Սրբազան Ինքվիզիցիան և միլլենարիստական հերետիկոսությունները – Գրադարան – Mashtoz.org

Սրբազան Ինքվիզիցիան և միլլենարիստական հերետիկոսությունները

Վերջում մի քանի խոսք նաև Սրբազան Ինքվիզիցիայի մասին, այդ դատարանի, որի անունը շատերի համար նույնանում է ամենասարսափելի պատիժների, ամենադաժան տանջանքների, պատմության ամենամութ դարերի հետ: Վերջին դարերի ընթացքում Եկեղեցու թշնամիների կողմից պատմվել են այնպիսի հեքիաթներ, որոնք ամբողջովին արժանի են գոթական ամենաահավոր վեպերին և սարսափի ֆիլմերին: Դա արել են և՛ առևտրական ճղճիմ պատճառներից ելնելով, կամ ա՛յլ խոսքերով ասած՝ փող աշխատելու համար, ինչպիսին է Դեն Բրաունի վիթխարի երևակայությունների պարագան, և՛ իդեոլոգիական դրդապատճառներից ելնելով: Զրպարտությունների կենտրոնում հայտնվել է հատկապես Իսպանական Ինքվիզիցիան: Ինչո՞ւ: Որովհետև այդ խարդախությունները սկսեցին անգլիացիները, որոնք որոշել էին ծովերին իշխելու համար իսպանացիների դեմ սկսած իրենց պատերազմը հաղթել ո՛չ միայն ծովահենությամբ, այլ նաև մշակութային հարթության վրա, իրենց մրցակից կաթողիկե իսպանացիներին ներկայացնելով որպես դաժան, ֆանատիկ, հրեշային անձնավորություններ: Շարունակեցին, երևակայությանը ուժ տալով, հոլանդացի բողոքականները և Իսպանիայի դեմ պատերազմող ֆրանսիացիները, և այնպիսի իլլումինիստներ, ինչպիսին էր Վոլտերը, որը ռասսիզմի տեսության հեղինակն է և իր դրամական միջոցները ներդնում էր ստրուկների առուվաճառքով զբաղվող ընկերություններում, բայց երբ ազատ ժամանակ էր գտնում, գրում էր ''կրոնական հանդուրժողականության'' մասին և անողոք կերպով մեղադրանքներ էր հնչեցնում Եկեղեցու հասցեին: Շարունակեցին նաև մարդիկ, ինչպիսին էր, օրինակի համար, Անտոնիո Լլորենտեն, այդ դավաճան իսպանացին, որին իր երկիրը գրաված Նապոլեոնը վստահեց կրոնական Միաբանությունները բռնի փակելու, նրանց ունեցվածքները տնօրինելու և Իսպանական Ինքվիզիցիայի պատմությունը գրելու պաշտոնը, որպեսզի այդպիսով կարողանար արդարացնել եկեղեցական ունեցվածքի բռնագրավումը և ''Ազատարար'' տիտղոսի գործածումը, որը Նապոլեոնը վերագրում էր ինքն իրեն: Լլորենտեի քննողական ու մեթոդոլոգիական ճշգրտությունն ու ''բարեխղճությունը'' հասկանալու համար հիշենք, որ ''ուսումնասիրությունների'' ժամանակ այրեց «հանցագործությունների դատավարության այն բոլոր փաստաթղթերը, որոնք անցան իր ձեռքով», որպեսզի այդպիսով կարողանար երևակայություններով ու անհիմն զրպարտություններով սնուցել Ինքվիզիցիային վերաբերվող իրադարձությունները, իր քառահատոր «Ինքվիզիցիայի քննական պատմությունը Իսպանիայում» գրքում, որից լիաբուռ օգտվեցին Սրբազան Ինքվիզիցիայի հետագա չարախոսներն ու վարկաբեկողները[1]:
Այս սև առասպելը հետագայում վերամշակվեց մարքսիստական և կոմունիստական հակում ունեցող ''պատմաբանների'' ու ամբոխավարների կողմից, որոնք նույնպես վճռակամ էին՝ հաղթելու Եկեղեցու հետ ընդհարումը քաղաքական հարթության վրա, հանուն աթեիզմի ու մատերիալիզմի: Հարկավոր է հիշել, պարզապես օրինակ բերելու համար, այն՝ ինչ Կարլ Մարքսը պատմում էր իր ապշած ու դյուրահավատ ունկնդիրներին Լոնդոնում, 1874 թվականին, երբ գերմանախոս բանվորների համաժողովներից մեկում փորձեց վերստին կյանքի կոչել այն հնամենի զրպարտությունները, որոնք հռոմեացիներն ուղղում էին քրիստոնյա մարտիրոսներին, մեղադրելով նրանց մարդակերության, մանկասպանության և պիղծ գինարբուքների մասնակցության մեջ: «Դոմերն ապացուցում է, – սկսեց ճառել Մարքսը, մեջբերելով խոսքերը մի հեղինակի, որն հետագայում հրաժարվեց իր բոլոր տեսություններից և դարձի եկավ Քրիստոնեության, – որ քրիստոնյաներն իսկապես սպանում էին մարդկանց, Պատարագի ժամանակ մարդկային միս ու արյուն էին ուտում ու խմում: Սրանով է բացատրվում փաստը, թե ինչո՛ւ հռոմեացիները, որոնք հանդուրժողական կեցվածք ունեին կրոնական բոլոր ուղղությունների նկատմամբ, հալածեցին քրիստոնյաներին»: Նման հայտնագործությունը, շարունակեց Մարքսը, վստահ՝ կոմունիզմի շուտափույթ հաղթանակին, «մեզ վստահություն է ներշնչում, որ հին հասարակությունը մոտեցել է իր վախճանին և խաբեության ու նախապաշարումների համակարգը փլուզվում է»[2]:
Նմանապես, իտալացի սոցիալիստների երիտասարդ ղեկավար Բենիտո Մուսսոլինին հաճախ էր հոդվածներ գրում այս նույն ձայներանգով. «Եվ քսան դար շարունակ քրիստոնեական խելագարությունը մոլեգնել է: [...] Մերձավորի սերը տվել է քսան դար շարունակ տևած պատերազմներ, ինքվիզիցիայի ահն ու սարսափը, խարույկների բոցեր և հատկապես, չմոռանանք սա, արդի եվրոպացին, այս փոքրիկ հրեշը, որ փքված է իր անբուժելի միջակությամբ»: Ապա, մեջբերելով Նիցշեի մտքերը, հավելում էր. «Գերմարդը պայքարելու է երկու թշնամիների դեմ. ռամիկ ժողովրդի և Աստծո: Այս վերջինի դեմ պայքարը վտանգավոր չի լինելու: Մի՞թե Աստված չի մեռել: Իսկ եթե չի մեռել, անկասկած դատապարտված է անկարողության»: Այն տարիներին, երբ սոցիալիստները հարձակվում էին եկեղեցիների վրա, հրդեհում ու կողոպտում էին դրանք, 1909 թվականի «Բանվորի ապագան» թերթում գրում էր. «Միջնադարի ծեր բվեճներ, թաքնվեք այլևս մեկընդմիշտ: Լույսերի այս դարաշրջանում դուք շարունակում եք խոսել մեզ խավարի լեզվով, իսկ մենք ծիծաղում ենք ձեր երեսին»: Այս խոսքերը գրելուց քիչ տարիներ անց Մուսսոլինին Իտալիան նետեց Առաջին Համաշխարհային Պատերազմի բովից ներս, նաև հանուն անհրաժեշտության՝ ձերբազատվելու վերջին կաթողիկե կայսրությունից՝ Ավստրիայից, որի կայսրը, ծաղրանքով նկատում էր Մուսսոլինին, դեռ գլխաբաց հետևում էր Տիրոջ Մարմնի թափորին[3]: Նմանապես Հիտլերը գրում էր, թե «Վատիկանը անհանդուրժողության որջ է և թալանչիների ոհմակ», իսկ Եկեղեցին՝ «մի մեծ դիակ, որ տվել է քսան դար շարունակ տևած պատերազմներ». Ուալթեր Հյուելին ուսուցանում էր, թե Քրիստոնեությունը «բարություն, խոնարհություն և փոխադարձ սեր է քարոզում, [...] բայց այդ կարգախոսի ներքո այրել ու կոտորել է միլիոնավոր մարդիկ»: Հիտլերի համաձայն, որը բացահայտ կերպով ներշնչվում էր սոցիալ-դարվինիզմից, քրիստոնյաները «մերժում են Բնության ամենակարողությունը, փառավորում են տկարին, հիվանդին, խեղանդամին ու պարզամտին», այդպիսով խոչընդոտելով «գիտական որոնումները» և ցեղի բարելավումը[4]: Գիտական որոնումներ ասելով անշուշտ հասկանում էր թվարկված դասակարգերի մարդկանց ֆիզիկական վերացումը: Կամ կարող ենք հիշել այն, ինչ պնդում էր Հայնրիխ Հիմմլերը, որը գերմանական ՍՍ-ականների և Գեստապոյի, այսինքն՝ նացիզմի ամենախավարային ու մահատարած հիմնարկների ղեկավարն էր, նա՝ ով իրեն համարում էր Հենրիխ Առաջին Սաքսոնացու վերամարմնավորումը: 1937 թվականի Փետրվարի 17-18ին ՍՍ-ականներին ուղղված իր հայտնի ճառախոսության ժամանակ, բացատրելուց հետո, որ ՍՍ-ականներն ու նացիստական շարժումը չափազանց արվականացած էին, որի պատճառով նրանց շարքերում բազմացել էին միասեռականներն ու մանկապիղծները, իր բացատրությունները շարունակեց պնդելով, որ դրա պատճառը Քրիստոնեությունն էր, որը ստորացրել ու ատել էր կանանց. «Շատ լավ եմ ճանաչում Քրիստոնեության պատմությունը Հռոմում, և դա ինձ թույլ է տալիս արդարացնելու իմ կարծիքը: Համոզված եմ, որ հռոմեացի կայսրերը, որոնք կոտորում էին առաջին քրիստոնյաներին, գործում էին ճիշտ այնպես՝ ինչպես մենք գործում ենք կոմունիստների նկատմամբ: Այդ ժամանակ քրիստոնյաները մեծ քաղաքների վատթարագույն մրուրն էին, վատթարագույն հրեաները, վատթարագույն բոլշևիկները, որ կարող եք երևակայել: Այդ ժամանակվա բոլշևիկությունը համարձակությունն ունեցավ աճելու Հռոմի դիակի վրա: [...] Կարող եմ պարզապես հիշեցնել կախարդների ու հերետիկոսների դեմ կայացված դատավարությունները: [...] Գերմանացի կանայք են, որ մեծ թվով զոհեր տվեցին կախարդության ու հերետիկոսության մեղադրանքով, և ո՛չ թե տղամարդիկ: Քահանաները շատ լավ գիտեն, թե ինչու այրեցին հինգ հազարից մինչև վեց հազար կանանց. հենց այն պատճառով, որ կանայք զգացմունքային գետնի վրա ավելի կապված էին հին գիտությանն ու հին ուսմունքին, քանի որ իրենց զգացմունքներն ու իրենց բնազդը թույլ չէին տալիս հեռանալ դրանցից, մինչդեռ տղամարդիկ, իրենց տրամաբանությամբ և իրենց բանականության համաձայն, անցել էին թշնամու կողմը»[5]: Մի կողմ թողնելով փաստը, որ հնչած մեղադրանքներից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը, ինչպես կտեսնենք քիչ հետո, հետաքրքիրն այն է, որ Հիմմլերն ինքը ակամա խոստովանում է, որ գերմանացիները Քրիստոնեությունն ընդունել էին «տրամաբանությամբ և բանականության համաձայն»: Իսկ թե ի՞նչ կապ կա Քրիստոնեության եւ իրենց՝ նացիստների շարքերում արվամոլների բազմացման միջև, Հիմմլերը դա չի բացատրում:
Նման մեջբերումներ, ուր դաժան ու արյունարբու բռնապետեր ու կուսակցապետեր բարոյականության դաս են փորձում տալ Եկեղեցուն ու կրոններին, իրենց օգտին աղավաղելով պատմությունը, կարելի է գտնել անթիվ քանակով, մանավանդ կոմունիստական կաղապարի գրականությունից, ուր կուսակցությանն ու իդեոլոգիային հլու-հպատակ ու ծառայամիտ ''մտավորականներ'' արտադրում էին հարյուրավոր ճառախոսություններ, դրամատիկ թատերգություններ, գրքույկներ ու ֆիլմեր, որոնց նպատակն էր ''պատմել'' Եկեղեցու և քրիստոնյաների հանցանքները: Եվ սակայն, պատմական ճշմարտությունն ամբողջովին ա՛յլ է. միայն Քսաներորդ դարի ընթացքում 45 միլիոն քրիստոնյաներ են հալածվել և դեռ հալածվում են իրենց հավատքի համար, հասնելով մինչև իսկ մարտիրոսության, ամբողջ աշխարհով մեկ, Գերմանիայից մինչև Մեքսիկա, Խորհրդային Միությունից մինչև Չինաստան, Կորեայից մինչև Աֆրիկա: Ահավոր չափերի հասնող մի արյունահեղություն, որը սակայն մոռացության է դատապարտվել տիրող իդեոլոգիաներին ստրկացած զանգվածային լրատվամիջոցների կողմից և ծածկվել է զրպարտությունների, չարախոսությունների ու վարկաբեկումների ռազմավարության կողմից[6]:
Միևնույն ռազմավարությունը, որը ժամանակին գործածում էին Մուսսոլինին, Հիտլերը, Հիմմլերը, Ստալինը: Միևնույն ռազմավարությունը, որը գործածում են նաև ժամանակակից աթեոլոգները: Բավական է միայն մեկ օրինակ: Ե՛վ Դոկինսը, և՛ Հարրիսը, և՛ Հիթչենսը, և՛ Օդիֆրեդդին, մի խոսքով՝ ժամանակակից բոլոր հայտնի աթեոլոգներն իրենց գրություններում չարախոսություններ են սերմանում Մայր Թերեզայի հասցեին: Ինչո՞ւ, – կհարցնեք դուք, – վարկաբեկել մի կնոջ, որն իր ամբողջ կյանքը նվիրաբերել է ի նպաստ աղքատների և որի վեհանձնությունն ու նվիրվածությունը համատարած ճանաչված են բոլորի կողմից: Նախևառաջ, թերևս, պատճառն ատելությունն է, որն աթեոլոգները տածում են «բարոյականության ժամանակակից խորհրդանշաններից մեկի» հանդեպ, ինչպես գրել է Ֆրանսիզ Քոլլինսը: Արդարև, Մայր Թերեզան իր ամբողջ կյանքով ցույց է տալիս, որ մարդն ընդունակ է ամեն օր հաղթելու իր անասնական էգոիզմին, ''էգոիստ գեներին'', ազատորեն նվիրաբերելով իր անձը և իր սեփական կյանքը ուրիշների համար: Մայր Թերեզան կենդանի մարմնացումն է այն հայտնի ալտրուիզմի, որի առաջ շոգիանում ու վերանում է մատերիալիստական սոցիո-բիոլոգիան: Իսկ երկրորդ հերթին, աշխարհահռչակ կրոնավորուհու դեմ ուղղված չարախոսությունների նպատակն է վարկաբեկել բոլոր նրանց, ովքեր հավատում են, և այդպիսով նպաստել տարածմանը այն կարծիքի, թե իբր աթեիստները միշտ և անվրեպ ավելի լավն են:
Օդիֆրեդդին սահմանափակվում է Մայր Թերեզային մի կես նախադասությամբ ծաղրելով, հետևելով «կծիր ու փախիր» սկզբունքին, «չարախոսեցեք, չարախոսեցեք, ինչ-որ հետք կմնա» տրամաբանությանը: Այս սկզբունքին ու տրամաբանությանը հետևողին չի հետաքրքրում ապացուցել իր խոսքերի ճշմարտությունը, նրա համար բավական է սերմանել մի բացասական միտք, հուսալով, որ նստվածք կտա իր ընթերցողի հոգում և ժամանակի ընթացքում կզարգանա: Ահա և Օդիֆրեդդին նկարագրում է Մայր Թերեզայի կողմից մահամերձների համար կառուցված անկելանոցներից մեկը և ակնարկում է նրանց աղքատությանը, «չնայած որ սրբուհին միլիարդավոր դոլլարների օգնություն էր ստացել»[7]: Այսպիսով, մի պարզ խայթոցով, մի մարդ, որն ամեն օր հայտնվում է իտալական հեռուստաալիքներում ու թերթերում և յուղալիորեն վարձատրել է տալիս իրեն իր հանրային ճառախոսությունների համար, հրապարակ է նետում մի կասկած, թե Մայր Թերեզան տիրացել է վիթխարի հարստությունների, դրամ կուտակելով ինքն իր համար, այլ ո՛չ թե՝ աղքատ հնդիկների:
Մինչ Օդիֆրեդդին բավարարվում է մի զրպարտությամբ, առանց այն փաստելու և ապացուցելու, Հիթչենսը մի ամբողջ գիրք է գրել Մայր Թերեզայի դեմ. «Միսիոներուհու դիրքորոշումը: Մայր Թերեզայի տեսությունն ու պրակտիկան»: Իր հերթին Դոկինսը, այն գրքում, որն այստեղ քննության առանք, ի միջի այլոց նշում է, թե «ով խաբվել է այդ կրոնավորուհու կեղծավոր սրբությունից, պետք է կարդա Քրիստոֆեր Հիթչենսի գիրքը» (էջ 288):
Ի վերջո Սեմ Հարրիսը, Հիթչենսին մեջբերելով (ինչպես տեսնում եք, նրանց երևակայությունը խիստ սահմանափակ է), գրում է, թե Մայր Թերեզան, աբորտին հակառակ լինելով ցույց է տվել, թե բարեկամն է ո՛չ թե աղքատների, այլ՝ աղքատության: Այսինքն մի կին, որն իր ամբողջ կյանքը նվիրել է աղքատներին, հիմնել է կանանց մի միաբանություն, որոնք իր օրինակին հետևելով շարունակում են նվիրվել աղքատների խնամքին, հաճախ հասնելով մինչև իսկ մարտիրոսության, ոմանց կողմից, որոնց միակ զբաղմունքը գրիչ շարժելն է, շատախոսելն ու իրենց իդեոլոգ ընկերների կողմից ծափահարվելը, մեղադրվում է, թե իբր աղքատության տարածման պատճառ է հանդիսանում իր բարոյական համոզմունքներով: Մեղադրվում է, թե իբր ստորացնում է կանանց, թե իբր նպաստում է նրանց «անասնական վիճակին», որն ըստ աթեոլոգների այն վիճակն է, ուր բացակայում է, – օրինավոր ու անվճար կերպով, – աբորտով առաջարկվող հարցի «լուծումը»: Այսինքն ինքնըստինքյան քաղաքակիրթ ու վեհ արարք է, աթեոլոգների համաձայն, աբորտը, անմեղ ու անօգնական երեխաների սպանությունը. մինչդեռ անքաղաքակիրթ, չարամիտ և անասնական կյանք տարածող է, աթեոլոգների համաձայն, Մայր Թերեզան: Անշուշտ մոռանում են նշել, որ աբորտը Հնդկաստանում ծնունդների հսկման այն միջոցն է, որը կիրառվում է ի վնաս հենց կանանց, որոնք հինդուիստական մտայնության համաձայն համարվում են ցածրակարգ, ծախսատար ու անօգուտ արարածներ և, հետևաբար, վերացվում են, այն աստիճան, որ այսօր Հնդկաստանում անհետ կորել են 40ից 50 միլիոն կանայք:
Անհիմն չարախոսությունների այս օրինակն ընդդեմ մի անձնավորության, որի կյանքը հայտնի է բոլորին և ջինջ է մաքրափայլ հայելու նման, թույլ է տալիս մեզ համառոտ կերպով վերադառնալու Սրբազան Ինքվիզիցիայի շուրջ քննարկումներին, հատկապես այժմ, երբ պատմության ուսումնասիրությունը, նվազ ազդեցություն կրելով տոտալիտար Պետությունների ու իդեոլոգիաների կողմից, որոնց միակ նպատակն էր արդարացնել իրենք իրենց՝ աղավաղելով ու դիվային կերպարանքով ներկայացնելով անցյալը, լիովին կերպարանափոխել է աշխարհով մեկ հայտնի այդ դատարանի շուրջ ձևացած կարծիքները. դատարան, որը Միջնադարում հիմնվել էր պայքարելու համար ընդդեմ քաթարների հերետիկոսության:
Այսօր մարդկանց մեծամասնությունը կարծում է, թե հերետիկոսությունը պարզապես մտածելու մի ա՛յլ կերպ է, ինչը որ ինքնըստինքյան օրինավոր է: Լիբերալ մտածողությունը պնդում է, թե որևէ գաղափար, նույնիսկ ամենազազրելի գաղափարները, կարող են դավանվել մարդկանց կողմից, կարևորն այն է, որ կոնկրետ գործադրում չգտնեն, որովհետև այդ դեպքում կդառնան պատժելի: Ահա սա է պատճառը, որ այսօր Հոլանդիայում գոյություն ունի մի կուսակցություն, որը պահանջում է օրինականացնել մանկապղծությունը (պեդոֆիլիան). այդ երկրի կառավարության համար կարևորը միայն այն է, որ այդ կուսակցության անդամները չբռնվեն մանկապիղծ արարքներ կատարելու մեջ: Միջնադարում ապրող մարդը, մինչդեռ, կասեր, որ մանկապղծությունը մշակութային գետնի վրա պաշտպանելն ինքնըստինքյան արդեն հանցանք է, քանի որ նպաստում է դրա տարածմանն ու վավերացմանը: Միջնադարում ապրող մարդը կպնդեր, որ Մարքսի, Լենինի, Ստալինի և Հիտլերի գաղափարներն ինքնըստինքյան դատապարտելի ու մերժելի էին, նույնիսկ եթե նրանցից ոչ մեկն իշխանության գլուխ հասած չլիներ, քանի որ այդ գաղափարները սերմանում էին ատելություն ու անհամերաշխություն մարդկանց ու ժողովուրդների մեջ:
Պատմական փաստն այն է, որ Սրբազան Ինքվիզիցիան ծնվեց պայքարելու համար ընդդեմ մի չար, քայքայիչ գաղափարի՝ գնոստիկ քաթարների հերետիկոսության, որոնց մտահամակարգը հիմնվում էր բարի աստված - չար աստված, հոգի - մարմին դուալիզմի վրա: Քաթարների համաձայն, արարչությունը դա մի չար աստծո գործն էր, որի դեմ, հետևաբար, հարկավոր էր ամեն կերպ պայքարել, նաև մարմինների դեմ, որոնք նկատում էին որպես հոգիների բանտը. այդ պատճառով իսկ գործադրում էին մանկասպանությունը, ծիսական ինքնասպանությունը, աշխատանքի, ակտիվ կյանքի, ամուսնության, կնոջ հանդեպ արհամարհանքը, որին նկատում էին որպես նա, ով ծնում և կյանք է տալիս նոր մարմինների: Միջնադարյան պատմության անվանի գիտակ Ֆրանկո Քարդինին գրում է. «Քաթարները առանց ներման հնարավորության դատապարտում էին հենց այն, ինչը Քրիստոնեության կողմից նկատվում է որպես ամենասրբազան տարրը ամուսնության և ընտանիքի ներսում: Թեև նրանց ''կատարյալները'' հրաժարվում էին մարմնական բոլոր շփումներից, այդուհանդերձ նրանց ուսուցման հետևանքն այն էր, թե սեռային որևէ հարաբերություն (կամովին ամուլ արտաամուսնական հարաբերությունից մինչև միասեռականություն) համենայն դեպս նվազ հանցավոր արարք էր, քան որդեծնությունը: Մոլության բոլոր ձևերը նկատվում էին նվազ հանցավոր, քան որդեծնությունը, և կանայք, որոնք բացահայտվում էին հղի վիճակում, հարկադրվում էին աբորտի, որպեսզի չշարունակվեր հոգու ստրկությունը մարդկային մի նոր մարմնում»[8]:
Քաթարները շատ հաճախ հասնում էին իրենց հավատալիքների բիրտ ու բռնի արտահայտությունների, կազմակերպում էին ֆանատիկների իրական հրոսակախմբեր, որոնք իրենց ճանապարհին այրում էին տները, վանքերը, տանջում էին կրոնավորներին և սանձազերծում էին քաղաքացիական արյունալի բախումներ: «Քաղաքացիական ընդհարումները անդադար խռովում են հասարակությունը», գրում է ժամանակակից Աբելարդոն: Առաջինները, որոնք տագնապի էին մատնվել նման իրավիճակի դիմաց, այդպիսի նիհիլիստ ու քայքայիչ հերետիկոսության դիմաց, որի հասարակական ու քաղաքական հետևանքներն ահագնանում էին, նախևառաջ եղան աշխարհիկ իշխանները, Ֆրանսիայի Լուի Յոթներորդ և Ֆիլիպ Աուգուստ թագավորներից սկսած մինչև Ֆրիդրիխ Շիկամորուսը, մինչև բանադրված Հենրի Երկրորդ Պլանտագենեստը, որը դարձավ այս հերետիկոսության ամենախիստ ընդդիմացողներից մեկը: Աշխարհիկ, պետական իշխանությունները շատ հաճախ պատասխանում էին նույնքան բռնությամբ, առանց դատ ու դատաստանի, անխտիր սպանելով հերետիկոսության բոլոր անդամներին, որոնք նկատվում էին որպես հասարակական կարգը խանգարողներ, առանց տարբերություն դնելու իրական պարագլուխների և նրանց զոհը դարձած պարզ հետևորդների միջև, երբեմն խնդրելով նաև Եկեղեցու մասնակցությունը հերետիկոսության դեմ տարվող պայքարում: Չպետք է մոռանալ, որ կրոնական միության խնդիրը այդ ժամանակներում համապատասխանում էր Պետության միության խնդրին: Ժողովուրդը նույնպես երբեմն ձգտում էր ինքնակամ դատաստաններ կայացնելու և առանց իրական դատ ու դատաստանի պատժելու հերետիկոսներին: Ահա այս պատճառով է, որ 1184 թվականին հիմնվեց Սրբազան Ինքվիզիցիան (= Սրբազան Հետաքննություն), եկեղեցական այդ դատարանը, որի նպատակն էր մանրամասն քննել հերետիկոսության դեպքերը, առանց վտանգավոր ընդհանրացումների, առողջ բանականության և, երբ հնարավոր էր, ներման բերելով հերետիկոսներին[9]:
Սրբազան Ինքվիզիցիայի պայքարը քաթարների գաղափարների դեմ, որն երբեմն ավարտվում էր անզեղջ հերետիկոսներին աշխարհիկ իշխանության բազկին հանձնելով, հակակղերական հայտնի պատմագետ Հենրի Լիի խոսքերով՝ եղել է պայքար հանուն «քաղաքակրթության և զարգացման», հակառակ այն բանի, որ մարդկային որևէ հաստատության նման, նրա պարագային նույնպես գրանցվել են սխալներ, անարդարություններ ու դաժանություններ: Քաթարների կործանարար ուժը ավելի լավ հասկանալու համար մի պահ մտածենք, թե ինչպիսի ավերիչ հետևանքներ ունեն և է՛լ ավելի ավերիչ կարող էին լինել, եթե ավելանար նրանց անդամների քանակը, ժամանակակից այնպիսի աղանդներ (= հերետիկոսություններ), ինչպիսիք են իտալական ռադիկալ «Քաղցր վերադարձ» կազմակերպությունը, ամերիկյան «Մարդկության զրոյական աճ», «Մարդկության կամովին բնաջնջման շարժում» և «Էութանազիայի եկեղեցի» կազմակերպությունները: Խոսքը վերաբերվում է կազմակերպությունների, որոնք ճիշտ միջնադարյան քաթարների նման, յուրաքանչյուր նոր մարդու ծնունդ, յուրաքանչյուր որդի, որ աշխարհ է գալիս, նկատում են որպես աններելի դժբախտություն և պայքարում են, որպեսզի մարդկանց համոզեն չամուսնանալ և որդիներ չծնել, որպեսզի Մայր Երկիրը, որին անվանում են Գայա, չծանրացնեն մարդկային նոր էակներով, որոնք նկատվում են որպես «վիրուսներ», «մակաբույծներ», «երկրագնդի քաղցկեղ»: «Էութանազիայի եկեղեցի»ն, օրինակի համար, իր հետևորդներին առաջարկում է մարդկության և բնության միջև հավասարակշռությունը վերահաստատել «ինքնասպանության, մարդակերության, աբորտի, միասեռականության» միջոցով, նկատելով միասեռականությունը որպես սեռական հարաբերության ապահով ձև, որն ազատ է որդեծնության ''վտանգից'': Իր հետևորդների տրամադրության տակ է դնում մի ամբողջական ձեռնարկ, ուր հնարավոր է ծանոթանալ ինքնասպանության բոլոր ձևերին: Նրա ջերմեռանդ անդամները փողոցներում քայլում են ձեռքներին այսպիսի գրություններ. «Փրկի՛ր երկրագունդը, սպանի՛ր ինքդ քեզ», «Գազախուց՝ մարդկանց», «Մարդկության բնաջնջում, քանի դեռ դա հնարավոր է»:
«Քաղաքակրթության և զարգացման» պաշտպանություն կարող է անվանվել նաև այն, ինչը որ Սրբազան Ինքվիզիցիայի դատարանն արեց՝ խոչընդոտելու և կասեցնելու համար հաջողությունն ու տարածումը տարբեր շարժումների, որոնք առաջնորդվում էին ֆանատիկ միլլենարիստների կողմից և քարոզում էին աշխարհի մոտակա վախճանը, Հակաքրիստոսի գալուստը, միայն իրենց անդամակցողների փրկությունը. այդպիսիք շատ հաճախ կազմակերպում էին արյունալի ապստամբություններ ընդդեմ քաղաքական և կրոնական իշխանությունների, իրենք իրենց նկատելով որպես «Աստծո ընտրյալներ», անվանելով իրենց «ջարդարար հրեշտակներ». գործադրում էին դավադրություններ, թալաններ ու բռնություններ: Հետաքրքիր օրինակներից մեկը «Առաքելականներ» կոչվածներն էին, որոնք 1260 թվականին հիմնվել էին Գերարդո Սեգարելլիի և առաջնորդվում էին Ֆրա Դոլչինոյի կողմից: Այդ հերետիկոսության հետևորդներն արտաքուստ քարոզում էին հոգևոր վերածնունդի անհրաժեշտությունը, վերադարձը սկզբնական Եկեղեցու աղքատությանը, բայց հանուն դրա մերժում էին կրոնական կամ քաղաքական որևէ նվիրապետություն, հրաժարվում էին աշխատանքից, չէին վճարում հարկերը, մերժում էին երդման կարգը, որի վրա էր հիմնվում ավատատիրական հասարակության կառույցի մեծ մասը, ապրում էին ողորմություն հայցելով, թափառելով քաղաքից քաղաք, առանց որևէ կարգի ու կանոնի ենթարկվելու: Քարոզում էին միայն անհատական հարաբերություն Աստծո հետ, Եկեղեցու կործանումը, որի տիտղոսները սակայն կամենում էին ժառանգել, ունեցվածքների համատիրությունը