ԺԲ. – Բարոյական առաքինություններ – Գրադարան – Mashtoz.org

ԺԲ. – Բարոյական առաքինություններ

354. – Խոհեմությունն ի՞նչ է անում:

– Խոհեմությունը հավատքի ճշմարտություններով լուսավորում է միտքը, որպեսզի այն չխաբվի աշխարհի խաբուսիկ գաղափարներից և ճանաչի ճշմարիտ բարիքներն ու դրանք ստանալու հարմարագույն միջոցները։

 

355. – Ի՞նչ է կեղծ խոհեմությունը:

– Կեղծ խոհեմությունը երկու տեսակի է լինում. 1) երբ խոհեմության անվան տակ ծպտված գործում են վախը կամ ծուլությունը. 2) երբ ո՛չ թե հոգու բարիքին ենք հետամուտ լինում, այլ՝ աշխարհի մեջ պատիվ, հարստություն, հաճույք, և նման որևէ շահ ձեռք բերելու համար ենք գործում։ Սրանք չպետք է շփոթենք զգուշավորության հետ, որը նույնպես խոհեմության դրական դրսևորումներից մեկն է:

 

356. – Ի՞նչ պետք է անենք ճշմարիտ խոհեմությամբ ապրելու համար:

– Ճշմարիտ խոհեմությամբ ապրելու համար պետք է հետևենք Եկեղեցու Ավանդությանը, մեր վիճակին հարմար առաքինություններին և Սրբերի օրինակին։ Ինչպես նաև, մեր բոլոր որոշումների ու փափագների մեջ պետք է նայենք, թե արդյո՞ք դրանք Աստծուն հաճո են, կամ հոգուն վնաս։

 

357. – Արդարությունն ի՞նչ է անում:

– Արդարությունը կամքը տրամադրում է ամեն բանի մեջ Աստծո և մարդկանց իրավունքները հարգելու, որով հնազանդվում է աստվածային և մարդկային օրինավոր իշխանություններին, խուսափում է ամեն խաբեությունից և բոլորին տալիս է այն, ինչը որ իրավացի է, պաշտպանում է տկարներին անիրավությունների դեմ և ընկերության մեջ խաղաղություն և երջանկություն է բերում։

 

358. – Արդարությունն ինչպե՞ս պետք է գործադրենք:

– Արդարությունը պետք է գործադրենք՝ հարգելով բոլորի իրավունքը թե՛ նյութական բարիքների մեջ և թե՛ չվնասելով նրանց պատիվն ու համբավը չարախոսությամբ, զրպարտություններով, կամ ուրիշ որևէ կերպով։

 

359. – Ո՞րն է արդարության լրացուցիչ առաքինությունը:

– Եղբայրսիրությունն է (կամ ավելի ընդարձակ առմամբ՝ մարդասիրությունը), ուրիշին բարիք կամենալն ու անելը, և չարից խորշելը։ Եթե Աստված ինչ որ մեկին ավելի հարստություն կամ խելք է տվել, ավելի պարտավորություն էլ է վրան դրել՝ օգնելու ուրիշներին (որի համար նաև հաշիվ է պահանջելու)։ Արդարության գործադրումը միշտ պետք է հավասարակշռվի Սիրո հետ. մանավանդ երբ խոսքը վերաբերվում է ինչ որ մեկին արդարացի կերպով հանդիմանելուն, դա պետք է այնպես կատարվի, որ լինի Սիրուց մղված, Սիրո համաձայն և հանուն Սիրո:

 

360. – Արիությունն ի՞նչ է անում:

– Արիությունը հոգին հաստատուն է պահում Աստծո ծառայության մեջ, այնպես, որ չի վախենում հոգնությունից, մարդկային վտանգներից, ծաղրանքից և չմեղանչեու համար ամեն տեսակ զոհողություն ու նույնիսկ մահը հանձն է առնում։

 

361. – Արիության գլխավոր գործերը որո՞նք են:

– Արիության գլխավոր գործերը երեքն են. 1) դժվար գործեր և առաքինություններ ձեռնարկել և հարատևել մինչև դրանց ամբողջական կատարումը. 2) մեծամեծ նեղություններ կրել և ծաղրին ու զրպարտություններին սիրով համբերել՝ առաքինություն կամ պարտականություն կատարելու համար. 3) հարկ եղած դեպքում անվախ վկայել և քարոզել Քրիստոնեական Հավատքի ճշմարտությունները։

