Ժերոմ Լըժոն. բժիշկ և գենետիստ – Գրադարան – Mashtoz.org

Ժերոմ Լըժոն. բժիշկ և գենետիստ

Մեր երկրում գրեթե անհայտ է այս մեծ անձնավորությունը: 1926 թվականին ծնված և 1994 թվականին մահացած այս վաստակաշատ գիտնականը Կաթողիկե Եկեղեցու կողմից 2007 թվականին հռչակվեց Աստծո Ծառա և այդպիսով սկիզբ տրվեց նրա սրբադասման դատավարությանը: 1978 թվականից նա եղել է նաև Վատիկանի Գիտությունների Քահանայապետական Ակադեմիայի անդամ:
Ժերոմ Լըժոնը նա է, ով հայտնաբերել է գենետիկական առաջին անոմալիան, այսպես կոչված Տրիսոմիա 21ը, այսինքն՝ գենետիկական այն շեղումը, որը պատճառ է հանդիսանում Դաունի Սինդրոմի ձևավորմանը, որն ա՛յլ կերպ անվանվում է մոնղոլիզմ: Մինչ այդ մարդիկ կարծում էին, թե մոնղոլիզմը ռասսայական հիվանդություն էր, կամ էլ՝ ի հայտ էր գալիս գինեմոլ կամ սիֆիլիսով հիվանդ ծնողների մոտ: Լըժոնը ցույց տվեց, որ անհարկի ոչինչ չկար այդ երեխաների ծնողների մոտ, ո՛չ մի ռասսայական դեգեներացիա, ո՛չ մի վարակ. այդ երեխաների մոտ տեղի էր ունենում քրոմոսոմներից մեկի եռապատկում, գենետիկական տեղեկության չափազանցություն, որի պատճառով նրանց մոտ թույլ են զարգանում իմացական և վերացականացնելու կարողությունները, թեև անվնաս են մնում գորովի և հիշողության կարողությունները:
Այս և հետագա ա՛յլ հայտնագործությունների համար Լըժոնը արժանացավ միջազգային բազմաթիվ ճանաչումների, մրցանակների ու մեծարումների: Դարձավ հանրահայտ և նրա համար Փարիզի բժշկական համալսարանում ստեղծվեց Հիմնական Գենետիկայի առաջին ամբիոնը:
Բայց Լըժոնը սոսկ գիտաշխատող չէր, հետաքրքրասեր, ԴՆԹ-ի կտորների սոսկ ուսումնասիրող, որն իր փակ լաբորատորիայի պատերի ներսում կյանքը շփոթում է գենետիկական կոդի հետ և իր հայտնագործությունների ոգևորության մեջ կարծում է, թե իրականության ամբողջությունն իր ձեռքերում է: Նրա գլխավոր նպատակը միշտ եղավ և մնաց իր հիվանդներին բուժելը, իր այդքա՜ն ընկերական, այդքա՜ն հաղորդակցվող, այդքա՜ն ուրախ, այդքա՜ն պարզասիրտ հիվանդներին: «Եթե հնարավոր լիներ հայտնաբերել Տրիսոմիա 21ը բուժելու ձևը», գրում է նրա դուստր Քլարան, «այդ ժամանակ իսկապես ճանապարհ կբացվեր գենետիկական մյուս բոլոր հիվանդությունները բուժելու համար»: Քրոմոսոմային առաջին շեղման բացահայտումը Լըժոնի մտքում առաջին քայլն էր՝ բժշկի իր գործը կատարելու համար. բժշկի գործը, որը միշտ եղել է բուժելը: Նմանապես նաև նախածննդաբերական ախտորոշման հայտնագործությունը, որ կատարել էր Լըժոնի ընկերը հանդիսացող, ծնունդով նորզելանդացի պրոֆեսոր Լայլին, կապված է փափագին՝ հնարավորինս շուտով նկատել և որքան կարելի է շուտ բուժել երեխաներին: Բուժել հնարավորինս շուտով, մինչև իսկ երեխայի դեռ արգանդում եղած ժամանակ. այս գաղափարն է, որ խանդավառում էր երկուսին էլ: Բայց երկու գիտնականները, որ «փոխադարձ հարգանք էին տածում մեկը մյուսի հանդեպ», «անզոր ներկա են գտնվելու իրենց հայտնագործությունների չարաչար գործածմանը»: 1970 թվականին Ֆրանսիայում պետական մակարդակի քննարկումներ են սկսվում աբորտի մասին, այն երեխաների ֆիզիկական վերացման մասին, որոնց վերաբերյալ նախածննդաբերական ախտորոշմամբ հաստատվում է որևիցէ մի պակասավորության առկայությունը: «Այդ ժամանակ», հիշում է Քլարան, «ծնունդից առաջ ճանաչված միակ պակասավորությունը դա Տրիսոմիան էր»: Պետական քննարկվող օրինագծերի և ընդհանրապես աբորտի շուրջ հանրային քննարկումների դիմաց, սաղմի բնության և ծածուկ կատարվող աբորտների թվի կեղծարարման դիմաց Լըժոնը չի կարողանում լռել. բացեիբաց պաշտպանում է կյանքի սրբազան նկարագիրը, հայտնում է իր փոքրիկ հիվանդների նկատմամբ իր անսահման սերը, բոլորի առաջ, ամենուր, հասնելով մինչև իսկ հայտարարելու Միացյալ Ազգերի Կազմակերպությունում. «Ահա առողջապահության համար ստեղծված մի հիմնարկ, որ վերածվում է մահվան հիմնարկի»:
Քաջարի է, բայց ո՛չ միամիտ. գիտակցում է, որ բռնել է մի վտանգավոր ճանապարհ և որ այդպիսով իր վրա է հրավիրում բազմաթիվ երկրային հզորների հակակրանքը: ՄԱԿ-ում իր ելույթի միևնույն օրվա երեկոյան այս խոսքերն է գրում իր կնոջը. «Այսօր կորցրեցի Նոբելյան մրցանակը»: Եվ ճիշտ այդպես էլ լինում է: Նրանց, ովքեր նախատում ու անարգում են նրան, ովքեր թքում են նրա դեմքին, ովքեր պատերին գրում են «Մահ Լըժոնին և իր փոքրիկ հրեշներին», այդպիսիներին հաճելի չէ, որ ինչ-որ մեկը սիրով և ուժով պաշտպանում է ճշմարտությունը, և դա անում է գիտության ակնհայտ լույսով:
Գրում է Լըժոնը. «Արդի գենետիկան ամփոփվում է այս տարրական հավատամքի մեջ. սկզբում տրված է մի տեղեկություն [ինֆորմացիա], այդ տեղեկությունը կյանքի ներսում է, այդ տեղեկությունը կյանքն է»: Սկզբում Լոգոսն է, կյանքի սկզբում ԴՆԹ-ի պարունակած տեղեկությունն է, որն ամբողջովին արդեն բովանդակված է առաջին բջիջի մեջ. «Այս ամենը գիտենք բացարձակ վստահությամբ, որն հաղթում է ամեն տեսակ կասկածի ու երկմտության, որովհետև եթե այդ տեղեկությունը արդեն պարունակված չլիներ նրանում, այլևս երբեք չէր կարողանա մուտք գործել նրանից ներս: Իրոք, ձվաբջջի բեղմնավորումից հետո ոչ մի տեղեկություն չի մտնում նրանից ներս»:
Լըժոնին նախ սանձելու, ապա նաև ամբողջովին խորտակելու համար թշնամիները գործի են դնում ամեն միջոց. ատելություն, հալածանքներ, նաև ֆիզիկական հարձակումներ, հարկային մարմինների կողմից իրականացված ճնշումներ, և այլն: 17 տարի շարունակ խոչընդոտում են նրա պաշտոնի բարձրացումը, արգելում են նրա մասնակցությունը գիտաժողովներին, զրկում են գիտական աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսավորումից, մինչև իսկ այն դեպքում, երբ առաջինը լինելով ուսումնասիրություններ էր կատարում հղիության ժամանակ մայրերին ֆոլաթթուով ապահովելու մասին, ինչի շնորհիվ միլիոնավոր երեխաներ փրկվել են, փրկվում են և փրկվելու են նյարդային խողովակի արատների առաջացումից և բազմապիսի ա՛յլ հիվանդություններից: Բայց բարեբախտաբար իր անունն արդեն հայտնի էր ամբողջ աշխարհում և չեն պակասում բարի կամքի տեր մարդիկ. վաստակաշատ գիտնականը շարունակում է աշխատել ամերիկյան, անգլիական, նորզելանդական մեկենասների օգնությամբ: Իր ամբողջ միտքն ու հոգին, սակայն, մշտապես կենտրոնացած են իր սիրելի փոքրիկ հիվանդների վրա, որովհետև միշտ մտաբերում է Քրիստոսի ուսուցումը. «Ինչ որ անեք այս փոքրիկներից մեկին, արած կլինեք ինձ»:
