Ս.Ջ. Գուլդ և Մ.Փ. Փալմարինի. երկու ''աթեիստ'' գիտնականներ – Գրադարան – Mashtoz.org

Ս.Ջ. Գուլդ և Մ.Փ. Փալմարինի. երկու ''աթեիստ'' գիտնականներ

Անձնավորությունների շարքին, որոնց Դոկինսը բացահայտ կերպով անտեսում է դանդաղ ու աստիճանական կերպարանափոխության և գիտության ու հավատքի միջև անհաշտության իր դրույթները պաշտպանելիս, անկասկած հիշարժան է ժամանակակից ամենահռչակավոր էվոլյուցիոնիստ հնէաբան, 2002 թվականին վախճանված Սթեֆեն Ջեյ Գուլդը:
Նա հայտնի է մանավանդ նրանով, որ հնէաբան Նիլս Էլդրիջի հետ միասին համահեղինակն է ճշգրիտ հավասարակշռությունների տեսության, որի համաձայն՝ մինչև օրս ձեռքբերված հնէաբանական փաստարկների հիման վրա ուրվագծվում է անցյալի մի պատկեր, որն առաջ է շարժվում ընդհատումներով, կարծես էվոլյուցիան տեղի չի ունեցել աստիճանաբար, ինչպես պնդում էր Դարվինը, այլ՝ առավել կամ նվազ ընդարձակ ընդհատումներով, ցատկերով: Գուլդն, ուստի, առաջարկեց էվոլյուտիվ գործընթացի «ոստումային» մի տեսություն, հաստատելով այն գաղափարը, որ էվոլյուցիան բնորոշվել է երկարատև կայուն և նոր ձևերի առաջացման կարճատև ժամանակաշրջաններով:
Էվոլյուցիոնիստ մնալով հանդերձ, ուստի, Գուլդն իր այս տեսության պատճառով արժանացավ բազմաթիվ նեոդարվինիստների կողմից մեկուսացման, որոնց համար ավելի հավանական էր թվում, – մի իրական դոգմա, – աստիճանական էվոլյուցիայի վարկածը, որով պատահականությանը տրվում էին անհրաժեշտ կիկլոպյան ժամանակները, որպեսզի գործեր այդքա՜ն ''իմաստությամբ'': Բայց Գուլդն անհարմար անձնավորություն չնկատվեց միմիայն այդ պատճառով: Մարքսիստ լինելով և մատերիալիստ էվոլյուցիոնիստների աշխարհը հաճախելով հանդերձ, Գուլդն իր «Ժամանակի սյուները» գրքում և իր բազմաթիվ ա՛յլ աշխատություններում գիտապաշտ ֆանատիզմի մեջ մեղադրեց բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին գիտությունն օգտագործել ապացուցելու համար անապացուցելին և ժխտելու համար Աստծո գոյությունը: Ինչպես հիշում է անգլիացի գիտնական և աստվածաբան Ալիսթեր ՄըքԳրաթն իր «Աստված և էվոլյուցիան» գրքում, Գուլդը հաստատում էր, որ «գաղափարը, թե Դարվինի էվոլյուցիոն տեսությունը անհրաժեշտորեն աթեիստական է, դուրս է գալիս բնական գիտությունների սահմաններից դեպի մի տարածք, ուր գիտական մեթոդն անկիրառելի է»: Որպես դրա ապացույց նա հիշում էր հավատացյալ էվոլյուցիոնիստներից մի քանի մեծ դեմքեր, ինչպիսիք էին, օրինակի համար, Դարվինի ընկեր և ամերիկյան դարվինիզմի մեծագույն ներկայացուցիչ Ա. Գրեյը, որն համոզված էր մարդու բացարձակ օրիգինալությանը. Բնական Պատմության Ամերիկյան Թանգարանի տնօրեն Հենրի Ֆեյրֆիլդ Օզբորնը, «որն էվոլյուցիան համարում էր Աստծո ծրագրի ամենագեղեցիկ արտահայտությունը». Չարլզ Ուալքոթթն ու Թեոդոսիուս Դոբժանսկին: