Ը. – Քրիստոնեական կյանքի ա՛յլ պարտականություններ – Գրադարան – Mashtoz.org

Ը. – Քրիստոնեական կյանքի ա՛յլ պարտականություններ

307. – Աստծո Պատվիրանների կողքին, քրիստոնեական համայնքային կյանքում ուրիշ ի՞նչ պարտականություններ կան, որ կարևոր են քրիստոնյայի կոնկրետ վարքագծի համար:

– Եկեղեցու կողմից սահմանվել են որոշ կանոններ, որոնք վերաբերվում են կրոնական որոշ պարտականությունների և ապաշխարության գործերի, որպեսզի քրիստոնյաներն առավել եռանդուն կերպով ծառայեն Աստծուն։

 

308. – Ովքե՞ր են պարտական կատարելու Եկեղեցու կողմից սահմանված կանոնները:

– Յուրաքանչյուր հասուն ու գիտակից քրիստոնյա պարտավոր է պահել Եկեղեցու կողմից սահմանված կանոնները և առանց լուրջ պատճառի, կամովին ու անհոգությամբ չխախտել դրանք։

 

309. – Որո՞նք են Եկեղեցու կողմից սահմանված այդ կանոնները:

– Եկեղեցու կողմից սահմանված կանոնները սրանք են.

ա) Սուրբ Պատարագի մասնակցել և ծառայական գործեր չկատարել Կիրակի և տերունական մեծ տոների օրերին, և չանտեսել աղոթքը, հոգու հանգիստն ու կազդուրումը.
բ) Եկեղեցու կողմից հաստատված պահքերն ու ծոմերը պահել, այսինքն՝ չանտեսել հոգու կատարելության ձգտումը.
գ) տարին գոնե մեկ անգամ խոստովանվել և գոնե Սուրբ Զատիկի օրը հաղորդվել՝ Հիսուսից իսպառ չհեռանալու և հավիտենական փրկությունից չզրկվելու համար.
դ) օգնել Եկեղեցու կարիքներին՝ տեղական օրենքների և սովորությունների համաձայն, որպեսզի Եկեղեցին կանգուն մնա և կարողանա նաև աջակցել կարիքավորներին.
ե) հանդիսավոր Պսակադրություն չկատարել ծիսական արգելված օրերին։

 

310. – Ի՞նչ է հանձնարարում Եկեղեցու կողմից սահմանված առաջին կանոնը:

– Հանձնարարում է Կիրակի և տերունական մեծ տոների օրերին ամբողջական Սուրբ Պատարագի մասնակցել, հանգիստ տալ մարմնին՝ ծառայական գործեր չանելով, և կենդանի պահել մարդկային հարաբերությունները (ընտանիք, ընկերներ, և այլն)։

 

311. – Ի՞նչ է հանձնարարում Եկեղեցու կողմից սահմանված երկրորդ կանոնը:

– Հանձնարարում է պահք կամ ծոմ պահել Եկեղեցու կողմից սահմանված օրերին։ Դա երկու նպատակ ունի: Առաջինը վերաբերվում է մեր մարմնին, ունի ճգնողությամբ մարմինը մաքրելու, կրքերը սանձելու, կամքը հզորացնելու նպատակ: Երկրորդը վերաբերվում է մեր հոգուն, որպեսզի աղքատներին տանք այն կերակուրը, որն ինքներս մեզնից «պահում ենք» պահքի ժամանակ: Պահքի նպատակը սերն է. և՛ սեփական անձի, և՛ կարիքավորների հանդեպ:

 

312. – Պահք պահելը միայն մսեղեն կամ կենդանական ծագում ունեցող ուրիշ կերակուրներ չուտելո՞վ է:

– Ո՛չ, լիովին անօգուտ բան է և բացարձակ հակասություն է ստամոքսը մաքրելը և, միևնույն ժամանակ, սիրտը մեղքերով կեղտոտելը։ Պահքը վերաբերվում է բոլոր զգայարաններին, և ի մասնավորի՝ նաև լեզվին: Պահք պահել աչքերով՝ հեռացնելով մեր հայացքը անպարկեշտություններից, պահք պահել լեզվով՝ սանձելով այն և ուղղելով դեպի Աստծո փառաբանությունն ու մարդկանց հանդեպ բարի խոսակցությունները, պահք պահել ձեռքերով՝ վարժեցնելով դրանք բարեգործությունների, և այլն, և այլն:

 

313. – Ի՞նչ է ծոմը:

– Ծոմը որոշակի ժամանակով կերակուրներից լիակատար հրաժարումն է:

 

314. – Ի՞նչ օգուտ ունեն պահքն ու ծոմը:

– Պահքն ու ծոմը քավում են մեղքերն ու դրանց պատիժները, սիրտն ազնվացնում են ու սրբում են անկարգ իղձերից, և ուրիշ մեծ շնորհների են արժանացնում, եթե սիրով ու ապաշխարության հոգիով են կատարում, ապա թե ոչ՝ օգուտ չեն ունենում հոգու համար, այլ մանավանդ թե՝ կարող են կեղծավորության ու մեղքի վերածվել։ Պահքն ու ծոմը հաճախ նպաստում են նաև մարմնի առողջությանն ու բնական կայտառության վերականգնմանը։

 

315. – Ի՞նչ է հանձնարարում Եկեղեցու կողմից սահմանված երրորդ կանոնը:

– Եկեղեցու կողմից սահմանված երրորդ կանոնը երկու պարտականություն է դնում մեր խղճի վրա. 1) ամեն տարի, գոնե մեկ անգամ, մեղքերի լիակատար խոստովանություն անել. 2) ամեն տարի, գոնե Հարության Սուրբ Զատիկի տոնին, առնվազն մեկ անգամ արժանապես ստանալ Ամենասուրբ Հաղորդության խորհուրդը։ Սա այն նվազագույն չափն է, որը չպահպանողը փաստացի դադարում է քրիստոնյա լինելուց, նույնիսկ եթե շարունակի իրեն անունով քրիստոնյա համարել կամ հռչակել:

 

316. – Եկեղեցին իր կողմից սահմանված չորրորդ կանոնով ի՞նչ է հանձնարարում:

– Եկեղեցին իր կողմից սահմանված չորրորդ կանոնով հանձնարարում է, տեղական սովորությունների համաձայն և յուրաքանչյուրի կարողությունների չափով, օգնել Եկեղեցու կարիքներին (դրամով, աշխատանքով, տարբեր տեսակի նվիրատվություններով, և այլն), որպեսզի Սրբազան Պաշտամունքները պատշաճ կերպով կատարվեն և հնարավոր լինի հոգալ քահանաների և տվյալ համայնքի աղքատների ապրուստն ու կարիքները։

 

317. – Ի՞նչ է արգելում Եկեղեցու կողմից սահմանված հինգերորդ կանոնը:

– Արգելում է Պսակադրության հանդիսավոր արարողություն և խնջույք կատարել տոներից մի քանիսի օրերին և այն ժամանակահատվածներում, որոնք հարկավոր է ապաշխարությամբ անցկացնել և հեռու մնալ աղմկալի զվարճություններից՝ Աստծով և մեր հոգու կարիքներով զբաղվելու համար։

 

318. – Որո՞նք են այդ արգելված ժամանակահատվածները:

– Դրանք հիմնականում Սուրբ Ծննդյան, Սուրբ Զատկի և Հոգեգալստյան տոներն են և դրանց հաջորդող տոնական օրերը, Մեծ Պահքի շրջանը և շաբաթապահքերը (չորեքշաբթի և ուրբաթ օրերը)։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ի՞նչ պարտականություններ կան, որ կարևոր են քրիստոնյայի կոնկրետ վարքագծի համար:
– Որո՞նք են Եկեղեցու կողմից սահմանված հինգ կանոնները:
– Ի՞նչ է հանձնարարում կամ արգելում այդ կանոններից յուրաքանչյուրը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։