Անցյալում, հիշեցնում է Լըժոնը, կատաղությամբ վարակվածներին հաճախ սպանում էին երկու բարձերի միջև շնչահեղձ անելով: Բայց հետո մի մեծ գիտնական, Պաստյորը, մարդկությունն ազատեց այդ հիվանդությունից: Եթե սպանենք նրանց, ովքեր կրում են Դաունի Սինդրոմը, գիտական աշխատանքը կանգ կառնի և երբեք չենք հասնի իմանալու, թե ինչպես է հնարավոր բուժել նրանց, ինչպիսին պետք է լինեն մեր քայլերը: Իսկ քանի դեռ չենք կարողացել բուժել նրանց, կարևորը նրանց կողքին լինելն է, նրանց նայելը ինչպես պետք է նայել Աստծո որդիներից մեկին, և ո՛չ թե սոսկ գենետիկական մի սխալի, բիոլոգիական կենդանի մատերիայի:
Հակառակ ամենատարբեր բնույթի դժվարությունների, գիտնականը շարունակեց շրջագայել «ամբողջ աշխարհով մեկ, գիտական ելույթներ ունենալ և վերադառնալ մրցանակներով ծանրաբեռնված, բերելով նաև ֆինանսավորումներ իր աշխատակիցների և իրենց գիտական ուսումնասիրությունների ծրագրերի համար»: Ամբողջ ուժով պայքարեց մարդկությունը միջուկային աղետից փրկելու համար. 1981 թվականին Վատիկանի կողմից որպես հատուկ դեսպան ուղարկվեց Խորհրդային Միություն, հանդիպելու համար Բրեժնևին, որին մանրամասն ներկայացրեց միջուկային ռումբերի գործածման ահավոր վտանգները ներկա և ապագա սերունդների համար. առաքելություն, որը նա հաջողությամբ կատարեց: Ուժ չխնայեց գիտականորեն հերքելու համար Ժաք Մոնոյի մատերիալիստական և իդեոլոգիական դարվինիզմը, որը մարդուն վերածում է պատահականության արդյունքի: Իր գենետիկական ուսումնասիրությունների հիմքի վրա, Լըժոնը պաշտպանեց Ադամի և Եվայի աստվածաշնչյան պատմության հավատալիությունը և, Գուլդի և Էլդրիջի բացահայտումներից առնվազն տասը տարի առաջ արդեն, հերքեց Դարվինի առաջարկած «step by step» աստիճանականությունը, պնդելով, որ հեղաշրջումը տեղի է ունեցել ոստումներով:
Ամեն ինչում, կյանքի բոլոր պարագաներում ու հանգամանքներում, որպես հինգ զավակների հայր, որպես գիտնական, որպես աբորտի և մատերիալիստական դարվինիզմի դեմ հակաճառող, այն, ինչը նրա անձնականության մեջ մարդկանց տպավորում էր ամեն ինչից ավելի, ինչպես հիշում է դուստրը, դա «վախի բացակայությունն էր: Վախը նրան օտար հասկացողություն էր: Ի՞նչ կարելի է անել մի մարդու դեմ, ով ոչինչ չի ցանկանում ինքն իր համար»: «Timete Dominum et nihil aliud» – «Մի՛ երկնչիցիք 'ի նոցանէ: Երկերուք յԱստուծոյ» (Մտթ 10, 26; Հյտ 14, 7), ասում էր, որովհետև միմիայն այդպես մարդը կարող է իսկապես ազատ լինել, միմիայն այդպես կարող է վստահ լինել, որ հրաժարվում է սեփական անձից ու էգոիզմից, ջինջ հոգիով հետևելու համար Ճշմարտության և Բարու ճանապարհին: Իր նշանաբանը կարող էր հանդիսանալ Դ'Աննունցիոյի հայտնի խոսքը. «Ունեմ միայն այն, ինչ տվել եմ»: Այս է պատճառը, որ երբ մահացավ, Դաունի Սինդրոմը կրող մի տղա, որի անունն էր Բրունո, «Փարիզի Տիրամոր տաճարում Ժերոմ Լըժոնի հուղարկավորության արարողության ժամանակ խլեց բարձրախոսը քարոզասու քահանայի համարձակությամբ և անվախ, տաճարը ծայրից ծայր լցրած հոծ բազմության առաջ, մի համպատրաստի ներբողյան հյուսեց, որի ավարտական խոսքերը սրանք էին. ''Շնորհակալություն, իմ շատ սիրելի բժիշկ Լըժոն, այն ամենի համար, ինչ դու արեցիր իմ հայրիկի ու իմ մայրիկի համար: Քո շնորհիվ, ես հպարտ եմ ինձնով ... '': Բրունոյից բացի ուրիշ ոչ ոք չէր կարող նման խոսքեր արտասանել: Ավելի ուշ իմացանք, որ նա է եղել այն երեխան, որի քրոմոսոմների քննության արդյունքում, երեսունհինգ տարի առաջ, Լըժոնը հայտնաբերել էր Տրիսոմիա 21ը»[1]:
Լըժոնի մղած ամբողջ պայքարը, հետևաբար, քրիստոնյա հավատացյալի և գիտնականի պայքարն է: Մի դարաշրջանում, երբ դժվարությամբ է ճանաչվում մարդու արժանապատվությունը, Աստծո պատկերով և նմանությամբ նրա լինելը, նա պաշտպանում է այս սկզբունքը, իր մարդկային որակով և իր գիտությամբ, և ամբողջ աշխարհին ի լուր աղաղակում է, որ անդամալույծները, թերզարգացածները, պակասավորները նույնպես մարդիկ են:
Լըժոնի մղած պայքարը, գրում է Ժան-Մարի Լը Մենեն, նույնն է, ինչ Ամերիկայում ստրկատիրության դեմ պայքարողներինը, որոնք այդ ծայրահեղ անարդարության դիմաց հաստատում էին. «A man is a man», «Մարդը մարդ է»: Այն նույն տարիներին, երբ Ֆրանսիզ Քրիկքը հայտարարում էր, թե «ոչ մի երեխա չպետք է սահմանվի որպես մարդկային էակ նախքան իր գենետիկական ժառանգությունը ախտորոշող թեստերից անցնելը: Եթե թեստը չի գերազանցում, ապրելու իրավունք չունի», Լըժոնը պնդում է. Յուրաքանչյուր մարդ՝ մարդ է:
Սաղմ է, աբորտի՞ է ենթարկվում: Մա՛րդ է:
Հիվա՞նդ է: Մա՛րդ է:
Արհեստական բեղմնավորմա՞ն է ենթարկվել: Մա՛րդ է:
Սաղմնային վիճակում սառեցվե՞լ է: Մա՛րդ է:
Կենդանահերձո՞ւմ ենք մինչև տասնչորսերորդ օրը: Մա՛րդ է:
Արտադրում ենք արհեստական կամ վարձակալված արգանդո՞ւմ: Մա՛րդ է:
Կլոնավորո՞ւմ ենք: Մա՛րդ է:
Նրան զրկո՞ւմ ենք իր հորից և իր մորից, որդեգրության տալով միասեռականների: Մա՛րդ է[2]:
Եվ սակայն, «մարդ» բառը, ինչպես տեսանք, շատերի համար կարող է ոչինչ էլ չնշանակել:
Հիշո՞ւմ եք Ուիլսոնի մրջյունին, Սքալֆարիի ճանճին, Բոնչինելլիի քարին, Սինգերի հավին:
«Դժվար է էվոլյուցիան հաշտեցնել ''homo sapiens'' տեսակի բջիջներին բացարձակապես յուրահատուկ իրավունքներ շնորհելու հետ», գրում է Դոկինսը իր գրքի 297երորդ էջում: «Էվոլյուցիայի խոսքը շատ պարզ է: Սաղմնային բջիջի ''մարդկությունը'' նրան բարոյական հատուկ ստատուս չի հաղորդում: Չի հաղորդում, քանի որ մենք էվոլյուտիվ շարունակականության մեջ ենք շիմպանզեների և, ավելի հեռուն նայելով, մոլորակի բոլոր տեսակների հետ»: Դոկինսը, սակայն, չի նկատում, որ իր խոսքերը, եթե հետևողականորեն առաջ տարվեն, նշանակում են, որ էվոլյուցիոնիզմն անհնարին է հաշտեցնել ընդհանրապես մարդու հանդեպ հարգանքի հետ, լինի նա սաղմնային վիճակում, թե դրանից հետո՝ երեխա կամ հասուն տարիքում, քանի որ իր տեսակետից դիտված՝ կլինի ու կմնա սոսկ «''homo sapiens'' տեսակի բջիջների» մի կույտ և ուրիշ ոչինչ: Եվ մինչ Դոկինսը հանուն մատերիալիստական էվոլյուցիոնիզմի մերժում է կյանքի սրբազան նկարագիրը նրա սկզբնավորության պահից ևեթ, ուրիշների հետ միասին, միևնույն տեսանկյունից դիտված և միևնույն պատճառաբանությամբ պաշտպանում է նաև էութանազիայի օրինականացումը: «Արդեն ասել ենք», գրում է Ումբերտո Վերոնեզին, «որ էվոլյուցիայի համար իսկապես կենսական տարրը դա որդեծնությունն է: Ամենահարմար անհատը դա նա է, ով առավելագույն թվով զավակներ է ծնում: ''Հարկավոր'' զավակներին ծնելուց և նրանց խնամելուց հետո իր գործն ավարտվել է. գրավում է ուրիշների տեղը: [...] Պետք է, որ մարդիկ հիսուն կամ վաթսուն տարեկան հասակում վերանային»[3]:
[1] J.-M. Le Méné, Il professor Lejeune, fondatore della genetica moderna, Cantagalli, Siena 2008, p. 178.
[2] Նույն, p. 19.
[3] U. Veronesi - G. Giorello, La libertà della vita, Raffaello Cortina, Milano 2006, p. 39.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։