Գրում էր Գուլդը. «Կրկնում եմ իմ բոլոր կոլեգաների համար, արդեն քանիերորդ անգամ. գիտությունը պարզապես չի կարող իր օրինավոր մեթոդների միջոցով վճիռներ կայացնել բնության վրա Աստծո իշխանության հարցի շուրջ: Մենք դա չենք պաշտպանում, բայց չենք էլ մերժում»: Գուլդը, որը «մատերիայի սկզբնական ծագման» խնդրի լուծումը համարում էր «մեր ուժերից վեր»[1], շատ լավ գիտեր, որ անցյալի գիտնականներից շատերը, մանավանդ թե՝ մեծամասնությունը, եղել էին հավատացյալներ, ինչպես նաև ժամանակակիցներից շատերը, և շատ լավ ծանոթ էր որոշ գիտնականների ձգտմանը՝ բախվելու մյուսներին, փիլիսոփայական տարբեր տեսակետները շփոթելով մարդկային գիտության և հավատքի միջև ընդհարումի հետ, որն իրականում գոյություն չունի:
Իր «Ժամանակի սյուները» և «Փայլի՛ր, մեծդ կայծոռիկ» աշխատություններում Գուլդը նաև պատմում է, թե ինչպես դարվինիզմի շուրջ ամերիկյան բանավեճը և աղմուկ հանած «կապկի դատավարությունը», որն 1925 թվականին հարուցվել էր կենսաբանության ուսուցիչ Ջոն Սքոփսի դեմ իր աշակերտներին դարվինիզմի մասին խոսած լինելու համար, իրականում չէին հրահրվել մի ֆոնդամենտալիստ բողոքականի կողմից, ինչպես ոմանք հաճախ ցանկանում են ներկայացնել դա, այլ՝ պրոգրեսիստ դեմոկրատ Ուիլլիամ Ջեննինգս Բրայանի կողմից, և իրականում ծնվել էին ո՛չ թե գիտության հողի վրա, այլ այն պատճառով, որ բազմաթիվ կենսաբաններ, էթոլոգներ, բնության փիլիսոփաներ և այլոք, իրենց մասնագիտության սահմաններից դուրս գալով, – հատկապես Գերմանիայում, Քսաներորդ դարի սկզբին, – պաշտպանում էին դարվինիզմի «պատերազմական, մարտաշունչ ընկալումը», մարդկության ռասսիստական գաղափարը, բաժանված՝ վերադասների ու ստորադասների, հանուն ամենաուժեղի սելեկցիայի, հանուն ազգերի միջև անխուսափելի բախումների, հանուն մարդկանց անխուսափելիորեն բռնի կենդանականության: Այդպիսով, Դարվինի տեսությունները դպրոցական, քաղաքական և ռազմական գրքերում շատ հաճախ ներկայացվում էին որպես «լիակատար արդարացումը պատերազմի և պետական քաղաքականության մեծապես կազմակերպված ծրագրերի, որոնցում ուժի ուսմունքը դառնում է իրավունքի ուսմունք»[2]:
Բայց, շարունակում է Գուլդը, միայն գերմանացի գիտնականները չէին, Համաշխարհային Պատերազմից առաջ, որ սխալ ուղի բռնելով՝ ցանկանում էին բարոյական հետևություններ կայացնել դարվինիզմից: Ամերիկայի Միացյալ Նահանգներում ևս, – ինչպես վկայում է հենց այն դասագիրքը, որ գործածվել էր Ջոն Սքոփսի կողմից, – փորձվում էր էվոլյուցիոնիզմի միջոցով շրջանառության մեջ դնել մի ոչ-գիտական հասկացողություն, ինչպիսին է կենսաբանական դետերմինիզմը, ըստ որի «անհնարին է միջամտել և հարթել ցեղային, սեռային և դասակարգային տարբերությունների վրա հիմնված հասարակական անհավասարությունները, քանի որ դրանք