Գլուխ Ը. - ՎԵՐՋԻՆ ՑՆՈՐՔԸ. ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ը. - ՎԵՐՋԻՆ ՑՆՈՐՔԸ. ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄ

Անցյալում Եկեղեցին մարդուն կրթել է դատապարտելու ստրկատիրությունը, պաշտպանելու տկարներին ու անտեսվածներին, խտրականության զոհ դարձածներին, պաշտպան կանգնելու երեխաներին, որոնք բազմաթիվ հին հասարակություններում ենթարկվում էին օրինականացված մանկասպանության: Այսօր այդ ուժազուրկ տկարները, որոնց հարկավոր է պաշտպանել, մանուկներն են իրենց մայրերի արգանդներում, որոնց հարկավոր է պաշտպանել աբորտիստ բժիշկների մահ տարածող գործիքներից, ինչպես նաև՝ մարդկային սաղմերը, որոնք լաբորատորիաներում օգտագործվում են ամեն տեսակի փորձարկումների համար: Կարճ ասած. հարկավոր է պաշտպանել մարդուն, իր բնական հղացման պահից մինչև իր բնական մահվան պահը: Այսպիսով հասկանալի է դառնում, թե ինչո՛ւ գոյություն ունի այս դաժան պայքարը, որ ժամանակակից մշակույթի մեջ մոլեգնում է ռելատիվիզմի պաշտպանների, որոնց համաձայն ամեն բան օրինավոր է, էվոլյուցիոնիստ աթեիստների, որոնց համաձայն անասուններն ու մարդիկ միմյանց հավասար են, և նրանց միջև, ովքեր ընդհակառակն՝ պաշտպանում են մարդկային արժանապատվությունը նրա գոյության ամբողջ ընթացքում, նաև երբ ծայրաստիճան տկար է, ծածուկ, երևութապես աննշանակալի:
Արդեն տեսանք, որ Տասներկուերորդ դարում, Ռոբերտ Բիգհեդ անունով ֆրանցիսկյան մի Եպիսկոպոս, Ծննդոց գիրքը և բնության գիրքը ուշադիր ուսումնասիրելով, որպես վարկած առաջ քաշեց այն գաղափարը, որ ամբողջ տիեզերքն առաջացել է Աստծո կողմից ստեղծված լույս-էներգիայի մի անսահմանորեն փոքր մասնիկից, որը սահմանված է եղել վիթխարիորեն տարածվելու, մինչև որ ձևավորվել է անհավատալիորեն մեծ, կանոնակարգված և բաղադրյալ այս տիեզերքը: Հավանաբար, եթե Եպիսկոպոս, լույսի, հայելիների և ծիածանի մեծ գիտակ չլիներ, և որոշակի դերակատարում չունենար առաջին ակնոցների ստեղծման գործում, ինչ-որ մեկը կկարողանար ամբաստանել նրան որպես խելքը թռցրած անձնավորություն: Ինչո՞ւ: Կենդանական աշխարհի անհավատալի բազմազանությունը, հանքային, բուսական, կենդանական աշխարհը, որոնցից յուրաքանչյուրն այսքա՜ն բաղադրյալ է իր ներսում, այս ամենը աննշան, չնչին մի մասնիկի՞ց: Վիթխարիորեն մեծը՝ անհավատալիորեն փոքրի՞ց: Եվ սակայն, մի քանի դար անց, Քսաներորդ դարում, մի ա՛յլ քահանա, Ջորջ Լըմեթրը, պաշտպանեց տիեզերքի ծագումը միակ «սկզբնական ատոմից», կյանք տալով այն տեսությանը, որն հետո անվանվելու էր «Բիգ Բենգ»:
