուրս եկավ։ Հենց դրա համար է այդ օրը կոչվում Կիրակի, որն հունարեն բառ է և նշանակում է Տիրոջ Օր:

 

113. – Հարություն առնելը նշանակում է վերակենդանանա՞լ:

– Միայն պարզ վերակենդանանալ չի նշանակում: Վերակենդանացման դեպքում նախ նշանակում է, որ տվյալ անձը ինքն իրեն չէ, որ վերակենդանացնում է, այլ՝ ուրիշ մեկն է իրեն վերստին կյանքի վերադարձնում, և երկրորդ՝ որ վերակենդանացվածը վերադառնում է իր նախկին բնական կյանքին, նախկինի նման ենթակա կրքերի, տառապանքի ու մահվան: Քրիստոսի հարությունը, մինչդեռ, նշանակում է Նրա մարմնի լիակատար փառավորումը, անմնացորդ միավորվելը Աստվածության հետ, անվերադարձ ազատվելը կարիքներից, տառապանքից, տարածության ու ժամանակի սահմանափակումներից, մահվան իշխանությունից: Նա այլևս միշտ ողջ է ու անմահ:

 

114. – Հիսուսն ո՞ւմ զորությամբ հարություն առավ:

– Հիսուսն Իր իսկ աստվածային զորությամբ հոգին նորից միացրեց մարմնին և Իր Հարությամբ ցույց տվեց, որ Ինքն Աստված է։ Դրա համար էլ նախապես ասել էր (3 անգամ), որ մեռնելուց երեք օր հետո Հարություն պիտի առնի։

 

115. – Հարությունից հետո Նա Իր մարմնի վրա կրո՞ւմ էր չարչարանքի նշանները:

– Հիսուսը հարությունից հետո հաղթել էր մահվանը, այսինքն՝ այլևս չէր կարող չարչարվել ու մահանալ, բայց Իր կողին, ձեռքերի, ոտքերի վրա վերքի նշանները պահպանել էր՝ ցույց տալու համար, որ իրոք Ինքն է հարություն առել, եղածը խաբեություն չէր և որ Ինքն էլ ուրիշ մարդ չէր։

 

116. – Հիսուսի հարությունը մեր համար ի՞նչ մասնավոր կարևորություն ունի:

– Հիսուսի հարությունը մեր համար երկու մասնավոր կարևորություն ունի. նախ, ցույց է տալիս, որ Ինքն Աստված է, ուստի Իր հիմնած Եկեղեցին և Կրոնն էլ աստվածային ու ճշմարիտ են. երկրորդ, Քրիստոսը մեր գլուխն ու օրինակը լինելով, Իր հարությունն էլ օրինակ ու գրավական է մեր մարմնի հարության, այսինքն՝ որ մեր մարմիններն էլ են աշխարհի վերջում հարություն առնելու։

 

117. – Հիսուսի հարությունը ե՞րբ ենք տոնում:

– Հիսուսի հարությունը տոնում ենք յուրաքանչյուր Կիրակի օր, բայց մասնավորապես՝ Սուրբ Զատիկին, և դրանից հետո քառասուն օր շարունակ։

 

118. – Հիսուսը հարություն առնելուց հետո դեռ որքա՞ն ժամանակ մնաց երկրի վրա։

– Հիսուսը հարություն առնելուց հետո դեռ քառասուն օր մնաց երկրի վրա։

 

119. – Ի՞նչ արեց այդ քառասուն օրերի ընթացքում:

– Այդ քառասուն օրերի ընթացքում բազմաթիվ անգամներ երևաց Իր աշակերտներին ու հավատացյալներին՝ հաստատելով նրանց հավատքը: Ապա նաև սովորեցրեց առաքյալներին այն ամենը, ինչը որ կարևոր էր Եկեղեցուն, որի գլուխ կարգեց Պետրոս Առաքյալին, հաստատեց Սուրբ Խորհուրդները և իշխանութիւն տվեց Առաքյալներին ու նրանց հաջորդներին.

ա) Ավետարանը քարոզելու և հոգիներին առաջնորդելու,
բ) մեղքերն արձակելու կամ կապելու, և բոլոր Սուրբ Խորհուրդները մատակարարելու,
գ) Եկեղեցին կառավարելու՝ սահմանելով օրենքներ կամ արգելքներ ժամանակների կարիքների համաձայն:

 

120. – Քառասներորդ օրն ի՞նչ արեց:

– Քառասներորդ օրն առաքյալներին հրաժեշտ տալով՝ նրանց առաջ երկինք համբարձվեց և բազմեց Հոր աջ կողմում։

 

121. – Ի՞նչ է նշանակում «բազմեց Հոր աջ կողմում»:

– Դա, անշուշտ, ֆիզիկական իմաստով չի ասվում, այլ՝ նշանակում է, որ Հիսուսը, որպես նաև մարդ, փառավորվեց Հորից և իշխանություն ստացավ ողջ տիեզերքի, հրեշտակների և մարդկանց վրա։ Նա մարդու պատիվն այնքա՜ն բարձրացրեց, որ Ամենասուրբ Երրորդությանը գահակից դարձրեց։ Այս ամենաբարձր պատիվը միաժամանակ նաև մի խոստում է, գրավական, որ մեզ էլ մասնակից է դարձնելու Իր երանությանը։

 

122. – Ե՞րբ ենք տոնում Հիսուսի համբարձումը:

– Հիսուսի համբարձումը տոնում ենք Սուրբ Զատիկից 40 օր հետո։

 

123. – Հիսուսը մեր ի՞նչն է Աստծո առաջ:

– Հիսուսը, որպես մարդ, Աստծո առաջ մեր եղբայրը, հզոր պաշտպանն ու միջնորդն է, իսկ երբ մահանանք, լինելու է նաև մեր արդար դատավորը, և փրկիչը, եթե ապավինում ենք Իրեն։

 

124. – Հոգեգալուստն ի՞նչ է:

– Հիսուսը համբարձվելուց առաջ առաքյալներին խոստացավ, որ Սուրբ Հոգին ուղարկելու էր որպես քրիստոնյաների Մխիթարիչ ու Օգնական։ Արդ, համբարձումից տասն օր անց, Սուրբ Հոգին նրանց վրա իջավ հրեղեն լեզուների կերպարանքով, և Նրա աստվածային կարողությամբ զորացած ու լուսավորված՝ առաքյալներն ու աշակերտները գնացին ողջ աշխարհում Ավետարանը քարոզելու: Նրանցից երկուսը՝ Թադեոսն ու Բարդուղիմեոսը, Հայաստան եկան և Քրիստոնեության հիմնադիրները դարձան Հայաստանում։

 

125. – Հոգեգալուստը ե՞րբ ենք տոնում:

– Հոգեգալուստը տոնում ենք Համբարձումից տասն օր, իսկ Հարությունից՝ հիսուն օր հետո (դրա համար էլ կոչվում է նաև Պենտեկոստե, որն հունարեն նշանակում է Հիսուներորդ Օր)։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Հիսուսի հոգին մահվանից հետո, հարությունից առաջ ո՞ւր գնաց և ի՞նչ արեց:
– Հարությունն ու վերակենդանացումը նույն բանն ե՞ն։ Ո՞րն է տարբերությունը:
– Քրիստոսի հարությունը ի՞նչ է նշանակում անձամբ մեր համար։
– Ի՞նչ է նշանակում «բազմեց Հոր աջ կողմում»։
– Ի՞նչ է Հոգեգալուստը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։