հետևանքն են տուժված անհատների և խմբերի գենետիկական բնածին և ցածրակարգ պաշարի»: Սքոփսի կողմից որդեգրված գրքում – Գ. ՈՒ. Հանթըրի «Քաղաքացիական կենսաբանություն»ը – գտնվում է «բացահայտ հաստատումը, թե գիտությունն ունի բարոյական պատասխանն այնպիսի հարցերի, ինչպիսիք են մտային թերզարգացումը կամ հասարակական աղքատությունը»: Հանթըրն առաջարկում էր մի գաղափար, որի համաձայն՝ հարկավոր է ամլացման կամ մեկուսացման միջոցով խոչընդոտել ամուսնությունը և որդեծնությունը բոլոր նրանց, ովքեր կարող էին որակավորվել որպես «հասարակության մակաբոյծներ», որովհետև, իր կարծիքով, դրանք բոլորը կրում էին աղքատության, հանցագործության, թափառաշրջության բնածին, գենետիկական, ժառանգական հակումներ[3]: Հաջորդ գլուխներում, էուգենետիկային նվիրված բաժնում կտեսնենք, թե գիտության անվան տակ մաքսանենգված այս փիլիսոփայական խելացնորությունները, իրենք իրենց մարդկային խորհրդի բացարձակ գիտակների տեղ դրած գիտնականների կողմից իրենց մասնագիտության սահմաններից դուրս գալը ի՛նչ հետևանքներ ունեցավ անհատների ու խմբերի վրա, պատճառելով դաժանություն, ցավ ու տառապանք: Հռչակավոր գենետիստ Ռիչարդ Լևոնտինի հետ միասին, որը նույնպես մարքսիստ էր, Գուլդը եղավ նաև Հարվարդի կենսաբանության հայտնի դասախոս Էդվարդ Օ. Ուիլսոնի սոցիո-բիոլոգիական տեսությունների գլխավոր ընդդիմախոսներից մեկը:
Ուիլսոնը հանրահայտ դարձավ Յոթանասունական թվականներին, միջատների մասին կատարած իր ուսումնասիրություններով, որոնք նրան հնարավորություն տվեցին բացահայտելու, թե ինչպես տարբեր մրջյունների ''աշխատանքային'' ճակատագիրը, նրանց պատկանելիության ''հասարակական դասակարգը'' կապված էր նրանց գեներին, և այդպիսով՝ նախասահմանված էր. յուրաքանչյուր մրջյուն իրենում կրում է, ծնունդից ի վեր, որոշակի գործ, հստակ դեր կատարելու կարողությունը, առանց որևէ մեկի կողմից կրթվելու: Այդպիսով, ծնվում են մրջյուններ, որոնք գիշատիչներ են, մինչդեռ ուրիշներ նվիրվում են կերակուր հայթայթելու, ուրիշներ՝ թրթուռներ որսալու, և այսպես շարունակ, կրթությունից ու միջավայրից անկախ: Մինչև այս կետը ամեն ինչ գիտական է և նույնիսկ կարող ենք ասել, որ գիտականորեն փաստում է մի գաղափար, որը քրիստոնեական մարդաբանության կողմից ներկայացվել է դարեր շարունակ. կենդանիները ''կատարյալ'' արարածներ են, այսինքն՝ ամբողջացած, ի տարբերություն մարդկանց, որոնք անկատար արարածներ են, և հետևաբար՝ ընդունակ են ազատության, կարող են աճել, ունենալով նաև սեփական ինքնակերտմանը մասնակցելու արժանապատվությունը:
1975 թվականին, սակայն, Ուիլսոնը դուրս եկավ գիտության շրջանակներից և հաստատեց, առանց փորձարարական որևէ իրական արդարացման, թե կարող է մրջյունների վրա կատարած իր բացահայտումները կիրառել նաև մարդկանց վերաբերյալ, և ամբողջ աշխարհին սկսեց բացատրել, թե գենետիկան և Դարվինը ի վիճակի էին ամբողջովին բացատրելու մարդկային ընտրություններից, վարվելակերպերից, գաղափարներից յուրաքանչյուրը: Մարդկային ուղեղը – սա՛ է իր տեսության կորիզը – նման է «նեգատիվի, որն հարկավոր է լուծույթի մեջ մշակել, որպեսզի հնարավոր լինի ստանալ պոզիտիվ պատկերը»: Նեգատիվը կարող է լավ կամ վատ մշակվել, բայց լավագույն դեպքում անգամ հնարավոր է ստանալ միայն այն, ինչը նեգատիվի վրա տպվել է լուսանկարելու պահին: Այս գաղափարը, որ հայտնի է սոցիո-բիոլոգիա անվամբ, ակնհայտորեն բացառում է մարդկային որևէ ազատություն, հաստատելով, թե այն ամենն, ինչ մարդը կդառնա և կգործի, ի սկզբանե արդեն իսկ նախասահմանված է. ճակատագիրը մեր գեների մեջ է, արդեն որոշված, անփոփոխ, անողոք: Շունչը, հոգին, ազատությունը, գիտակից եսը, ալտրուիզմը և նման ամեն բան լոկ պատրանք է, և մեր բարոյական ընտրություններն անգամ պտուղը չեն մեր ազատ կամքի, այլ՝ հիպոտալամուսի մեջ և ուղեղի ցանկածնունդ շրջաններում դրոշմված հակումներ են: Այդ ամենը Ուիլսոնը, բնականաբար, ո՛չ փաստարկել էր, ո՛չ էլ ապացուցել, քանի որ իրականում սահմանափակվել էր պարզապես հավասարության նշան դնելով մրջյունների ու նրանց ուղեղի և մարդու ու մարդկային ուղեղի միջև: Բայց խոստացել էր, որ շատ շուտով տրվելու էին անհրաժեշտ ու պատշաճ ապացույցները: Անցել է ավելի քան երեսուն տարի և ոչ մի ապացույց չի տրվել, գոնե նվազագույն չափի: Բայց մինչ այդ, Գուլդի ու Լևոնտինի պախարակումներին հակառակ, 1977 թվականին Ուիլսոնին շնորհվեց Գիտության ոսկե շքանշանը, 1979 թվականին ստացավ Պուլիտցեր պարգևը և դարձավ հայտնի ու ծափահարված անձնավորություն, հակառակ իր գաղափարների լիակատար անհեթեթությանը: Այսպիսին է միջազգային պարգևատրումների ու շքանշանների արժեքը, որոնք գիտությանը չեն ծառայում այնքան, որքան ծառայում են իդեոլոգիաներին ու քաղաքականությանը:
Այժմ մի քանի խոսք իրեն աթեիստ հռչակող մի ուրիշ գիտնականի մասին. Մասսիմո Փիատթելլի Փալմարինին, որը ժամանակ առ ժամանակ քար է նետում տիրող իդեոլոգիայի ճահճացած ջրափոսի մեջ, վերարծարծելով քարացած ու գրեթե միակողմանի դարձած բանավեճը: Փիատթելլին ճանաչողական գիտության, լեզվաբանության և հոգեբանության դասախոս է Արիզոնայի ամերիկյան համալսարանում, բացի այն, որ ամբողջ աշխարհի գիտական բազմաթիվ ակադեմիաների անդամ է: Վերջերս, «Corriere della Sera» օրաթերթի 2007 թվականի Հոկտեմբերի 16ի համարում, էվոլյուցիոնիստական իր սեփական տեսակետն արտահայտելուց հետո, գրել էր. «Ազատության և մտային առողջարար հիգիենայի ձեռքբերումներից մեկն է, որ կրոնը չխառնվի գիտական հարցերին, և որ, համաչափորեն, գիտությունը չխառնվի կրոնական հարցերին: Այս կետում ես համաձայն չեմ իմ մի