Հարաբերությունները Եկեղեցու և նացիոնալ-սոցիալիզմի միջև: Հիտլերի էզոտերիզմը – Գրադարան – Mashtoz.org

Հարաբերությունները Եկեղեցու և նացիոնալ-սոցիալիզմի միջև: Հիտլերի էզոտերիզմը

Այստեղ հարմար վայրը չէ մանրամասնորեն վերլուծելու համար, թե իրականում ինչպիսին էին Կաթողիկե Եկեղեցու և նացիոնալ-սոցիալիզմի միջև առկա հարաբերությունները, թեև պատշաճ կլինի ճշգրտել որոշ էական հարցեր:
Առաջինը. Հիտլերը մի երիտասարդ ավստրիացի էր, որը երբեք չցանկացավ զինվորական ծառայության անցնել Ավստրիայում, որովհետև բացարձակապես չէր կիսում այդ Պետության հիմնական գաղափարականները, որոնք հիմնված էին հավատքի (ուստի նաև արժեհամակարգի) ընդհանրության և ո՛չ թե էթնիկական պատկանելության վրա: Ավստրիո-հունգարական Կայսրությունն, արդարև, կազմված էր տարբեր ժողովուրդներից, բայց հանդիսանում էր որպես Եվրոպայի վերջին Պետությունը, որի բնութագրող հատկությունը Կաթողիկե Հավատքն էր: Հիտլերը, մինչդեռ, իր անկողնու գլխավերևում կախել էր հետևյալ գրությունը. «Վիեննայից հեռու, Հռոմից հեռու, ուր կառուցվում է Գերմանիայի տաճարը»: Այդ գրությունն արտահայտիչ կերպով ցույց էր տալիս նրա ատելությունը Վիեննայի հանդեպ, որին նկատում էր որպես կաթողիկե Հռոմեական Սրբազան Կայսրության իրավահաջորդը, և Հռոմի հանդեպ, որին նկատում էր որպես տիեզերածավալ, ընդհանրական կաթողիկեության մայրաքաղաքը: Ո՛չ թե բազմաթիվ տարբեր ժողովուրդներ, այլ միայն մի ժողովուրդ, գերմանականը, միավորված՝ կազմելու համար մեծ Գերմանիան. սա՛ էր պանգերմանական գաղափարականը, որն այդ մազերը փայլեցրած բեղավոր երիտասարդը սնուցում էր իր սրտում. մի գաղափարական, որին պանծալիորեն հակառակվում էր ավստրիական կաթողիկե աշխարհը, որն ընդգծում էր իր յուրահատկությունները և տարբերությունը Ֆեդերիկոս Պրուսացու և Բիսմարկի բողոքական, նացիոնալիստ ու հակակղերական Գերմանիայից:
Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ Հիտլերը ծառայության անցավ գերմանական բանակում, իսկ երբ իշխանության հասավ, պայքարելու անցավ հենց Ավստրիայի երկու կաթողիկե կանցլերների դեմ, որոնք բացարձակապես չէին կամենում ենթարկվել նրան. Դոլլֆուսսը, որը հակակոմունիստ և հականացիստ կաթողիկե էր (գերմանացի նացիստների մասնակցությամբ ավստրիացի նացիստների ձեռքով սպանվեց 1934 թվականին), և Քուրթ Շուշնիգգը, որը նույնպես կաթողիկե էր և հիմնել էր հակակոմունիստական մի շարժում, որն ամեն կերպ ընդդիմացավ Անշլուսսին (Ավստրիայի բռնակցմանը Գերմանիային), մինչև որ 1938 թվականին բանտարկվեց նացիստական համակենտրոնացման ճամբարներից մեկում:
Ավստրիան Գերմանիային բռնակցելուց հետո, հակառակ գործադրված ճնշումների սաստկությանը, Հիտլերն Ավստրիայում շարունակեց վեհանձն ու ազնվաբարո անձինք գտնել իր դեմ, ինչպես Հայր Ֆրանց Ռայնիշը, որը նախընտրեց մահվան դատապարտվել, քան թե հավատարմության երդում տալ Ռայխին, կամ գյուղացի Ֆրանց Եգերշտետթերը, որն հրաժարվեց զինվորական ծառայության անցնել, քանի որ բացարձակ անհամաձայնություն էր տեսնում իր հավատքի և նացիստական իդեոլոգիայի միջև, և որին վերջում գլխատեցին: Կինը, Ֆրանցիսկան, այն հարցին, թե ինչո՞ւ իր ամուսինն ընտրեց այդ ճանապարհը, պատասխանեց. «Որովհետև նրանք, նացիստները, հալածում էին Եկեղեցուն»: Իսկապես, Ֆրանցի թեմում (Լինցում) թվով 40 քահանա արգելափակվեց համակենտրոնացման ճամբարներում, իսկ առնվազն 118 քահանա բանտարկվեց, 1938-1945 թվականների միջև ընկած ժամանակահատվածում: Ֆրանցը համոզված էր, որ նացիզմը դա «անաստված բռնապետություն էր», որի նպատակն էր «բնաջնջել Քրիստոնեությունը»[1]:
Կաթողիկե Ավստրիայի այս անհավանական հերոսներից ու կանցլերներից բացի, որոնք հեշտ որս էին գերմանացի բռնապետի ախորժակների համար, ովքե՞ր եղան այն անձնավորությունները, կամ Պետությունները, կամ քաղաքական հզոր իշխանությունները, որոնք նացիոնալ-սոցիալիզմին հակառակվեցին և ընդդիմացան 1939 թվականից առաջ: Իրականում ոչ ոք, բացառությամբ այդ ժամանակվա Եվրոպայի ամենափոքրիկ, ամենաաննշան, ամենաանզեն Պետության. Վատիկանի: Կաթողիկե Եկեղեցին, հիրավի, չէր կարող ընդունել նացիստական օրենսդրությունը, որով ազատականացվել էին ամուսնալուծությունը, աբորտն ու էութանազիան, և անշուշտ չէր կարող համաձայնվել Հիտլերի կողմից շարունակ հնչող ոգեկոչումներին, ուղղված Գերմանիայի նախաքրիստոնեական անցյալին, Գերմանիայի սիմվոլներին, ծեսերին, հավատալիքներին, որոնք երկրում գոյություն ունեին լատինականացումից ու քրիստոնեականացումից առաջ:
Հիտլերն, իրոք, իր մշակութային հեղափոխությունը հիմնում էր ոգեպաշտական տպավորությունների մի բազմազանության վրա, որոնք միմյանց խառնելով ստացել էր սինկրետիստական մի անհավանական ապուր: Բոլոր գերմանացիները չէ, որ տեղյակ էին իրենց առաջնորդի գաղափարներին. Հիտլերը նրանց հմայել էր պարզապես խոստանալով երկիրը դուրս բերել գործազրկությունից և հատուցել այն ստորացումների փոխարեն, որոնք Առաջին Համաշխարհային Պատերազմում հաղթանակած Պետությունները հասցրել էին պարտված գերմանացիներին: Բայց իշխանությանը առավել մոտ կանգնածների, նացիստական իդեոլոգիայի ամենաեռանդուն հետևորդների շարքերում հոժարությամբ դիմում էին անցյալի հեթանոսական հուշերին և մոռացության փոշու տակից փորձում էին դուրս բերել Հոդին-Վոթանի, գերմանացիների աստծո, պատերազմի տիրոջ պաշտամունքը, որին քիչ թե շատ շիկահեր պատանիները զոհաբերում էին խոյեր ու կենդանիներ, հատկապես Ստորին Սաքսոնիայում, ուր տակավին գոյություն ունեին մենհիրներն ու նեոլիթյան հուշարձանները, և ուր Քրիստոնեության կողմից պարտության մատնված ու մոռացված հեթանոսական ինքնության վերստացման զգացումը բավականին ուժգին էր: Նացիզմի պատմությունն ուսումնասիրած պատմագետները պատմում են, թե ինչպես էին այդ երիտասարդները պառկում քարաշեն գերեզմաններում, որպեսզի հաղորդակցության մեջ մտնեին Մայր Երկրի էներգիայի հետ, կամ ինչպես էին կրակ վառում արևադարձի օրը, որպեսզի պաշտամունք մատուցեին Արևին, կամ տակավին՝ ինչպես էին հրահանգվում մի տեսակ գերմանական յոգայի, «որն հիմնված էր լուսնային որոշակի պարբերաշրջանների ժամանակ մի քանի միստիկական վանկերի կրկնության վրա» և «շնչառական վարժությունների վրա, հատուկ դիրքում պահելով ձեռքերն ու ոտքերը, որպեսզի կարողանային ամբարել» տիեզերական հոգևոր էներգիան, մարմնով ռունայի կեցվածք ընդունելով: Թեոսոֆիայից և պանթեիստական ուղղվածության տարբեր ուսմունքներից նացիստ երիտասարդներն անհագ խմում էին մերկապաշտության, բնական ու խոտաբույսային բժշկության, բուսակերության և գյուղական համայնքների իդեոլոգիան, իսկ անձամբ Հիտլերը խորհուրդներ էր հարցնում իր անձնական աստղագուշակից՝ Հանուսսենից, և հրաժարվում էր ճաշակել որևէ տեսակի միս, քանի որ դա հակառակ էր ռեինկարնացիայի իր հավատքին (մինչդեռ միլիոնավոր մարդկանց կոտորածն իր այդ հավատալիքներին անշուշտ հակառակ չէր):
