Կյանքի անհավանականությունը – Գրադարան – Mashtoz.org

Կյանքի անհավանականությունը

Հարցն ավելի հետաքրքրական է դառնում, երբ Դոկինսը բացատրում է, որ «դարվինյան էվոլյուցիան սկսել է ուրախ-զվարթ առաջ շարժվել, երբ սկսվել է կյանքը: Բայց ինչպե՞ս է սկսվել կյանքը»:
Խնդիրն հենց այստեղ է, ասում է ընթերցողը և սպասում, որ հեղինակը մի պարզաբանող պատասխան կտա: Նաև որովհետև Դոկինսն այս կետում պարտավոր է սրբագրել իր ուսուցչին՝ Չարլզ Դարվինին, որն իր նամակներից մեկում գրում է, որ «բոլոր գոյակների սկզբի խորհուրդը մեր համար անլուծելի է»[1]:
Դոկինսը սկսում է նախ ընդունելով, որ «շատերն են անհավանական համարում ժառանգակիր առաջին բջջի ինքնաբեր ու պատահական առաջացումը», որն ապա մեկնարկ է տվել կյանքի բազմատեսակ կերպերին:
Եվ այսպես, այս կետում, ''գիտնականը'', որ նախ Աստծուն էր սահմանել որպես «անհավանական», բացատրում է, որ կյանքն է, որ «անհավանական» է, մանավանդ թե՝ հույժ անհավանական, բայց քանի որ գոյություն ունեն «միլիարդավոր և միլիարդավոր մոլորակներ», ասում է, կարող էր հնարավոր լինել, որ կյանքը, թեև «այսքա՜ն չնչին հավանականություն ուներ», ծնվեր «այդ բազմամիլիարդ մոլորակներից մեկ միլիարդի վրա, որոնցից մեկը կոչվում է Երկիր»:
Հարկավոր չէ Թովմաս Աքվինացի կամ Ալբերտ Այընշթայն լինել՝ հասկանալու համար, թե որքա՜ն ոչ-գիտական է Դոկինսի միտքը, որն եզրակացնում է. «Նույնիսկ եթե ընդունենք ֆենոմենի ինքնաբեր ծագման ամենահոռետեսական հաշվարկներն ու գնահատականները, վիճակագրական փաստարկն ամբողջովին հերքում է այն գաղափարը, թե այս բացը լրացնելու համար՝ որպես մեկնարկային պոստուլատ պետք է ընդունենք ծրագիրը»:
Ակնհայտ է, որ Դոկինսի ուշադրությունից վրիպում է առնվազն չորս նկատառում. 1) որ վիճակագրական փաստարկը, իր սահմանումով իսկ, չի կարող «ամբողջովին» հերքել մի վարկած. 2) որ բազմաթիվ մաթեմատիկոսներ, հենց հավանականությունների հաշվարկի հիման վրա, ամենաքննադատական կեցվածքն են ընդունում ԴՆԹ-ի կամ մի պարզ խոտի տերևի ինքնաբեր ծագման գաղափարի դեմ. 3) որ մինչև օրս կյանքը ոչ միայն չի գտնվել «մեկ միլիարդ մոլորակների», այլ մերինից բացի ուրիշ որևէ մեկի վրա. 4) ի վերջո, միլիարդավոր և միլիարդավոր մոլորակների մասին խոսելը՝ ենթադրելու համար առաջին կենդանի բջջի պատահական ծագումը, ոչնչով չի արդարացնում գոյությունը հենց իրենց՝ միլիարդավոր և միլիարդավոր մոլորակների, որոնք ծառայում են որպես մեկնակետ (եթե անշուշտ Դոկինսը չփորձի բացատրել, որ առաջացել են ոչնչից, պատահաբար. բայց այդ դեպքում էլ անհիմն կդառնա իր կողմից վկայակոչված հավանականությունների տեսությունը, քանի որ ոչինչը ոչ մի հավանականություն չունի առաջացնելու ո՛չ մոլորակներ, ո՛չ էլ ուրիշ ոչինչ):
Մի խոսքով, հասնելով իր մտահամակարգի կորիզին, այսինքն՝ առաջին ծագման խնդրին, Դոկինսի փաստարկներում ի հայտ են գալիս առասպելաբանության նմանվող պնդումներ. իր գրքի 143րդ էջում երկու անգամ կրկնում է, որ կյանքի ծագումն ինքը նկատում է որպես «բախտի բերում» (և սա ներկայացնում է որպես գիտություն), մինչդեռ Աստծուն որպես սկիզբ մերժելու համար կրկնում է, որ «սկսելու համար հարկավոր է որոշակի բախտավորություն և միլիարդավոր մոլորակների անտրոպիկ սկզբունքը մեզ դա թույլատրում է»:
Քաջ գիտակցելով, որ կյանքի առաջին ձևից անցումը գիտակից ու բանական կյանքին, այսինքն՝ մարդկայինին, ևս մեկ հսկայական, օնթոլոգիական ցատկ է, որն մինչև օրս մնում է անբացատրելի, հավելում է. «Էվոլյուտիվ պատմության հաջորդ անցումների համար նույնպես թերևս հարկավոր են բախտի ուժեղ ներարկումներ, կրկին՝ անտրոպիկ արդարացմամբ»:
«Որոշակի բախտավորություն», «բախտի ուժեղ ներարկումներ». սրա՞նք են գիտության վճռական և լուսաբանող պատասխանները մարդու առաջնային հարցերին, տիեզերքի և մարդու գոյության իմաստի շուրջ հարցադրմանը: Մի՞թե սրանք պատասխաններ են, որոնց հիման վրա հնարավոր է հաստատել Աստծո «գիտական» անհավանականությունը, ինչպես վարվում է Դոկինսը: Թե՞ օգնության է կանչում Բախտին, – որ պատահականության հոմանիշն է, – փակելու համար իր ''գիտական'' տեսությունների բացերը. բացեր, որ մնում են անբացատրելի: Բայց Բախտը, որ ո՛չ բանականություն ունի, ո՛չ էլ կամք, իսկապես կարո՞ղ է փակել բոլոր բացերը, լուծել բոլոր խնդիրները, ստեղծել բազմազանություն, բազմամասնություն, կարգ ու կանոն:
157րդ էջում Դոկինսը փորձում է որոշ կետեր շնորհել իր հակառակորդներին. «Իմ բարեկամ աստվածաբանները բազմաթիվ անգամներ կրկնել են, թե ավելի ողջամիտ է որպես պոստուլատ ընդունել ինչ-որ մի բանի գոյությունը, քան թե ոչինչը: Պետք է որ եղած լինի ամեն ինչի մի առաջին պատճառ և այդ առաջին պատճառն է, որ կոչում ենք Աստված: Այո՛, պատասխանում եմ ես, բայց այդ ինչ-որ մի բանը պետք է որ պարզ բան եղած լինի և ուստի, ինչպես էլ որ կամենանք կոչել այն, Աստված եզրը տեղին չէ [...] »:
Անելանելի վիճակի մատնված, Դոկինսը սկսում է զիջել դիրքերը, բայց իսկույն սկսում է խաղալ գործածվելիք եզրերի (տերմինների), Աստծո սահմանումների վրա, կարծես թե ամենաակներևը հենց առաջարկվածը չէ. գոյություն ունեցող ամեն ինչի Սկիզբ և Ծագում: Ապա շարունակում է հաստատելով, թե «ծրագրավորողի [Աստծո] վարկածն անմիջապես առաջ է բերում մի առավել ընդարձակ խնդիր. ո՞վ է ծրագրավորել ծրագրավորողին»:
Ակնհայտ է, որ այստեղ Դոկինսը պատճառին վերագրում է պատճառավորված-հետևանքի հատկանիշները, մոռանալով, որ պատճառը միշտ ավելին է՝ քան հետևանքը. տիեզերքը և մարդը ծնվում են ու մահանում, բայց ծնվող և մահացող ամեն ինչի առաջին Պատճառը չի կարող ո՛չ ծնվել, ո՛չ էլ մահանալ: Ուստի, ակնհայտորեն, պատճառավորված չէ: Եվ բանականության համար Աստված հենց դա է. գոյություն ունեցող ամեն ինչի անպատճառ Պատճառը[2]:
[1] Մեջբերված է հետևյալ գրքից. J. Cornwell, L’angelo di Darwin, Garzanti, Milano 2008, p. 12.
[2] Այս մտորումներին ավելացնենք այն, ինչ գրում է Մարկո Ֆազոլը. «Արդարև, մեր բանականությունը փնտրում է մի պատճառ, երբ տեսնում է մի փոփոխություն, որի համար էլ բացատրություն է պահանջում: Յուրաքանչյուր փոփոխություն ենթադրում է մի պատճառ, որովհետև հակասում է ինքնության սկզբունքին: Իրոք, տեսնում եմ, որ սկզբում կար մի առարկա, իսկ հետո այն փոխվում է: Այնժամ հարցնում եմ, թե ո՞րն է դրա պատճառը: Մինչդեռ եթե չկա բացատրելիք ոչ մի փոփոխություն, մեր բանականությունը չի փնտրում ոչ մի պատճառ: Ահա թե ինչու անիմաստ է պատճառ պահանջել Աստծո համար: Աստված մեր բանականության կողմից պահանջվում է բացատրելու համար տիեզերքում տեղի ունեցող փոփոխությունները, նրա առաջացումը: Բայց մեր բանականությունը փոփոխություններ չի տեսնում և չի պահանջում Աստծո մեջ, ուստի՝ պատճառ չի պահանջում Աստծո համար»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։