Է. – Ութերորդ պատվիրանը – Գրադարան – Mashtoz.org

Է. – Ութերորդ պատվիրանը

294. – Ի՞նչ է հանձնարարում Ութերորդ Պատվիրանը:

– Ութերորդ Պատվիրանը հանձնարարում է բոլոր այն պարտականությունները, որոնցով Աստված կամենում է պաշտպանել ճշմարտությունը երկրի վրա, ինչպես նաև մեր բոլորի պատիվն ու համբավը. ուստի արգելում է այն մեղքերը, որոնք հակառակ են ճշմարտությանն ու մեր և ուրիշների պատվին։

 

295. – Ճշմարտության դեմ ո՞վ է մեղանչում:

– Ճշմարտության դեմ մեղանչում է նա, ով սուտ է խոսում կամ կեղծավորություն է անում դիմացինին նյութական կամ բարոյական վնաս հասցնելու դիտավորությամբ։ – Կեղծավորության տեսակներից մեկն է նաև շողոքորթությունը, այսինքն՝ խոսքով կամ գործով ինչ որ մեկին գովելը՝ իր արժանիքից ավելի կամ առանց որևէ արժանիքի, չար կամ շահավետ մի նպատակի համար։

 

296. – Երբեք ներելի չէ՞ սուտ խոսելը:

– Սուտ խոսելը, երբ կատարվում է դիմացինին խաբելու և նյութական կամ բարոյական վնաս պատճառելու նպատակով, երբեք ներելի չէ, բայց միաժամանակ՝ անխտիր ամեն ճշմարտություն էլ պետք չէ ամեն տեղ և ամեն մարդու հայտնել, մանավանդ՝ երբ ինչ որ մեկի պատվին դեմ է և հակառակվում է եղբայրական սիրո պարտավորություններին։ Օրինակ, պարտավոր չենք մեր իմացածները հայտնել բոլոր անհարկի հետաքրքրվողներին։ Երբ մեկն իրավունք չունի իր հարցրածն իմանալ, լավ է նրան մի անորոշ պատասխան տալ, ինչպես օրինակ՝ ես այդ բաներին չեմ խառնվում, ուրիշի գործերի մեջ չեմ մտնում, այդ տեսակ բաներով չեմ հետաքրքրվում, հարցրո՛ւ նրանց, որ ինձանից լավ գիտեն, և այլն, և այլն։ Սա խաբել չէ, դիտավորությունն ուղիղ է և գաղտնիքի իրավունքը պահել է, ուստի նաև առաքինություն է։

 

297. – Սուտ խոսելը միշտ ծա՞նր մեղք է:

– Ո՛չ, ինչ որ մի սուտ բան ասելը՝ ինքներս էլ խաբված լինելով կամ մեր ասածը ճշմարիտ կարծելով, մեղք չէ, սխալմունք է: Նման դեպքերի համար ընդհանրապես հարկավոր է զգուշավորությամբ արտահայտվել, խոսել և կարծիք հայտնել միայն այն դեպքում, երբ մարդկային բոլոր հաշվարկներով վստահ ենք մեր ասածի հիմնավոր լինելուն: Ընդհանուր առմամբ, ներելի մեղք են այն ստերը, որոնք ասվում են խաղի կամ զվարճության համար, ինչպես նաև՝ մանկական ստերը: Բայց ծանրագույն մեղք են այն ստերը, որոնք ուրիշի անձին, ունեցվածքին, պատվին, գործին կամ հոգուն ծանրապես վնասում են։

 

298. – Ստախոսն ի՞նչ վնաս է կրում:

– Ստախոսն անպատիվ է մնում ընկերության մեջ, ոչ մեկի վստահությունը չի վայելում, շատ անիրավություններ է գործում ուրիշների համբավի դեմ և տրամադրվում է դեռ շատ ոճիրներ գործելու, քանի որ սուտ խոսելու սովորությունը հեշտությամբ մահացու մեղքերի մեջ է գցում և դժվարացնում է հոգու փրկությունը։ Աստված ճշմարտությունն է, ուստի ստախոսն իր վարքով միշտ ավելի ու ավելի է հեռանում Աստծուց:

 

299. – Ո՞վ է մեղանչում ուրիշի պատվի ու համբավի դեմ:

– Ուրիշի պատվի ու համբավի դեմ մեղանչում է.

1) ով որ հիմնավոր կամ անհիմն կերպով վատ է խոսում ուրիշի հասցեին կամ այլոց հայտնում է նրա թերությունները՝ առանց դրա համար լուրջ դրդապատճառ ունենալու (բամբասանք).
2) ով որ սուտ հանցանքներ է վերագրում ուրիշին (զրպարտություն), եղած հանցանքը չափազանցում է, լավությունները՝ մերժում, կամ չարամիտ խոսքերով կասկածի տակ է գցում ուրիշի անձը, գործերը կամ նպատակները (չարախոսություն).
3) ով որ առանց պատճառի կասկածում կամ ստույգ է համարում ինչ որ մեկին վերագրված հանցանքները (հանդուգն դատողություն).
4) ով որ գնում և ինչ որ մեկին տեղեկացնում է նրա հասցեին լսած չարախոսությունների մասին (քսություն), որով թշնամությունների պատճառ է լինում.