և անձնական սեփականության դատապարտումը, միասեռականությունն ու սեռային սանձազերծությունը: Այդ Առաքելականներ կոչվածները, – պատմում են պատմագետները, որոնցից շատերը, անարխիստական կամ մարքսիստական հակումներ ունենալով, հիացմունքով են խոսում այդ հերետիկոսների մասին, – անկողնում պառկում էին մերկ կանանց հետ, որպեսզի ստուգեին, թե արդյոք կարողանո՞ւմ էին ժուժկալել, բայց միաժամանակ պնդում էին, թե իրենց հոգու ազատությունը կարող են համատեղել մարմնական բացարձակ սանձազերծության հետ: Ունեցվածքների համատիրության հետ միասին, նրանց բնակավայրերում կիրառվում էր նաև կանանց համատիրությունը և կործանվում էր ո՛չ միայն կրոնական, այլ նաև հասարակական ու քաղաքական կարգը: Այդ հերետիկոսության պարագլուխները համոզված էին, թե կարող էին լուծարել ամուսնությունները և հայտարարում էին, թե մահացու մեղք էին գործում բոլոր նրանք, ովքեր դուրս էին գալիս իրենց շարքերից: Հալածվելով իշխանությունների կողմից, որոնք հանձինս այդ ֆանատիկների չէին կարող չտեսնել իրական մի վտանգ քաղաքացիական կյանքի համար, Դոլչինոյի հետևորդները պատասխանում էին վրեժխնդրությամբ, գերեվարությամբ, հրոսակային հարձակումներով, համոզված, թե շուտով հաստատվելու էր մի նոր իշխանություն, իրե՛նց իշխանությունը, որով այրվելու և վերացվելու էր հին աշխարհը, սկիզբ տալու համար իրե՛նց երկրային հաղթանակին, նոր Երուսաղեմի կառուցմանը երկրի վրա[10]:
Իր համոզմունքները տարածելու համար Դոլչինոն պարբերաբար նամակներ էր առաքում, որոնց բովանդակությունը միլլենարիստական մարգարեություններ էին Կայսրության, Եկեղեցու և տարբեր իշխանությունների ապագա կարգի մասին, ուր բոլորին խոստանում էր մահ և կործանում, մինչ սպասում էին Հակաքրիստոսի գալուստին, և վստահեցնելով, որ դրանից հետո ինքը՝ Դոլչինոն դառնալու էր Աստծո կողմից անմիջականորեն ուսյալ «Սուրբ Քահանայապետ»: Ավելորդ է ասել, որ նրա մարգարեությունները, – սկսած այն մեկից, թե Սիկիլիայի թագավոր Ֆեդերիկոս Արագոնացին դառնալու էր կայսր և իր՝ Դոլչինոյի հետ միասին իրականացնելու էր աստվածային զայրույթը երկրի վրա, մահվամբ վերացնելով Քահանայապետին, Կարդինալներին և կաթողիկե ամբողջ կղերին, – երբեք չէին իրականանում և փոխարինվում էին ուղղումներով ու նոր մարգարեություններով, որոնց Դոլչինոն ինքը կարծես թե իրոք հավատում էր: Ինչպես պարզ ու ակնհայտ է, Դոլչինոյի հերետիկոսությանը խառնված էին տնտեսական ու քաղաքական նկրտումներ, և այդ պատճառով է, որ այն օժանդակություն ստացավ գիբելլին ազնվականների կողմից, որոնցից մեկն էր Մատթեո Վիսկոնտին:
Դոլչինոյի հերետիկոսությանը շատ նման էր Մյունսթերի անաբատտիստների շարժումը, որի մասին նացիստների կողմից հալածված Ֆրիդրիխ Ռեկք Մալլեսցեվեն գրել է մի շատ հետաքրքիր ուսումնասիրություն. «Անաբատտիստների թագավորը: Մի արդի հեղափոխության պատմություն»: Մյունսթերում, 1534 թվականին, «մի ամբողջ քաղաք փակվում է արտաքին աշխարհին տասնութ ամիս շարունակ, որպես ''Սիոնի թագավոր'' է ընտրում օտարական շլաչք մի դերձակ, ո՛չ միայն ժողովրդի կողմից բարձրաձայնմամբ, այլ նաև արհեստավորների, ազնվականների, երևելիների ակտիվ համաձայնությամբ: [...] Այդ թագավորը, միշտ էլ՝ ազնվականների ու ժողովրդի համաձայնությամբ, տակնուվրա է անում բոլոր ավանդական սկզբունքները, խզում է Միջնադարի քաղաքացիական բոլոր կապերը, մինչ բազմաթիվ կանայք շտապում են դեպի իր հարեմը: Այս բոլոր իրադարձությունները տեղի են ունենում արյունահեղությունների, անսանձ ագահության և աստվածաշնչյան սխալ հասկացված մի առասպելի վարագույրի ետևում»: Բուն դերակատարները անաբատտիստ ինքնակոչ մարգարեներն են, որոնք քարոզում են Աստծո Արքայության մոտակա գալուստը, աջ ու ձախ շաղ են տալիս անեծքներ ու մարգարեություններ, հայտարարում են, թե իբր հրաշքով բժշկում են հիվանդներին և տեսիլքներ են տեսնում, որոնցով էլ հենց առաջնորդվում են: Ոմանք հետևում են նրանց, ոմանք՝ փախչում, ոմանք՝ նետվում նրանց ոտքերը, բազմաթիվ աղքատներ հանձինս նրանց տեսնում են հարստանալու մի լավ առիթ: Ա՛յլ բնակավայրերից էլ այդտեղ են շտապում թափառականներ, հանցագործներ, ֆանատիկներ, որոնց նպատակն է դարձնել այդ քաղաքն իրենց գլխավոր հրամանատեղին: «Ավերում ու թալանում էին եկեղեցիները, ծիսական զգեստներով հանդերձավորում էին պոռնիկներին, այրում ու ոչնչացնում էին վանքերում պահվող հին վավերագրերը». գրադարանները, նոտարական փաստաթղթերը, արձանները, խորանների սրբապատկերներն ու պատկերազարդ պատուհանները ջարդվում, այրվում, ոչնչացվում էին կատաղի մոլուցքով:
Զատկի օրը, ասում էին անաբատտիստ մարգարեները, տեղի է ունենալու Ահեղ Դատաստանը, և միայն Մյունսթերն է խնայվելու: Քաղաքի գլխավորներն, ուստի, արգելում են ոգելից խմիչքների ու ծխախոտի գործածությունը, սահմանում են խստագույն օրենքներ ու անասելի անհեթեթություններ. պարտադրում են համատեղ կատարել ճաշերը, այրում են բոլոր գրքերը Աստվածաշնչից բացի, որին, բողոքական ազատ մեկնաբանության սկզբունքով, ասել են տալիս այն՝ ինչ ուզում են իրենք. բազմակնության օրինավորությունը, տղամարդկանց համար օրինավորությունը՝ հղիացնելու բոլոր կանանց մեկը մյուսի ետևից, մահապատիժ այն բոլոր կանանց, ովքեր չեն հնազանդվում իրենց ամուսիններին, և այլն, և այլն: Հերետիկոսության ''մարգարեներն'' ունեն իրենց հարեմները, մինչ հրապարակում դահիճն աշխատում է առանց ընդմիջման: Կան նորեկներ, բայց շատերն էլ արդեն փախչում են: Վերջում, քաղաքին ներում առաջարկելուց հետո, եթե հանձնվի, և ստանալով նրանց մերժումը, սահմանակից նահանգների իշխանները, Եպիսկոպոսը, կաթողիկեներն ու բողոքականները միասին, պաշարում են քաղաքը և, ստիպված, զենքի ուժով վերջ են տալիս այդ անբարո խենթությանը:
Հին հերետիկոսությունների նման մի բան է տեղի ունենում նաև այսօր, եզրակացնում է Ռինո Քամիլլերին, «Կալիֆորնիայում գործող և ''Ինտերնետի'' կոչվող աղանդի, Գայանայում գործող ''պատվելի'' Ջոնսի աղանդի, շվեյցարիա-կանադական Արևային Տաճարի աղանդի կողմից կազմակերպվող զանգվածային ինքնասպանություններով և որոշ սատանայապաշտ խմբավորումների կողմից իրականացված ծիսական մարդասպանություններով»[11]: Հերետիկոսական ''մարգարեությունների'' միլլենարիստական ոգու հետ համանմանության մի ուրիշ օրինակ կարող ենք գտնել աշխարհի տարիքների վերաբերյալ Նյու Էյջի ուսուցումներում, ինչպես նաև՝ գալստականների (ադվենտիստների) և Եհովայի Վկաների ''մարգարեություններում'', որոնք տասնյակ տարիներ շարունակ իրենց կույր հետևորդներին սարսափեցնում են աշխարհի վախճանի կարծեցյալ թվականներով:
Միջնադարյան, արդի և ժամանակակից այդ հերետիկոսությունները չեն կարող չհիշեցնել մեզ նաև այն մեսսիանական, միլլենարիստական սպասումները, որոնք Գերմանիայում առկա էին Հիտլերի ժամանակներում. ամենատարբեր ''մարգարեներին'', որոնք ամբողջ Գերմանիայով մեկ քարոզում էին մերկապաշտություն, վերադարձ բնությանը, սեռային անսանձություն, աշխարհի վախճանը. ինչպես նաև ֆանատիզմը այն բազմաթիվ գերմանացիների, որոնք հանձինս Հիտլերի տեսան մի երկրային փրկչի, որը վերջապես երջանկություն էր հաստատելու իրենց երկրում: «Լիստը, Հարթմանը, Գերմանիայում և Ավստրիայում Տասնիններորդ դարի վերջում վխտացող և միստիկական-քաղաքական խորք ունեցող քիչ թե շատ գաղտնի բազմահազար խմբավորումների անդամները», պատմում է Պիերլուիջի Տոմբետտին, «բոլորն էլ գործածում էին հատկապես աստղաբաշխական տիպի հաշվարկներ [ճիշտ ինչպես աստղաբաշխ հերետիկոսները], որոնց համաձայն՝ սակավաթիվ տարիներ անց սպասվում էին սոցիալ-քաղաքական վիթխարի փոփոխություններ, որոնք Գերմանիային առաջնորդելու էին դառնալու աշխարհի թիվ մեկ Պետությունը»[12]:
Հիտլերի ժամանակվա Գերմանիայում, իրոք, վխտում էին գուշակներն ու միլլենարիստները, որոնք 1918 թվականի պարտության մեջ տեսնում էին վախճանաբանական մի նշան և քարոզում էին վերադարձ գերմանական ակունքներին, Վոթանի և բնության պաշտամունքին: 1930 թվականի Բեռլինը օկուլտիզմի համաշխարհային մայրաքաղաքն էր, ուր տպագրվում էին աստղաբաշխության յոթը շաբաթաթերթ: Քաղաքում տիրում էր սեռային ծայրահեղ սանձարձակ անբարոյությունը և ժամանակի որոշ հաշվարկների համաձայն քաղաքում գործում էին ավելի քան 20.000 գուշակներ:
Դրանցից մեկն էր հայտնի կախարդ Հանուսսենը, որն հետագայում մեծ ազդեցություն էր ունենալու Հիտլերի վրա: Բացի այդ, «1932 թվականին լրանում էր Գյոթեի մահվան հարյուրամյակը: Դա Ուայմարի Հանրապետությունում համընկավ նախաքրիստոնեական օկուլտիզմի և սև կախարդության ակտիվացման հետ». հեթանոսական տոնակատարություններ, գիշերային թափորներ, անսանձ սեռականություն, և այլն[13]: Մի խոսքով, բազմաթիվ նմանություններ միջնադարյան հերետիկոսությունների հետ, որոնք չափազանց սիրելի էին, օրինակի համար, նացիստ Օտտո Ռահնին, որն հեղինակն է «Խաչակրություն ընդդեմ Գրաալի» գրքի, ուր քաթարների բոլոր սովորությունները, ներառյալ սովի միջոցով ծիսական ինքնասպանությունը, հեղինակի կողմից պանծացվում էին, ողբալով դրանց կորուստը:
Վերադառնալով, հետևաբար, միջնադարյան հերետիկոսական շարժումներին, կարելի է նկատել դրանց նմանությունները նաև սոցիալիզմի և անարխիզմի բազմաթիվ մարգարեների քարոզչության հետ, որոնք հանուն արդար և բոլորին հավասարություն խոստացող հասարակության, որը դեռ գոյություն չուներ և պետք է դեռ կառուցվեր, գործի էին դնում ահաբեկչությունը, թալանչությունն ու նման գործեր Տասնիններորդ դարի վերջի և Քսաներորդ դարի սկզբի Ռուսաստանում, կործանելու համար հին աշխարհը, սպասելով նորին, երկունքի ցավերի և մաքրագործող անհրաժեշտ բռնության միջոցով հաստատելու համար դրախտը երկրի վրա: Միշտ, նման տեսության հետևորդները քարոզում էին «աշխարհի մոտակա վախճանն» ու դատաստանը, որը սակայն չէին նկատում որպես անհատական իրականություն, անհատ անձանց հոգիների համար, այլ՝ հավաքական, մերժելով որևէ վերանցական հեռանկար, ամբողջովին իմաստազրկելով անդրերկրային կյանքը, ազատագրումն ու փրկությունը տեղադրելով այստեղ և այժմ, տալով դերակատարներին, լինեին դրանք Առաքելականները, բանվոր դասակարգը, թե ժողովուրդը, տիեզերական մեսսիանական առաքելություն: Պատահական չէ, որ թե՛ հակոբիկյան հեղափոխականները, թե՛ նացիստների առաջնորդներից ոմանք, թե՛ սոցիալիստ և կոմունիստ հեղափոխականներից շատերը պարծենում էին, թե իրենք ժառանգներն էին Դոլչինոյի, Մյունսթերի ցնորքի, Թովմաս Քամփանելլայի կամ ուրիշ հայտնի հերետիկոսապետերի, ինչպիսիք էին, օրինակի համար, Ազատ Հոգու Եղբայրները՝ Հուսականների ճյուղավորումներից մեկը, որոնց համար «բոլոր հակառակորդները մեղավորներ էին և պետք է բնաջնջվեին», կամ Թաբորականները, որոնք «կոտորածը նկատում էին որպես Հազարամյակի ճանապարհը հարթելու միջոց», մինչև որ մշակեցին գյուղերն այրելու և տղամարդկանց, կանանց ու երեխաներին սրի քաշելու ծրագիրը[14]:
Նորման Քոհնի կողմից ուսումնասիրված միջնադարյան միլլենարիստ հերետիկոսների՝ «ապոկալիպսիսի ֆանատիկների» նման, Ստալինը նույնպես համոզված էր, թե ինքը սահմանված էր «պատմությունն իր նախասահմանված ավարտին հասցնելու անկրկնելի առաքելությանը», այդ նպատակի համար գործածելով «մշտարթուն դինամիզմով և բացահայտ դաժանությամբ օժտված մի խումբ, որն ապոկալիպտիկ մի երևակայության մտասևեռմամբ և անմնացորդ կերպով համոզված իր անսխալականությանը, ինքն իրեն տեղադրում էր մնացած մարդկությունից անսահմանորեն ավելի բարձր դիրքում և չէր ընդունում ոչ մի պահանջ, այլ միայն՝ իր ինքնակոչ առաքելությունը»[15]: Անհիմն չէ, ուստի, ասելը, որ եթե Սրբազան Ինքվիզիցիան տակավին գոյություն ունենար նաև Քսաներորդ դարում, այնպիսի մարդիկ, ինչպիսիք էին Հիտլերը, Լենինն ու Ստալինը, երբեք չէին հասնի իշխանության:
Սրբազան Ինքվիզիցիան գոյատևեց նաև Միջնադարից հետո և արդի դարաշրջանում զբաղվեց հատկապես կախարդության ու սնոտիապաշտության հարցերով: Այստեղ հնարավորությունը չունենք ամենայն մանրամասնությամբ ներկայացնելու այդ կարևոր դատարանի ամբողջ գործունեությունը, որը սակայն, ինչպես ցույց են տվել նաև այնպիսի աշխարհիկ պատմագետներ, ինչպիսիք են Լուիջի Ֆիրպոն և Ադրիանո Պրոսպերին, ամեն կերպ ջանաց ամենաանցավ ձևով արմատախիլ անել սնոտիապաշտությունների այդ աշխարհը, որ կարող է չափազանց վտանգավոր լինել, հասցնելով մինչև իսկ մանկասպանության, օրինակ՝ ստեղծելու համար կախարդական որոշակի թուրմեր, կամ փորձելով բուժել որոշ հիվանդություններ ամենաանհավանական միջոցներով, ինչպիսին է Վալքամոնիքայի մի ''կախարդուհու'' հայտնի օրինակը, որը մի երեխայի անհայտ մի հիվանդությունից բժշկելու նպատակով մտցրել էր նրան փռի մեջ, որի հետևանքում երեխան, հասկանալի է, խեղդվել, այրվել ու մահացել էր:
Կախարդության և սաբբայի աշխարհը անկասկած չափազանց բարդ ու բաղադրյալ է և անհնարին է այն լրջորեն վերլուծել ու ներկայացնել սակավաթիվ տողերում, բայց չի կարելի մոռացության ու անհոգության մատնել փաստը, որ սնոտիապաշտություններն ու չարապաշտությունները որոշակի անձանց, որոնք համոզված են, թե իրենք կախարդներ ու կախարդուհիներ են, սովոր լինելով օծել իրենց մարմինը թունավոր յուղերով կամ գործածելով տեսախաբկանք պատճառող բույսեր, շատ հաճախ առաջացնում են հասարակական կարգի մեծածավալ խնդիրներ: Չմոռանանք նաև, որ կախարդության մասին վկայություններ կան նախաքրիստոնեական ամբողջ աշխարհում, Օվիդիոսից մինչև Հորացիոս, Պլինիոսից մինչև Ապուլեոս, զանց առնելով հիշատակել գերմանական կամ ոչ-եվրոպական ա՛յլ ժողովուրդների սնոտիապաշտությունները: Անշուշտ, եղել են նաև տպավորիչ ֆենոմեններ, սոսկ վախեր, որոնք ոմանց հասցնում էին տեսնելու չար ուժեր այնտեղ, ուր իրականում ահազանգիչ ոչինչ էլ չկար, բայց մարդաբաններն ու պատմաբանները լավ գիտեն, որ անցյալը ռացիոնալիստական ժամանակավրեպ սխեմաների համաձայն մեկնաբանելու որևէ փորձից անդին՝ նախաքրիստոնեական ժամանակներում գոյություն ունեին աստղաբաշխական ու մոգական արմատացած հավատալիքներ, բնության աստվածություններին մատուցվող մարդկային ծիսական զոհաբերություններ, մոգական կարիքներից քիչ թե շատ սերող մանկասպանություններ, գուշակություններ, որոնք կատարելու համար շատ հաճախ ողջ-ողջ հերձում էին կենդանիներ և մարդիկ, նրանց աղիքների ներսում ''կարդալու'' համար: Պատմությունը վկայում է նեկրոմանցիայի (մեռյալների հոգիները կանչելու) և նեկրոֆիլիայի (դիակների հետ սեռային հարաբերություն ունենալու), ծիսական մարդակերության, ծիսական նպատակներով ներքինացման և միասեռական հարաբերություններ կատարելու, մի խոսքով՝ ամեն տեսակի վտանգավոր ու վնասակար սնոտիապաշտությունների գոյությունը[16]:
Զարմանալի չէ այն փաստը, որ այդ ընդհատակյա աշխարհը, որի գործողությունները մեծապես սահմանափակվել էին Քրիստոնեության հաղթանակով և Քրիստոնեության դարձի եկած թագավորների օրենսդրություններով, կրկին թափ առավ Տասնհինգից Տասնութերորդ դարերի ընթացքում, – առաջացնելով ոչ միշտ հավասարակշիռ, բայց անհրաժեշտ հակազդեցություններ, – և՛ մասամբ համապատասխանելով մոգական հետաքրքրությունների վերազարթոնքին, ինչպես արդեն տեսանք (օրինակ, մոգական հավատալիքների ուժգին վերազարթոնքը նացիստական Գերմանիայում), և՛ որովհետև մենք՝ Երրորդ Հազարամյակի մարդիկս նույնպես մեր շուրջը տեսնում ենք գոյությունը ֆանատիկներից բաղկացած տարբեր խմբավորումների, որոնք պատրաստակամ են գործադրելու ամեն տեսակի զազրանք. խոսքս վերաբերվում է, պարզապես մի օրինակ հիշատակելու համար, Վարեզեյի հայտնի ոհմակին, որոնք իրենք իրենց կոչում էին «սատանայի գազաններ» և Իննսունական թվականներին սատանայապաշտական ահավոր ու անմարդկային ձևերով խլեցին 18 մարդու՝ հիմնականում երեխաների ու երիտասարդների կյանք: Այդ թիվն անշուշտ ավելանալու էր, եթե ոստիկանությունը չմիջամտեր, չբացահայտեր և վերջ չդներ այդ խմբավորմանը: Սատանայի գազանները, ինչպես վկայում են դատական փաստաթղթերը, լայնորեն գործածում էին ատամներ, մազափնջեր, գանգեր, սև լաթեր, մոմեր, ոգելից խմիչքներ, թմրանյութեր, սև պատարագներ, կախարդությունների հին գրություններ, սատանայապաշտական երաժշտություն, և այլն[17]:
Չմոռանանք նաև, որ լրագրողական մի լուրջ ուսումնասիրության համաձայն՝ այսօր միայն Իտալիայում ավելի քան մեկուկես միլիոն անձինք հետևում են կախարդների խմբավորումների, այսպես կոչված պսիխո-սեկտաների, սատանայապաշտական և նման խմբավորումների[18]: Երևակայեցեք ինչպիսի՛ թիվ են դրանք կազմում ամբողջ Եվրոպայում և մնացած աշխարհում, և թե ի՛նչ կպատահեր, եթե դրանց գործողությունները խստագույնս չհսկվեին ոստիկանության կողմից: Ահա այդ դրական հսկողությունն էր անցյալում իրականացնում Սրբազան Ինքվիզիցիան:
Այսքանը ճշտելուց հետո, պատմագետ Ա. Պրոսպերին և ժամանակակից պատմագետների մեծամասնությունը հաստատում է, որ «կաթողիկե իշխանությունները [...] ո՛չ միայն հետամուտ եղան մերժելու սաբբայի իրականությունը, այլ նաև յուրահատուկ կերպով մեղմ գտնվեցին սնոտիապաշտությունների ամբողջ աշխարհի և հատկապես կախարդության դեմ պայքարելու գործում: Պատմական ուսումնասիրություններն առանց կասկածի հնարավորություն թողնելու ապացուցել են, որ կախարդների ու կախարդուհիների դեմ հալածանքը իտալական և իսպանական երկրամասերում [այսինքն այնտեղ, ուր գործում էր Սրբազան Ինքվիզիցիան] ունեցավ նվազ արյունահեղ և բռնություններով նվազ հագեցած նկարագիր, քան այլուր [Գերմանիայում և բողոքական ա՛յլ երկրներում], հենց եկեղեցական իշխանությունների կողմից որդեգրված դիրքորոշման ու վարմունքի շնորհիվ»[19]:
Բայց թվով քանի՞սն են եղել Սրբազան Ինքվիզիցիայի կողմից դատապարտվածները: Ա. Լլորենտեն իր արդեն հիշված գրքում խոսում է Իսպանական Ինքվիզիցիայի, այսինքն՝ Սրբազան Ինքվիզիցիայի ամենազրպարտված թևի կողմից 1478-1820 թվականների ընթացքում վճռված և գործադրված 32.000 մահապատիժների մասին: Նույնիսկ եթե որպես անհեթեթ վարկած ընդունենք, թե այդ թիվն իրական է և թե բոլոր դատավճիռներն էլ անարդար էին, համենայն դեպս դա ոչինչ է աթեիստական արդի ժամանակաշրջանի տասնյակ միլիոնավոր զոհերի համեմատ: Առանց նաև հաշվի առնելու, որ եկեղեցական այդ դատարանը հաճախ կորցնում էր իր ազատությունը և գերի էր դառնում աշխարհիկ իշխանների ձեռքում, որոնք գործում էին մինչև իսկ Սրբազան Քահանայապետների կամքին հակառակ, հետապնդելով սոսկ քաղաքական նպատակներ. օրինակ, տվյալ երկրի միաձևումը «մի թագավոր, մի օրենք, մի հավատք» սկզբունքի համաձայն[20]:
Բայց Լլորենտեի կողմից ներկայացված այդ թիվը հավաստի՞ է: Պատմագետ Բ. Բեննասսարը եզրակացնում է, որ Լլորենտեն «վիթխարիորեն չափազանցում է»[21]: Հ. Կամենն ավելացնում է, որ Իսպանիայում Սրբազան Ինքվիզիցիան, իր իրավասության ներքո վերցնելով կախարդության դատերը և հանելով դրանք աշխարհիկ դատարանների իրավասությունից, իրականում փրկել է անթիվ մարդկանց կյանքը, մինչդեռ բողոքական երկրներում գրանցվել են «հալածանքներ, որոնք չլսված բան էին կաթողիկե Եվրոպայում»[22]: Կամենը հավելում է, որ «անկասկածելի իրողություն է այն, որ երեք կամ չորս դարերի ընթացքում, որոնք հետևեցին Սրբազան Ինքվիզիցիայի հիմնադրմանը, իսպանացի ժողովուրդը ընդհանրապես և ի մասնավորի կաստիլիանացի ժողովուրդը Սրբազան Ինքվիզիցիային ընծայեց իր անմիջական վստահությունն ու օգնությունը, [...] ժողովուրդը վիճարկումի չէր ենթարկում դատարանի գոյությունը», այլ մանավանդ թե՝ «մեծապես թիկունք էր կանգնում» եկեղեցական այդ կարևոր դատարանին, մինչև նրա գոյության վերջին օրը[23]:
Ինչ վերաբերվում է բանտերին, դրանք «չէին գտնվում վատթար պայմաններում, [...] Սրբազան Ինքվիզիցիայի բանտերը համարվում էին նվազ տաժանելի և ավելի մարդկային, քան նույն ժամանակվա պետական կամ եկեղեցական սովորական բանտերը: Օրինակ հայտնի է Վալլադոլիդի մի վանականի դեպքը, 1629 թվականին, որը հերետիկոսական բնույթի մի քանի հայտարարություններ էր արել միայն այն նպատակով, որպեսզի այն բանտից, ուր գտնվում էր, տեղափոխեին իրեն Սրբազան Ինքվիզիցիայի բանտը, ուր պայմաններն առավել մեղմ էին: Գիտենք մի ա՛յլ դեպքի մասին ևս, 1675 թվականին, երբ մի քահանա, որ գտնվում էր եպիսկոպոսական բանտում, իրեն կեղծ-հրեա է ձևացնում, որպեսզի կարողանա տեղափոխվել Սրբազան Ինքվիզիցիայի բանտը [...]»[24]:
Այստեղ անհնարին է ամենայն մանրամասնությամբ շարունակել այս հարցի ուսումնասիրությունն այնպես, որ մի կողմից կործանվի աշխարհատարած «սև առասպելը», իսկ մյուս կողմից վերլուծվի հասարակական և քաղաքական հարթության վրա հերետիկոսությունների ունեցած քանդիչ ու կործանարար տարողությունը, միաժամանակ լուսաբանելով քաղաքական իշխանությունների կողմից դատարանի վրա բանեցված հնարավոր ճնշումները և, ի վերջո, նաև մարդկային անխուսափելի սխալները: Բավական է եզրափակել՝ ակնարկելով մի խումբ պատմագետների աշխատանքին, որոնք Հռոմի Սապիենցա (Իմաստություն) Համալսարանի դասախոս Ագոստինո Բորրոմեոյի ղեկավարությամբ վերջերս երեք հարյուր վաթսուն աստիճանով ուսումնասիրել են Սրբազան Ինքվիզիցիային վերաբերվող բոլոր հարցերը: «Տասնվեցերորդ դարում», բացատրում է Բորրոմեոն, «բողոքական խմբավորումների կողմից ամբողջ Եվրոպայով մեկ տարածվեց այն կեղծ հավատալիքը, թե Սրբազան Ինքվիզիցիայի դատարանները դաժան ու անողոք էին: Եվ սակայն, տանջանքներն ու մահապատիժներն այնքան հաճախակի չէին, որքան երկար ժամանակ կարծվում էր»: «Ինչ վերաբերվում է կախարդուհիներին», հավելյալ մեկնաբանում է Պաոլո Միելին, հիմնվելով այդ նույն ուսումնասիրությունների վրա, «մտածելու առիթ է տալիս փաստը, որ մոտ հարյուրի չափ խարույկներ վառվեցին Պորտուգալիայում, Իսպանիայում և Իտալիայում [այդ Կաթողիկե երկրներում, ուր գործում էր Սրբազան Ինքվիզիցիան], մինչդեռ դրանց թիվը Եվրոպայի մյուս երկրներում, հատկապես Բողոքականության տիրապետության տակ գտնվող երկրներում, հասավ հիսուն հազարի»[25]:
Մի կողմ թողնելով գաղափարային որևէ խորհրդածություն, այսպիսի թվերը կարո՞ղ են ինչ-որ մեկին իրավասություն տալ համեմատելու Սրբազան Ինքվիզիցիայի կողմից դարերի ու դարերի ընթացքում արձակված մի քանի հարյուր մահապատիժները այն տասնյակ միլիոնավոր մարդկանց կոտորածին, որն աթեիստական կոմունիզմը իրականացրեց ընդամենը մի քանի տասնամյակում, կլանելով ու փոշիացնելով ամբողջական ժողովուրդներ ու մայրցամաքներ:
[1] A.S. Tuberville, L’Inquisizione spagnola, Feltrinelli, Milano 1965, p. 177.
[2] Մեջբերված է հետևյալ գրքում. N. Cohn, I demoni dentro, Unicopli, Milano 1994, p. 31.
[3] Մեջբերված է հետևյալ գրքում. C.G. Sallustio, Il potere temporale del papato, il Ventaglio, Roma 1992, p. 181.
[4] D. Irving, La guerra di Hitler, Settimo Sigillo, Roma 2001, pp. 235, 236.
[5] M. Consoli, Homocaust, Kaos edizioni, Milano 1991.
[6] R. Royal, I martiri del ventesimo secolo, Ancora, Milano 2002. Ռ. Ռոյալը ամերիկացի հանրահայտ լրագրող է, աշխատակցում է «Washington Post», «Wall Street Journal» և «National Review» թերթերին: Իր այս աշխատությունում երկիր առ երկիր վերլուծել է քրիստոնյաների մոռացված մարտիրոսությունը Քսաներորդ դարում:
[7] P. Odifreddi, Il vangelo e la scienza, Einaudi, Torino 1999, p. 4.
[8] F. Cardini, L’Inquisizione, Giunti, Firenze 1999, p. 9.
[9] J.-B. Guiraud, Elogio dell’Inquisizione, Leonardo, Milano 1994.
