Աստծո անհավանականությունը – Գրադարան – Mashtoz.org

Աստծո անհավանականությունը

Դոկինսը համոզված է, որ բանականության և վիճակագրության հիմքի վրա հնարավոր է ասել, որ Աստված ծայր աստիճան «անհավանական» է: Բարեբախտաբար, այս հերթական աթեոլոգն այսքանից ավելի անդին չի գնում, չի հասնում ասելու, ուրիշ անմիտների նման, թե Աստված գոյություն չունի, որովհետև տիեզերագնացներից ոչ ոք Նրան չի հանդիպել լուսնի վրա կամ որովհետև Նրան չի տեսել ոչ մի աստղադիտակ: Դոկինսը, ստիպված կամ խորամանկությամբ, խոստովանում է, որ «բոլորին հայտնի փաստ է, որ անհնարին է ապացուցել Աստծո չգոյությունը» (էջ 60):
Դոկինսն ուստի կառչում է Աստծո անհավանականության գաղափարից և այդ գաղափարը նրա համար հիմք է հանդիսանում, որպեսզի – առանց լուրջ փաստարկների, առանց գիտական ապացույցների – մերժի մարդկային անմահ հոգու գոյությունը, մարդու յուրահատկությունը և բարոյական ազատությունը, առանց – կրկնում ենք – իր այդ եզրակացությունների համար տրամաբանական կամ գիտական գեթ մեկ փաստարկ ներկայացնելու:
Միշտ, նրա մտորումներում, գերակշռում է մի որոշակի ''թեթևամտություն'', որն հմտորեն քողարկվում է փայլուն և երբեմն նույնիսկ զվարճալի, բայց միշտ դատարկ գրչարվեստի ետևում:
Գրքի «Ինչու է գրեթե անվիճելի, որ Աստված գոյություն չունի» գլխում Դոկինսը որպես իր խորհրդածությունների մեկնակետ փոխարինում է Արարչի գործը բնական ընտրության (սելեկցիայի) ''գործ''ով, որն իբր թե աստիճանաբար և կուտակելու, ամբարելու մեթոդով առաջ ընթանալով՝ ի զորու է ինքնուրույն կերպով և առանց ինչ-որ մի բանական էակի օգնության ձևավորել, կառուցել, ստեղծել ամեն բան, բազմազան ու բաղադրյալ տեսակներից յուրաքանչյուրին, մանրեից մինչև փիղը, թիթեռից մինչև վագրը:
Այստեղ առկա է հիմքի մի պոստուլատ[1], մի մեկնակետային սկզբունք, չապացուցված և անապացուցելի, որի վրա Դոկինսը կառուցում է իր ճառախոսության ամբողջ կմախքը. «Դարվինից հետո բոլորս էլ պետք է բնազդային անվստահություն զգանք ծրագրի[2] գաղափարի իսկ հանդեպ» (էջ 116): Դոկինսն ուզում է ասել, որ թեև սթափ մտածողության տեր մարդկանց, այսինքն՝ մարդկանց մեծամասնությանը այդպես թվում է, այդուհանդերձ կենսաբանական օրգանիզմներում և, ուշադրություն դարձրեք, ամբողջ տիեզերքում գոյություն չունի ոչ մի ֆինալիզմ, ոչ մի նպատակամղվածություն: Մի խոսքով, ուզում է հաստատել, որ Դարվինի և անձամբ իր ուղեղում պարփակված են տիեզերքի, ամբո՛ղջ տիեզերքի գաղտնիքները: Մեկնաբանելն անգամ ավելորդ է:
Դոկինսի համաձայն, «երբ թեթևակիորեն անհավանական անթիվ դեպքեր կուտակվում են մեկը մյուսի ետևից, վերջնական արդյունքը դառնում է շա՜տ, շա՜տ անհավանական»: Ուստի, ըստ նրա, «պատահական» մուտացիաներով, բնական սելեկցիայով և «թեթևակիորեն անհավանական [ուստի՝ պատահակա՞ն] դեպքերի կուտակումով» են բացատրվում կենսաբանական օրգանիզմների ներդաշնակությունը, կարգուկանոնը, բազմազանությունը, առանց որևէ տեսակի ֆինալիզմի գոյությունն ընդունելու անհրաժեշտության:
Դոկինսի կողմից գործի դրված այդ պոստուլատը, – որ հակառակվում է բանականությանն ու փորձառությանը և որ, ինչպես ապացուցել է Ջովաննի Ֆեդերսպիլը[3], ո՛չ թե գիտական, այլ փիլիսոփայական մտքի ծնունդ է, – ընդառաջ է գնում բազմաթիվ առարկությունների. ինչպե՞ս կարող է սոսկ բնական սելեկցիան կուտակել (այսինքն՝ պահել, ամբարել) պատահական մուտացիաները, որոնք կարծես թե խոստացել են օգտակար լինել ապագայում, երբ կկատարելագործվեն կուտակման հետևանքում, բայց որոնք ոչ մի օգուտ չունեն ներկայում: Ի՞նչ է, այդ բնական սելեկցիա կոչվածը ապագան գուշակելու և հեռատեսորեն գալիքը կանխասելու ունակություննե՞ր ունի: Ինչպես գրել է Դը Բրենը, ինչո՞ւ «բնական սելեկցիան պետք է որ օժանդակեր ոչնչի չծառայող և ընդհակառակը՝ նեղություն պատճառող մոդիֆիկացիաների պահպանմանը, ինչպիսիք պետք է որ լինեին, օրինակի համար, օրգանների նախնական տարբերակները»: Ինչո՞ւ բացարձակ կերպով մերժել բնական սելեկցիայի և միջավայրի պայմանների կողքին միաժամանակյա ներկայությունը այն ներքին ֆինալիզմի, որն իրեն որպես նպատակ ունի կյանքի պահպանումն ու հավերժացումը. մի բան, որն առանց որևէ դժվարության ընդունում են բազմաթիվ կենսաբաններ:
Հարկավոր է ուշադրություն դարձնել, որ ծրագրի, ֆինալիզմի մասին խոսելիս անհրաժեշտորեն չենք հասկանում այն, թե գոյություն ունի «կյանքի պատմությունը կառավարող ծրագիր», ո՛չ էլ՝ թե կյանքը «զարգանում է ըստ նախասահմանված ծրագրի, կամ ուղղակի՝ արդեն գրված վախճանին հասնելու նպատակով»[4], քանի որ այդպես մտածել՝ նշանակում է սահմանափակել Աստծո արարչագործ զորությունը: Մարդիկ ևս, արդարև, ընդունակ են կառուցելու տներ, որոնք հարմարվում են միջավայրի պայմաններին, ինչպես օրինակի համար՝ հակասեյսմիկ կառույցները:
Ծրագիր և ֆինալիզմ ասելով մենք հասկանում ենք, որ կենդանի օրգանիզմում առկա է մի տրամաբանական ներքին կարգ, որն ընդունակ է հարաբերվելու միջավայրի արտաքուստ ''պատահական'' թվացող փոփոխություններին: Բնության մեջ առկա է, այսպես ասած, մի պոտենցիալ, որը կարող է վերաճել անսահմանափակ քանակի ամենատարբեր ակտերի, պարագաների բերման համաձայն, ճիշտ ինչպես պատահում է մարդու կողմից ստեղծված մեքենայի դեպքում: Ֆեռռառին, օրինակի համար, – որն այնուամենայնիվ շա՜տ ավելի պարզունակ է, քան միայն մեկ բջիջը, – ունի իր արդյունարար-ծրագրիչ պատճառը՝ մարդը, և ունի իր վախճանական, այսինքն՝ նպատակային (ֆինալային) պատճառը, իր ֆինալիզմը. պոտենցիալ կարողությունն ունի զարգացնելու ժամում 350 կիլոմետր արագություն, բայց կարող է նաև ընթանալ տարբեր արագություններով, հաշվի առնելով, ասենք, ճանապարհի պայմանները, և մինչև իսկ կարող է, շարժումները մեղմացնող զսպանակների շնորհիվ, գրավել տարբեր դիրքեր և կայունություն: Ֆեռռառիի վախճանը, նպատակը, որի համար ծրագրվել է, կիլոմետրեր անցնելն է, բայց դա անհրաժեշտորեն չի նշանակում, թե գոյություն ունի «արդեն գրված վախճան», քանի որ հնարավոր են հազարավոր տարբերակներ, որոնք կախում ունեն վարորդից, միջավայրից և ա՛յլ հնարավոր պարագաներից:
Ֆինալիզմը, որ ներկա է այն ամեն ինչում, որ մարդը կառուցում է (տներ, մեքենաներ, կահույք, համակարգիչներ, և այլն), չի կարող ուստի մերժվել, – այն էլ որպես մեկնարկային չապացուցված ու անապացուցելի սկզբունք, – անսահմանորեն ավելի բարդ ու հարմարվող գոյակներում, ինչպիսիք են կենդանի օրգանիզմները և ինքնին բջիջները:
Արդարև, յուրաքանչյուր բջիջ ունի իր կառուցվածքը, իր ''բանականությունը'', մինչև իսկ պարագաներին հակազդելու իր կարողությունը, միշտ որպես նպատակ ունենալով պահպանվելն ու գոյատևելը: Եթե փոխվում են պարագաները, ''պատահարները'', փոխվում են նաև հակազդեցությունները (ռեակցիաները), և որքան ավելի են հնարավոր հակազդեցությունները, այնքան ավելի մեծ է բջջի ''բանականությունը'': Համանմանորեն, որքան ավելի լավ է ծրագրավորված հերթական Ֆեռռառին, այնքան ավելին և ավելի լավ կլինեն նրա հակազդեցությունները ճանապարհի վրա պատահականորեն գտնվող քարերին:
Տիեզերքի ծրագիրը, կամ «նախագիծը», ինչպես այն անվանում էր դեռ Նյուտոնը, անհրաժեշտորեն ինչ-որ ստատիկ, սկզբից ևեթ նախասահմանված, կարծրացած, սկզբից ևեթ ավարտված բան չէ, ինչպես փորձում են հավատացնել հակաֆինալիստ աթեիստները, այլ մի զարմանահրաշ ծրագիր է, կենդանի, դինամիկ, որն իրականանում է մինչ կատարվում է, կարող ենք ասել «մինչ ճանապարհին է», որի ներսում տարբեր մասերը, լինեն դրանք մոլորակներ, կենդանիներ կամ մարդիկ, կարող են փոխազդել միմյանց միջև գոյություն ունեցող հարաբերության վրա, շնորհիվ իրենց ներքին պոտենցիալի, շնորհիվ իրենց ազատության (ով այն ունի): Մի «ծրագիր» է, որի ներսում, ինչպես հաստատում է ֆիզիկոս Փոլ Դեյվիսը, «օրենքների մի վսեմ սելեկցիա տիեզերքին ընձեռում է ինքնուրույն կերպով բազմազանություն ու բազմամասնություն ստեղծելու պոտենցիալ, բայց այդ օրենքների ներսում իսկ առկա բացվածքը չի թույլատրում ոչ մի տեսակ խիստ նախասահմանում»:
Այս պատճառով է աստղագետ, Հարվարդում գիտության պատմության դասախոս Օուեն Գինգերիչը Դոկինսի և նման ուրիշ շատերի մասին գրել, որ «էվոլյուցիոնիստները, որոնք մերժում են որևէ թելեոլոգիայի [այսինքն՝ ֆինալիզմի, ծրագրի] գոյությունը և մի տեսակ տիեզերական վիճակախաղի հանդեպ իրենց հավատքը հռչակելիս խոսում են նպատակից ամբողջովին զուրկ տիեզերքի մասին, դրանով չեն ներկայացնում գիտականորեն ապացուցված փաստ: Նրանք ավելի շուտ պաշտպանում են իրենց անձնական դիրքորոշումը մետաֆիզիկական [ո՛չ թե գիտական] բնագավառում: Եվ իմ կարծիքն այն է, որ նման դիրքորոշմանը անհրաժեշտ է և օրինավոր է դիմադրություն ցույց տալ»[5], օրինակ վկայակոչելով հայտնի «անտրոպիկ սկզբունքը», այսինքն բազմաթիվ գիտնականների գաղափարը, որի համաձայն՝ տիեզերքն ընդհանրապես և Երկիր մոլորակը մասնավորապես ներկայանում են որպես ''առանձնաշնորհյալ'' վայրեր, որոնք արտակարգ կերպով հարմարեցված են բանական կյանքի ձևերի գոյությանը. արդարև, բավական է «ֆիզիկայի բազմաթիվ կայուն օրենքներից մեկի անգամ թեթևակի փոփոխություն, որպեսզի տիեզերքը դառնա անբնակելի: Որոշակի առումով, գործածելով Ֆրիմոն Դայզընի խոսքերը, սա մի տիեզերք է, որ պետք է որ սկզբից ևեթ արդեն իմանար, որ մենք ժամանելու էինք»[6]:
Այդ գաղափարը, որի համաձայն՝ ներդաշնակություն և հարաբերակցություն գոյություն ունի ո՛չ միայն մարդու ներսում, նրա մասերի միջև, այլ նաև մարդու և տիեզերքի, միկրոտիեզերքի և մակրոտիեզերքի միջև (գործածելով միջնադարյան մի պատկեր), ֆիզիկոս Ջոն Ա. Ուիլերին թույլ է տվել հաստատել, որ տիեզերքում գոյություն ունի մի նպատակ, մի ուղղվածություն. «Մեր միջավայրը շատ յուրահատուկ է և նպատակաուղղված է մեզ, ինչպես բույսը իր ծաղկի հետ. այս տիեզերքը բույսն է, մենք՝ ծաղիկը»[7]: Սա ուրիշ խոսքերով նշանակում է, որ, ինչպես հաստատում է բրիտանացի հռչակավոր աստղագետ և մաթեմատիկոս, Դոկինսի նման՝ Թագավորական Ընկերության (Royal Society) անդամ Ջոն Բարրոուն, «տիեզերքում կյանքին հարմար պայմանները բավականին