 

362. – Արիության մեջ ե՞րբ ենք թերանում:

– Արիության մեջ թերանում ենք, երբ առաքինությունների ու մեր պարտականությունների մեջ չենք աշխատում կամ քիչ ենք աշխատում՝ վախենալով ծաղրանքից, անհաջողությունից կամ նեղություն կրելուց։

 

363. – Արիության օժանդակ առաքինությունները որո՞նք են:

– Արիության օժանդակ առաքինություններն են վեհանձնությունը, առատաձեռնությունը, համբերությունը և հարատևությունը։ Բայց հատուկ կերպով օգտակար է նրբանկատությունը, որպեսզի առաքինի արիությունը չվերածվի մոլի աներեսության:

 

364. – Որո՞նք են արիություն ձեռքբերելու գլխավոր միջոցները:

– Դրանք են. 1) կրթել կամքը, մասնավորապես՝ մեր պարտավորությունների ճիշտ կատարման մեջ. 2) վստահել միայն Աստծուն և Իր շնորհներին, և հակառակը՝ չվստահել մարդկային ուժերին. 3) խորապես համոզվել, որ հավիտենական փրկությունը միակ կարևոր գործն է այս աշխարհի վրա, և որ փրկվելու համար արժե անգամ ամեն բան զոհել։ – Ինչպես որ անխելքություն կլիներ խեղճության մեջ թողնել մեր մշտական բնակարանը և մեծամեծ գումարներ ծախսել ու պալատներ կառուցել մի ա՛յլ տեղ՝ միայն մի շաբաթ այն վայելելու համար, նույնպիսի անխելքություն է մեր ամբողջ կյանքը աշխատել աշխարհը վայելելու համար և չմտածել մեր հավիտենական կյանքի մասին: Ուստի, մեր միակ ամենակարևոր գործն է նախ ապահովել մեր հավիտենական փրկությունը։

 

365. – Ի՞նչ է անում ժուժկալությունը:

– Ժուժկալությունը առաջին հերթին չափավորում է զգայարանների գործունեությունը՝ սանձելով դրանք և թույլ չտալով տրվել վնասակար չափազանցությունների։ Չափավորում է նաև հոգու չափազանց ու անխոհեմ սլացքները, երբ վերջինս, հավակնոտությամբ բռնված, ցանկանում է կատարել գործեր, որոնք վեր են իր մարդկային ուժերից և հնարավոր են միայն աստվածային հատուկ շնորհի առկայության դեպքում:

 

366. – Ի՞նչ պետք է անենք ժուժկալության առաքինությունը ձեռքբերելու համար:

– Պետք է. 1) չափավոր և զգաստ լինել ուտելիքի և խմելիքի հարցում. 2) հսկել մեր մտքերի և զգայարանների վրա, որպեսզի միայն հաճույքի ետևից վազելով՝ չհեռանան Աստծուց. 3) աղոթել, քանի որ առանց Աստծո օգնության անհնարին է ժուժկալ լինել առողջ կերպով։

 

367. – Կա նաև հիվա՞նդ ժուժկալություն:

– Այո՛, կա նաև մի տեսակ ծուռ և հիվանդ ժուժկալություն, որը զգայարանների սանձումը դարձնում է ինքնանպատակ գործողություն, զրկում է մարդուն կյանքի նաև օրինավոր հաճույքներից, այդպիսով ջլատելով հոգու ուժերը, զրկելով Արարչին փառաբանելու գրգիռներից և վերջում գցելով վհատության գիրկը: Հիվանդ ժուժկալությունը առաջին հերթին բնորոշվում է եղբայրսիրության բացակայությամբ ու գոռոզ մեծամտությամբ, աջ ու ձախ շաղ տրվող քննադատություններով ու դատողություններով:

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ո՞րն է խոհեմության նպատակը։
– Ի՞նչ է կեղծ խոհեմությունը:
– Ո՞րն է արդարության նպատակը:
– Ո՞րն է արդարության լրացուցիչ առաքինությունը:
– Արիության նպատակը ո՞րն է, և ե՞րբ ենք թերանում արիության մեջ։
– Արիության օժանդակ առաքինությունները որո՞նք են, և որո՞նք են արիություն ձեռքբերելու գլխավոր միջոցները:
– Ո՞րն է ժուժկալության նպատակը, և ի՞նչ է հարկավոր անել, որ այն չվերածվի հիվանդագին չափազանցության:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։