[10] AA.VV., Fra Dolcino e gli Apostolici tra eresia, rivolte e roghi, DeriveApprodi, Novara 2000.
[11] R. Cammilleri, Storia dell’Inquisizione, Newton, Roma 1997. Ռուս պատմաբան Իգոր Սաֆարևիչը, վերլուծելով միջնադարյան հերետիկոսությունների պատմությունը, որոնցով սկիզբ է տրվում արդի սոցիալիզմին, ընդգծում է խռովարար և կատաղի ու արյունարբու ոգին բոլոր նրանց, ում ո՛չ միայն Սրբազան Ինքվիզիցիան, այլ նրանից առաջ կայսրերը, թագավորներն ու իշխանները համարում էին չափազանց վտանգավոր՝ հասարակության և Պետության համար: Սաֆարևիչը հիշեցնում է, օրինակի համար, թաբորական հերետիկոսների գաղափարները. «1415 թվականին տեղի ունեցած Յան Հուսի խարույկի դատապարտվելը Բոհեմիայում ծնունդ տվեց հուսականների հակակաթողիկե շարժումին: Շարժման ամենածայրահեղական անդամներն իրենց որպես կայանատեղի ընտրեցին Պրագայի մոտակայքում գտնվող մի ամրոց, որին տվեցին Թաբոր անունը: Այդտեղ հավաքվեցին հերետիկոսներ ամբողջ Եվրոպայից. հովակիմյաններ, վալդեզներ, բեգարդներ: Թաբորականների մոտ լայն տարածում էին գտել քիլիաստական սոցիալիզմի տեսությունները. որոշակի փորձեր կատարվեցին դրանք կյանքի կոչելու համար:
Փորձենք համառոտ ներկայացնել թաբորականների ուսմունքը, որպես հիմք ունենալով մի քանի ժամանակակիցների կողմից իրենց գրություններում թողնված վկայությունները (ինչպիսիք են ապագա Քահանայապետ Էնեա Սիլվիո Պիկկոլոմինին, Պրժիբրամը, Վավրժինեցը, Լավրենտիոս Բժեժինացին):
1420 թվականին պետք է որ տեղի ունենար աշխարհի վախճանը, ժամանակների ավարտը: Բայց պետք է ուշադրություն դարձնել, որ դա նրանց համար նշանակում էր պարզապես ''հին աշխարհի'', ''չարի իշխանության'' վախճանը: Այդ ժամանակ պետք է որ տեղի ունանար ''չարերի'' անմիջական հեռացումը, ''վրիժառության այդ օրվա ու պատժի այդ տարվա'' ընթացքում: ''Հարկավոր է ծառի ճյուղերի նման ծռել բոլոր առանձնաշնորհյալներին ու հզորներին, կտրտել նրանց և հնոցում այրել ծղոտի նման: Նրանց ո՛չ արմատն է մնալու, ո՛չ էլ բողբոջը, և աղացվելու են ցորենի խուրձերի նման, նրանց արյունը շիթերով ցայտելու է, կոտորվելու են կարիճների, օձերի ու վայրի գազանների կողմից և մահով վերացվելու են'': ''Անվավեր'' են հայտարարում Քրիստոսի կողմից հաստատված գթության ու ողորմածության օրենքը, ''որովհետև շատ դեպքերում այդ օրենքի տառն ու հոգին հակասության մեջ են հայտնվում ի վերուստ եկող դատաստանի հետ'':
Ընդհակառակն, հարկավոր է գործել ''նախանձախնդրությամբ ու խստությամբ, և փոխհատուցման արդարացի օրենքի համաձայն'', որպեսզի ''յուրաքանչյուր արդար իր ձեռքերը լվանա Քրիստոսի թշնամիների արյամբ'': Քրիստոսի թշնամիներ ասելով անշուշտ հասկանում էին անձամբ իրենց ընդդիմացողներին: Ով կխոչընդոտի Քրիստոսի հակառակորդների արյան հեղմանը, կնզովվի ու կպատժվի, կարծես նրանցից մեկը լիներ:
Բոլոր այն գյուղացիները, որոնք չեն միանա թաբորականներին, ''կկոտորվեն իրենց բոլոր ունեցվածքների հետ միասին'': Կհաստատվի Աստծո Արքայությունը երկրի վրա, բայց ո՛չ թե բոլորի, այլ միմիայն ''ընտրյալների'' համար: ''Չարիքը'' արմատախիլ չի արվի երկրից, բայց կենթարկվի ''բարիներին'': Բոլոր հավատացյալները պետք է հավաքվեն հինգ քաղաքներում, քանի որ այդ քաղաքներից դուրս գտնվողները ողորմություն չեն գտնելու Ահեղ Դատաստանի օրը: Այդ քաղաքներից նրանք կառավարելու են ամբողջ աշխարհը, մինչ նրանց հակառակվող քաղաքները ''այրվելու ու կործանվելու են Սոդոմի նման'': Հատկապես ''Պրագա քաղաքը վրիժառության տարում քանդվելու ու այրվելու է հավատացյալների կողմից, Բաբելոնի նման'':
''Այդ ժամանակաշրջանն իր ավարտին է հասնելու Քրիստոսի գալստյամբ: Այդ ժամանակ Աստծո ընտրյալները տեսանելի և զգալի կերպով թագավորելու են Տեր Աստծո հետ հազար տարի'':
Երբ Քրիստոսն իր հրեշտակների հետ իջնելու է երկրի վրա, արդարները, այսինքն նրանք, ովքեր մահացել են Քրիստոսի համար, հարություն են առնելու և միաժամանակ սկսվելու է մեղավորների դատաստանը: Կանայք հղանալու են առանց տղամարդու օգնության և ծնելու են առանց ցավի: Ոչ ոք այլևս չի ցանելու, ո՛չ էլ հնձելու է: ''Այլևս երբեք չեն ուտելու ոչ մի պտուղ'': Հերետիկոսության քարոզիչներն իրենց հետևորդներին հորդորում էին ''այլևս ոչ մի գործ չանել, կտրել ծառերը, քանդել տները, վանքերն ու եկեղեցիները'':
''Մարդկային բոլոր հաստատություններն ու օրենքները պետք է ջնջվեն, քանի որ չեն սերում Երկնավոր Հորից''» (I. Safarevic, Il socialismo come fenomeno storico e mondiale, ներածությունը՝ Ա. Սոլժենիցինի, La casa di Matriona, Milano 1980, pp. 48-49):
[12] P. Tombetti, I grandi misteri del nazismo, Sugarco, Milano 2005, p. 61.
[13] M. Gordon, Il mago di Hitler, Oscar Mondadori, Milano 2004, pp. 215, 262.
[14] N. Cohn, I fanatici dell’apocalisse, Comunità, Milano 1986, pp. 280, 290.
[15] R. Conquest, Stalin, Mondadori, Milano 1993, p. 354. Տե՛ս նաև Ն. Քոհնի վերոնշյալ գրքում, էջ 16. «Որքան ավելի ուշադրությամբ են սոցիալական պայքարող քիլիազմի պոռթկումները ուշ Միջնադարում համեմատվում արդի տոտալիտար շարժումների հետ, այնքան ավելի զարմանալիորեն նկատվում են նրանց նմանությունները»:
[16] Ստույգ և փաստված դեպքերից մեկը հայտնի ազնվական Ժիլ Դը Ղեի (1404-1440թթ.) պատմությունն է: Ստույգ և փաստված է, որովհետև մեղավորի կողմից խոստովանվել է կամովին և զղջումով: Ժիլ Դը Ղեն իր ժամանակվա ամենահարուստ մարդկանցից մեկն էր, բայց տրվելով ցոփ ու շվայտ կյանքի՝ սակավաթիվ տարիներում կորցրել էր ընտանիքի գրեթե բոլոր ունեցվածքները: Դրանք ետ բերելու նպատակով, ապա, տրվել էր կախարդության: Ձերբակալվելով, մեղադրվեց 140 երեխաների ու պատանիների սպանության մեջ: Ֆրանսիացի գրող Կարլ Յորիս Հույսմանսն իր «Վիհը» գրքում այսպես է նկարագրում նրա դատավարության հատվածներից մեկը. «Խուլ ձայնով պատմեց երեխաների հափշտակման մանրամասները, սոսկալի դավերը, դժոխային գրգիռները, կատաղի սպանությունները, անողոք բռնաբարությունները: Իր զոհերի պատկերն իր մտքում սևեռուն կերպով ունենալով, մանրակրկիտ նկարագրեց դանդաղ կամ արագ հոգեվարքները, աղերսանքներն ու վերջին շնչի խռպոտ արձակումները, պատմեց, թե ինչպես է թավալվել նրանց հերձված ու դեռ տաք աղիքների մեջ, խոստովանեց, որ դաշույնով բացված կրծքերից դուրս է հանել դեռ բաբախող սրտեր, որոնք կտրել է հասուն մրգերի նման: Սարսափահար ներկաների վրա տիրել էր մղձավանջային մի լռություն, որը մերթ ընդ մերթ խզվում էր ճիչերով: Այդ պահերին հարկավոր էր լինում սրահից դուրս տանել սարսափից խենթացած, ուշաթափված կանանց: Ժիլն ինքը թվում է, թե չէր լսում ոչինչ, չէր տեսնում ոչինչ, շարունակում էր արտաբերել իր ոճիրների շարանը: Ապա նրա ձայնը խռպոտվեց: Հասել էր մահասարսուռ մանրամասնությունների, պատմելով տանջանքներն այն երեխաների, որոնց գգվել ու փաղաքշել էր, որպեսզի կարողանար նրանց վիզը կտրել մի համբույրի ժամանակ: Մտավ մանրամասնությունների մեջ, թվարկեց դրանք բոլորը: Պատմությունն այնքա՜ն ահավոր էր, այնքա՜ն դաժան, որ Եպիսկոպոսներն անգամ սփրթնեցին իրենց ոսկյա թագերի ներքո»: Ահա այսպիսի իրողությունների դեմ էր պայքարում Սրբազան Ինքվիզիցիան:
[17] «La Repubblica» թերթն իր 2007 թ. Մայ. 15-ի համարում գրում է. «Սև պատարագները. Գոլասեկքայի ապաստանարանում ոստիկանները գտան մի ճամպրուկ, որի մեջ կար այն ամենն, ինչ անհրաժեշտ է սատանայական պաշտամունք կատարելու համար. ատամներ, մազափնջեր, գանգեր, սև լաթի կտոր, մոմեր, սատանայի նկարներ և գրություններ, թե ինչպես են կատարվում սև պատարագները: Տարրեր, որոնք առաջին պահից ևեթ ոստիկաններին դրեցին սատանայապաշտության հետքերի վրա: Դա հետագայում հաստատվեց նաև Վոլպեի կողմից, որը Բուստո Արսիցիոյի դատախազ Անտոնիո Պիցցիի առաջ տեղի ունեցած հարցաքննության ժամանակ [...] նկարագրեց Մարիանջելա Պեցցոտտայի, Քիառա Մարինոյի և Ֆաբիո Թոլլիսի սպանությունը և բացահայտեց մանրամասնություններ Վարեզեի նահանգում տեղի ունեցած ա՛յլ խորհրդավոր սպանությունների վերաբերյալ [...]:
Դե, զոմբիներ, քայլեք. Վոլպեն հայտնեց, որ հիպնոզի գործածումը ''խմբի պարագլուխների համար սովորական երևույթ էր՝ հետևորդներին կառավարելու համար'': Հայտնեց նաև, թե իրենք ի՛նչ կապեր ունեին Թուրինի X խմբավորման հետ: Ապա հաստատեց, որ ինքը նույնպես մասնակցել է Ֆաբիո Թոլլիսի և Քիառա Մարինոյի սպանությանը, պատմելով երկու երիտասարդ զոհերին հասցված դանակահարումների ու գավազաններով հարվածների, նրանց ճիչերը խլացնելու նպատակով նրանց բերանը խցկած լաթի կտորների, այլևս հողով ծածկված նրանց դիակների վրա միզելու և վերջին արտահայտության մասին. ''Դե, զոմբիներ, քայլեք, եթե կարող եք'': [...] Խորհրդավոր մահերից մեկն էր նաև խմբավորման պարագլուխներից Ստեֆանո Բոնտադեի մահը, որը մյուսների հետ միասին մասնակցել էր փորման գործողությանը այն փոսերի, որոնցում ապա թաղվել էին Քիառա Մարինոն և Ֆաբիո Թոլլիսը: Բայց Բոնտադեն, վախենալով իր հետագա անվնասության համար, որոշել էր ետ կանգնել և մինչև վերջ չէր մասնակցել սպանությանը: Մահացած գտնվեց կասկածելի պայմաններում. 1998 թվականի Սեպտ. 21ին ինքնասպանություն գործեց իր ավտոմեքենայով ճանապարհից դուրս նետվելով:
Հետևորդների ընտրությունը. Երկու ձևով էին ''սատանայի գազաններն'' ընտրում իրենց հետևորդներին. թեկնածուն պետք է արագ վազեր և ամբողջ ուժով նետվեր այդ նպատակի համար ընտրված թփերի մեջ, առանց ցավի համար բողոքելու, կամ էլ պետք է սպիրտից ու թմրանյութերից պատրաստված մի կոկտեյլ խմեր և ոստումներ կատարեր առանց փսխելու, միաժամանակ բարձրաձայն անարգանքներ արտասանելով Աստծո դեմ:
Ծիսակարգը. Ոգելից խմիչքները, թմրանյութերը և Աստծո դեմ անարգանքները անհրաժեշտ տարրերն էին սև պատարագների համար, որոնք կատարվում էին լոմբարդական այդ նահանգի անտառներում, իրենց հոգևոր առաջնորդների՝ Սապոնեի և Վոլպեի փոխնիփոխ ղեկավարությամբ, որոնք կողմնացույցով հնգաթև աստղը ուղղում էին տարբեր ուղղություններով, որպեսզի հնարավոր դարձնեին կապը ա՛յլ խմբավորումների հետ:
Երաժշտությունը. Հիմնական տարրերից մեկն էր երաժշտությունը. Hell awaits (դժոխքը սպասում է), անունն է ամերիկյան Slayer (մարդասպան) անունը կրող մետալ խմբի ձայնասկավառակի, որը ''սատանայի գազաններն'' ամենաբարձր ձայնով հնչեցնում էին իրենց արարողությունների ժամանակ»:
[18] «Corriere della Sera» թերթի 2008թ. Մայ. 23-ի համարում:
[19] A. Prosperi, I tribunali della coscienza, Einaudi, Torino 1996, pp. 378-379.
[20] J. Pérez, Breve storia dell’inquisizione spagnola, Corbaccio, Milano 2007.
[21] B. Bennassar, Storia dell’inquisizione spagnola, Rizzoli, Milano 1980.
[22] H. Kamen, L’Inquisizione spagnola, Feltrinelli, Milano 1966.
[23] Նույն, p. 318.
[24] Նույն, pp. 188-189.
[25] «Corriere della Sera» թերթի 2004թ. Հուն. 28-ի համարում: Կարող է հետաքրքրական լինել մեջբերել այստեղ մի հատված մի հարցազրույցից, որ տվել է իսպանական Ինքվիզիցիայի մեծագույն մասնագետ Ժան Դյումոնթը. «Դեռ շրջանառության մեջ են գտնվում գրքեր, ուր խոսվում է Իսպանական Ինքվիզիցիայի հարյուր հազարավոր զոհերի մասին: Գրքեր, որոնք գրված են այնպիսի մարդկանց կողմից, ովքեր արտագրում են Տասնիններորդ դարի պրոպագանդիստական աղբյուրներից և չգիտեն անգամ, որ դիվաններից կարող են ստանալ գրեթե ամբողջական տեղեկություններ: Այժմ ընթացքի մեջ է Իսպանական Ինքվիզիցիայի դատավարությունների շուրջ քանակական մի ուսումնասիրություն, որը կատարվում է նաև համակարգչի օգնությամբ, բայց արդեն ունենք որոշ մասնակի արդյունքներ: Դանիացի մի մասնագետ, Գուստավ Հեննինգսենը, ավարտելով հարյուր քառասուն տարիների ընթացքում տեղի ունեցած 50.000 դատավարությունների փաստաթղթերի ստուգումը, գտել է գործադրված մահապատիժների մոտ 500 դեպք, այսինքն՝ ամբողջի սոսկ 1%ը: Ա՛յլ ուսումնասիրողներ ևս հաստատել են այդ տվյալները: Իսպանական Ինքվիզիցիան դուստրն է իր դարաշրջանի և պետք է համեմատվի նույն դարաշրջանում ուրիշ երկրներում գրանցված նմանատիպ ֆենոմենների, ինչպես օրինակի համար՝ Իռլանդիայում և Անգլիայում կաթողիկեների դեմ գործադրված հալածանքների տասնյակ հազարավոր զոհերի հետ: Ինչ վերաբերվում է արդի դարաշրջանին, մի՞թե այն ավելի հանդուրժողական է, քան անցյալում էին: Իդեոլոգիական, ռասսիստական, կոմունիստական կամ նացիոնալ-սոցիալիստական հալածանքները միլիոնավոր զոհեր տվեցին, հազարավոր անգամներ ավելի, քան Իսպանական Ինքվիզիցիան, և եթե չլիներ Իսպանական Ինքվիզիցիան, այլընտրանքը – ինչպես արդեն ասացի – լինելու էր քաղաքացիական պատերազմի կույր ու արյունալի խռովությունը: Ինչպես նաև ճիշտ չէ ասել, թե Իսպանական Ինքվիզիցիայի զոհերը մահացել են ''իրենց գաղափարների համար''. ոչ մի բացահայտ հրեա չի դատապարտվել որպես այդպիսին, մինչ դատապարտվել են նրանք, ովքեր կեղծավորությամբ ձևացել են կաթողիկեներ, որպեսզի այդպիսով ինչ-ինչ առանձնաշնորհություններ ստանան: Ինչպես բոլոր ժամանակների բոլոր դատարանները, Ինքվիզիցիան նույնպես սխալներ գործել է: Բայց իսկապես խոհեմ դատարան է եղել, եթե դիվանների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հարյուր դատավարություններից միայն մեկի դեպքում էր մեղադրյալը դատապարտվում մահապատժի: Մյուս իննսունիննի մասին թերևս կմտածեք, թե մեղադրյալին դատապարտում էին ''Ինքվիզիցիայի բանտերի'' հայտնի (բայց առասպելական) սարսափներին: Իրականում մինչդեռ, միայն վերջերս ուսումնասիրողները պարզեցին, – և այլևս անվիճելի փաստ է, – որ ''մշտնջենավոր բանտ'' և ''աններելի բանտ'' արտահայտությունները չէին նշանակում ցմահ բանտարկություն: Ցմահ բանտարկությունը բացարձակապես գոյություն չուներ Իսպանիայում: ''Մշտնջենավոր բանտ''ը սովորաբար տևում էր հինգ, իսկ ''աններելի բանտ''ը՝ ութ տարի: Սրբազան Ինքվիզիցիայի բանտերը տվյալ դարաշրջանի լավագույն բանտերն էին և արդի դարաշրջանում բանտարկյալներին ի նպաստ աշխատող հաստատություններից շատերն իրենց արմատները գտնում են հենց Իսպանական Ինքվիզիցիայի գործելաոճում. օրինակի համար, ծեր կամ հիվանդ բանտարկյալները տեղափոխվում էին իրենց տուն կամ վանք, ինչպես նաև հնարավոր էր վերահսկված ազատության մեջ գտնվելը: Այս ամենը մի դարաշրջանում, երբ ''աշխարհիկ'' բանտերը – դրանք անկասկած – հաճախ չափազանց սարսափելի էին: Թերևս արժե մի խոսք էլ ասել տանջանքների մասին. այդ դարաշրջանում տանջանքները սովորական երևույթ էին ''աշխարհիկ'' բանտերում, մինչդեռ Սրբազանց Ինքվիզիցիայի փաստաթղթերում կարդում ենք, որ եկեղեցական դատավորները հորդորում էին այդ միջոցին դիմել ծայրաստիճան չափավորությամբ: Սա նույնպես փաստվում է պատմական փաստաթղթերով. այն ժամանակներում, երբ տանջանքները բանտերում սովորական երևույթ էին, Իսպանիայում, Վալենսիա քաղաքում, 1480-1530 թվականների ընթացքում Սրբազան Ինքվիզիցիայի կողմից արձակված 2.000 դատավճիռների ուսումնասիրությունը բացահայտել է տանջանքների գործադրման միայն 12 դեպք: Սրբազան Ինքվիզիցիայի կողմից ա՛յլ ժամանակահատվածներում և ա՛յլ քաղաքներում գործադրված տանջանքների թիվը սովորաբար նույնը չէ. ավելի ցածր է» («Cristianità» պարբերաթերթ, թիվ 131, Մարտ 1986):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։