անհավանական են, և սակայն՝ առաջացել են», և «հնարավոր բոլոր տիեզերքների շարքում մերը բացառիկ է, որովհետև հարմար է կյանքին». նրանում գոյություն ունեն բնության կայուն օրենքներ, որոնք զարմանահրաշ կերպով հավասարակշռված են, «ընտրված», այն աստիճան, որ ներկայանում են որպես «բիո-բարյացակամ», այսինքն՝ կյանքին ծառայող: Եթե այդ կայուն օրենքները նույնիսկ աննշան չափով փոխվեն, «աշխարհը հետաքրքիր բազմատեսակության բնակավայրից կվերածվի կենսազուրկ և ամուլ միջավայրի»[8]:
Այսքանից կարելի է եզրակացնել, որ գիտությունն այսօր մեզ ասում է, որ «անհավանական» է ո՛չ թե Աստված (արդարև, գիտությունը Աստծո խնդրով չի զբաղվում), այլ կյանքը և մարդն են, որ «անհավանական» են, քանի որ նրանց գոյությունը պահանջում է յուրահատուկ պայմանների և «հրաշալի զուգադիպությունների» չափազանց բարձր քանակ:
Մեր փորձառության մեջ որևէ առարկա, բաղադրյալ և միասնական որևէ իրականություն, այսինքն՝ որ ունի տիեզերքին բնորոշ հատկանիշները[9], իր ծագման, առաջացման սկզբում պահանջում է մի բանականության առկայությունը: Հետևանքն այնքան ավելի «անհավանական» է, որքան ավելի բարձր բանականության տեր պետք է լինի պահանջված պատճառը. Ֆեռռառին Ֆիատից ավելի «անհավանական» է, օդանավը՝ հեծանիվից, Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմը»՝ խոհարարական բաղադրատոմսերի գրքից: Ուստի Ֆեռռառին, օդանավը և «Ազատագրված Երուսաղեմը» կարիքն ունեն մի բանական պատճառի, և ո՛չ թե՝ պատահականության, է՛լ ավելի՝ քան որքան այդ կարիքն ունեն Ֆիատը, հեծանիվը և խոհարարական բաղադրատոմսերի գիրքը:
Դժվար չէ նկատել, որ այս մտորումները, եթե կատարվում են մարդու վերաբերյալ, նրա ծայրահեղ «անհավանականության» վերաբերյալ, որովհետև մարդն ապրում է և որովհետև գիտակցում է, կատարյալ կերպով համաձայնվում են թե՛ աստվածաշնչյան պատկերի հետ, որի համաձայն մարդն արարչության գագաթնակետն է և Աստծո վերջին արարածը, և թե՛ մեր գիտական ծանոթությունների հետ, որոնց համաձայն, կրկի՛ն, մարդն ի հայտ է եկել վերջում, և միակն է, որ հարցնում է, թե ինչո՞ւ գոյություն ունի տիեզերքը, և միակն է, որ գիտակցում է իր գոյությունը:
Բայց վերադառնալով մեր Դոկինսին, ինչպե՞ս կարող է չիմանալու տալ, – խնդրի համայնապատկերը պարզեցնելու և իր կարծեցյալ անսասանելի համոզումներով պարծենալու համար, – որ էվոլյուցիայի գոյություն ունեցող վարկածները չեն սահմանափակվում միայն աստիճանականով, քայլ առ քայլ (step by step) կատարվածով, այլ ներկայացնում են նաև դրա ամբողջովին հակառակ տարբերակը, որին Ս. Ջ. Գուլդը տալիս է «ճշգրիտ հավասարակշռությունների» անունը:
Գիտենք, օրինակի համար, որ էվոլյուցիոնիստները միմյանց միջև վիճաբանում են, թե մարդու ուղեղը զարգացել է աստիճանաբա՞ր, թե՞ արդյունքն է հանկարծակի և վայրկենական տեղի ունեցած էվոլյուցիայի: Երկու վարկածներ, ինչպես տեսնում ենք, միմյանցից ամբողջովին տարբեր և միմյանց լիովին հակառակ, ուստի՝ չապացուցված և անապացուցելի:
[1] Այսինքն՝ անապացուցելի ենթադրություն, որն իբրև հիմք է ծառայում հետագա մտքերի համար:
[2] Այսինքն այն փաստի, որ տիեզերքի և նրա ներսում մարդու գոյությունը պատահական ու աննպատակ չէ, այլ համապատասխանում է Արարիչ Աստծո բանական կամքի ծրագրին:
[3] G. Federspil, in Annuario di filosofia 2007, Guerini Studio.