Պիերլուիջի Տոմբետտին ուսումնասիրել է, թե հատկապես ովքեր են ազդել երիտասարդ Հիտլերի գաղափարային կազմավորման վրա. Գուիդ Ֆոն Լիսթից մինչև Մադամ Բլավատսկայա, մինչև Լանց Ֆոն Լայբենֆելս, բոլորն էլ գնոստիկական, դուալիստական փիլիսոփայություններին, անկյալ կատարյալ ռասսայի առասպելին, էուգենետիկական վերածնության ծրագրերին քիչ թե շատ կապված անձինք: Բոլոր սրանց համոզմամբ, աշխարհում գոյություն ունեցող չարիքի պատճառը գերակա ռասսայի վարակվելն է ստորակա ռասսաների հետ խառնակմամբ. արյան այդ խառնումից, այդ սոսկ նյութական ''անմաքրությունից'' է անխուսափելիորեն սերել նաև ''հոգևոր'' անկումը: Ինչպես ակնհայտ է, նացիստական ռասսիզմը, որին դեռ կանդրադառնանք, ծնունդ է առել նաև հեթանոսական-մոգական համոզմունքներից, որոնց համաձայն՝ մարդիկ բնութագրվում են ո՛չ թե անմահ հոգիով և Աստծո արարած լինելու արժանապատվությամբ, այլ սոսկ արյամբ և հողով, այսինքն՝ մատերիայով, և այդ մատերիան է որոշում մարդկանց առավել կամ նվազ արժանապատվությունը:
Նացիզմի բոլոր գլխավոր իդեոլոգները, ներառյալ հյուսիս-եվրոպական հին ինքնությունը ոգեկոչող բազմաթիվ մշակութային ակումբներն ու ընկերակցությունները, ընդհանուր մի գիծ ունեին. ատելություն Քրիստոնեության հանդեպ, որն իբր թե մեղավոր էր նրանով, որ նպաստել էր անցյալի ''մեծության'' ոչնչացմանը: Անցյալի ''մեծությունը'', որն իրենք այժմ փորձում էին վերակենդանացնել՝ փոխելով գետերի, լեռների ու անտառների անունները, վերադառնալով դրանց հին-գերմանական անուններին: Բռնապետական կառավարությունը, որպեսզի գերմանացիների հավաքական երևակայությունը լցվեր նոր սիմվոլներով և դրանց նոր իմաստներով, փոխարինելով քրիստոնեական սիմվոլներին ու դրանց նշանակությանը, «ծրագրեց նաև այսպես կոչված Առավոտյան Տոնը, այնպես՝ որ կատարվեր Կիրակի օրն առավոտյան և այդպիսով գերմանացիների ուշադրությունը շեղեր քրիստոնեական Սուրբ Պատարագից»[2]: «Նացիստական հանրային ծիսակարգի արարողություններից մեկն էր նաև Անվան Սրբագործումը, որը քրիստոնեական Մկրտության SS-ական ծաղրանկարն էր: SS-ական նորածնի վրա այդ արարողությունը կատարելու համար գոյություն ուներ այդ նպատակի համար պատրաստված մի սրահ, որի կենտրոնում կար մի խորան, որի վրա, Քրիստոսի պատկերի փոխարեն, խոյանում էր Հիտլերի դիմանկարը»: Քրիստոնեական տարբեր տոներ բռնապետության օրոք ջնջվեցին գերմանացիների օրացույցից, կամ էլ ծածկվեցին քաղաքացիական նոր տոներով, և մինչև իսկ Սուրբ Ծննդյան տոնը Դեկտեմբերի 25ից տեղափոխվեց Դեկտեմբերի 21ին, արևադարձի օրը:
Եթե նույնիսկ պատահում էր, որ ժողովրդի բարեհաճությունը շահելու նպատակով արտասանում էին Քրիստոսի անունը, – քանի որ ժողովրդի մեծամասնությունը դեռ քրիստոնյա հավատացյալներ էին և անտեղյակ էին իրենց առաջնորդների ամենաէզոտերիկ ուսմունքներին, – դա անում էին վերագրելով Քրիստոսին նոր ու մտացածին հատկանիշներ ու մակդիրներ. Հիսուսին ներկայացնում էին որպես արիացի, ո՛չ թե հրեա, նույնացնելով հենց իր՝ Հիտլերի հետ, կամ էլ խոսում էին Բլավատսկայայի ''Քրիստոսի'' մասին, որն ամբողջովին ա՛յլ կերպ է հասկացված, քան պատմական ու ավետարանական Քրիստոսը. որպես որոշ կոմունիստ իդեոլոգների կողմից ներկայացված ''առաջին սոցիալիստ'' Քրիստոսը: Բայց հատկապես, գիտակցելով սիմվոլների ուժը, կամ ավելին՝ այդ սիմվոլներին մոգական կարողություններ վերագրելով, Հիտլերն ամենուր, ուր կարողացավ, քրիստոնեական Խաչը փոխարինել տվեց ռունական խաչով, «ալգից» ռունայով (որի հորիզոնական թևերն ուղղված են դեպի վեր), և հատկապես՝ կեռաթև խաչով (սվաստիկա), որն ամբողջովին օտար է քրիստոնեական ավանդությանը, քանի որ արևային սիմվոլ է և մատնանշում է պարբերական ժամանակը, կամ, ըստ Բլավատսկայայի, խորհրդանշում է վերադարձ դեպի աստվածայինը, եթե պտտվում է ժամացույցի սլաքների ուղղությամբ, կամ էլ՝ անկում աստվածային վիճակից, եթե պտտվում է ժամացույցի սլաքներին հակառակ ուղղությամբ: Հիտլերն այդպիսով ցանկանում էր հստակ կերպով հաստատել իր կամքը՝ կյանքի կոչելու իմմանենտիստական մի կրոն, – գերմարդկային, բայց ո՛չ գերբնական, – իր սիմվոլներով, իր ծիսակարգով, իր սկզբնական մեղքով (ռասսայական ապականումը) և իր դրախտով (միլլենարիստական Ռայխը), որը ետ էր վերադարձնելու գերմանացիների Ոսկյա Դարաշրջանը[3]:
Գերմանացի պատմաբան Էրնեսթ Նոլթեն իրավացիորեն հաստատում է, որ «նացիոնալ-սոցիալիզմի մեծագույն խթանը հանդիսացավ նրա ընդդիմացումը վերանցականությանը»: Նոլթեն «դա սահմանում է որպես համոզմունք, – որն ընդհանուր է նաև լիբերալների, մարքսիստների և հետ-իլլումինիստական անգլիացի մտածողների մեծամասնությանը, – թե բնության սահմաններն ու հնարավորությունները կարող են գերազանցվել, և թե իր սեփական կարողությունները մարդուն տալիս են անսահմանափակ զարգանալու և հարմարվելու պատեհությունը: Ֆաշիզմը դա մի հարձակում էր ընդդեմ վերանցականության, որը Նիցշեի կողմից սահմանվել էր որպես մեծագույն ոճիրն ընդդեմ արևմտյան մշակույթի»[4]:
[1] E. Putz, Franz Jägerstätter, un contadino contro Hitler, Berti, Piacenza 2000, pp. 50, 51; F. Jägerstätter, Scrivo con le mani legate, Berti, Piacenza 2005.
[2] P. Tombetti, I grandi misteri del nazismo, Sugarco, Milano 2005, p. 126.
[3] Նույն: Տե՛ս նաև. G. Galli, Hitler e il nazismo magico, Rizzoli, Milano 1989. Կամ R. Freund, La magia e la svastica, Lindau, Torino 2006. Այս վերջինում կարդում ենք. «Հին ավանդույթներին վերադառնալու կոչը և հին սիմվոլների գործածումը ընդհանուր նկարագիրն է և՛ օկուլտիզմի, և՛ նացիոնալ-սոցիալիզմի: Ամբողջովին գիտակից կերպով կյանքի կոչեցին հնամենի, ավանդական, մոռացության մատնված տոներն ու սովորույթները, ժողովրդին միավորելու, իրենց կապելու համար, փոխարինելու համար Եկեղեցուն, որին զրկել էին ծիսակատարության իրավունքից: Ամռանը արևադարձի տոնակատարություններ էին կազմակերպում ամբողջ երկրով մեկ: Արիական-գերմանական նախահայրերի ծիսական նշանակության վայրերն այդպիսով տոնեցին իրենց վերածնունդը: Այդ տոնակատարություններից նրանք ակնկալում էին կամքի և առաջնորդների նկատմամբ հավատքի ամրապնդում: Նացիստները փորձեցին առասպելները կյանքի կոչել ծեսի ու պաշտամունքի միջոցով»:
[4] Մեջբերված է հետևյալ գրքում. A. Bramwell, Ecologia e società nella Germania nazista, Reverdito, Trento 1988, p. 308.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։