քանի կոլեգաներին, որոնք իմ նման գիտնականներ են և իմ նման աթեիստներ, ինչպես օրինակի համար անգլիացի կենսաբան Ռիչարդ Դոկինսը և ամերիկացի ճանաչողագետ Դանիել Դեննեթը, որոնք իրենք իրենց իրավասու զգացին մի քանի ամիս առաջ, տպագրական հաջողություն գտած իրենց գրքերում, հարձակվել կրոնի վրա, իբրև թե որպես մեկնակետ ունենալով գիտական հիմնավորումները: Իտալիայում նույն կերպ է վարվում Պիերջորջո Օդիֆրեդդին, որն անշուշտ ճարտար տրամաբան է և մաթեմատիկոս, բայց՝ տկար աստվածաբան: Մեծագույն ''ինչու''ներին գիտության կողմից տրվող պատասխաններն իրենց բնությամբ իսկ չեն կարող հետընթաց շարժվել անսահմանափակ կերպով: Յուրաքանչյուր ''ինչու''ի ետևում միշտ էլ կա ուրիշ մի ''ինչու'': Տվեք մեզ ֆենոմենների բանական և գիտական մի ընտիր բացատրություն, և մեզնից ոմանք ուրախ կլինեն կանգ առնել այդ կետում: Ես ինքս կլինեմ դրանցից մեկը: Բայց հետո ազատ թողեք, նրանց՝ ովքեր դա փափագում են, հարցնել այդ ֆենոմենի պատճառը: Իսկ հետո՝ իրենց իսկ պատասխանի պատճառը, առանց սահմանափակումների: Դերերի, ոճերի և իմացական գործիքների հստակ բաժանում կա այս հույժ մարդկային մտահոգությունների դիմաց»: Եվ հավելում էր. «Համենայն դեպս, պետք է որ պարտավորեցնող լիներ, որ կենսաբանական էվոլյուցիայի ուսուցումը տեղի ունենար ներկայացնելով, նվազ հավակնոտությամբ ու ինքնավստահությամբ, մի ծայր աստիճան բարդ պատկեր: Լիովին նատուրալիստական, ինչպես հարկ է, բայց բաղադրյալ, հարուստ, տարտամ, անորոշություններով լի: Դարվինյան ավանդական ուսմունքը խափանվել է իր բազմաթիվ մասերում: Ամերիկացի ականավոր գենետիստ Գրեգորի Ք. Գիբսոնը “Nature” ամսագրում վերջերս խոսեց գլուխ բարձրացնող այն համոզմունքի մասին, որ ''բնական սելեկցիան կենսաբանական կարգի գործոններից միայն մեկն է, և թերևս՝ ո՛չ ամենակարևորներից մեկը'': Միակը չէ, որ այդպես է արտահայտվում: Նմանատիպ մեջբերումներն առատ են, խիստ աշխարհիկ գիտնականների կողմից: Հիմքի իմացական պայմանագիրը, որը գիտությունը կնքել է դպրոցականների և ընդհանրապես՝ քաղաքացիական հասարակության հետ, այժմ մեզ պարտավորեցնում է ընծայել կենդանի էակների էվոլյուցիայի մի հմայիչ և բավական բաղադրյալ տեսակետ: Ո՛չ դարվինյան ավանդական գծանկարը: Հեշտորեն բացատրելի, հեշտորեն ընկալելի, բայց՝ ծաղրանկարային»:
Կրկին «Corriere della Sera» օրաթերթի 2008 թվականի Մայիսի 11ի համարում Փիատթելլի Փալմարինին «Բադակտուցը պարտության է մատնում Դարվինին» վերնագրված իր հոդվածում բացատրում է, թե ինչպես ավստրալիական այս կիսաջրային, մաշկոտանի, ծայրաստիճան թունավոր և կտուցավոր եզակի կաթնասունը, որ ձվադրում է, բայց հետո կաթով կերակրում է իր ձագերին, «վկայում է դարվինյան դասական գաղափարի դեմ, որի համաձայն՝ կենսաբանական էվոլյուցիան ընթանում