Ուստի, ֆիզիկական տիեզերքի և մարդու միջև զուգահեռի անցկացումը դառնում է բնական: Միջնադարյան քրիստոնյա մտածողների համաձայն, արդարև, մարդը դա մի միկրոտիեզերք է, որը բազմաթիվ տեսանկյուններից դիտված՝ համանման է մակրոտիեզերքին. գաղափարային հարթության վրա՝ աշխարհի կենտրոնն է, որովհետև «վայրն» է, ուր կյանքը ձեռք է բերում գիտակցություն, ինքնագիտակցություն, հոգի և միտք: Մարդը նույնպես, ամբողջ տիեզերքի նման, ծնվում է, այսպես ասած, մի զարմանահրաշ «պայթյունից», մի Բիգ Բենգից, որը միաժամանակ սաստիկ պարզ է և սաստիկ բարդ: Միմյանց սիրող երկու անձանց՝ այր և կնոջ միությունն, արդարև, ծնում է մի նոր էակ, որը ժառանգում է հոր գենետիկական ժառանգության մի մասը և մոր գենետիկական ժառանգության մի մասը, որոնց միությամբ ձևավորվում է մի նոր անհատ, որը բացարձակապես եզակի է, օրիգինալ ու անկրկնելի: Սերն, հիրավի, ինչպես միշտ ասում էին միջնադարյան քրիստոնյա փիլիսոփաները, «տարածում է ինքն իրեն». ձգտում է ճառագայթվելու արևի լույսի նման, որն արագընթաց տարածվում է ամենուր, ներթափանցելով և կենագործելով, գունավորելով, ջերմացնելով և օգնելով աճել:
Այդ «պայթյունը», սակայն, միայն այսպես ասած փոխաբերական չէ, միայն սիրո տարածում չէ. նաև ֆիզիկական է, ճիշտ ինչպես Լըմեթրի «սկզբնական ատոմը»: Յուրաքանչյուր մարդ, արդարև, սկսում է գոյություն ունենալ որպես բեղմնավորված միաբջիջ սաղմ, այսինքն որպես մի էակ, որ կազմված է միայն մեկ բջիջից, որն ընդունակ է զարգանալու և հեղաշրջվելու այնքան, մինչև որ կձևավորվի ամբողջական մի անձ: Սկզբում, հետևաբար, ամբողջ տիեզերքը՝ մի ատոմում, ամբողջ մարդը՝ մի բջիջում: Ով սիրում է փիլիսոփայությունը, այս նկատառումներից արդեն կարող է հասկանալ, թե ինչպես է կարելի փաստել, փիլիսոփայական հարթության վրա, արարչագործական միաստվածությունը. ամեն բան սերում է մեկից, ինչպես գրում էր արդեն իսկ Գալիլեյը, որն այսպես ասած ամենափոքր թիվն է, քանի որ նրանից են սկսվում մյուս բոլոր թվերը, բայց միաժամանակ նաև ամենամեծ թիվն է, քանի որ, սկզբում, իրենում բովանդակում է դրանք բոլորը: Կամ, մի ա՛յլ պատկեր գործածելու համար, կարելի է ասել, որ տիեզերքը, այնպես՝ ինչպես մարդկային մարմինը, մեկ միակ մեծ նկար է, տարբեր կերպարներով ու տարրերով լեցուն, որոնք բոլորը գործակցում են՝ ներկայացնելու համար մի միասնական ամբողջություն: Բազմաթիվության և բազմազանության մեջ իշխող այդ միության ետևում կարող ենք նշմարել իմաստուն ձեռքը մեկ միակ նկարչի:
Բայց մնանք տեսանելի իրողությունների դաշտում. ի՞նչ ենք տեսնում, երբ զննում ենք սկզբնական բջիջը, որը կյանքի է կոչելու վերջույթներով, օրգաններով, հարմարություններով ամբողջական մի մարդու: «Newton» գիտական պարբերաթերթը (թիվ 3, 2004) հրատարակել է հետևյալ նկարագրությունը. «Սկզբում դա սոսկ մանրադիտակային բջիջ է, մինչդեռ գործընթացի ավարտին լինելու են կազմակերպված միլիոնավոր և միլիոնավոր բջիջներ, որոնց կշիռը մեկ միլիարդ անգամ ավելի է, քան սկզբնական բջիջինը: Միջանկյալ ընկած են աշխատանքային օրեր և օրեր, որոնք բաժանված են հստակ հանգրվանների: Նախ գալիս են բեղմնավորված բջիջի զարգացման քսաներեք