ԺԳ. – Ներողություններ – Գրադարան – Mashtoz.org

ԺԳ. – Ներողություններ

577. – Ի՞նչ է Ներողությունը (լատիներեն՝ Ինդուլգենցիա):

– Ներողությունը մեղքերի ժամանակավոր պատիժների թողությունն է, որ Աստծո կողմից Եկեղեցին շնորհում է, երբ շնորհի վիճակի մեջ կատարում ենք իր դրած պայմանները։

 

578. – Ներողություն ո՞վ կարող է տալ:

– Ներողություն կարող են տալ Քահանայապետները, Եպիսկոպոսները և մասնավոր իշխանություն ունեցող Քահանաները։

 

579. – Քանի՞ տեսակ ներողություն կա:

– Ներողության տեսակները շատ են, բայց սովորաբար գործածվածները այսպիսի երեք խմբի են բաժանվում. 1) լիակատար և մասնակի, 2) ողջերի և ննջեցյալների, 3) անձնական, իրերի և տեղական ներողություններ։

 

580. – Ո՞րն է լիակատար ներողությունը:

– «Լիակատար» է կոչվում այն ներողությունը, որը մեղքի բոլոր ժամանակավոր պատիժներն արձակում է և հոգին ուղղակի Արքայություն է տանում, եթե տվյալ մարդը նույն պահին մահանա։ «Մասնակի» է կոչվում, երբ պատիժների մի մասն է արձակվում, ասենք՝ 7 տարվա, 50, 100 կամ 300 օրվա ներողությունները։

 

581. – Որո՞նք են ողջերի և ննջեցյալների ներողությունները:

– «Ողջերի» են ասվում այն ներողությունները, որոնք մեր համար շահում ենք երկրի վրա, քանի դեռ ողջ ենք, իսկ «ննջեցյալների» են կոչվում նրանք, որոնք շահում և Աստծուն ենք նվիրում, որպեսզի Քավարանի հոգիներին կամ մեր ննջեցյալ ազգականներին ու ծանոթներին հատկացնի։

 

582. – Որո՞նք են անձնական ներողությունները:

– «Անձնական» են նրանք, որոնք որոշակի անձի կամ անձանց խմբի են տրվում:

 

583. – Որո՞նք են իրերի հետ կապված ներողությունները:

– «Իրերի» են նրանք, որոնք կապված են սրբազան նշանակություն ունեցող ինչ որ մի առարկայի հետ, օրինակ՝ Վարդարանի, Խաչի վրա եղած ներողությունները, որոնք շահում ենք՝ գործածելով այդ Վարդարանը, Խաչը և այլն։

 

584. – Որո՞նք են տեղական ներողությունները:

– «Տեղական» են ասվում այն ներողությունները, որոնք կապված են որոշակի վայրերի հետ, կամ իրերի, որ որոշակի տեղերում են պահվում, օրինակ՝ Երուսաղեմ, Հռոմ և ուխտագնացության ա՛յլ սրբավայրեր ու եկեղեցիներ այցելելը, և կամ որոշակի խորանի վրա պատարագելով ննջեցյալների համար լիակատար ներողություն շահելը։

 

585. – Ներողություն ո՞վ կարող է շահել:

– Ներողություն կարող են շահել միայն այն մկրտված քրիստոնյաները, որոնք Եկեղեցուց դուրս չեն գտնվում (իրավական հարթության վրա, այսինքն՝ անհավատությամբ կամ հերետիկոսությամբ հեռացած չեն Եկեղեցուց) և ներողությունը տվող եկեղեցական իշխանության իրավասության տակ են։

 

586. – Որո՞նք են ներողություն շահելու պայմանները:

– Ներողություն շահելու պայմաններն են.
1) շնորհի վիճակի մեջ գտնվել, առնվազն ներողությունը շահելու պահին, իսկ լիակատար ներողության համար հարկավոր է զղջալ բոլոր ներելի մեղքերի համար ևս.
2) ներողություն շահելու դիտավորություն ունենալ.
3) կատարել պահանջված հոգևոր գործերը, որոնք են սովորաբար խոստովանվելը և հաղորդվելը, եկեղեցի այցելելը, մասնավոր աղոթքներ ասելը, և այլն։

 

587. – Ի՞նչ է նշանակում 7 տարվա, 40 օրվա ներողություն ասելը:

– Չի նշանակում, որ 7 տարի կամ 40 օր պակաս պիտի մնանք Քավարանում։ Նշանակում է, որ այնքան ներողություն ենք շահում այդ մեկ աղոթքով կամ գործով, որքան պիտի շահեինք, եթե 7 տարի կամ 40 օր հասարակական ապաշխարանք անեինք, ինչպես որ Եկեղեցում կատարում էին հնում։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Համառոտ բացատրել, թե ի՛նչ են ներողությունները և ի՛նչ օգուտներ ունեն։
– Ներողություն շահելու անհոգությունը ի՞նչ վնաս է բերում հոգուն։
– Ներողություններով ի՞նչ եղբայրասիրական գործեր կարող ենք անել։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։