է միշտ և միայն փոքրիկ փոփոխությունների կուտակումով»: Բայց մեզ ամենից ավելի հետաքրքրողը, ամեն ինչից անդին, հոդվածի եզրակացությունն է. «Դարվինյան դասական տեսության աստիճանականությունը, այսինքն՝ մեկը մյուսի ետևից պատահականորեն կատարված փոքրիկ քայլերը, գնում են գրողի ծոցը: Իրականում, գենետիկական մեխանիզմը կատարում է իր ոստումները, իսկ հետո զարգացման ա՛յլ գործոններ որոշում են, թե այդ ոստումներից որոնք կարող են արդյունավորել մի նոր տեսակ, որն ի վիճակի կլինի գոյատևելու և բազմանալու: Սրանց և միմիայն սրանց մեջ բնական սելեկցիան կբերի հավելյալ փոփոխություններ: Բայց խոսքը վերաբերվում է մանրամասնությունների, ո՛չ թե նոր տեսակների արտադրման շարժիչի: Բադակտուցը մաս է կազմում մի շատ փոքր ընտանիքի. միաբացվածքավորների (մոնոթրեմների) ընտանիքին (միայն մեկ խողովակ՝ կղկղանքի և ձվադրման համար): Սթեֆեն Ջեյ Գուլդն իրավացիորեն նշում էր, որ կենդանիների տարբեր կարգեր տիրապետում են նոր տեսակներ արտադրելու միմյանցից շատ տարբեր ներքին պոտենցիալի: Ուտիճների ութ հարյուր հազար տեսակ, սերինոսների մի քանի տասնյակ տեսակ, գետաձիերի, փղերի, միաբացվածքավորների և, այո՛, ընդունենք դա, մարդանման կապիկների սակավաթիվ տեսակներ: Բոլորն էլ ''շատ լավ'' կենդանիներ են, այսինքն՝ բոլորն էլ կենսաբանական գործընթացների շատ լավ հաջողված արդյունքներ են, բայց որոշ լուծումների համար դուռը բաց է բազմաթիվ տարբերակների, բազմաթիվ տեսակների առաջ, մինչդեռ ուրիշների համար՝ ոչ: Գաղտնիքը, որն առայժմ մեծապես խորհրդավոր է, անկասկած կայանում է ներքին առանձնահատկությունների, գենետիկ համակարգերի ձևավորման, և ո՛չ թե բնական սելեկցիայի մեջ: Դարվինյան դասական տեսության բնական սելեկցիան կարող է ազդել միմիայն այն արդյունքի վրա, որը ֆիզիկայի, քիմիայի, գենետիկական համակարգերի ներքին ձևավորման և մարմնական զարգացման օրենքների բարդ փոխազդեցությունները կարող են արտադրել: Մինչև իսկ այն աշխարհում, ուր գոյություն ունի բադակտուցը, ամեն ինչ չէ, որ հնարավոր է»:
Գոյություն չունի, հետևաբար, միայն բնական սելեկցիան, որը դարվինիստների կողմից նկարագրվում է որպես ամենակարող և արարիչ, ա՛յլ խոսքերով՝ խելացի և կանխատես, և ճիշտ չէ, որ ամեն ինչ հնարավոր է, որ գոյություն ունեցող ամեն բան, ներառյալ մարդը, «սառեցված պատահար» է, մի պատահականություն, մի հնարավորություն, որն իրականացել է, բայց կարող էր նաև չիրականանալ: Տիեզերքն իր ամբողջությամբ, հետևաբար, մի անծայրածիր վիճակախաղ չէ, ո՛չ էլ՝ քաոսից ու ոչնչից ինքնաբերաբար ծնունդ առնող ծաղրածուական խզբզոց:
[1] S.J. Gould, Risplendi grande lucciola, Feltrinelli, Milano 2006, p. 220.
[2] Նույն, p. 186.
[3] Նույն, p. 189.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։