հանգրվանները, վաթսուն օր, որպեսզի բեղմնավորված բջիջը դառնա մի փոքրիկ էակ, որի վրա արդեն տեսանելի են կլորաթեք գլուխը վզիկով և լավ ձևավորված վերջույթները: Ապա գալիս է սաղմնային շրջանը, որը շատ ավելի երկար է, քան նախորդը, և շարունակվում է ևս քսանինը շաբաթ մոտավորապես: Արկածախնդրական մի ճամփորդություն, որ լի է զարմանահրաշ տեսարաններով և տևում է 266 օր, մի օր ավել կամ պակաս»: Այս ամբողջը կատարվում է որպես մեկնակետ ունենալով մի քանի միլիմետրանոց մի բջիջ, որի մեջ արդեն գոյություն ունի ներքին մի «բանականություն», որի շնորհիվ հնարավոր է դառնում կանոնակարգված և նպատակամղված աստիճանական զարգացումը, որով ղեկավարվում է օրգանների ձևավորումը, որոնք այսքա՜ն տարբեր են մեկը մյուսից, բայց ներդաշնակված են միության մեջ:
Այդ ներքին «բանականությունը», որ հաճախ համեմատվում է համակարգչի ծրագրի հետ, այսպես կոչված ԴՆԹ-ն է, այսինքն՝ «երկար ու շա՜տ բարակ այդ շարանը, որով հաղորդվում են այն բոլոր տեղեկությունները, որոնք հարկավոր են այդ եզակի, յուրահատուկ, նոր մարդկային էակին ձևավորելու համար»: Այդ ծրագիրն ակնհայտորեն ենթադրում է գոյությունը ո՛չ թե «Տեր Պատահականության», որն իբր թե բանական իրականությունների ակամա արարիչն է, այլ՝ գոյությունը իմաստուն ծրագրավորողի: Արդարև, ինչպես ոչ մի երաժշտություն, որ արժանի է այդպես կոչվելու, չի կարող ձայներիզի վրա գրվել ինքնուրույն, պատահականորեն, նմանապես անհնարին է պնդել, թե կյանքի անսահմանորեն ավելի վեհ ու վսեմ մեղեդին, իր կատարման տարբեր պահերի ուրույն հերթականությամբ, կարող է սերել պատճառների բացարձակ չգոյությունից, այսինքն՝ երգահանի բացակայությունից:
Վերադառնալով մեջբերված պարբերաթերթին, «Newton»ին, այն մեզ տեղեկացնում է, գերմանացի գինեկոլոգ Ռայներ Յոնասի կողմից իրականացված լուսանկարչական մանրակրկիտ փաստագրմամբ, որ 4 շաբաթական «սաղմը հազիվ հասնում է 6 միլիմետր երկարության և կշռում է 1 հարյուրերորդ գրամ: [...] Բայց արդեն հստակ տեսանելի են ձեռքերի ու ոտքերի ուրվագծերը, մինչ դեմքի յուրաքանչյուր կողմի վրա տեսանելի է մի ցցվածք, որոնք աչքերի առաջին նշաններն են: Սիրտը սկսում է բաբախել և, հատկապես, սկիզբ է առնում մի վիթխարի ծրագիր. ուղեղի կազմավորումը»: Հինգերորդ և վեցերորդ շաբաթների միջև «սաղմը ներկայանում է դեպի առաջ թեքված մեծ գլխով, [...] ձեռիկների թաթերը ամբողջովին ձևավորված են». այդ տարիքում արդեն կարող ենք վերցնել մատնահետքերը, որոնք անհավատալիորեն եզակի են յուրաքանչյուր մարդու համար: Յոթներորդ շաբաթվա ընթացքում սաղմն ունի «17 միլիմետր երկարություն, կշռում է հազիվ 7 հարյուրերորդ գրամ և արդեն ի վիճակի է զգալու զգացումներ, թեև տարրական մակարդակի»: Իններորդ շաբաթվա ընթացքում, ի վերջո, ունենք ամբողջովին ձևավորված մի փոքրիկ էակ, որի ձեռքերի ու ոտքերի մատների վրա մինչև իսկ աճում են եղունգները: Այդ տարիքում արդեն դրսևորում է «հստակ ճաշակ». «Էքոգրաֆիան ցույց է տալիս, որ սաղմնային հեղուկի մեջ քաղցր նյութեր ներարկելու դեպքում սաղմը կատարում է ծծելու և կուլ տալու շարժումներ, մինչդեռ դառը նյութերի դեպքում ծամածռում է դեմքը, ջանալով փակել բերանը»:
Թե ի՛նչ է կատարվում հետագայում, դա գիտենք. երեխան շարունակում է աճել, առանց դադարի և ընդմիջումների, մինչ բնությունն իր «ուշադրությունը կենտրոնացնում է մանրամասնությունների ու չափերի վրա»: Երեխայի կյանքն այնքա՜ն հարուստ է, որ ոտքերով ու ձեռքերով հարվածում է մոր փորին, տիեզերագնացի նման լողում է սաղմնային հեղուկի մեջ, ընկալում է դրսից եկող ձայներն ու աղմուկը, այն աստիճան, որ սիրահարվում է մոր սրտի բաբախյունին: «Corriere della Sera» օրաթերթն իր 2004 թվականի Հունիսի 29ի համարում տեղեկացնում է, որ գերձայնային եռաչափական մի նոր էքոգրաֆիայով բացահայտվել է, որ «26 շաբաթական սաղմը մինչև իսկ կարողանում է արտահայտվել ամենատարբեր եղանակներով. հորանջելով, աչքերը տրորելով, լացելով, սեփական մատները ծծելով և ժպտալով»: Նույն նկատառումներն է իր տարբեր գրքերում ներկայացնում նաև միջազգային հռչակ վայելող նորածնագետ դոկտոր Կարլո Բելլիենին, որն ամենայն ուշադրությամբ ուսումնասիրել է իր յուրօրինակ պացիենտին, այսինքն՝ հենց սաղմին, հասկանալու համար նրա յուրահատկությունները, նաև հնարավոր դարձնելու համար նախածննդաբերական դարմանումները: Իր «Եթե սա մարդ չէ» գրքում նա պատմում է, որ արգանդում սաղմը «լսում է, զգում է համերը, շարժումները, հոտերը: Սաղմնային գանգի ստորին մասում կա մի օրգան, որի գործառույթն է հոտերի զգացողությունը ջրային միջավայրում: Ծնունդից հետո այդ օրգանի գործառույթները դադարում են: [...] Քսաներկուերորդ շաբաթից սկսած, սաղմը ցնցումներով հակազդում է, երբ արգանդի պատի միջոցով նրան լսել ենք տալիս բարձր ձայնով միացված երաժշտություն: Գիտենք նաև, որ սաղմն ընդունակ է սովորելու և հարմարվելու գրգիռներին. եթե արգանդի պատի միջոցով նա մի քանի անգամ լսում է միևնույն երաժշտությունը, մի քանի անգամից հետո նա այլևս չի ցնցվում, մանավանդ թե՝ նրա սրտի բաբախումները սկսում են նվազել, ինչպես պատահում է հասուն մարդուն, երբ ունկնդրում է մի բան, որն իրեն հետաքրքրում է»: Իր գրքի տարբեր գլուխներում, ապա, Բելլիենին կետ առ կետ քննարկման է ենթարկում «սաղմի հիշողությունը», «սաղմի հաճույքի զգացողությունը», հնարավորությունը, որ սաղմը կարող է ինչ-որ կերպ երազել, ինչպես նաև՝ սաղմի ցավ զգալու կարողությունը: Իր «Եսի արշալույսը» գրքում ընթերցողին տալիս է ա՛յլ թանկարժեք տեղեկություններ ևս, որոնք համառոտում է այսպես. «23 շաբաթական հասակում սաղմը զանազանում է իր մոր ձայնը ուրիշներից, ճանաչում է մարդկանցից և առարկաներից եկող ձայները: “Lancet” պարբերականում հրատարակված մի ուսումնասիրության համաձայն, նորածինները ճանաչում են այն երաժշտությունները, որոնք իրենց մայրերը լսել են հղիության ընթացքում: Արգանդում ունկնդրված մեղեդիները մեղմացնում են երեխայի լացը, [...] ընդհանուր առմամբ նրան հանգստացնում է այն ամենը, որ նրան հիշեցնում է իր ներարգանդային վիճակը. պարուհիների զավակներն, օրինակի համար, ուզում են, որ իրենց ուժգին օրորեն, քանի որ սաղմնային վիճակում սովորել են շարժմանը»:
Նաև այնպիսի հանրահայտ աթեիստ գինեկոլոգ, ինչպիսին է Բոլոնիայի Համալսարանի դասախոս Կարլո Ֆլամինյին, համաձայնվում է այս նկատառումների հետ. «Պարապ ու անգործ հյուր լինելուց հեռու, սաղմը գործուն դեր է կատարում հղիության ընթացքում, հսկում է իր իսկ զարգացման տարբեր գործընթացների վրա և ընդունակ է պատասխանելու արտաքին միջավայրից եկող լսողական, տեսողական և հպողական տարբեր գրգիռների: Որոշ հոգեբաններ խոսում են ծնունդից առաջ սաղմի ''անհատականության'' մասին: Այս ենթադրությունները հաստատվում են հիպնոսի վիճակում գտնվող անձանց տարբեր պատմություններով, որոնք հիշել են ներարգանդային ամիսների ընթացքում ապրված փորձառություններ կամ ծնվելու փորձառությունը: Հետևաբար, որպես հիմք ունենալով նախադրյալը, որ սաղմը կարող է գիտակից լինել, ընդունակ՝ զգալու և հիշելու, առաջ է քաշվել նաև վարկածը, որ ներարգանդային ամիսների ընթացքում ապրված փորձառությունները կարող են ազդել նրա զգայականության և նրա մտքի զարգացման վրա»[1]: Եվ նույն գրքի մի ուրիշ հատվածում. «Երեխայի աշխարհը արգանդում միայն այժմ է սկսում բացվել ուսումնասիրությունների ու ճանաչման առջև: Գիտենք, որ սաղմը քնում է և որ որոշակի պահերի իր քունը ուղեկցվում է ակնային արագ շարժումներով, ինչպես երազ տեսնող հասուն մարդու քունը»:
Ուստի, այս ամբողջ գործընթացում, որն իր բազմաթիվ տեսանկյուններից դիտված տակավին անհայտ է մեզ, բեղմնավորված բջիջից մինչև սաղմը, մինչև նորածինը, նոր կյանքն անհավատալիորեն գործուն դերակատար է: Մեջբերենք հանրահայտ մի ա՛յլ գինեկոլոգի՝ Պինո Նոյայի խոսքերը. «Սաղմը դա մի գործուն խմբավար է, որ ղեկավարում է իր հիմնարկը և իր ապագա ճակատագիրը»: Հանրահայտ կենսաբան Ժան Ռոստանդը, իր «Մարդկային արկածախնդրությունը բեղմնավորումից մինչև ծնունդ» գրքում, հեռավոր 1947 թվականին արդեն գրում էր, որ «բեղմնավորման պահից ևեթ ֆիզիկական կառույցի ամենակարևոր մասն արդեն սահմանված է: Սոսկ այն պատճառով, որ ձվաբջիջը ստացել է հենց այդ քրոմոսոմները, եթե այն զարգանում է, ոչինչ չի կարող խանգարել, որ ձևավորվի արդեն որոշված սեռի, մազերի որակի, գանգի ձևի, աչքերի գույնի անձնավորություն: Ամենագետ մի նկարիչ կարող էր որևէ անհատի դիմանկարը գծել պարզապես քննության առնելով այն քրոմոսոմները, որոնցով այդ ձվաբջիջը բեղմնավորվել է»: Սա նշանակում է, որ նոր կյանքը, որը կառուցվածքային գետնի վրա մոր օրգանիզմից կղզիացած