[4] Մեջբերումները Լուկա և Ֆրանչեսկո Քավալլի-Սֆորցաների, «La Repubblica» օրաթերթի 2007 թվականի Հուն. 27ի համարում տպված խոսքերից են. կամենալով հերքել ֆինալիզմի գաղափարը, փորձում են կեղծ կերպարանքով ներկայացնել այն և ծիծաղելի դարձնել: Այդ միևնույն հոդվածում, կյանքի ծագման շուրջ ճառելով, առաջ են քաշում «կյանքն ամեն բան միայնակ է արել» վարկածը, թեև ընդունում են, որ դա «չապացուցված և թերևս անապացուցելի բան է»: «Ամեն բան միայնակ է արել» արտահայտությունը մեկնաբանում է ինքն իրեն, քանի որ բացարձակ անիմաստություն է:
[5] O. Gingerich, Cercando Dio nell’universo, Lindau, Torino 2007, p. 79. Նա նաև գրում է. «Հարկավոր չէ մտածել, թե ''ծրագրի'' գաղափարը անհրաժեշտորեն մատնանշում է մի նախասահմանված մոդելի իրականացումը իր բոլոր մանրամասնություններով հանդերձ: Դիպվածականության և բնական սելեկցիայի համադրությամբ իրոք կարող են զարգանալ օրգանիզմներ, որոնք ի վիճակի կլինեն կատարյալ կերպով հարմարվել իրենց միջավայրին: Բառի բուն իմաստով իրական սքանչելիքներ, որ գերազանցում են մեր ամենավառ երևակայությունն անգամ: Բայց ստեղծելու համար ֆիզիկական և քիմիական արտակարգ պայմանները, լուծելիության կորերը, տարածման համաարդյունարարները, կապող ուժերը և այլն, որոնք այդ օրգանիզմներին գոյություն ունենալու հնարավորություն են ընձեռում, սրանց համար դիպվածականությունն ու բնական սելեկցիան բավական չեն» (էջ 45): Եվ տակավին. «Ինչ վերաբերվում է ինձ, ես համոզված եմ, որ տիեզերքից վեր և տիեզերքի ներսում ներկա է մի Արարիչ, որն օժտված է մի գերադաս բանականությամբ: Ինչպես նաև կարծում եմ, որ մեր տիեզերքի կողմից ներկայացված միջավայրը, որն այսքա՜ն հարուստ է մարդկությանը նպաստող տարրերով և այնպիսին է, որ թույլ է տալիս և քաջալերում է ինքնագիտակից կյանքի ձևերի գոյությունը, մաս է կազմում Արարչի ծրագրին և նպատակին» (էջ 47):
[6] Նույն, pp. 23-24.
[7] M. Bersanelli - M. Gargantini, Solo lo stupore conosce, Bur Rizzoli, Milano 2003, p. 278.
[8] J. Barrow - F. Tipler, Il principio antropico, Adelphi, Milano 2002.
[9] Եվրոպական լեզուներում տիեզերք բառը առաջացել է լատիներեն «universus» եզրից և նշանակում է «մեկ կողմ», «մեկ ուղղություն», «մեկ ուղղվածություն» ունեցող:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։