Այս մեղքերն այնքան ավելի ծանր են, որքան ավելի մեծ են ուրիշին վերագրված կամ հայտնած հանցանքները։

 

300. – Երբեք ներելի չէ՞ ուրիշի հանցանքներն հայտնելը:

– Ուրիշի հանցանքներն հայտնելը ներելի է, երբ ցանկանում ենք ուղղել նրան կամ վերացնել չարիքը, որ նրա հանցանքով անխուսափելի կերպով պատահելու էր ինչ որ մի անմեղ մարդու կամ շատերին: – Ուրիշի հանցանքներն հայտնելը պարտականություն է, երբ նրան կրթելու կամ գործելիք չարիքի առջևն առնելու իրավական գործառույթն ունենք, ինչպես օրինակ՝ ուսուցիչը, ոստիկանը, և այլն: – Եղբայրական նկատողության շնորհիվ շատ թերություններ են ուղղվում և շատ հանցանքներ չեն գործվում. այսինքն, երբ մի ազդեցիկ ընկեր սիրալիրությամբ խրատում է մյուսին կամ մյուսներին՝ ետ կանգնելու իրենց թերություններից կամ սխալներից։ Հոգևոր ողորմության մեծապես արդյունավետ օրինակ է սա, եթե կարողանանք այն ճշմարտությամբ գործածել։

 

301. – Ով որ անիրավորեն վնասում է ուրիշի պատվին կամ համբավին, ի՞նչ է պարտավոր անել:

– Պարտավոր է շուտափույթ կերպով շտկել վնասը, որքան որ կարող է, խոսքը ետ առնելով կամ հայտնելով, որ իր ասածները սուտ էին։ – Շտկել չցանկացողը Աստծուց թողություն չի գտնում, նույնիսկ եթե զղջում ու խոստովանվում է։

 

302. – Ութերորդ Պատվիրանն ի՞նչ է հրամայում:

– Ութերորդ Պատվիրանը հրամայում է ճշմարտությունն ասել իր պատշաճ տեղում և որքան կարելի է՝ բարի մեկնաբանել ուրիշի գործերն ու դիտավորությունները։ – Մեծ պակասություն և մեր հոգու համար մեծապես վնասակար է ուրիշի գործերն ու խոսքերը վատ մեկնաբանելու չար սովորությունը։ Նշան է նաև տկար ու նեղ մտքի, ինչպես նաև՝ գաղտնի հպարտության։

 

303. – Ուրիշներին խստությամբ դատողն ի՞նչ է լինում:

– Ուրիշներին խստությամբ դատողն Աստծո ձեռքից խլում է հոգիներին դատելու իրավունքը, և հետևաբար՝ ինքն էլ նույն խստությամբ է դատվելու Աստծուց։ – Միայն ծնողները և օրինավոր վերադասներն իրավունք ունեն դատելու իրենց (միայն իրե՛նց) զավակներին ու ստորադասներին։

 

304. – Ուրիշի համբավը կոտրողներն ու չարախոսներն ի՞նչ են լինում:

– Ուրիշի համբավը կոտրողներն ու չարախոսները շատ անգամ թշվառության ու միևնույն կարիքի մեջ են ընկնում, ծանրապես պատժվում են նաև աշխարհի վրա, ոչ ոքի կողմից չեն սիրվում, այլ՝ միայն գործածվում են, և իրենց հավիտենական փրկությունն էլ գրեթե անհնարին են դարձնում։ – Չարախոսությունը սատանայի հիմնական մեղքերից մեկն է (սատանա անունը հենց չարախոս, բանսարկու է նշանակում), ուստի չարախոսությամբ զբաղվողները սատանային են նմանվում:

 

305. – Ի՞նչ կերպով է հարկավոր լեզվի մեղքերի դեմն առնել:

– Լեզվի մեղքերի առջևը հարկավոր է առնել. 1) չափավոր, ճշմարտասեր և խոհեմ լինելով խոսելու մեջ. 2) երբ հնարավոր է, արդարացնելով այն անձին, որ հարձակման թիրախ է դարձել. 3) չարախոսություններին ուշադրություն չդարձնելով ու չհավատալով. 4) մեր գործերի և արած բարիքների մասին չխոսելով, քանի որ հեշտությամբ կարող ենք չափազանցել և հպարտանալ։ – Ինչպես ասում է Աստվածաշունչը. «Կատարյալ մարդ է նա, ով իր լեզվով չի մեղանչում»։

 

306. – Ինչո՞ւ է ամեն մարդ պարտավոր պահել իր համբավն ու պատիվը:

– Քանի որ բարի անունն ավելի կարևոր և օգտակար է, քան հարստությունը, քանի որ մարդու պատիվը կայանում է Արարչի պատկերն ու նմանությունը լինելու մեջ: Բարի անուն ունեցողը ջանում է բարձր պահել իր պատիվը՝ ետ կանգնելով ամեն թերությունից, ու ինքն իրեն պաշտպանում է զրպարտությունների դեմ: Սակայն մարդկային համբավ ու հարգանք շահելու համար չպետք է զոհաբերվեն առաքինությունն ու համեստությունը, ապա թե ոչ՝ կընկնենք մոլորության ու փառասիրության մեջ։ Պատիվը նախևառաջ Աստծո առաջ է, ապա՝ ինքներս մեր, և հետո նոր միայն՝ մարդկանց:

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ի՞նչ է հանձնարարում Ութերորդ Պատվիրանը:
– Երբեք ներելի չէ՞ սուտ խոսելը: Սուտ խոսելը միշտ ծա՞նր մեղք է:
– Երբեք ներելի չէ՞ ուրիշի հանցանքներն հայտնելը:
– Ի՞նչ կերպով է հարկավոր լեզվի մեղքերի դեմն առնել:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։