է սաղմնային պարկով, ինքն իր մեջ արդեն իսկ պարունակում է այն ամենը, ինչի կարիքը նա ունի աճելու և զարգանալու համար. ընդմիշտ պահպանելու է իր գենետիկական եզակիությունը: Սաղմը, հետևաբար, նման չէ փայտագործի կողմից քանդակված արձանին, որը պատրաստված է ըստ հեղինակի քմահաճույքի, ժամանակի և անձնական ծրագրի, ուստի կարող է համարվել քանդակագործի սեփականությունը, որի նկատմամբ նա ունի ''հեղինակային իրավունքներ'':
Սա, սակայն, չի նշանակում, թե սաղմը օգնության կարիք չունի. օգնություն, որի առաջին դրսևորումը նրա վեհանձն ընդունելությունն է մոր կողմից: Հիրավի, մորից պահանջվում է դիմանալ սրտխառնոցներին, սեփական մարմնի ձևափոխմանը, հոգնածությանն ու ուժազրկմանը, իսկ վերջում նաև ծննդաբերության ցավերին. մայրական սերը, նաև ֆիզիկական հարթության վրա, սկզբից ևեթ ներկայանում է որպես մի սեր, որ հիմնված է ինքնազոհության և ամբողջական ինքնանվիրման վրա, ինչը որ մոր բնորոշ հատկանիշն է մնալու նաև գալիք տարիների ընթացքում: Հոգևոր և մարմնավոր այդ անքակտելի կապը սկիզբ է առնում հղիության առաջին իսկ օրերի ընթացքում, երբ մայրն ու սաղմը սկսում են մի բուռն երկխոսություն, որի մեջ մայրը, սովորաբար, կատարում է տվողի, պարգևողի և սոսկ շա՜տ հազվադեպ՝ ստացողի դերը: Հղացման պահից ևեթ, ձվարանից դեպի արգանդ տանող փողի միջով անցնող սաղմի և նրան ընդունելու պատրաստվող կնոջ միջև հաստատվում է այսպես կոչված «խաչաձև զրույց» (talk cross). ինչպես գրում է Ֆլամինյին, խոսքը վերաբերվում է «քիմիական տեղեկությունների փոխանակմանը». «Սաղմի արմատավորման սկիզբը և հատուկ ազդանշանների առաքումը մորը տեղի են ունենում արգանդի ձևափոխման և սաղմի իսկ ձևափոխման հետ միաժամանակ. արգանդի պարագայում տեղի է ունենում լորձաթաղանթի փոխակերպում և հաստացում, բազմանում են արյունատար անոթները, արգանդի մկանները դառնում են առավել փափուկ ու առաձգական, մինչ սաղմի պարագայում սկսվում է բջիջների տարբերակումը և ձևավորվում են լորձաթաղանթի մեջ խարսխվելու համակարգերը, որոնք ծառայելու են նաև քիմիական նյութերի փոխանակմանը»: Մի խոսքով, սաղմը զրուցում է իր մոր հետ, իսկ մայրը՝ իր զավակի հետ, հասնելու համար նպատակների, որոնք բարերար ու նախապատրաստական ազդեցություն ունեն երկուսի համար էլ: Այդ երկխոսությունը էական կարևորություն ունի, այն աստիճան, որ շարունակվելու է ժամանակի ընթացքում. մայրն ու զավակը երբեք չեն դադարում հաղորդակցվել «խորհրդավոր ազդանշաններով», «անշոշափելի ազդանշաններ, որոնք պաշտոնական բիոքիմիան չի կարողանում ո՛չ ըմբռնել, ո՛չ էլ չափել»[2]:
Ամենավերջին ուսումնասիրությունները մղում են մեզ գնալու ավելի անդին, այսինքն՝ հաստատելու, որ մոր և մանկան միջև ներարգանդային հանգրվանից իսկ արդեն գոյություն ունի մի խորը փոխազդեցություն նաև հոգեբանական տեսանկյունից դիտված: Այս փաստն ընդգծել են բազմաթիվ բժիշկներ, որոնք ահազանգում են միշտ ավելի աճող տագնապի ու մտավախությունների կապակցությամբ, որոնցով հասարակությունն ընդունում է իր զավակներին: Թվում է, իրոք, որ ներարգանդային շրջանում կատարվող բժշկական քննությունները, որոնք անհոգության են մատնում ֆիզիկականից բացի որևէ ա՛յլ նկատառում, ինչպես նաև ամեն գնով առողջ ու գեղեցիկ զավակ ունենալու հասարակական պարտավորությունը, ինչ-որ կերպ ընկալվում են զավակի իսկ կողմից, որը զգում է իր ապագայի շուրջը տիրող անկայունությունը և իրեն հյուրընկալող կնոջ ապրած տագնապը: Կրկին Ֆլամինյին է մեզ բացատրում, որ «տարբեր ուսումնասիրություններ փաստել են, որ սաղմի նկատմամբ մոր կեցվածքը ուժգին ազդեցություն է ունենում երեխայի և՛ մարմնական, և՛ հոգեբանական առողջության վրա: Հակասական զգացումներ ապրող մայրերից – այսինքն կանանցից, որոնք թեև արտաքսապես երջանիկ են երևում, այդուհանդերձ դժվարությամբ են ընդունում հղիությունը – ծնված երեխաները շատ հաճախ կանգնում են վարքային և սոմատիկ խնդիրների, օրինակի համար՝ աղեստամոքսային խանգարումների առաջ: Մայրերը, որոնք աշխատանքային ասպարեզում առաջընթաց ապահովելու կամ ֆինանսական խնդիրների պատճառով չեն փափագում հղիանալ, շատ հաճախ ունենում են սկզբնական շրջանում քնափության (լեթարգիա) և ոգևորության բացակայության ենթակա զավակներ: Երեխան իր ծնունդից առաջ սերտորեն կապված է մոր ֆիզիկական, մտային և զգայական ապրումներին: Բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ հղիությունն ու ծնունդը կրթական և դաստիարակչական փորձառություններ են ո՛չ միայն ծնողների, այլ նաև մանկան համար: Հղիության ինը ամիսների ընթացքում ծնողները կարող են լինել երջանիկ, հակասական զգացումներ ապրող, զայրացած, վհատված ու անհույս: Միևնույն կերպ երեխան կարող է զգալ իրեն սպասված կամ մերժված»: Այդ իսկ պատճառով, եզրակացնում է Ֆլամինյին, «ծնող լինելու պարտականությունը չի սկսվում երեխայի ծնունդով, կամ երեխայի մեկ կամ երկու տարեկանից, այլ՝ հղիության առաջին իսկ օրից, երբ մայրական արգանդը դառնում է մի դպրոց, որն հաճախում են բոլոր երեխաները, և որտեղ ուսուցչի պաշտոնն են կատարում ծնողները»[3]:
Ավարտելու համար կարելի է նշել, որ թեև մորից պահանջվում է մի սեր, որն ընդունակ պետք է լինի ինքնազոհաբերման և զավակի նկատմամբ ինքնանվիրման, նրա ի հայտ գալու առաջին իսկ օրից սկսած, այդուհանդերձ նույնքան ճշմարիտ է, որ զավակը բերկրանքի ու բարիքի աղբյուր չէ միայն իր ծնունդից սկսած, երբ իր արդեն տեսանելի ու շոշափելի գեղեցկությամբ կարողանում է հիացնել ու մխիթարել իր մորը այլևս անցած ցավերի փոխարեն: Թվում է, արդարև, որ զավակը նույնպես, դեռ արգանդում գտնված ամիսներին, ֆիզիկական գետնի վրա բարերար ազդեցություն է գործում մոր վրա:
Բոստոնի Թուֆթ Համալսարանի գենետիստ գիտաշխատող Դիանա Բյանքին ապացուցել է հնարավորությունը, որ մոր և սաղմի միջև տեղի ունեցող «բջջային փոխանակումը» որոշակի դեպքերում կարող է հանգեցնել մոր մարմնում առկա ուռուցքների բուժմանը: Նա փաստագրել է «շատ յուրահատուկ մի դեպք, նկատելով, որ դեռ արգանդում գտնվող զավակի ցողունային բջիջները շրջապատել էին մոր նեոպլաստիկ միտում ունեցած վահանագեղձային խոռոչներից մեկը, այն փոխակերպելով վահանագեղձային բջիջների: Տեղորոշելով ուռուցքը, ուստի, սաղմի ցողունային բջիջները տարբերակվել և դարձել էին վահանագեղձային բջիջներ, շրջափակելու և դարմանելու համար մոր ներքին վնասվածքը. հետևաբար, սաղմի ցողունային բջիջները ի զորու են դարմանելու հղի կնոջ օրգանների վնասվածքները, բարերար ազդեցություն ունենալով մոր առողջության վրա» : Ինչպես նաև հիշարժան է փաստը, որ սաղմի ցողունային բջիջները տասնյակ տարիներ շարունակ մնում են մոր մարմնում, և թերևս կարող են բացատրել, թե ինչո՛ւ կանայք, օրինակի համար, ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ:
Ահա սա է, հետևաբար, մարդու փաստացի իրավիճակը իր գոյության սկզբում: Ֆրանսիայում Կոմունիստական կուսակցության հիմնադրի որդին՝ Անդրե Ֆրոսսարդը, մարքսիստական աթեիզմից Կաթողիկե Քրիստոնեության դարձի գալուց հետո՝ այս հարցի շուրջ գրել է. «Էթիկան (կամ բիոէթիկան) հնարավոր է կառուցել միմիայն մարդկային էակի շուրջ հստակ հասկացողության հիմքի վրա: Եթե մարդը սոսկ անասուն է, մյուս բոլոր կենդանիների նման, գուցե նրանց համեմատ մի քանի հավելյալ կարողություններով օժտված, ինչը որ սակայն բավարար չէ նրան իր ''ստորակարգ եղբայրներից'' հիմնովին տարբեր համարելու համար, ուրեմն ոչ մի պատճառ չկա, որ մարդու հանդեպ տարբեր վերաբերմունք գոյություն ունենա, քան ասենք հորթի կամ խոզի նկատմամբ: [...] Այդպիսի դեպքում մարդկային սաղմը ավելի արժեքավոր չէ, քան մյուս որևէ կաթնասունի սաղմը, և այն կարելի է առանց որևէ խղճահարության սառեցնել, օգտագործել լաբորատորիայում, ոչնչացնել, սոսկ բառախաղային զգուշավորության նկատառումներից ելնելով նրան որակավորելով որպես ''նախասաղմ'' կամ ''պոտենցիալ մարդկային էակ'', անշուշտ հասկացնելով ու պնդելով, թե այն, ինչը պոտենցիալ է, դեռ չունի իրական գոյություն, և որևէ կորուստ չի պատճառում, եթե այն մեջտեղից վերացնում ենք»[4]: Ահա սա՛ է աթեիզմի համոզմունքը: Աստծո դեմ չէ, որ պայքարում է աթեիզմը: Աթեիզմը պայքարում է Աստծո արարչության գագաթնակետը, գլուխգործոցը հանդիսացող Մարդու դեմ, նրա եզակի արժանապատվության դեմ, նրա բնական հղացման պահից մինչև նրա բնական մահվան պահը:
[1] C. Flamigni, Avere un bambino, Mondadori, Milano 2002, p. 250.
[2] Նույն, pp. 43, 118.
[3] Նույն, pp. 250, 251.
[4] Մեջբերված է հետևյալ գրքում. R. Cammilleri, Elogio del Sillabo, Leonardo, Milano 1994, p. 142.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։